ՄԱՐԶԱՇԽԱՐՀ

Մայիսը հայ ազգի համար առանձնացել է հաղթական իրադարձություններով եւ հռչակվել հաղթանակի ամիս: Հատկանշական է, որ հենց մայիսին ընթացող առաջնություններում տարբեր մարզաձեւեր ներկայացնող արցախցի մարզիկները հաղթողներ են հռչակվում՝ շարունակելով առաջնորդվել  նախնիներից  ժառանգված հաղթական ոգով, այդպիսով համալրելով Հայաստանի մարզական գանձարանը: Հայ մարզիկները միշտ էլ առանձնացել են իրենց շնորքով, հաղթական ոգով, մարտականությամբ, շատ փայլուն հաղթանակներ շարունակում են կերտել արցախցի մարզիկները:

Մայիսի 11-16-ը Չինաստանի Մակաո քաղաքում անցկացվող Սանդա ուշուի աշխարհի գավաթի 11-րդ առաջնությանը մասնակցեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հավաքականի մարզիկ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր եւ 2025 թվականին միջազգային ֆեդերացիայի կողմից տարվա լավագույն մարզիկ ճանաչված արցախցի Արսեն Բաղրյանը: Նա մրցավայր էր մեկնել անձնական մարզիչ Վարդգես Մանասյանի գլխավորությամբ:

Արսեն Բաղրյանը կիսաեզրափակիչ մենամարտում հաղթանակ է տարել Կորեայի ներկայացուցչի նկատմամբ եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ մրցել է Չինաստանի ներկայացուցչի հետ: Մրցապայքարի արդյունքում հայ մարզիկը նվաճել է արծաթե մեդալ:

Իսկ Բուլղարիայում ընթացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում արցախցի մարզիկ Սուրեն Իշխանյանը դարձել է չեմպիոն: ՀՀ հավաքականի անդամ, 55 կգ քաշային կարգում պայքարող մարզիկը ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների միջեւ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 8:2 հաշվով հաղթելով Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Օսման Տեմիրսուլթանովին ու կանգնելով պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Մինչեւ եզրափակիչ հասնելը Իշխանյանը տպավորիչ ելույթներ է ունեցել. նա երկու գոտեմարտ ավարտել է ժամանակից շուտ, իսկ կիսաեզրափակչում 15:4 հաշվով բացարձակ առավելության է հասել ադրբեջանցի Աբբաս Շաֆիեւի նկատմամբ:

Սուրեն Իշխանյանի հաղթանակի մասին հետեւյալն է նշված «Artsakh-Wrestling» ֆեյսբուքյան էջում. ՙՍուրեն Իշխանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն մինչեւ 55 կգ բարձր քաշային կարգում: Սա պարզապես հաղթանակ չէ: Սա կամքի ուժ է, անկոտրում բնավորություն եւ իսկական մարտիկի ուղի: Սուրենն ապացուցեց ամբողջ Եվրոպային, որ հայկական ոգին հնարավոր չէ կոտրել, իսկ Արցախի սիրտը շարունակում է բաբախել յուրաքանչյուր մեր չեմպիոնի մեջ: Այս ոսկե մեդալի հետեւում ծանր աշխատանքի տարիներն են, ցավի, կարգապահության, հավատի՝ իր հայրենիքի, իր ազգի եւ իր անվան հանդեպ: Այսօր Սուրենը բարձրացրեց մեր ազգի դրոշը Եվրոպայում եւ նվիրեց մեզ հպարտության զգացում, որը հնարավոր չէ բառերով նկարագրել: Դու Արցախի եւ ամբողջ Հայաստանի հպարտությունն ես: Թող այս ոսկին միայն սկիզբը դառնա ավելի մեծ հաղթանակների: Ամբողջ ազգը հպարտանում է քեզանով, չեմպիո´ն՚:

Սամբո մարզաձեւում նույնպես ոսկե մեդալ ունենք՝ կրկին արցախցու ձիրքով վաստակած: Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը ոսկի է նվաճել Թբիլիսիում կայացած Սամբոյի 2026թ. Եվրոպայի առաջնությունում: Մարզական սամբոյի մինչեւ 58 կգ քաշային կարգում պայքարող Սարգսյանը եզրափակչում հանդիպել է Վրաստանը ներկայացնող Վախթանգի Չիդրաշվիլու հետ եւ 2:1 հաշվով հաղթել նրան: Այս հաջողությունը Հայաստանի հավաքականին բերեց առաջին ոսկե մեդալը առաջնությունում: Դեպի եզրափակիչ հասնելու ճանապարհը Կարենի համար այնքան էլ հեշտ չէր: Մրցման ընթացքում նա նաեւ հաղթել էր Ռուսաստանն ու Բուլղարիան ներկայացնող մարզիկներին: Հիշեցնենք, որ Կարեն Սարգսյանն ընթացիկ տարում  հաղթող էր ճանաչվել նաեւ Երեւանում 2026թ. Աշխարհի գավաթի խաղարկությունում:

ՙԱռաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Աստծոն ուժի, համբերության եւ նրա համար, որ տարավ ինձ այս ուղով: Առանձին մեծագույն շնորհակալություն իմ լավագույն մարզիչ Արմեն Ադամյանին: Շնորհակալություն Ձեր աշխատանքի, աջակցության, հավատի եւ ամենադժվար պահերին իմ կողքին լինելու համար: Այս հաղթանակը մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է: Այսօր ես հպարտությամբ կարող եմ ասել, որ ես Եվրոպայի չեմպիոն եմ՚.-ասել է չեմպիոն Կարեն Սարգսյանը:

Արցախցի մարզիկների մասնակցությամբ մեկ այլ միջոցառում է կազմակերպվել Հայաստանում: Մայիսի 17-ին Արցախը 64 հոգանոց կազմով մասնակցել է կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի խաղարկությանը, որից 40 մարզիկ զբաղեցրել է մրցանակային տեղեր: 12 մարզիկ՝ առաջին տեղ, 6 մարզիկ՝ երկրորդ տեղ, 22 մարզիկ զբաղեցրել է երրորդ տեղ խաղարկության արդյունքում:

«Լուսարար»-ին տված հարցազրույցում մարզիչ Արմեն Պետրոսյանը մեկնաբանել է.ՙՏեղահանությունից հետո Արցախի կիոկուշինկայ կարտաեի ֆեդերացիայի  բազայի վրա հիմնվել է «Վերադարձ» կիոկուշինկայ կարատեի ակումբը, որտեղ մարզվում է Արցախից տեղահանված 104 մարզիկ: Մենք ոչ միայն մարզական, այլեւ ամենամեծ հասարակական կազմակերպությունն ենք Հայաստանում, որը ներկայացնում է Արցախը, իսկ մեր պատրաստվածությամբ, մարզիկների թվով ու կազմակերպվածությամբ մեր ուրույն տեղն ունենք Հայաստանի մարզաշխարհում, եւ նաեւ որպես կիոկուշինկայ կարատեի ֆեդերացիայի մասնաճյուղ՝ պարբերաբար մասնակցում ենք տարբեր միջոցառումների: Այս անգամ մասնակցեցինք Հայաստանի գավաթի խաղարկությանը 64 հոգանոց կազմով, որոնցից 5-16 տարեկան 59 մարզիկ մասնակցել են իրենց տարիքային ու քաշային կարգերում: 40 մարզիկ զբաղեցրել են մրցանակային տեղեր: Ընդհանուր առմամբ գոհ եմ իմ աշակերտների մասնակցությունից, քանի որ ոչ մեկը չի խուսափել մենամարտերից, ցուցաբերել է արցախցուն հարիր համառություն եւ այսօր ես ուրախ եմ, որ տեղահանությունից հետո մենք կարողացել ենք այնպիսի կայացած միավորում լինել Հայաստանում, որ մեզ հետ հաշվի են նստում տարբեր մարզական կազմակերպություններ, եւ մենք պարբերաբար հրավերներ ենք ստանում տարբեր միջոցառումների մասնակցելու համար: Առաջիկայում մի շարք նպատակներ ունենք՝ մասնակցել Կովկասի, Եվրոպայի առաջնություններին, Բուլղարիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Նաեւ ունենք սեւ գոտու թեկնածու երկու մարզիկ: Ինձ համար մարզիկների առաջընթացը ամենակարեւոր նպատակն է, որին պետք է հասնենք ու հասցնենք մեր մարզիկներին: Տարեվերջին նախատսում ենք անցկացնել ակումբի հաշվետու մրցույթ մեր 3-ամյակի կապակցությամբ, որին ենթադրվում է, որ կմասնակցի Արցախից տեղահանված շուրջ 100 մարզիկ՚:

Մարտարվեստներում մարզչական մեծ փորձառություն ունեցող, իր աշակերտների խնդիրներին սրտացավ, իսկ առաջընթացին՝ անձնական ուրախությամբ վերաբերվող մարզիչը սովորեցնում է մեդալներից չկառչել, այլ լինել իսկական մարտիկ.

-Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր աշակերտներին մասնակցության համար եւ հիշեցնում, որ մրցանակային տեղով չի որոշվում մարզիկի ուժեղ լինելը, այլ համառությամբ եւ հզոր մենամարտերի աննահանջ մասնակցությամբ: Ուժեղ է նա, ով չի հանձնվում, իսկ մեդալները կարող են նաեւ պատահական լինել:

Ուրեմն՝ չհանձնվենք, լինենք ուժեղ եւ համառությամբ պայքարենք մեր ընդհանուր մեծ նպատակին՝ հաղթանակին հասնելու համար:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ