ԲԵՄՈՒՄ  «ՎԱՐԱՐԱԿՆ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲՆ ԷՐ

Արցախի մայրաքաղաքի պատմական Վարարակն անունով 1990-ականներին, երբ Արցախում ազատագրական պատերազմ էր, ասպարեզ մտավ երգչախումբը, որի հիմնադիրն է դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Նինա Գրիգորյանը։ 1998-ին «Վարարակն» երգչախումբը ստացավ պետական կարգավիճակ ու դարձավ Արցախի մշակութային կյանքի կարևոր երակներից մեկը։

Տարիներ շարունակ «Վարարակն»-ը գեղարվեստական ղեկավար Արմինե Յախշյանի և դիրիժոր Ժաննա Աղաջանյանի հետ բազում համերգներով հանդես եկավ Արցախում, ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում, արտերկրում։ Սակայն եղավ Արցախի հայաթափումը, և ինչպես Արցախի բոլոր մշակութային կառույցները, այնպես էլ «Վարարակն» երգչախումբը մնացել էին առանց աջակցության և կկազմալուծվեին։ Բայց եղավ աջակցություն և՛ «Վարարակն»-ին, և՛ «Արցախ ջազ»-ին, և՛ Ստեփանակարտի Վ․ Փափազյանի անվան պետական թատրոնին, և՛ «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթին բարերարի՝ Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Յուրի Նավոյանի կողմից։

Արցախի հայաթափումից հետո «Վարարակն» վերակազմավորված երգչախմբի առաջին «Հով արեք, սարեր ջան» խորագիրը կրող համերգը կայացավ 2026 թ փետրվարի 5-ին Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:  Համերգին ներկա էր «Դիալոգ»-ի հիմնադիր-նախագահ Յու Նավոյանը, որն իր խոսքում ասաց «Կարծում ենք՝ վերջին ողբերգության հետևանքները հնարավոր է հաղթահարել՝ հենվելով մշակույթի և հոգևոր արժեքների վրա։ «Վարարակն»-ի վերածնունդը մի յուրօրինակ հոգևոր կարևոր հենակետ կարող է դառնալ մեր հայրենակիցների համար։ Եվ միանգամայն բնական է, որ վերածնված «Վարարակն»-ը Երևանում իր գործունեությունը սկսում է Կոմիտասի ստեղծագործությունները ներկայացնելով»։

Մայիսի 6-ին Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ «Վարարակն»-ի երևանյան երկրորդ համերգը, որի ծրագիրը, կազմակերպիչների ներկայացմամբ միավորել էր համաշխարհային դասական արվեստն ու հայկական երաժշտական ժառանգությունը։ Դահլիճում ներկա էին «Դիալոգ»-ի նախագահ Յու Նավոյանը, հյուրեր նաև Ռուսաստանից, արցախցիներ, դասական երաժշտության սիրահարներ։ Առաջին մասում հանդես եկան երգչախմբի կանայք՝ ներկայացնելով Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Stabat Mater dolorosa»-ն։ Համերգը վարեց Սևակ Ջանյանը, որը, ներկայացնելով ծրագիրը, «Stabat Mater dolorosa»-ի մասին ասաց «․․․ մի ստեղծագործություն, որը լի է ցավի խորությամբ, հավատքի լույսով և ներքին մաքրությամբ։ Այն մեզ տանում է մի աշխարհ, որտեղ տառապանքը վերածվում է աղոթքի, իսկ լռությունը՝ երաժշտության․․․»։ Եվ հիրավի, երգչախմբի ու մեներգիչներ՝ Էլինա Սարգսյանի (սոպրանո), Լիլիթ Օսիպյանի(մեցցոսոպրանո) կատարումները՝ Նադեժդա Հակոբյանի դաշնամուրային նվագակցությամբ, ներկաներին ոգևորեցին, տարան հայրենի ծննդավայր՝ Արցախ։ Երկրորդ մասում հանդես եկավ ողջ երգչախումբը։ Հնչեցին Կոմիտասի խմբերգերից։ Մեր ժողովրդի մեծ զավակ Կոմիտասը մեզ մեծ ու շատ թանկ ժառանգություն է թողել՝ աստվածային երաժշտություն, որում հայի հոգևոր ու ազգային ինքնության ամենավառ արտահայտություններն են՝ սեր ու հայրենի երկիր, կարոտ ու վառ հիշողություններ՝ լեցուն բազում զգացումներով։ Առաջինը հնչեց «Սուրբ-սուրբ»-ը, «Չինար ես»․․․ «Հով արեք, սարեր ջան» և այլ երգեր, որոնք ջերմություն ու կարոտ, ուրախ ու ծանր հուշեր լցրեցին դահլիճով մեկ։ Համերգն ավարտվեց Սևակ Ջանոյանի կողմից հնչած միջնադարյան ժողովրդական «Մոկաց Միրզան» երգով, որը վիպական-բալլադ է, ինչպես նշել է Մեծն Կոմիտասը՝ դյուցազներգ է։ Համերգը նաև առիթ էր, որ իրար կարոտած արցախցիները կրկին հանդիպեին, հիշողություններով լցված տուն գնային։

Մայիսի 25-ին Արմավիր քաղաքի արվեստի տանը տեղի կունենա դարձյալ «Դիալոգ»-ի աջակցությամբ վերակազմավորված «Արցախ ջազ»-ի համերգը։   

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ