Ընտանիքի միջազգային օրը՝ մայիսի 15-ին, ամբողջ աշխարհում ուշադրության կենտրոնում է հայտնվում մեր հասարակության սիրտը՝ մեր ընտանիքը: Օրվա խորհուրդը բոլորի սրտերը լցնում է ջերմությամբ եւ բերկրանքով, հատկապես, որ այս օրը եւս մեկ անգամ մատնանշվում է ընտանիքի անփոխարինելի դերը ցանկացած մարդու կյանքում եւ կարեւորությունը հասարակության մեջ:

Ազգային արժեքների, փոխադարձ սիրո, հարգանքի եւ վստահության վրա հիմնված ընտանիքները շատ ամուր են, դժվարությունների դեմ՝ դիմացող ու չնահանջող: Այդպիսինն է արցախյան մի գեղեցիկ ընտանիքի նկարագիրը, որն իր միասնականությամբ, հայրենասիրությամբ եւ անդավաճան սկզբունքներով կարողացավ հաղթահարել արցախյան հազարավոր ըմտանիքիներին բաժին հասած բարդ իրավիճակներ, պատերազմներ, շրջափակում, արտագաղթ եւ հայրենազրկում: Ամենադժվար պահերին ուժ տվողը ընտանիքն է, հատկապես, երբ նրանում իշխում են սերն ու հարգանքը:
Արցախյան այս երիտասարդ ընտանիքի գլուխը մարզական էջի հետեւորդներին քաջածանոթ՝ ավանդական կարատե-դոյի մարզիչ, սեւ գոտի երրորդ դան, ավանդական կարատե-դոյի ՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի մրցանակակիր, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Տիգրան Գեւորգյանն է:

Ծնվել է 1992 թ. հոկտեմբերի 21-ին: Ապրել ու մեծացել է Ստեփանակերտում: Լինելով կարատեի ճանաչված մարզիչ սենսեյ Արամ Գեւորգյանի որդին՝ մանուկ հասակից ինքն էլ սեր եւ հետաքրքրություն է ցուցաբերել կարատե մարտարվեստի նկատմամբ: Հաջողություն ունենալով մարտարվեստի ոլորտում՝ շարունակել է պարապել ու բարձունքների հասել: Մասնագիտական կրթություն ձեռք բերելով՝ նաեւ մարզչական գործունեությամբ է սկսել զբաղվել՝ մատաղ սերնդի մեջ սերմանելով հայրենասիրական գաղափարներ, մարտարվեստի՝ առողջ մարմին ու ամուր ոգի ունենալու սկզբունքներ:
Կինը Էլինա Գեւորգյանն է: Ծնվել է 1995 թ. հունիսի 24-ին Ստեփանակերտում: Մասնագիտությամբ բանասեր է, ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ: Արցախում աշխատում էր այլ մասնագիտությամբ՝ գեղեցկության սրահում՝ որպես դիմահարդար-էսթետ:
Մեծացնում ու դաստիարակում են երկու զավակների: Առաջնեկը Էմիլիան է, որը «Լուսարար»-ին ոչ պակաս ծանոթ է մանուկ հասակում մարզիչ հոր կողքին կարատեի պարապմունքների հաճախելով ու զարմանալի ճկունություն ունենալով, իսկ ներկայում՝ արդեն կարատեի առաջնություններում մրցանակների արժանանալով: Դենիսը փոքրն է: Շատերի նման նրան էլ բախտ է ընկել վաղ մանկությունն անցկացնել շրջափակման մեջ:

2022թ. դեկտեմբերին Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակելուց եւ Արցախը փաստացի շրջափակման մեջ հայտնվելուց հետո առաջացած դժվարությունները արցախյան ընտանիքների համար հաղթահարելի էին, եթե ընտանիքում կա սեր, փոխըմբռնում, գիտակցում ու պայքարի ոգի. այդպես են պատասխանում Տիգրանն ու Էլինան հարցազրույցի ժամանակ: Նրանք մեզ հետ կիսվել են իրենց ծանոթության պատմությամբ:
Հատկանշական է, որ Տիգրանն ու Էլինան հանդիպել են «Առա՜ջ, Արցախ» հասարակական կազմակերպության կողմից 2013 թվականին կազմակերպված հայրենասիրական ճամբարում, որը Ծմակահող գյուղում էր: Երկուսն էլ ակտիվ, հետաքրքրասեր, հայրենասիրությամբ օժտված երիտասարդներ էին, իսկ հիմա՝ նույն հատկանիշների տեր ամուսիններ:
Որպես հասարակական կազմակերպության անդամներ՝ Տիգրանն ու Էլինան մասնակցեցին 7 օր տեւողությամբ կազմակերպված ճամբարին: Դա նրանց կյանքում առաջին գիշերակացով ճամբարն էր: Երկուսին էլ գրավել էին եւ´ կազմակերպության հայրենամետ գաղափարները, եւ´ կազմակերպված ճամբարի թեման՝ հայրենասիրությունը: Ընդ որում, ներառված էր նաեւ քայլարշավ դեպի Կաչաղակաբերդ: Նրանց համար մեծ քայլ էր Կաչաղակաբերդ բարձրանալը բոլոր անդամների մասնակցությամբ: Այդպես ծանոթացան Տիգրանն ու Էլինան ու սկսեցին շփվել: Տիգրանը հավանել էր Էլինայի յուրատիպ գեղեցկությունը, սիրուն աչքերը եւ հաճելի զրույցը: Էլինան հավանել էր Տիգրանի գրագետ, հավասարակշռված լինելը, եւ իհարկե, նրա մարզական կեցվածքն ու մարտարվեստի մարզիկ լինելը: Երեք տարի ընկերություն անելուց հետո նրանք գտան միմյանց մեջ իրենց ընտանիքի ստեղծման ապագան:
Ընտանիքի բարձրագույն արժեքը միմյանց նկատմամբ սեր, վստահություն, ներողամտություն ունենալն է, որոնց վրա էլ հիմնված է նրանց ամուր ընտանիքը. այդպես են մեկնաբանում Տիգրանն ու Էլինան, եւ ավելացնում, որ ցանկացած արցախյան ընտանիք պետք է պահպանի հայի ընտանեկան ավանդույթները, որի հիմքում մեր արժեքներն են ու պատմությունը:
Տիգրանը կնոջ մեջ արժեւորում է ընտանիքի նկատմամբ հոգատարությունը, որի մեջ ընդգրկված են կանացի բոլոր դրական հատկանիշները:
Էլինան ամուսնու մեջ արժեւորում է ընտանիքի հանդեպ նվիրվածությունն ու հոգատարությունը:
Իրենց ապագան պատկերացնում էին միայն Արցախում: Սակայն 2023թ. սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած հայտնի դեպքերի հետեւանքով ստիպված եղան տեղահանվել եւ բնակվել Հայաստանում, ապրելու ուժ գտնել եւ շարունակել իրենց կյանքն ու գործունեությունը Երեւանում, ապա՝ Աբովյան քաղաքում:
Դժվարությունները հաղթահարելու համար են, դեռ ամեն ինչ ավարտված չէ,-հուսադրում է Տիգրանը.- «Հաշվի առնելով նաեւ այն, որ մեր նախնիները դարերով պայքարել են մեր հողերի պահպանության համար, մենք իրավունք չունենք ուրիշ տեղ ապրելու: Արցախի ապագան պատկերացնում ենք անկախ, բայց Մայր Հայաստանի հետ, առանց թշնամու հետ բարեկամանալու: Արցախը փոքր է, բայց մեզ ճանաչում էին մեր մշակույթով, մարզաշխարհով, արցախյան այն բարիքներով, որոնց կարիքն ունեն շատ պետություններ: Ներկայում գնդակը մեր խաղադաշտում չէ, բայց հույս ունենք, որ այսպես չի մնա»: Սրան հաջորդում է արցախյան եւ բոլոր հայ ընտանիքներին տրվող սրտաբուխ մաղթանքը. «Արցախյան եւ բոլոր հայ ընտանիքներին մաղթում ենք ամուր կամք, հավատք եւ համբերություն, որպեսզի միասին հաղթահարենք մեր շուրջ ստեղծված դժվարությունները, եւ կարողանանք տերը լինել մեր հայրենիքների»:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ