Փետրվարի 25-ին Երևանում՝ «Թեքեյան կենտրոն»-ում տեղի ունեցավ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 161-ամյակին նվիրված ցերեկույթ, որը կազմակերպվել էր «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ի կողմից։ Ներկա էին մշակույթի, կրթության, տնտեսության, բանակի և այլ ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ։ Ներկա էին նաև «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ի կողմից հայտարարված «Հայ ազգի առաքելությունը» և «Իմ բանակը» մրցույթներում հաղթող ճանաչված անձինք, և ուրախալի է՝ հիմնականում դպրոցականներ՝ մեր երկրի տարբեր վայրերից։

Ներկաներին ողջունեց հիմնադրամի տնօրեն Աննա Չիլինգարյանը։ Ցերեկույթը Տերունական աղոթքով բացեց Մխիթար քահանա Հարոյանը։ Մինչ մրցանակաբաշխությունը՝ հիմնադրամի խորհրդի նախագահ Նաիրի Հոխիկյանն ու տնօրեն Աննա Չիլինգարյանը ներկայացրին ազգային գաղափարախոսության 5 կարևոր բաղադրիչները՝ Ա․ Ազգային ինքնություն՝ լեզու, մշակույթ, պատմություն, ավանդույթներ, ժառանգություն, Բ․ Պետության տեսլական՝ կառավարման համակարգ, կրթություն, տնտեսություն, անվտանգություն, Գ․ Հայրենիքի նկատմամբ պատասխանատվություն և ազգային արժեքներ, Դ․ Ազգային շահի առաջնահերթություն, Ե․ Նպատակ և առաքելություն։

Իսկ որո՞նք են ազգային գաղափարախոսական ծրագրի հիմնասյուները։ Ըստ հիմնադրամի՝ մեր ժողովրդի կյանքում կարևոր դեր ունեցած անհատներն են՝ Մովսես Խորենացին, Գրիգոր Նարեկացին, Հովհաննես Թումանյանը, Զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Խրիմյան Հայրիկը, Րաֆֆին, ինչպես նաև՝ «Սասնա ծռեր» մեր ազգային էպոսը։ Ներկայացրին նաև գաղափարախոսական ծրագրի ուղենիշները։

Այնուհետև տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը։ «Հայ ազգի առաքելությունը» մրցույթի հաղթող են ճանաչվել շուրջ 3 տասնյակ մասնակիցներ։ Նրանց պատվոգրերը հանձնեցին ներկա մտավորականները, հասարակական գործիչները։ Արցախցի լրագրող Սուրայա Ղազարյանը «Մովսես Խորենացի» անվանակարգում արժանացել է պատվոգրի։ Իր ներկայացրած հոդվածում նշել է․ «Մովսես Խորենացիով եկանք, որ աշխարհին պարզենք մեր ազգի պատմությունը․․․»։ Մրցանակը հանձնեց Ն․ Հոխիկյանը։ Ուրախալի է, որ մրցանակի արժանացած աշակերտներից շատերը Տավուշի մարզի Պառավաքար սահմանապահ գյուղի բնակիչներ են։ Մրցույթի հարցերում շատ էին նաև Արցախին նվիրվածները։ «Ազատագրված Արցախ» անվանակարգում հաղթել է Մանե Մելքումյանը։ «․․․եկեք տեր կանգնենք մեր իրավունքին՝ հանուն արդարության, հանուն վրեժի, հանուն Արցախ պապիկիս տված երդումի․․․»։ Մանեն նաև հրաշալի արտասանեց Հովհ․ Շիրազի «Ղարաբաղի ողբը» բանաստեղծությունը։
Դու էլ, դառած կռվածաղիկ, իմ բալիկն ես, ա՛յ Ղարաբաղ,
Մեղրըդ օտար մեղվին տվող իմ ծաղիկն ես, այ Ղարաբաղ,
Հայաստանից քեզ պոկողը Հայաստանի եղբայրը չէ՛,
Երկուսիս մեջ դու էլ մոլոր իմ բալիկն ես, ա՛յ Ղարաբաղ:
Մանեն իր պատվոգիրն ստացավ Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի ձեռքից։

Ցերեկույթին ներկա էր նաև Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը. «Իմ բանակը» մրցույթում հաղթող Միլենա Մամեդխանյանին հանձնեց որդու անվանակարգով՝ «Ալեն Մարգարյան» պատվոգիրը։
Մրցույթներում հաղթողներին պատվոգրեր հանձնեցին նաև Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, որը Հաթերք գյուղից է՝ Արցախյան առաջին գոյամարտի Անմահ հերոսի որդի։ Ցերեկույթի ընթացքում «Հատուկ մրցանակ»-ի արժանացած Դիանան Շուշիից է․ քեռին զոհվել է 44-օրյայի ժամանակ։ Նարեի մայրը՝ Արփի Գասպարյանը, նույնպես ներկա էր Թեքեյան կենտրոնում։ Իր ֆեսբուքյան էջում գրել է․ «Շատ հուզիչ էր ամեն բան, տպավորություն էր, որ քայլում էինք պատմության արահետներով ու նորովի բացահայտում հանդիպած դրվագները։ Միջոցառմանը շատ կարևոր ու թանկ հյուրեր կային, ներկա էին նաև շատ տաղանդավոր երեխաներ, պատանիներ, երիտասարդներ ու մեծեր։ Մեկը մեկից տաղանդավոր ու հայրենասեր։ Էն մարդիկ, ովքեր ասում են՝ էս սերունդը սերունդ չի, եթե ներկա լինեին ու 5 րոպե լսեին այս սերնդին, կհասկանայիքն, թե որքան ուժեղ ու գիտակից սերունդ ունենք ու հենց նրանց տեսնելով՝ կարող ենք մի փոքր հանգիստ շնչել՝ վստահ լինելով, որ պատմությունը փոխող սերունդ ունենք»։ Որախությամբ է նշում նաև, որ դուստրը պատվոգիրն ստացավ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի ձեռքից։ Ուրախ է նաև, որ հանդիպեց Շուշիի քաղաքապետին, որի հետ դուստրը լուսանկարվեց, ու հիշեց՝ 5 տարեկան է եղել, որ Շուշիում հանդիպել են քաղաքապետին։ Նարեն նվերներ ստացավ նաև «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ի գործընկեր «Բանիմացիա» և «Նախշ ձեռագործ» կառույցների կողմից։

Շատ էին մրցանակակիրները, ցերեկույթը տևեց մոտ 4 ժամ, սակայն հագեցած էր տարբեր ծրագրերով, որոնց ընթացքում ներկաները ծանոթացան պատմական նոր փաստերի, ազգային գաղափարախոսական արժեքների։ Կարևորվեց՝ շարունակել մեր մեծերի, այդ թվում օրվա հերոսի՝ Զորավար Անդրանիկի հայրենանվեր գործը։ Ցերեկույթին ներկա էր նաև Հայրիկ Ղազարյանի որդին՝ Սարո Ղազարյանը, որը տեղեկացրեց, որ հայրը «Անդրանիկ» երգը գրել է 1940-ական թվերին, երբ հույս կար, որ Խորհրդային Միությունը հետ կբերի Արևմտյան Հայաստանը, բայց․․․

Ցերեկույթի վերջում Նաիրի Հոխիկյանը շնորհակալություն հայտնեց իրենց աջակից բոլոր կազմակերպություններին, անհատներին։ Տեղեկացրեց, որ իրենց կողմից հրատարակվել է Հայկազունիների հայոց թագավորական տոհմածառը, որի առաջին օրինակը նվիրեց «Թեքեյան կենտրոն»-ի տնօրեն Արմեն Ծուլիկյանին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ