ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Ըստ ավանդազրույցի՝ Աստվածընկալի անունն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչ»-ի անունից։

Հայոց վաղ միջնադարյան հոգևոր կենտրոններից է Աստվածընկալ վանական համալիրը, որը դարեր շարունակ եղել է համանուն գյուղի սրբատունը և այլ տարածքներից այստեղ եկածների համար ուխտավայր։ Թորոս Թորամանյանն Աստվածընկալի մասին գրում է․ «Այս գյուղի մեջ կա մի մեծ եկեղեցի՝ ընդարձակ գավիթով, որը շինել է 1244թ․ Քուրդ իշխանը։ Կաթողիկեի կողքին կա մի փոքր ավերակ եկեղեցի, որի միայն պատերն են կանգուն․ շինվածքի ոճը ցույց է տալիս 5-րդ դար: Այս վերջինիս կողքին կպցրած են մի փոքր մատուռ, որուն մեջ ընկած է խիստ գեղեցկաքանդակ խաչքար։ Մեծ եկեղեցու հարավային կողմը և փոքրի արևմտյան պարսպի մեջ կան շիրմաքարեր և գեղեցկաքանդակ խաչքարեր՝ 12-13-րդ դարերու» («Հայկական ճարտարապետություն»․ 1948թ․ ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, էջ՝ 119)։

Վաղ միջնադարում Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Նիգ գավառը պատկանում էր Գնթունի իշխաններին, որոնք էլ կառուցել են այդ շրջանի սրբատները։ Հետագայում Նիգ գավառն անցել է Վաչուտյանների իշխանության տակ 1207-ին Վաչուտյանների հովանավորությամբ այս եկեղեցին նորոգվել է և այդտեղ հաստատվել է վանական մեծ միաբանություն։ Իշխանաց իշխան Քուրդ Ա իշխանը (ծննդյան թվականն անհայտ – 1272 թ.) եղել է Արարատյան կողմնակալության հիմնադիր Վաչե Ա-ի որդին և հաջորդը։ Ամուսնացել էր Դսեղի Մամիկոնյան-Համազասպյան Մարծպան իշխանի դստեր՝ Խորիշահի հետ։ Եվ միասին 1230-ականներից սկսած, կառուցել են Եղիպատրուշի կենտրոնագմբեթ եկեղեցին և գավիթը, Սաղմոսավանքի բազիլիկ մատուռը, 1244-ին՝ Աստվածընկալի կենտրոնագմբեթ եկեղեցին և գավիթը, Հովհանավանի գավիթը և այլ հոգևոր ու աշխարհիկ տներ՝ նաև Լոռիում։ Աստվածընկալ վանական համալիրը վերջին տարիներին հիմնանորոգվեց և արդեն կանգուն է։ Գտնվում է Արագածոտնի մարզի Երնջատափ և Հարթավան գյուղերի մեջտեղում՝ Քասաղ կամ Քասախ գետի խորը կիրճում՝ աջակողմյան ափի բլրակ-հրվանդանի վրա։ Կիրճի աջակողմյան լանջերն ամբողջությամբ ժայռապատ են, և վանքի կառույցները համաձույլ են տեղանքին։ Վանքից ոչ հեռու՝ հյուսիսարևելյան կողմում, պահպանվել է երբեմնի Աստվածընկալ գյուղի գերեզմանոցը։ Մոտակայքում ժայռերին համաձույլ կանգուն է նաև Մեծ Հայրենականում նահատակված աստվածընկալցի Անմահ հերոսներին նվիրված հուշակոթողը՝ մոտակա սալին նրանց անուններն են փորագրված։ Կոթողի մոտակա շայռերին կան փոսորակներ, որոնք ավելի հին ժամանակներում են արվել։ Դիմացը 2 ժայռաքարերի վրա միջնադարում խաչեր են քանդակել։

Ձորի ավելի վերին հատվածում՝ ժայռերի մեջ, մոտ 25-30 սմ տրամագծով մի քանի փոսորակներ են քանդակված, դրանց հարևանությամբ փոքր, բայց ձեռակերտ 2 քարայր կա։ Նույն խաչերով պատված ժայռերի մոտ նույնպես կան ձեռակերտ փոսորակներ։

Աստվածընկալը նաև ճանաչված ուխտավայր է մեր ժողովրդի կողմից, և միշտ են այստեղ այցելուները։ Մոտակայքում՝ գետի 2 ափերին, տաղավարներ կան, որտեղ այցելուները նաև հանգստանում են, սնունդ ընդունում։ Հաճախ իրենց քեֆն անում են բացօթյա՝ վանքի մոտակա ժայռերի հարևանությամբ։ Իհարկե՝ այս հատվածում էլ տաղավար կա։ Բայց կա մի խնդիր, որը գրեթե բոլոր նման վայրերում է․ հանգստացողների մի մասը, ուտել-խմելուց հետո, տարածքում է թողնում կենցաղային աղբը՝ չարիք դարձած պլաստմասե շշեր, ափսեներ, տոպրակներ, հաճախ կեղտոտված հագուստ, օղու, գինու, գարեջրի շշեր և այլն։

Նշածս խաչապատ ժայռերի տարածքում շատ աղբ կա, որը պետք է հեռացվի։ Ինչպես գիտենք՝ ապրիլի 18-ը ողջ աշխարհում նշվում է պատմական միջավայրի և հուշարձանների պաշտպանության միջազգային օր։ Լավ է՝ նույն օրը մեր հանրապետության ողջ տարածքի հնավայրերում իրականացվում են սանմաքրման աշխատանքներ՝ արդեն հիմնականում դպրոցականների մասնակցությամբ։ Նման միջոցառում էլ կազմակերպեցինք Աստվածընկալ վանական համալիրի տարածքում՝ նախապես պայմանավորվելով ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի հետ։

Աշխատանքներին մասնակցեցին հիմնականում Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Շենավանի միջնակարգ դպրոցի իններորդ դասարանցիները՝ տնօրեն Հայկ Եղիազարյանի և զինղեկ, լեյտենանտ Գուրգեն Պողոսյանի հետ։ 3 իններորդցի էլ՝ Հրաչ Եդիգարյան, Արամ Սարգսյան և Գրիշա Հազարապետյան,  եկել էին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավանի միջնակարգ դպրոցից՝ զինղեկ, պահեստազորի մայոր Արկադի Սարգսյանի ղեկավարությամբ, և մեծ աշխատանք կատարեցին։ Վանական համալիրի տարածքում դպրոցականներին դիմավորեց ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետ Էդիկ Պետրոսյանը։ Չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին՝ մեր աշակերտների հետ տարածքի մի մասը մաքրեցինք աղբից։ Սակայն կենցաղային թափոններից մաքրելու դեռ անելիքներ կան, որի համար տեխնիկա է հարկավոր։ Վանքի տարածք եկավ նաև Հարթավան գյուղի վարչական ղեկավար Ժիրայր Ավետիսյանը։ Որոշվեցին հետագա անելիքները։ Նշեմ՝ Արկադի Սարգսյանը, Հայկ Եղիազարյանը, Գուրգեն Պողոսյանը և տողերիս հեղինակը ժամանակին աշխատել են ԱՀ Քաշաթաղի շրջանի կրթության և մշակույթի բնագավառում։ Ա․ Սարգսյանը Հարար գյուղի դպրոցի տնօրենն էր, Հ․ Եղիազարյանը՝ Բազմատուսի։ Գ․ Պողոսյանը Ղազարապատի դպրոցի զինղեկն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչն էր, մասնակցել է 44-օրյա պատերազմին, ծանր վիրավորվել։ Ես աշխատում էի շրջանի վարչակազմի աշխատակազմի ԿԳՄՍԵ վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ, կրթատեսչական բաժնի վարիչ։ 2010-ից եղել եմ շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր։

 Հ Գ Ըստ տեղեկությունների՝ խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Աստվածընկալ գյուղում, որը վանքի տարեկիցն է կամ ավելի շուտ հիմնված, կազմակերպվել է գյուղական խորհուրդ, 1930-ին ստեղծվել է Շահումյանի անվան կոլտնտեսությունը, որը զբաղվել է հացահատիկի արտադրությունով ու անասնապահությամբ։ 1939-ին կոլտնտեսությունը լուծարվել է, իսկ գյուղի բնակիչները բնակեցվել են այն ժամանակ Երևանին մերձակա Անաստասավան գյուղում։ Վերջին գյուղացին գյուղը լքել է 1945թ։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից