ԱՄԵՆԱՄԵԾ ՆՊԱՏԱԿՍ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՆ Է

Դավիթ Հովսեփյանը ծնվել է 2001թ. Արցախի Շուշի քաղաքում: Ավարտել է Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոցը: 2019թ. մտել է ՊԲ ժամկետային զինծառայության: Մասնակցել է 44-օրյա պատերազմին: Դեռ յոթ տարեկան էր, երբ հետաքրքրություն ուներ սամբո մարզաձեւի հանդեպ: Շուշիից գնում էր Ստեփանակերտ մարզումների: Փոքր ժամանակ պարապում էր մարզիչ Ազատ Անդրյանի, հետո՝ մարզիչ Էռնեստ Միրզոյանի մոտ: Դավիթ Հովսեփյանը ՀՀ բազմակի չեմպիոն է, 2019թ. սամբոյի Եվրոպայի չեմպիոն, 2019թ. սամբոյի աշխարհի առաջնության երկրորդ տեղի մրցանակակիր: 2020թ. պետք է մասնակցեր Եվրոպայի առաջնության, բայց Covid-ի հետ կապված սահմանափակումները խանգարեցին: Աշնանը վրա հասավ արյունարբու պատերազմը: Դավիթը մասնակցեց պատերազմին: Ինչպես մեր բոլոր շուշեցի հայրենակիցները, Դավիթը եւս ընտանիքի հետ տեղահանվեց եւ  բնակվեց  Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում: Պատերազմը, տեղահանությունը չկոտրեցին քաջորդու կամքն ու ոգին: Վերականգնեց ուժերը եւ կրկին շարունակեց սպորտը՝ սրտի խորքում նպատակադրվելով հաղթել գոտեմարտերում եւ ցույց տալ արցախցու իրական հաղթական ոգին: 2021թ. դարձավ ՀՀ չեմպիոն, որին հաջորդեց Եվրոպայի առաջնության հաղթանակը: Մարզական սամբոյի Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ, մեծահասակների Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի գավաթի առաջնության փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Դավիթ Հովսեփյանը 2023-ին հազարավոր արցախցիների նման հարկադրված բռնեց գաղթի ճանապարհը ու այժմ ապրում է Երեւանում՝ վարձակալված բնակարանում:  Դավիթը ցավով է խոսում, որ կորցրինք մեր դարավոր բնօրրանը, եւ երբեք չենք կարող համակերպվել այդ դաժան իրողության հետ: Մեր հարցին, թե ինչպես է հաջողվում լինել հոգեպես այդքան ուժեղ՝ պատերազմի թոհ ու բոհով անցնելով, կրկնակի տեղահանության կսկիծը սրտում, բայց մնալ ցավի դեմ չնահանջող մարզիկ, Դավիթը պատասխանեց, որ տարիներ տեւող համառ պարապմունքները սամբոյում կոփում են մարզիկներին թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես, իսկ իր սաների համար ջանք չխնայող, փորձառու մարզչի խրատները նպաստում են ուժեղ մարմնում ուժեղ հոգի ունենալուն:

 – Դավիթ, ինչպիսի՞ն էր 2025 թվականը Ձեր մարզական կյանքում:

– Ճիշտն ասած, անցած տարին այնքան էլ հաջող չստացվեց իմ մարզական կարիերայի համար: Հիմնական պատճառը վնասվածքներն էին: Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած մարզական սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը նվաճեցի բրոնզե մեդալ: Շատ լավ էի պատրաստվել այդ կարեւորագույն մրցաշարին անձնական մարզչիս՝ Էռնեստ Միրզոյանի հետ միասին: Աշխատել էինք թե´ ֆիզիկական, թե´ տեխնիկատակտիկական պատրաստվածության վրա: Հիմնական շեշտը դրել էինք հաղթանակի վրա: Մրցաշարին մեկնել էի մարտական տրամադրությամբ: Գոհ եմ իմ ելույթներից, բայց գոտեմարտի ժամանակ վնասվածք ստացա, ինչն էլ խանգարեց ինձ ու այդպես բրոնզե մեդալի արժանացա: Հանդես եմ գալիս 58 կգ քաշային կարգում: Իհարկե, յուրաքանչյուր նվաճում շատ կարեւոր է նպատակներին հասնելու ճանապարհին:

– Ո՞րն է սպորտում հաջողության հասնելու բանաձեւը:

– Պետք է ունենալ նպատակ, մեծ կամքի ուժ: Անկախ ամեն ինչից, նպատակներին հասնելու համար պետք է միշտ անմնացորդ նվիրումով պայքարել, նշաձող դնել եւ հասնել: Իսկ այդ ճանապարհին պետք է ունենալ աշխատասիրություն, կամքի ուժ եւ ամենակարեւորը՝ հավատ սեփական ուժերին:

– Սպորտում ի՞նչ խնդիրների եք բախվում:

– Հիմնականում վնասվածքներն են: 2024 թվականին Աշխարհի մեծահասակների առաջնությանը բրոնզե մեդալ եմ նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այդ ժամանակ հաղթեցի նաեւ ադրբեջանցի մրցակցի: Շատ էի ուրախացել այդ հաղթանակով: Բավականին դժվար էր, քանի որ մրցաշարից ընդամենը մեկ ամիս առաջ ձեռքի արմնկային հոդի լուրջ վնասվածք էի ստացել, որը խանգարում էր իմ լիարժեք մրցումներին: Բժիշկները խորհուրդ չէին տալիս մասնակցել, քանի որ վնասվածքը լուրջ էր, սակայն ես հաստատակամ էի, տրամադրված էի մարտական: Որոշել էի գնալ, մասնակցել ու պայքարել, նվաճել ոսկե մեդալ, բայց բրոնզե ստացվեց:

– Ձեր հիշարժան հաղթանակներից ո՞րը կառանձնացնեիք:

– 2021 թվականի մայիսին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած երիտասարդների Եվրոպայի առաջնությանը հաղթեցի ադրբեջանցի մարզիկ Նիջաթ Մամադլիին ու հռչակվեցի երիտասարդների Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն, քանի որ 2019-ին էլ էի հաղթել: Այդ հաղթանակը երբեք չեմ մոռանա: Հպարտության շատ զգացողություններ ունեցա:

(Մեզ հետ զրույցում Դավիթն անկեղծացավ, որ ամեն գնով ուզում էր հաղթել թուրք մրցակցին: Նրանց թիմը իրենց բնորոշ սադրիչ գործողություններ էր անում մրցման ժամանակ: Միացնում էին Շուշիի մասին երգեր: Դավիթին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի մարզիկը ուզում էր հաղթելու դեպքում օրհներգի ժամանակ իր  զոհված եղբոր նկարը ցուցադրեին: Վերջինս մասնակցել էր 44-օրյա պատերազմին, իսկ եղբայրը զոհվել էր Շուշիի մատույցներում: Իր հաղթանակով Դավիթը դա թույլ չտվեց: Ադրբեջանցի տիտղոսակիր մարզիկը ստիպված էր գլուխը կախել, երբ Հայաստանի Հանրապետության օրհներգն էր հնչում՝ ի պատիվ Դավիթ Հովսեփյանի հաղթանակի: Մինչ եզրափակչում գոտեմարտելը Դավիթը պայքարել էր կիսաեզրափակչում եւ վնասվածք էր ստացել: Առաջին մարտը մոլդովացի մարզիկի հետ էր, որը ցավեցնող հնար կիրառեց՝ ոտքի վնասվածք պատճառելով Դավիթին: Մարտը դժվարությամբ էր ընթանում, բայց, այնուամենայնիվ, Դավիթը հաղթեց: Երկրորդ գոտեմարտը լատվիացի մարզիկի հետ էր: Դավիթն աշխատում էր ցավը ցույց չտալ: Կարողացավ այդ մենամարտում էլ հաղթել: Երրորդ մարտը ուկրաինացի ուժեղ մարզիկի հետ էր, որը աշխարհի չեմպիոն է: Ուժեղ պայքար էր: Դա էլ հաջողվեց հաղթել ու անցնել եզրափակիչ: Եզրափակչում հանդիպեց ադրբեջանցուն, որը նույնպես երեք գոտեմարտում հաղթել էր: Սադրանքներին աշխատել էր չտրվել: Հինգ րոպե տեւող գոտեմարտում մտածել էր միայն հաղթանակի մասին՝ անտեսելով ոտքի ցավը: Դժվար պայքար էր, գիտեր, որ նետում կատարել դժվար կլինի: Մարտավարությունը նախապես մշակել էին: Գոհ էր, որ պատերազմից հետո, հայերի համար այդ ծանր վիճակում կարողացել էր հաղթել ադրբեջանցուն: Դավիթը հաղթանակը նվիրել էր 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին:)

– Ո՞րն է Ձեր ամենամեծ նպատակը:

– Ամենամեծ նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է:

Դավիթ Հովսեփյանը այժմ գտնվում է վերականգնողական փուլում: Եթե ապաքինվեն վնասվածքները, առաջիկայում կմասնակցի Հայաստանի առաջնությանը, իսկ եթե հաղթի, հնարավորություն կստանա մասնակցելու Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Մարզիկին ցանկանում ենք հաջողություն: Սոնյա ԱՎԱԳՅԱՆ