Մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ հետաքրքիր զրույց ունեցանք մարտարվեստների փորձառու մարզիչ Սայաթ Բաղդասարյանի հետ, որի ընթացքում պարզաբանեցինք, թե ինչո՞ւ են վինգչուն մարտարվեստը հաճախ զուգորդում կանանց հետ, խոսեցինք արցախցի աղջիկների՝ մարտարվեստներին ներգրավվածության մասին եւ լսեցինք արցախցի մարզչի մաղթանքը տոնի առթիվ:

– Սայա´թ, հաճախ վինգչուն մարտարվեստը զուգորդում են կանանց հետ՝ անգամ անվանելով այդ հզոր մարտարվեստը կանացի: Կմեկնաբանե՞ք՝ ի՞նչ առնչություն ունեն կանայք վինգչուն մարտարվեստի հետ:
– Այո, հաճախ վինգչունը անվանում են այսպես ասած՝ «կանացի», որի հիմնական պատճառներից մեկը այն է, որ վինգչունը հիմնադրվել է կնոջ կողմից: Նա Նըգ Մուին էր՝ Շաոլինյան վանքի հինգ վարպետներից մեկը: Վինգչուն մարտարվեստի ծագման ու պատմության շուրջ տարբեր տեսակետներ կան: Մասնավորապես ուշագրավ է հնավուրց ժամանակներից մեզ հասած՝ պոետիկ ու գեղեցիկ առասպելը, որում ասվում է, որ Չինաստանի գավառներից մեկում գտնվող Հարավային Շաոլինյան վանքի՝ Նըգ Մուի (թարգմանաբար նշանակում է հինգ վայրի սալոր) անունով միանձնուհին մի անգամ ականատես է լինում եզակի տեսարանի, որում կռունկն ու օձը պայքարում էին: Տեսածից ոգեշնչված՝ նա ստեղծում է լիարժեք մարտական տեխնիկա, որը կարող է օգտագործել մարդը: Մինչ նա մտածում էր, թե ինչպես կյանքի կոչի ստեղծածը, նրա ճանապարհին հանդիպում է երիտասարդ սքանչելի մի աղջիկ, որը պաշտպանության կարիք ուներ: Հենց նրան էլ Մուին սովորեցրեց գրոհել հակառակորդի վրա, փախչել հարվածներից եւ տարբեր ձեւերով խուսափել՝ իրեն վնասել չթողնելով, բայց տապալելով իրեն վնաս տալ ցանկացողին: Այդ աղջկա անունը Վինգ Չուն էր, հիասքանչ, ինչպես հավերժ գարունը: Նա դարձավ Նըգ Մուու ամենալավ աշակերտներից մեկը, որը նոր գիտելիքներով թեւավորված՝ ոչ միայն կարողացավ պաշտպանել իրեն, այլեւ արագ տարածեց այն գավառով մեկ, առաջին հերթին փոխանցելով այդ արվեստն իր ամուսնուն: Նրա անունով էլ այդ մարտարվեստը կոչվեց Վինգչուն: Սա առասպել է, որը ապացուցված չէ: Որոշ մասնագետներ պնդում են, որ նախքան Նըգ Մուին, դեռ դարեր առաջ կար վինգչունը, պարզապես նա նոր տեխնիկա մտցրեց վինգչունի մեջ: Փոփոխությունը կռունկի (թռչունի) եւ օձի տեխնիկայի միացությունն է, որը վինգչունի տեխնիկակյի մեջ մեծ նշանակություն ունեցող եւ ամենաշատը կիրառվող տեխնիկաներից է: Կնոջ հետ վինգչունը կապելու հիմքում սա է:
– Ճի՞շտ է, թե՞ միֆ, որ կանայք ավելի լավ են ըմբռնում վինգչունի բարդ տեխնիկան ու յուրատիպ սկզբունքները:
– Ինչպես նշեցի, կռունկի եւ օձի տեխնիկան լայն կիրառում ունեն վինգչունի տեխնիկայի մեջ, իսկ դա այն տեխնիկան է, որը հեշտությամբ կարող են յուրացնել ոչ միայն թույլ սեռի ներկայացուցիչները, այլեւ՝ առհասարակ ֆիզիկապես ոչ այնքան ուժեղ, փոքրամարմին մարդիկ: Այդ տեխնիկայի յուրացումը հնարավորություն է տալիս մարտ վարել ֆիզիկապես ավելի ուժեղ մրցակցի հետ: Ընդհանրապես վինգչունը նախատեսում է այնպիսի մարտավարություն, որտեղ ավելի թույլ մարդը կարող է մրցակցել իրենից ավելի ուժեղ մարդու հետ, ինչպես նաեւ մեկ մարդը կարող է կռվել մեկից ավել՝ մի քանի հոգու հետ: Դրա համար են ասում, որ վինգչունը ավելի շատ ըմբռնելի է կանանց համար: Բայց դա չի նշանակում, թե աղջիկներն ավելի շուտ են ըմբռնում վինգչունը, քան տղամարդիկ: Ուղղակի կան շատ մարտարվեստներ, որոնք աղջիկների համար անհասանելի են՝ շատ կոպիտ լինելու կամ շատ ֆիզիկական ուժ պահանջելու համար: Իսկ վինգչունը շատ ուժ եւ կոպտություն չի պահանջում: Հակառակը՝ վինգչունում ամեն ինչ սահուն է ընթանում, եւ բացարձակ կապ չունի թե մարզվողը ինչ կառուցվածքի ու սեռի է: Միանշանակ այն հարմար է բոլորի համար եւ համարվում է աշխարհում ամենաարդյունավետ մարտարվեստներից մեկը:
– Ինչպե՞ս են վինգչունի յուրատիպ մարզումներն ազդում աղջիկների եւ կանանց ֆիզիկական ու հոգեւոր զարգացման վրա:
– Վինգչունը մեծ ազդեցություն ունի մարդու ֆիզիկական եւ հոգեւոր զարգացման վրա: Կապ չունի տղաների, թե աղջիկների: Վինգչունով պարապելիս օրգանիզմը աշխատում է համաչափ՝ միաժամանակ աջ եւ ձախ: Այս հանգամանքը արդյունավետ է մտավոր զարգացման, ինչպես նաեւ մկանների համաչափ զարգացման համար: Հոգեւոր առումով էլ վինգչունը արդյունավետ է աշխատում: Վինգչուն սովորելով մարդը դառնում է ավելի ինքնավստահ, ավելի հեշտ է կարողանում լուծում տալ առօրյա հոգսերին, բարձրանում է ոգին իրական կյանքի մարտերում պայքարելու համար:
– Արդյո՞ք երկարատեւ վինգչուն պարապելը զրկում է գեղեցիկ ու թույլ սեռի ներկայացուցիչներին կանացիությունից, թե՞…
– Ինչպես արդեն նշեցի, վինգչունը թույլ է տալիս թույլ սեռի ներկայացուցիչներին օգտագործել իրենց ունակությունները եւ չունի սահմանափակումներ՝ ֆիզիկական կոշտ ուժի, հասակի կամ կառուցվածքի պահանջներ: Այսինքն՝ վինգչուն պարապելիս պետք չեն շատ մեծ ուժային վարժություններ ու ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ուստի պարզ է դառնում, որ վինգչունը չի կարող բացասական ազդել կանացի մնալու վրա, հակառակը՝ վինգչունն օգնում է աղջիկներին դառնալ ֆիզիկապես ավելի գեղեցիկ, լինել առողջ, դառնալ ինքնավստահ իրենց ինքնապաշտպանության մեջ:
– Իսկ անձամբ Ձեզ ինչո՞վ է գրավել վինգչունը, եւ ինչո՞ւ արեւելյան մարտարվեստների բազմազան ոճերի մեջ նախապատվությունը տալիս եք վինգչունին:
– Թեկուզ տիրապետում եմ չինական մարտարվեստի նաեւ որոշ ուրիշ ձեւերի, ինչպիսին են քունգ-ֆու, ուշու սանդա, այլ տեսակներ, բայց ես կենտրոնացա վինգչունի վրա, քանի որ վինգչունը շատ արդյունավետ մարտարվեստ է առօրյա կյանքում օգտագործելու համար: Ներկայում տարբեր երկրներում վինգչունով զբաղվում են հիմնականում հատուկ նշանակության ջոկատներում, աշխարհի զարգացած երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումներում, Եվրոպայի երկրների շուրջ 70 տոկոսի հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններում ընդգրկված է վինգչունի տեխնիկան: ԱՄՆ նախագահի գաղտնի ջոկատի աշխատակիցները նույնպես վինգչուն են պարապում: Վինգչունի տեխնիկան այնպիսինն է, որ հակառակորդի դեմ երկարատեւ մարտ պետք չէ տանել, այն տեւում է ընդամենը վայրկյաններ: Մեկ հոգին կարող է միաժամանակ հինգ-վեց հոգու դեմ կռվել: Տեխնիկան այնպես է մշակված, որ կապ չունի հակառակորդդ պաշտպանիչ հանդերձանքով է, թե սովորական, ձեռքին ունի սառը զենք, թե չէ: Վինգչունը մարտարվեստ է եւ ոչ թե սպորտ: Դրա համար է, որ աշխարհում կոնկրետ վինգչունի մրցաշարեր գրեթե չկան, քանի որ այն իրական է եւ մեծ վտանգ կարող է ներկայացնել մրցողների համար: Վինգչունը խորը գաղափարախոսություն եւ հոգեբանություն ունի: Ի տարբերություն արեւելյան մարտարվեստների որոշ ձեւերի, որոնք ստեղծված են եղել զինվորներին ենթարկեցնելու կամ ծառայեցնելու համար, վինգչունը միակ մարտարվեստն է աշխարհում, որը նախատեսված էր էլիտայի համար: Վինգչունում սկզբունք կար, որ դրանով պետք է զբաղվի միայն էլիտան: Ահա այս թվարկված հանգամանքներից ելնելով՝ նախընտրում եմ վինգչունը:
– Որպես Արցախում տասնյակ տարիների փորձ ունեցող մարզիչ՝ ինչպե՞ս կգնահատեք արցախցի կանանց ու աղջիկների ներգրավվածությունը մարտարվեստների աշխարհին, արդյո՞ք նրանք սեր եւ հակում ունեն դեպի մարտական արվեստը:
– Արցախում ավելի քան երկու տասնամյակ մարզչությամբ զբաղվելու ընթացքում ունեցել եմ շուրջ 5000 աշակերտ: Նրանց մեջ կային նաեւ տարբեր տարիքի շատ աղջիկներ: Այդ տարիների ընթացքում մարզել եմ նաեւ ավանդական քունգ ֆուի որոշ ոճեր եւ սանդա ուշու: Վինգչունում էլ ունեի աղջիկ աշակերտներ, որոնք հասել էին պատրաստվածության տարբեր կարգերի: Ի տարբերություն որոշ երկրների, Արցախում աղջիկների հոսքը դեպի մարտարվեստների աշխարհ ցավոք այնքան էլ մեծ չէր: Ճիշտ է, տարբեր մարտարվեստներում ունեինք աղջիկ մարզիկներ, որոնք մեծ հաջողության են հասել անգամ աշխարհի մակարդակով, բայց ընդհանոուր առմամբ աղջիկները քիչ էին պարապում մարտարվեստներ: Որպես մարզիչ կցանկանայի, որ աղջիկներն ու կանայք ավելի շատ ներգրավված լինեին մարտարվեստներում, հատկապես Արցախում, որը ինչպես գիտենք միշտ պատերազմի գոտի էր:
– Ձեր մաղթանքը մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
– Տոնի առթիվ մեր մայրերին, քույրերին, աղջիկներին ու կանանց ցանկանում եմ մեծ սեր, երջանիկ ու լուսավոր կյանք, հաջողություն: Թող միշտ մխիթարված լինեն իրենց շրջապատով: Տարբերել չէի ցանկանա, բայց մեր արցախցի կանանց ու մայրերին կցանկանայի նաեւ հոգու ուրախություն, քանի որ նրանք մեծ դժվարությունների միջով են անցել, շատերն ընկճված են, թող ապրեն խաղաղության մեջ կապույտ երկնքի ներքո:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ