ԽՈՍՏՈՒՄԻ ԵՎ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ

«Դևն իսկական առաջնորդ էր ամեն ինչում առաջինն էր»

 Կոմանդոս

Արցախի միավորումը Մայր հայրենիքին փորձվեց իրականացնել ԽՍՀՄ իշխանություններին նամակներ գրելով, սակայն երկար տարիների փորձն անցավ իզուր։ 1988-ին սկսվեց Արցախյան շարժումը։ Հավատում էինք՝ վերջապես մեր «հարազատ» Կենտկոմը, Գորբաչովը կիրականացնեն հայի երազանքը։ Չեղավ, ընդհակառակը՝ Ադրբեջանի հայաշատ տարբեր վայրերում սկսվեցին հայության կոտորածներ։ Ու արդեն ոտքի ելանք՝ զենքով ազատագրելու Հայոց երկիրը։ Կազմավորվեցին առաջին զինվորական ջոկատները։ Եղան նաև անհատներ, որոնք կարողացան իրենց շուրջը համախմբել հայրենասեր քաջորդիների, որոնց հետ էլ անցան ռազմի փառավոր ուղի։ 1989-90 թթ արդեն կազմավորվել էին ՀԱԲ-ը, «Անկախության բանակ»-ը, որը հետագայում դարձավ «Ազատագրական բանակ», և որի հրամանատարը 1990թ փետրվարից Լեոնիդ Ազգալդյանն էր, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը, Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը և այլն։ Եվ նույն ռազմական կառույցների շատ մարտիկներ Գոյամարտի առաջին տարիներին հերոսաբար նահատակվեցին ու դարձան հերոսական կերպար՝ առաջնորդ իրենց մարտական ընկերներին, հետագա մարտիկներին։ Այսօր ու հետագայում մեծ հպարտությամբ ենք հիշելու Մովսես Գորգիսյանին, Թաթուլ Կրպեյանին, Կարոտ Մկրտչյանին, Սիմոն Աչիգյոզյանին, Մուշեղ Մխոյանին, Ջիվա Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին, Վարդան Բախշյանին․․․ Նույն քաջորդիների շարքում է նաև Դավիթ Սարապյանը՝ Դևը։

Մարտի 18-ին «Մետրո» թատրոնում տեղի ունեցավ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հերոս, գրող, կինոգործիչ Դավիթ Սարապյանի՝ Դևի 60 -ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որը կազմակերպել էր «Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը։ Ներկա էին հերոսի մարտական ու մանկության ընկերներ, Դավիթ Սարապյանի անունը կրող թիվ 100 և նրա հարազատ՝ Ջոն Կիրակոսյանի անվան (նախկին Ձերժինսկի) թիվ 20 դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, նրա սխրանքը գնահատողներ, մտավորականներ, հյուրեր։ Երեկոն վարեց ճանաչված դերասան Արսեն Ղազարյանը։ Բացման խոսքը Մովսես վարդապետ Սարգսյանն սկսեց Տերունական աղոթքով։ «Դավիթը դեռ պատանեկությունից գիտեր՝ հայրենիքին ծառայելը սոսկ պարտականություն չէ, այլև աստվածային շնորհք ու նվիրում։ Նա զոհվել է ոչ միայն ինձ համար, այլև իմ փոխարեն։ Եթե մեկը կյանք է փրկում, փրկվածը միշտ երախտապարտ է փրկողին։ Ուրեմն մենք էլ երախտապարտ ենք նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին մեզ համար ու մահացան մեր փոխարեն։ Որպեսզի Դավիթ Սարապյանի կերպարն ապրի մեր սերունդների մեջ, հակառակ բոլոր հակասություններին, պետք է սիրենք մեր հայրենիքը, սիրենք մեր եկեղեցին, պահենք մեր հավատն ու ազգային արժեքները», – իր խոսքում նշեց հոգևոր հայրը։

Ընթացքում եղան ելույթներ հերոսի ուսուցիչների, մարտական ընկերների, կենսագիրների կողմից։ Հնչեց դպրոցի օրհներգը՝ Մերի Կարապետյանի խոսքերով, երիտասարդ երգահան Արման Ամալյանի երաժշտությամբ։

Արցախի սուրբ հողում,

Կարինի երազը սրտում՝

Ուխտեցիր Երկիր կերտել

Արևի տակ կանգուն։

Մենք քո սաներն ենք, Դավի՛թ,

Նույն երազը սրտում,

Քո պատգամն ենք կրելու

Մեր ուղիներում։

Մենք քո գործն ենք, Դավի՛թ,

Տանելու առաջ՝

Մի բռունցք դարձած

Մեր վճիռներում։

Ցուցադրվեցին նաև հատվածներ Ցվետանա Պասկալաևայի նկարահանած «Նվիրյաները»՝ Դևի մասին ֆիլմից։ Ներկայացվեց նաև հերոսի գրական ժառանգությունը։ Էկրանից հնչեցին Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի, ՀԱԵ Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանի, նվիրյալ հայ ու ազգային գործիչ, Լ Ազգալդյանի զինվոր Գագիկ Գինոսյանի գնահատանքի խոսքերը Դավիթ Սարապյանի մասին։ «Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը։ Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավա՜ղ։ Նրա հերոսական մահն ավելի բարձրացրեց Դավիթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…», -ասել է Պարգև Սրբազանը։ Կոմանդոսը Դավիթի մասին ասել է «Դավիթն արտակարգ անձնավորություն էր, արիության ու բարոյականության չափանիշ։ Դևն իմ ամենալավ հրամանատարն էր։ Նա օժտված էր ռազմական բնատուր տաղանդով և գերազանց էր ամեն ինչում կատարելապես տիրապետում էր զենքին, մշակում էր ռազմավարական գործողությունների պլանները և ինքն էլ դրանք փայլուն կերպով իրագործում․․․»։ Ֆիլմում Արցախի թեմի սպասավոր, Գանձասարի վանքի հոգևոր հովիվ, երջանկահիշատակ Արժանապատիվ Տ Գրիգոր քահանա Մարկոսյանը Դևի մասին ասում է «Դավիթի հետ հաճախ էի հանդիպում։ Նա շատ մաքուր տղա էր։ Նրա արյան մեջ էր մաքրությունը, նաև հերոսությունը։ Նա ի ծնե ազնվական էր, մտավորական․․․»։

Երեկոյին համահունչ երգերով հանդես եկան երգիչներ Շուշան Պետրոսյանը, Անմահ հերոս Վարդան Ամալյանի ծնողները՝ Արմինե և Դավիթ Ամալյանները, Արսեն Գրիգորյանը։ Շ Պետրոսյանի հնչեցրած «Արցախ» երգը շատերին ստիպես արտասվել։ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Քրիստինե Դումանյանը ներկայացրեց Դավիթին, որը եղել է բազմաշնորհ դպրոցական։ Նույն դպրոցի սաների ելույթները Դավիթի կյանքի և ստեղծագործության յուրովի հնչող գնահատականներ էին։ Երեխաները հանդիսատեսին հուզեցին հատկապես Դավիթի բանաստեղծությունների ինքնատիպ մեկնություններով։ Մեր ժողովրդի կողմից սիրված «Թռչեի մտքով տուն» երգը հնչեց դպրոցական Դենիս Վարդանյանի կողմից և ընդունվեց ոգևորությամբ։ «Մայրիկ» երգի հիանալի կատարումով հանդես եկավ նաև դպրոցի շրջանավարտ, ԵՊԿ ուսանողուհի Էլեոնորա Հարությունյանը։ Դավիթի մասին խոսք ասաց նաև դերասան Գոռ Գրիգորյան-Գլումովը։ Դավիթի կենսագիր Էվելինա Մելքումյանն իր խոսքում ասաց «Դավիթի հիշատակը վառ պահելու, նրա թողած գրական ժառանգությունը հայալեզու ընթերցողներին ևս ներկայացնելու նպատակով 2019 թ. հրապարակվեց իմ հեղինակած «Մեր օրերի Դավիթը» հայերեն նոր գիրքը։ Նույն թվին լույս տեսավ նաև երկրորդ գիրքը, որը ռուսերեն բնագրից հայերեն թարգմանությամբ ներկայացնում է Դավիթ Սարապյանի գրական ստեղծագործությունները՝ «Երեք հարյուր վայրկյան» կինոսցենար-վիպակը, պատմվածքներ և համակարգչային խաղի համար գրված «Վարազդատ արքա» սցենարը: Այն ռուսերենից հայերեն է թարգմանել և մասնագիտական նախաբանով ընթերցողին ներկայացրել գրականագետ Մերի Կարապետյանը»։ 1996 թ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում բացվել է Դավիթ Սարապյանին նվիրված դասարան և թանգարան։ Այս գործում մեծ է մանկավարժների դերը, որոնցից հիշատակելի են դպրոցի այն ժամանակվա տնօրեն, երջանկահիշատակ Նարինե Հովհաննիսյանի, Դավիթ Սարապյանի աշակերտական տարիների դասղեկ, ապա՝ նրա անունով հետմահու անվանակոչված դասարանի առաջին դասղեկ Ռիմա Դանիելյանի, նախկին տնօրեն Անահիտ Խոսրովյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռիմա Կարապետյանի, դպրոցի հատուկ մանկավարժ, նախկին փոխտնօրեն Արմինե Բաբայանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իզաբելլա Աբրահամյանի անունները։ Նրանց երախտալի գործն այսօր շարունակում են Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ներկայիս տնօրեն Քրիստինե Դումանյանը և Դավիթ Սարապյանի անվան դասարանի դասղեկ Տաթևիկ Սևոյանը։

Երեկոն ամփոփեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը «Մեր նախաձեռնությունը մեծապես կարևորում է երիտասարդների հետ աշխատանքը։ Դավիթի սովորած թիվ 20 դպրոցը 90-ականներից հաստատված ավանդույթներ ունի։ Բայց մենք երազում էինք նաև նրա անվանակիր դպրոցի մասին։ 2019-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած գրքերի շնորհանդեսի ժամանակ մենք դիմեցինք միջոցառմանը ներկա, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին՝ առաջարկելով դիտարկել Երևանի դպրոցներից մեկը Դավիթ Սարապյանի անունով անվանակոչելու հարցը»։ 2020թ սկզբից եղավ Քովիդը, այնուհետև 44-օրյա պատերազմը, այլ դժվարություններ։ Բայց Սոֆյա Հովսեփյանի, Էռնեստ Ավանեսովի, նախաձեռնության մյուս անդամների և թիվ 100 դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանի համատեղ ջանքով Դավիթ Սարապյանի անվան դպրոց ունենալու իղձը 2021թ իրականություն դարձավ։ Ավելին՝ արդեն Դավիթ Սարապյանի անունը կրող դպրոցի և «Մեծն Տիգրան» ջոկատի համատեղ ուժերով մարմին առավ ևս մեկ երազանք՝ դպրոցի բակում տեղադրվեց հերոսի կիսանդրին, որի քանդակագործը նրա մարտական ընկեր, ազատամարտիկ Աղվան Մխիթարյանն է։

Դավիթ Սարապյանը ծնվել է Երևանում 1966թ․ փետրվարի 4-ին։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական։ 1984թ. մայիսին Դավիթը զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝ Խմելնիցկու մարզում։ 1985թ. հոկտեմբերին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման` ազգամիջյան կոնֆլիկտի համար։ Բանտից դուրս գալուց հետո աշխատել է որպես ռեժիսոր, գրել «300 վայրկյան» վիպակը։ Արցախյան գոյամարտի առաջին մասնակիցներից է՝ Լեոնիդ Ազգալդյանի հոգեզավակը։ Ֆիզիկոս, սակայն ճանաչված հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը եղել է Դավիթի ծնողների ընկերներից, մանկուց ճանաչել է Դավիթին, սովորեցրել լողալ, մարզվել, տվել է խորհուրդներ։ Քաջորդին սկզբում ծառայել է Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերում, ապա միացել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդին։ Հերոսաբար զոհվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում։ Մոնթեն նույնպես ճանաչել է Դավթին, եղել են մտերիմ, և նրա մասին գրել է․ «Ես նրան շատ սիրեցի։ Դավիթը միշտ մտքիս մեջ է, և ես համոզված եմ, որ եթե յուրաքանչյուր ազատամարտիկ ունենա գոնե մեկ տոկոս Դավիթի հայրենասիրությունից, մենք շատ շուտով կազատագրենք Արևմտյան Հայաստանը»։ Դև մականունը նրան տվել է մարտական ընկերը՝ Սեյրան Գրիգորյանը՝ տեսնելով ընկերոջ չափազանց անվախ ու դիվային զորությունը։ Մինչև հերոսական նահատակությունը, Դևը բազում քաջագործություններ է իրականացրել, հաճախ՝ միայնակ։ Այս առումով նշանավոր է Արցախի Դիզակի երբեմնի մելիքանիստ Տող գյուղի ազատագրումը։ Խորհրդային տարիներին գյուղում նաև ադրբեջանցիներ էին բնակվում, և նրանց անվտանգությունն ապահովելու համար գյուղ էին բերել խորհրդային զինվորների ու ադրբեջանական ՕՄՕՆ-ականների, որոնք միասին մեծ աղետ էին հայության համար։ Տողը եղել է Դավիթի մոր ծննդավայրը, այստեղ էր պապի տունը, և նա մանկության տարիներին շատ էր եղել գյուղում, ծանոթ էր շատերի հետ։ 1991թ․ հոկտեմբերի 17-ին թուրք ՕՄՕՆ-ականները գնդակահարել էի գյուղի Դանիելյանների ընտանիքի 5 անդամի։ Այդ օրերին Կոմանդոսի գլխավորությամբ իրականացվում է Տողի ազատագրումը։ Սկզբում Դավիթը միայնակ մոտեցել էր այն շենքին, որտեղ ՕՄՕՆ-ականները քեֆ էին արել։ Նախ անխոս վերացրել էր 2 ժամապահի։ Ապա կանչել էր նրանց հրամանատարին ու մոտի նռնակներով լի պայուսակը նետել նրա  կողմը՝ ռուսերեն ասելով՝ բռնիր։ Թուրքը բռնել էր պայուսակը, և հզոր պայթյունից տունը փլվել էր, իսկ ներսում եղած ասկյարները մնացել էին փլատակների տակ։ Նույն օրը պայթեցրել էր մեկ այլ տուն ևս, որը թուրքերը կառուցել էին հայոց գերեզմանոցի տապանաքարերով։ Եվ դրանից հետո սկսվում է մեր տղերքի հարձակումը։ 1991թ․ հոկտեմբերի 30-ին Տողը մաքրվում է թուրքերից։ Այդ հերոսությունից հետո վերադառնում է Երևան և հպարտորեն մորն ասում․ «Քո հարազատ գյուղն ազատագրված է, հիմա էլ պետք է ազատագրենք հայրիկի հարազատ քաղաքը՝ Էրզրումը»։ Մայրը համբուրել է որդուն՝ ասելով դու իսկական Դանիել Բեկի և Պողոս Բեկի թոռն ես․․․ Այսպիսին է եղել Դավիթը, որին  նրա մարտական ընկեր ու մտերիմ, ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը համեմատել է Դավիթ Բեկի հետ։ Ինչպես Լեոնիդ Ազգալդյանն էր ասում՝ ինքը կընկնի Ստամբուլի պատերի տակ, բայց նահատակվեց Տոնաշենում՝ թաքստոցից հնչած կրակոցից, այդպես էլ Դևն ընկավ Թոդանն ազատագրելուց հետո թաքնված թուրքի կրակոցից, 1991թ․ դեկտեմբերի 10-ին։ Այս առթիվ Գագիկ Գինոսյանը Դևի մասին ասում է․ «․․․Վստահ եմ, որ նա կազատագրեր ոչ միայն Կարինը(Էրզրումը), եթե նրա տեսակն այդքան հանդուգն ու խենթ չլիներ․․․»։ Նույն օրը նահատակվեցին նաև նրա մարտական ընկերներ Համլետ Մինասյանը, Կամո Հովհաննիսյանը, Մերուժան Սարգսյանը և Արայիկ Գյոլեցյանը։ Եռաբլուրում է Դևը հուղարկավորված՝ հավերժ մնալով 26 տարեկան և փառապանծ հերոս։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ