Բազմած են շուրջս նրանք ամեն օր-
Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի,
Երգում եմ, պատմում, ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի,
Ու էսպես՝ ինձ հետ, իմ տանն ամեն օր,
Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ ջուր:

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանն այսպես է բնութագրել իր գրադարանը, որի հետ նա չափազանց խնամքով ու գորովանքով է վերաբերվել, ինչպես կվերաբերվեն երեխայի հետ: Նա ծնվեց ու ստեղծագործեց, որպեսզի հավերժ արժևորվի ու սիրվի գրականությունը, որ մարդն անընդհատ կարդալու ծարավ ունենա, ու ինչպես բանաստեղծը կասեր՝ արևի նման նայի աշխարհին:
Մշակութային միջոցառումները հատկապես թափ են առնում այս օրերին, երբ նշվում է երկու նշանավոր տոն՝ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը ու նրա անբաժանելի մասը համարվող Գիրք նվիրելու օրը:
Թերևս աշխարհում ոչ մեկը չի ունեցել այնպիսի հարուստ անձնական գրադարան, որպիսին ունեցել է Հովհ. Թումանյանը, ու ոչ ոք այնքան հոգատար չի եղել իր գրքերի հանդեպ, ինչպես Թումանյանը: Միջոցառումներ են տեղի ունենում ամենուր՝ դպրոցներում, գրադարաններում, մշակութային կենտրոններում, թանգարաններում: Մարդիկ շտապում են նախընտրել լավ գրքեր ու նվիրել դրանք իրենց հարազատներին, ընկերներին ու ծանոթներին՝ դրանով իսկ վերահաստատելով այն պարզ ճշմարտությունը, որ գիրքը մարդու անխարդախ բարեկամն է: Ու այս թոհուբոհի մեջ հասկանալու և ուրախանալու մի կարևոր բան կա. ինչ լավ է, որ մարդիկ գնահատում են գիրքը: Եվ այս ամենը՝ շնորհիվ Հովհ. Թումանյանի, որի գրքասիրությունը մրցակից ունենալ չի կարող:
Օրը մեկնարկեց ,,Գիրքը՝ հեքիաթասաց,, հեքիաթի ժամով, որը վարեց Ալինա Ավետիսյանը:
Մեծ գրողի թանգարանի դռներն այդ օրը բաց էին բոլորի համար: Կենտրոնի բոլոր գիտաշխատողները զբաղված էին հյուրեր ընդունելու և ճանապարհելու կարևոր առաքելությամբ: Տարբեր դպրոցներից, քոլեջներից ու համալսարաններից կենտրոն էին ժամանել թումանյանասեր ու գրքասեր սովորողներ: Նրանք ծանոթանում էին բանաստեղծի անձնական գրադարանին, իրերին, ընտանիքի անդամների գործունեությանը, ճանաչողական խաղերով վերհիշում իրենց սիրած հեքիաթների հերոսներին ու գնահատում նրանց գործողությունները, ծիծաղում այդ հերոսների միամտությունների վրա, ուրախանում բարու հաղթանակով:

Հովհ. Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ թանգարանի գիտական հետազոտող Թամարա Արամյանը ՀՀ արդարադատության նախարարության ,,Նուբարաշեն,, քրեակատարողական հիմնարկում հանդես է եկել իր բանախոսությամբ՝ ներկայացնելով գրողի անձնական հարուստ գրադարանը, գրքերի հետ կապված հետաքրքիր հուշ-պատմությունները և գրադարանի թվայնացման ընթացքը: Նա թանգարանի կողմից գրքեր է նվիրել ,,Նուբարաշեն,, քրեակատարողական հիմնարկի գրադարանին՝ դրանով իսկ արժևորելով ներառականությունն ու ինտեգրումը, որովհետև դա է մարդասիրացնելու հասարակությանը:
Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը 2008 թվականից, Գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր՝ դառնալով ոչ միայն զուտ մշակութային միջոցառում, այլև որպես գաղափարական հանձնառության և ազգային ինքնագիտակցության խոր ընկալման ևս մեկ հնարավորության առիթ:
Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը, շնորհավորելով դահլիճում ներկա բոլոր հանդիսատեսներին կրկնակի տոնի առթիվ, որն առանձնահատուկ է ոչ միայն թանգարանի աշխատողների, այլև բոլոր հայերի համար, նշեց, որ բոլոր սերունդներն էլ անցնում են Թումանյանի հեքիաթներով, ապրում նրանց իրականության մեջ, շփվում հերոսների հետ, փորձում հասնել թումանյանական կատարելությանը, սակայն, ցավոք, ոչ ոք չի կարողանում մոտենալ այդ կատարելությանը: Շատ ցանկալի կլիներ, որ կատարելության այն սահմանները, որ գծել է Հովհ. Թումանյանը, մենք մոտենայինք դրանց ու ի կատար ածեինք մեր ազգային իղձերը: Թումանյանին ճանաչողները անցնում են նրա տարբեր աշխարհներով՝ հեքիաթների, բալլադների, պոեմների, քառյակների ու այլ աշխարհներով: Սակայն մի ուրիշ, առանձնահատուկ աշխարհ է բացվում մեր առաջ, երբ մտնում ենք նրա գրադարանը: Այդ գրադարանն ուսումնասիրելիս մեր առջև լրիվ ուրիշ Թումանյան է հայտնվում: Հայտնվում է գրականագետ, փիլիսոփա, լեզվաբան, արևելագետ, արվեստագետ Թումանյանը: Նրա գրադարանն ունեցել է մոտ 10 հազար կտոր գիրք, բայց մեզ է հասել 8147-ը: Առաջին գրքերը եղել են ,,Հյուսիսափայլ,, ամսագրի համարները և Խաչատուր Աբովյանի ,,Վերք Հայաստանի,, վեպը, որը ձեռք է բերել մեծ գումարներով: Առաջին գրադարանը նրա համար դարձել է ինստիտուտ, և այն փաստը, որ նա կիսատ է թողել իր ուսումը Ներսիսյան դպրոցում, բացատրել է հենց այդ հանգամանքով: Իր կրթության պակասը լրացրել է ինքնակրթությամբ: Իհարկե, շատ է երազել բարձրագույն կրթության մասին, սակայն մեծ ընտանիքի հոգսը հնարավորություն չի տվել իրականացնելու իր նվիրական երազանքը /սովորել Ժնևի համալսարանում/: Բայց դա չի խանգարել, որ նա համարվի ժամանակի ամենալայնախոհ, ամենաիմաստուն, ամենահանճարեղ ու ազդեցիկ մարդը, որովհետև բացառիկ հեղինակություն էր վայելում ամենուր:

Տեղեկություններ կան, որ նրա հարուստ գրադարանը շատ մեծ դժվարություններով է ստեղծվել, և այն համարվել է գրողական գրադարաններից երրորդը՝ Լև Տոլստոյից և Գյոթեից հետո, սակայն նրանք իրենց գրքերի մեծ մասը ժառանգություն են ստացել և հետո համալրել, իսկ Թումանյանը դա ձեռք է բերել զուտ սեփական միջոցներով ու մեծ դժվարությամբ:
Տնօրենը, հուրախություն բոլորի, տեղեկացրեց, որ գրադարանի թվայնացման գործընթացը սկսված է ու շարունակվում է /ինքն անձամբ է դրան մասնակցում/, շուտով հասանելի կլինի բոլորին: Այն ժամանակատար գործ է ու երկար ժամանակ է պահանջվելու՝ ամբողջը թվայնացնելու համար: Գրադարանը բաղկացած է բաժիններից՝ արևելագիտության, կովկասագիտության, բարբառների, բնագիտության, արվեստի պահարաններ և այլն: Այնտեղ կարող ենք գտնել նաև շատ հնատիպ գրքեր, որոնք շատ արժեքավոր են:
Իսկ թե ինչու է Թումանյանն այդքան սիրելի բոլոր տարիքի մարդկանց համար, բացատրվում է նրանով, որ գրողը շատ վաղ տարիքում է բացահայտել անհունության, հավերժության գաղափարը, այսինքն՝ այն ամենը, ինչ անանց է:
Այնուհետև թվայնացման գործընթացի մանրամասն տեղեկություններ հայտնեց մասնագետը, որը ներկայացրեց այդ աշխատանքի առաջին արդյունքները: Կայքէջի հեղինակը Թումանյան թանգարանի պաշտոնական կայքի հեղինակ ,,Նեմրութ,, կազմակերպությունն է: Կայքէջի ստեղծման համար թանգարանը վճարել է 5 միլիոն 257 հազար դրամ: Մնացած աշխատանքների համար կպահանջվի ևս 2 միլիոն դրամ: Որոշում է կայացվել Թումանյանի գրադարանն ամբողջությամբ թվայնացնել: Թվայնացումը կատարվում է ըստ թումանյանական դասակարգման, և որևէ մեկն իրավունք չունի դրանք փոփոխության ենթարկել: Շատ կարևոր են մանավանդ այն գրքերը, որոնց լուսանցքներում նշումներ կան գրողի ձեռագրով, ու որոշ հատվածներ էլ ընդգծված են: Այդ գրառումներն ավելի շատ են Շեքսպիրի գրքերում: Համաշխարհային գրականության մասին Թումանյանի նշումները անգնահատելի մասունքներ են գրականագետ ուսումնասիրողների համար: Գուցե դրանք հաջորդ սերունդների համար առանձին ուսումնասիրության նյու՞թ են դառնալու: Թվայնացումը նպատակ է հետապնդում նախ՝ Թումանյանն ավելի հասանելի դարձնել բոլոր-բոլորին, և երկրորդ՝ պահպանել այդ գրքերը մաշվելուց ու ոչնչանալուց:
Կայքի միջոցով հնարավորություն է տրվելու նաև նվիրատվություններ կատարել՝ թվայնացման հսկայածավալ աշխատանքներն իրականացնելու համար:
Մասնագետը միաժամանակ ծանոթացրեց թվայնացման կայքէջի առանձնահատկություններին ու նրանից օգտվելու եղանակներին: Այն լայն հնարավորություններ է ստեղծում ընթերցասերների համար, որը շատերը կարողանան մեկ գրքից միաժամանակ օգտվել:
Թանգարանի գիտական հետազոտող Թամարա Արամյանը ներկայացրեց Թումանյանի անձնական գրադարանի կառուցվածքը:
,,Կյանքը՝ գրքերեն. գիրքը և ընթերցանությունը,, թեմայով հանդիսատեսների համար ելույթ ունեցավ երիտասարդ գրող Ռուբեն Եսայանը: Նա ընդգծեց, որ վերջին ժամանակներս փոխվել է գրքի ու ընթերցանության հանդեպ հասարակության վերաբերմունքը: Հիմա ավելի շատ են հետաքրքրված գրքերով: Խոսեց ,,Կյանքը՝ գրքերեն,, պատմվածքի մասին, որը, իրար շարունակելով, գրել են տարբեր մարդիկ: Նա հայտնեց, որ իր ,,Թունելից 13 կմ հեռավորության վրա,, գրքի սյուժեով ֆիլմ է նկարահանվում, և այն շուտով՝ մայիսի 7-ից, կհայտնվի կինոէկրաններին:

Թումանյանի թանգարանի ցուցասրահում՝ հենց Թումանյանի անձնական սեղանի վրա, ցուցադրվեց 1852թ. հրատարակված Սայաթ-Նովայի ,,Երգեր,, գիրքը, որը մեծ գրողը 1913թ. մարտի 8-ին սիրով ընծայել է իր մեծ բարեկամ Մամբրե Մատենճյանին: Քչերին է հայտնի, որ Գևորգ Ախվերդյանից հետո Սայաթ-Նովայի երգերի ուսումնասիրությամբ զբաղվող երկրորդ գրաքննադատը Հովհ. Թումանյանն է: Հենց նրա շնորհիվ է, որ Սայաթ-Նովան դարձավ բանաստեղծ, թե չէ միշտ պիտի մնար որպես աշուղ: Ցուցադրությունն ավելի հետաքրքիր դարձավ ունկնդիրների համար, երբ հնչեց քամանչան, և դհոլի ուղեկցությամբ երաժշտական քոլեջի ուսանողները ներկայացրին Սայաթ-Նովայի երգերից մի քանիսը: Շատ տպավորիչ էր պահը, իսկ կատարումը՝ ներդաշնակ ու գեղեցիկ:
Թումանյանի թանգարանն առանձնանում է իր հոգևոր գունապնակով: Գունապնակ, որի երանգներն այնպես են միահյուսված, որ ստեղծում են մի հոյակերտ ճարտարապետական շինություն, որի դետալները խնամքով ու մեծ ճշգրտությամբ ագուցված են իրար՝ կազմելով մի կատարյալ ամբողջություն: Մշակութային կենտրոնի աշխատակիցներն իրենց գործի նվիրյալներ են, որոնց շնորհիվ ամեն մի միջոցառում վերածվում է շքեղ տոնակատարության:
Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը, ամփոփելով օրվա անցուդարձը, նշեց, որ առաջիկայում մեծ ու պատասխանատու քայլեր են ձեռնարկելու: Նախատեսվում է Թումանյանի հեքիաթների արևմտահայերեն հրատարակություն Սփյուռքի գաղթօջախների համար, քանի որ այնտեղ շատ ողբալի ու տխուր վիճակ է տիրում:
Մարտ ամսին պլանավորված է ,, Հովհ. Թումանյան. ապրելու արվեստը,, գրքի շնորհադեսը, հետո՝ ,,Հազարան բլբուլը,, թարգմանական գրականության ժողովածուի տպագրությունը:
Հաջողություններ մաղթենք Թումանյանի թանգարանի բոլոր աշխատակիցներին՝ իրենց անձնվեր ու ազգային գործունեության համար:
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար…
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ