ՖԻԼՄ՝ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏԵՐՈՎ

Մայիսի 8-ին Երևանում՝ կինոյի տանը, տեղի ունեցավ ռեժիսոր Գևորգ Տեր-Ղազարյանի «Շուշի․ անհերքելի փաստեր» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը՝ «Դիալոգ» և «Քիրս» հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։

Դահլիճում ներկա էին արցախցիներ, մշակութային գործիչներ, հայոց բերդաքաղաքի մասին հետաքրքրվողներ։ Ողջունելով ներկաներին՝ Մոսկվայում գործող «Դիալոգ» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը կարևորեց ֆիլմի ցուցադրությունը հենց մայիսի 8-ին։ 1992թ․ մայիսի 8-9-ին հայոց քաջերն ազատագրեցին բերդաքաղաք Շուշին, նույն մայիսի 9-ին է կազմավորվել Արցախի պաշտպանության բանակը, և 1945թ․ մայիսի 9-ին կայացավ ֆաշիզմի պարտությունը։ Այսպիսով մայիսի 9-ը հայոց համար Եռատոն է։ Խոսելով ֆիլմի մասին՝ Յու․ Նավոյանն ասաց․ «Ներկայացվող ֆիլմը պատմաճանաչողական նշանակություն ունենալուց բացի, պայքար է նաև պատմական կեղծարարության դեմ։ Ունի նաև կրթադաստիարակչական նշանակություն ապագա սերունդների համար։ Որպես պատմաբան՝ նշեմ՝ ֆիլմը նաև աղբյուրագիտական տեսանկյունից է կարևոր․․․»։ Այնուհետև շնորհավորեց ներկաներին, ռեժիսորին՝ հայտնելով իր ուրախությունը, որ արդեն կա հնարավորություն դիտելու ֆիլմը։

Իր ստեղծած ֆիլմի մասին խոսեց Գ․ Տեր-Ղազարյանը։ Տեղեկացրեց, որ երկար տարիների աշխատանք է։ Դեռևս 2020-ին կարող էր ավարտել ֆիլմի նկարահանումները, սակայն եղավ կորոնավիրուսը, այնուհետև՝ պատերազմ, Արցախի շրջափակում, հայաթափում։ Մի պահ նույնիսկ վհատվել է, սակայն եղել են աջակիցներ, ոգևորողներ, տեղափոխվելով Երևան՝ իր մեջ ուժ է գտել ավարտելու կարևոր աշխատանքը, որը բաղկացած է 4 մասից, տևողությունը՝ 3 ժամից քիչ ավելի։ Նշեց նաև՝ ռուսերեն է հնչում խոսքը, քանի որ նյութերի մեծ մասն այդ լեզվով է։ Հնարավորության դեպքում հետագայում ֆիլմը կունենա նաև հայերեն և անգլերեն տարբերակ։

Շնորհակալություն հայտնեց աջակիցներին, առանձնապես «Արտ Արցախ» ստուդիայի ստեղծագործական խմբին, որ իր հետ 6 տարի աշխատել է ֆիլմի վրա։ Ու Երևանի կինոյի տան դահլիճում, որտեղ շատերը նույնիսկ նստելու տեղ չունեին, ցուցադրվեցին «Շուշի․ անհերքելի փաստեր» ֆիլմի առաջին և երկրորդ մասերը։ Ֆիլմում հանդես են գալիս հայ ու օտարազգի պատմաբաններ, հնագետներ, հուշարձանագետներ, քաղաքական ու մշակութային գործիչներ, հոգևորականներ, որոնք պատմում են Շուշի քաղաքի՝ մշտապես Հայոց բնակավայր լինելու մասին։

Ցուցադրվում են տարբեր ժամանակների քարտեզներ, որոնցում ոչ մի տեղ չկա Ադրբեջան անվանումը, իսկ Արցախ-Ղարաբաղ-Շուշի անունները մշտական են։ Քաղաքի տարածքում ու մոտակայքում իրականացրած հնագիտական ուսումնասիրությունների ու պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական նյութերը ապացույց են, որ դեռևս երկաթե դարում այստեղ ապրել են մարդիկ։ Այն տեսակետին, որ իբր Շուշի ամրոցը 18-րդ դարում հիմնել է Փանահ խանը, նույնպես միֆ է։ Շուշի ամրոցը Փանահին է հանձնել Մելիք Շահնազար Երկրորդը, որի մայրը թուրք էր։ Ֆիլմում Փանահ խանի՝ ավազակ լինելու մասին փաստում են նաև պարսկական ու ռուսական աղբյուրները, 20-րդ դարի ադրբեջանցի պատմաբանները։  Առանձնակի անդրադարձ կա ֆիլմում Շուշիի՝ հայ մշակույթի օրրան լինելու մասին։ 19-րդ դարակեսից մինչև 1920-ական թվականները բերդաքաղաքում գործել են հայկական թատրոններ, դպրոցներ, լույս են տեսել տասնյակ թերթեր, որից 2-ը՝ ռուսերեն։ Շուշիում են գործել շատ երևելի մտավորականներ, երաժիշտներ, դերասաններ։ Կա անդրադարձ նաև Շուշիում գործած ու հետագայում ադրբեջանցիների կողմից ավերված եկեղեցիների մասին։ Ֆիլմի ավարտին հանդիսատեսը հոտնկայս ծափողջյուններ ուղղեց ռեժիսորին և ստեղծագործական խմբին։ Եղավ նաև հյուրասիրություն։  

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ