«Մեր նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող հայկական ճարտարապետությունը գոնե թղթի վրա պահել»։
Ճարտարապետության դոկտոր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր՝ Արմեն Հախնազարյան

2020թ․ փետրվարի 27-ին մահկանացուն կնքեց մեր ժամանակների մեծ հուշարձանագետ, Հայկական լեռնաշխարհում և աշխարհի այլ վայրերում գոյություն ունեցող հայկական պատմական հուշարձանների մասին տեղեկացնող, Սամվել Կարապետյանը։ Նրա թողած ժառանգությունը մեծ գանձ է մեր ժողովրդի համար։ Փետրվարի 26-ին Երևանում՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) նստավայրի Արմեն Հախնազարյանի անվան դահլիճում, տեղի ունեցավ «Հայաստանի պատմություն» գրքաշարի 6-րդ` «Ղարադաղ» հատորի շնորհանդեսը։ Ներկա էին ՀՃՈՒՀ բարեկամներ, գիտնականներ, հայկական ճարտարապետությամբ հետաքրքրվողներ, արցախցի հուշարձանագետներ՝ Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ, «Հայաստանի պատմություն» գրքաշարի բաժանորդներ, հյուրեր։ Ներկաներին ողջունեց ՀՃՈՒՀ վարչական հարցերի և հրատարակությունների գծով համատնօրեն, գրքի գիտական խմբագիր Րաֆֆի Քորթոշյանը։ Ներկայացրեց հիմնադրամի պատմությունը։ Մեր պատմական հայրենիքի շուրջ 400.000 քառակուսի կիլոմետր մակերես զբաղեցնող պատմական Մեծ և Փոքր Հայքերի մեծագույն հատվածը դարերի ընթացքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների պատճառով այժմ դուրս է Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Եվ այս պատճառով հայկական պատմական հուշարձանների զգալի մասը, հատկապես Թուրքիային, Ադրբեջանին և Վրաստանին բռնակցված տարածքներում, ենթարկվում է միտումնավոր ոչնչացման, վերագրվում է այլ ազգերի, ցեղերի: Մեր պապերի ստեղծած պատմաճարտարապետական ժառանգությունը թեկուզ թղթի վրա փրկելու մղումով՝ 1969-1970 թթ. ճարտարապետ Արմեն Հախնազարյանը (1941թ․ Թեհրան-2009թ․ Գերմանիա) նախաձեռնում է ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի հուշարձանների ուսումնասիրման և վկայագրման աշխատանքը: 1982թ. Գերմանիայի Աախեն քաղաքում հիմնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հասարակական կազմակերպությունը: ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայում, 1996թ․ սկսեց գործել ՀՃՈՒ կառույցի մասնաճյուղը։ Հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել և որպես հասարակական կազմակերպություն գրանցվել է 1998 թ․, իսկ 2010-ից՝ հիմնադրամ է։ Մինչև 2020 թվականը Սամվել Կարապետյանը եղել է ՀՃՈՒ հիմնադրամի ևրևանյան մասնաճյուղի տնօրենը։ «Հայաստանի պատմություն» գրքաշարի հեղինակը նույնպես Սամվել Կարապետյանն է, որը նախատեսել է 9-10 տարիների ընթացքում տպագրել գրքաշարի 36 հատոր՝ Հայոց այբուբենի հնչյունների քանակով և ներկայացնել Հայկական լեռնաշխարհի 36 գավառների պատմությունն ու մշակույթը, պատմական հուշարձանները։ 2022 թ․ հունվարի դրությամբ լույս է տեսել գրքաշարի առաջին 5 հատորը՝ Ա․ «Հայոց ձոր»-2015թ․, Բ․ «Սալմաստ»-2017թ, Գ․ «Արծկե»-2018թ․, Դ․ «Մռավականք»-2019թ․, Ե․ «Խնուս»-2022թ։ Նախաձեռնելով գրքաշարը՝ Ս․ Կարապետյանն ասել է․ «Գրքաշարի նպատակն է Հայաստանի պատմությունը ներկայացնել գավառ առ գավառ, յուրաքանչյուրը՝ գյուղ առ գյուղ։ Գրքաշարը խորհրդանշականորեն սկսում է Հայոց ձոր գավառից (հատոր Ա), քանի որ մեր ազգի անվանադիր Հայկ Նահապետը հաղթական ճակատամարտից հետո հենց այստեղ է հիմնում Հայք դաստակերտը»։

Եվ արդեն լույս է ընծայվել 6-րդ՝«Ղարադաղ» հատորը։ Համահեղինակ Էմմա Աբրահամյանը՝ Ս․ Կարապետյանի կինը, նաև ՀՃՈՒՀ տնօրենների խորհրդի նախագահն է։ Ներկայացրեց՝ ինչպես է կայացել գրքի 6-րդ հատորը։ Նաև տեղեկացրեց՝ փետրվարի 27-ը ամուսնու հիշատակի օրն է։ «Ղարադաղ» հատորը ներկայացնում է Մեծ Հայքի Փայտակարան նահանգի Ղարադաղ գավառի գյուղերի պատմությունը և պատմաճարտարապետական հուշարձանները: Այս հատորի վրա շատ է աշխատել, իրեն օգնել են հիմնադրամի աշխատակիցները՝ իրենց թիմը։ Հատորը հրատարակվել է արմատներով Ղարադաղի Ղասումաշեն գյուղից Ժանեթ Միրզայանի մեկենասությամբ՝ ի հիշատակ թանկագին ծնողների՝ Հովհաննես Մելիք-Ղասումյանի և Հայկանուշ Ապարյանի: Նախահրատարակչական աշխատանքները կատարվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի և ՀՃՈՒ-ԱՄՆ-ի աջակցությամբ: Է․ Աբրահամյանը նշեց նաև․ «Ղարադաղյան մեր հիմնադրամի արշավախմբի կատարած երկու գիտարշավներն իրականություն չէին դառնա, եթե մեզ չաջակցեր Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանը»։ Ասաց նաև՝ այժմ աշխատում են հաջորդ հատորների վրա։

Ցուցադրվեց նաև ֆիլմ, որում Ս․ Կարապետյանը պատմում է՝ ինչպես են կարողացել ուսումնասիրել Իրանի տարածքում գտնվող Ղարադաղը։ Չնայած բազում դժվարություններին՝ Սամվելն ու իր թիմը, ինչպես այլ տարածքներում, այստեղ ևս կարողացել են աշխատել, գտնել, ուսումնասիրել ու չափագրել, լուսանկարել հայկական հուշարձանները։ Գրեթե 500 էջ ունեցող մեծածավալ գրքում առկա են բազում լուսանկարներ, փաստեր հայկական Ղարադաղի մասին։ Ընդհանրապես նախատեսած է գրքաշարի յուրաքանչյուր հատորում ներառել մոտ 1000 լուսանկար։ Է․ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց նաև նրանց, ովքեր իրենց տրամադրել են փաստաթղթեր, լուսանկարներ, այլ նյութեր, որոնք օգտագործվել են գրքում։ Անդրադարձ եղավ Ղարադաղի տարածքում հայկական դպրոցների, եկեղեցիների, իշխանական տների, նշանավոր մարդկանց, կենցաղի, առողջության, արտագաղթի և այլնի մասին։ Ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի կազմում Արասբարան կոչվող, Ահար շրջկենտրոնով վարչական տարածքը համընկնում է պատմական Ղարադաղի կամ Սևասարի գավառին, որն Արաքս գետի աջակողմում է։ Համապատասխանում է Պատմական Մեծ Հայքի Փայտակարան նահանգի Քաղա գավառին։ Սահմանակից էր Մեծ Հայքի Սյունիք, Արցախ և Վասպուրական նահանգներին։ 17-րդ դարում Ղարադաղի 44 գյուղեր հարկատու են եղել Տաթևի վանքին։ Այսինքն՝ Ղարադաղ-Սևասար գավառը եղել է Սյունիքի կազմում։ Հայաշատ ու հայոց ոստան այս տարածքում հայաթափումն սկսվել է 1826-28 թթ․ ռուս-պարսկական պատերազմից հետո։ Առավել է հայաթափվել արդեն 1946 թվականին, երբ սկսվեց հայրենադարձությունը։ Իսկ 1970-ականներին ամբողջական է հայաթափվել։ ՀՃՈՒ հիմնադրամի կողմից գավառի հայկական հուշարձաններն ուսումնասիրվել են 1970-ական, 2011 և 2018 թվականներին։

Վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին, բաժանորդներն ստացան իրենց գրքերը, ներկաներին նվիրվեցին Նոր Ջուղայի եկեղեցիներին և Ղարադաղ գավառը ներկայացնող պաստառ: Եղավ նաև հյուրասիրություն։ Ընթացքում զրուցեցի ներկաների հետ։ Նորիկ Մկրտչյանը եկել էր Վայոց ձորի Մալիշկա գյուղից։ Ասաց՝ հատուկ եկել է շնորհանդեսին մասնակցի․ անհամբեր սպասում է, թե երբ լույս կտեսնի գրքաշարի հաջորդ համարը։ Իսկ Ս․ Կարապետյանի գործը մեծ նվիրում է մեր ժողովրդին։ Ինչ խոսք, այսօր շատերն են գնահատում Ս․ Կարապետյանի նվիրումը, ափսոսում վաղաժամ մահվան համար։ Պատմաբան, գրող-հրապարակախոս, Ս․ Կարապետյանի ընկեր Վահե Լորենցն իր ֆեսբուքյան էջում գրել է․ «Ափսոս, որ չկաս։ Քո պես մտավորականի կարիքը շատ կա։ Դու չկաս, բայց՝ գործդ կա և գործիդ շարունակողները կան։ Քո ստեղծած գիտական կոթողներն անքննելի մեծ արժեքներ են, և միշտ ուղեկիցը կլինեն հայ ուսումնասիրողի․․․»։
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի վարիչ, պ․ գ․ դ․ Արսեն Հարությունյանը, որը նույնպես ներկա էր շնորհանդեսին, տեղեկացնում է․ «Հետաքրքիրն այն է, որ Ղարադաղի մի շարք գյուղեր, ինչպես օրինակ՝ Վինան, եղել է Տաթևի վանքապատկան գյուղերի կազմում (ըստ 17-րդ դարի ցուցակի՝ 3300 միավոր հարկ է վճարել վանքին), իսկ որ ուշագրավն է, ծագումով Ղարադաղի Մինջվան գավառակի Վինա գյուղից Եմիրզան իր հիշատակագրությունն է թողել Տաթևի վանքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևելյան պատին՝ խաչաքանդակի վերնամասում. «Եմիրզէս՝ ի երկրէն Ղարադաղու, ի գեղջէն / Վինանէ, ծ(ա)ռա(յ) ս(ուր)բ տ(ա)ջ(ա)րիս» (Յարութիւնեան 2016, 139. Կարապետյան, Աբրահամյան 2025, 341): Կրկին շնորհավորում եմ լուսահոգի Սամվել Կարապետյանի ժրաջան թիմին, որոնք իրենց ուսուցչի գործն արժանի կերպով շարունակում են»: Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ