ԴԱՎԻԹ  ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ  ՄԱՐԶԱԿԱՆ  ՀԱՂԹԱՆԱԿԸ՝  ԱԶԳԱՅԻՆ  ՈԳՈՒ  ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Դավիթ Խաչատուրյանը ծնվել է  1997թ. մայիսի 28-ին Երեւանում: Մի քանի տարի հետո հոր՝ Շուշին ազատագրող ազգային հերոս  Աշոտ Խաչատուրյանի աշխատանքի բերումով ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: Սովորել է Ստեփանակերտի 2-րդ միջնակարգ, ապա 11-րդ ավագ դպրոցներում: Ավարտել է ԱրՊՀ մանկավարժության եւ սպորտի բաժինը: Դավիթ Խաչատուրյանը 2014թ. ՀՀ մուայթայի առաջնության չեմպիոն է, սանդա ուշուի Արցախի չեմպիոն, Հայաստանում կայացած մուայթայի միջազգային մրցաշարի փոխչեմպիոն, 2016թ. MMA-ի ՀՀ չեմպիոն: Արցախի MMA-ի ֆեդերացիայի մարզիչ Դավիթ Խաչատուրյանը 2023թ.-ից նաեւ աշխատում էր Ստեփանակերտի հ. 1 դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

 Փոքր տարիքից զբաղվում էր թաեքվոնդոյով: Դեռ փոքր էր, երբ մայրը տարավ նրան մարզական խմբակ: Մանկությունից սեր ուներ դեպի սպորտը: Որոշ ժամանակ թաեքվոնդո պարապելուց հետո սկսեց մուայթայ պարապել: Նրան դուր էր գալիս այդ մարզաձեւն իր յուրատիպ կոպտությամբ, հատկապես որ կարելի է աշխատել ութ վերջույթով: Բայց ավելի շատ նախապատվություն էր տալիս պրոֆեսիոնալ մենամարտերին:  2016-ից հետո սկսեց պրոֆեսիոնալ մարզվել խառը մենամարտեր MMA մարզաձեւով մարզիչ Գարեգին Աղաբալյանի մոտ: Խառը մենամարտերը մարտական, ոչ օլիմպիական, ֆուլկոնտակտ մարզաձեւ է, որում կարելի է ուղղահայաց ու հորիզոնական դիրքերում կատարել հարվածներ ու բռնվածքներ: Դա մարտարվեստ է, որում առկա են բռնցքամարտի, ըմբշամարտի, բրազիլական ջիու-ջիցուի, ձյուդոյի, մուայթայի եւ այլ մարտարվեստների բաղադրիչներ: Մասնակցելով մրցաշարի եւ հռչակվելով ՀՀ չեմպիոն՝ Դավիթը ցանկացավ  շարունակել  իր մարզական ուղին պրոֆեսիոնալ մենամարտերի գծով:

 Շրջափակմամբ պայմանավորված սահմանափակումները վատ անդրադարձան նրա մարզական կարիերայի վրա, քանի որ հնարավոր չէր մասնակցել Արցախից դուրս կազմակերպվող պրոֆեսիոնալ մրցաշարերին: Ստեղծված պայմաններում մոտիվացիա գրեթե չկար, շուրջ մեկ տարի համարյա չէր պարապում, մարզական կարիերայում հետընթաց եղավ: Նույնը սակայն չի վերաբերում մարզչական կարիերային, քանի որ նույնիսկ սննդի պակասության դեպքում մեր մարզիկները պարտաճանաչ հաճախում էին մարզումների, իսկ Դավիթը ամեն կերպ ձգտում էր, որ պարապմունքները չդադարեն: Ցրվելու միակ միջոցն այդ ընթացքում թերեւս մարզումներն էին: Աշխատում էր դպրոցում՝ որպես ուսուցիչ եւ միաժամանակ մարզչական գործով զբաղվում:

Տեղահանվելուց հետո որոշ ժամանակ չէր կարողանում սպորտին պատշաճ ուշադրություն դարձնել, քանի որ առաջնային խնդիրներ կային, որոնց լուծումը հետաձգել չէր կարելի: Կատարում էր տարբեր աշխատանքներ, նույնիսկ՝ բանվորական աշխատանք, որ կարողանա հոգալ բռնի տեղահանվելուց հետո առաջացած ֆինանսական խնդիրները: Հետո աշխատանքի ընդունվեց Հերացու «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում՝ որպես հերթապահ կինեզիստ:

Մարզիչը՝ Գարեգին Աղաբալյանը, շարունակում էր մարզումները Հայաստանի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայում: Նրա առաջարկով արցախցի մարզիկը վերսկսեց մարզումները եւ կարճ ժամանակում պատրաստվելով՝ ներկայացնելով Հայաստանի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիան, մասնակցեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված GFP-1 (Georgian Fighting Promotion) կազմակերպության պրոֆեսիոնալ մենամարտերին (2024 թ. հունվարի 27):  Ոգեւորիչ մենամարտի ընթացքում Դավիթ Խաչատուրյանն ապացուցեց իր գերազանցությունը եւ տակտիկական հմտությամբ հաղթեց վրացի մրցակցին՝ հռչակվելով պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթող:

Շարունակելով մարզումները՝ Դավիթ Խաչատուրյանը հերթական հաղթանակով կրկին բարձր պահեց հայկական սպորտի պատիվը՝ արժանապատիվ ներկայացնելով հայրենիքը միջազգային ռինգում:

Մարտի 28-ին Երեւանում կայացած MMA-ի  «Hype Fighting-2» միջազգային մրցաշարում Դավիթ Խաչատուրյանը ցուցադրեց բարձրակարգ պատրաստվածություն, մարտական ոգի եւ կամք՝ վստահ հաղթանակ տանելով եւ բարձրացնելով Հայաստանի ու Արցախի դրոշները միասին: Նրա հաղթանակը դարձավ ոչ միայն մարզական նվաճում, այլեւ ազգային ոգու, դիմացկունության եւ հայրենասիրության վառ արտահայտում:

Դավիթ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնում իր մարզչին՝ շարունակական աջակցման եւ նվիրված աշխատանքի համար, հատկապես երբ Արցախից բռնատեղահանվելուց հետո նա շարունակում է իր մարզական ուղին Հայաստանում:

Երախտագիտությամբ հիշատակեց բոլոր այն մարդկանց, որոնք դժվարին պայմաններում շարունակում էին կանգնած մնալ իր կողքին, հավատում էին եւ ոգեշնչում նրան նոր հաղթանակների: Ուրախ է, որ կարողացել է իր մենամարտով ցույց տալ մեր ազգային ոգին: Հատկանշական է, որ Դավիթն ու իր եղբայր Հայկ Խաչատուրյանը, որը նույնպես մարզաշխարհում հայտնի է իր մարզական ձեռքբերումներով, բազմիցս հանդես են եկել միջազգային մրցահարթակներում եւ արժանացել բարձրագույն մրցանակների՝ մրցաշարային աղյուսակներում Հայաստանի անունը բարձրացնելով առաջին հորիզոնականներ:

Հայ ժողովրդի համար նման հաղթանակները միայն մարզական արդյունք չեն, այլեւ ապացույց մեր ժողովրդի անկոտրում կամքի, ազգային ինքնության պահպանման եւ հաղթանակի հավատի:

Հավատանք, որ ուշ չէ այն օրը, երբ Դավիթ Խաչատուրյանը իր հաղթանակները կնվիրի նաեւ Արցախին՝ ազատ ու անկախ հողի վրա բարձրացնելով հաղթական դրոշը հայրենի ռինգում:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ