
Միշտ հպարտանում ենք, երբ հայ մարզիկները միջազգային տարբեր մրցաշարերում դառնում են հաղթող ու Հայոց Եռագույնը ծածանում։ Հպարտանում ենք, երբ հնչում է մեր երկրի Օրհներգը։ Օրերս նույն հպարտությունն ունեցանք․ 2026թ․ փետրվարի 20–22-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում՝ Վուրցբուրգ քաղաքում, տեղի ունեցավ ձեռնամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության թիմը։ Փետրվարի 24-ին Գերմանիայից տուն վերադարձան Հայաստանի ձեռնամարտի ֆեդերացիայի նախագահը՝ Զալիկո Համբարյանը, «Մարգարյան մարզական ակումբ»-ի հիմնադիր նախագահ, ձեռնամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Մարգարյանը՝ իրենց երկու սաների հետ։ Սաներից Տարոն Գնելի Ըռքոյանը, որը բնակվում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում և «Մարգարյան մարզական ակումբ»-ի սան է, 16-17 տարեկանների խմբում հաղթեց 3 մարտերում և 48 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Իսկ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Հրաչիկ Մելոյանը (52 կգ) 14-15 տարեկանների խմբում դարձավ բրոնզե մեդալակիր։ Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ մեր մարզիկների դիմավորման արարողություն։ Ներկա էին ծնողներ, հարազատներ, չարենցավանցիներ, Տարոնի թիմակիցներ, այլք։ Ներկա լինելով ուրախ արարողությանը՝ ընթացքում զրուցեցի ֆեդերացիայի նախագահի, մարզիչի և հաղթանակով վերադարձած մարզիկների հետ։ Նշեմ, որ Տարոնն ավագ եղբորս՝ Զավենի թոռն է և մանկուց այցելում էր մարզական ակումբ, ՀՀ-ում և ՌԴ-ում, Վրաստանում մասնակցել է բազում մրցումների սամբո և ձեռնամարտ մարզական ձևերում և գրեթե մշտապես հաղթել է։ Մոտ 5 տասնյակ մեդալներ, բազում պատվոգրեր ու դիպլոմներ, գավաթներ ունի։ «Մարգարյան մարզական ակումբ»-ի սան է նաև կրտսեր եղբայրը՝ Հայկը, որը նույնպես սիրով է մասնակցում մարզումներին, հպարտանում է եղբոր հաջողություններով և աշխատում է նրանից հետ չմնալ։ Չարենցավանի մշակույթի տան միջանցքում՝ Արցախյան գոյամարտում նահատակված չարենցավանցիների լուսանկարների մոտ Տարոնն ասաց․ «Գերմանիայում մասնակցել եմ Եվրոպայի առաջնությանը, հաղթել եմ 3 գոտեմարտում՝ գերմանացի, ռումինացի և մորդովացի մարզիկներին։ Հպարտ եմ, որ այսպես դիմավորեցին։ Շնորհակալություն իմ մարզիչին ու ֆեդերացիայի նախագահին։ Հաղթանակս նվիրում եմ Չարենցավանին ու իմ ազգին, մեր Հերոսներին»։ Խոսելով գոտեմարտերի մասին՝ ասաց՝ առավել դժվար էր եզրափակիչը։ Իսկ ապագա ծրագրերում աշխարհի առաջնության մասնակցելն է, ու վստահ է՝ դառնալու է նաև աշխարհի չեմպիոն։

Ձեռնամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Մարգարյանը ոգևորությունը չէր թաքցնում։ Ասաց․ «Մինչև 25 տարեկանների Եվրոպայի առաջնություն էր, որը տեղի էր ունենում Գերմանիայի Վուրցբուրգ քաղաքում։ 2 մարզիկ ունեինք, երկուսն էլ մեդալով վերադարձան։ Ձեռնամարտի Հայաստանի պատմության մեջ ունեցանք Եվրոպայի առաջնության առաջին չեմպիոնը, որը մեծ հաջողություն է։ Տարոնը նաև ՀՀ ձեռնամարտի՝ իր տարիքային կարգում գործող չեմպիոնն է։ Հպարտ եմ, որ Չարնենցավանից է նա և իմ հիմնադրած «Մարգարյան մարզական ակումբ»-ի սան է։ Գերմանիայում կայացածը բարձր կարգի կազմակերպված մրցաշար էր, ու մենք նման արդյունք ունեցանք։ Հավատով էինք մեկնել․երկար ժամանակ ու նվիրումով էինք պատրաստվել այս մրցույթին»։ Խոսելով հաջորդ ծրագրերի մասին ասաց․ «Հաջորդ նպատակը աշխարհի առաջնությանը մասնակցելն է։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր աջակիցներին պարոն Գալստյանին, որ մեզ ամեն ինչով աջակցել է։ Մեր ֆեդերացիայի նախագահ Զալիկո Համբարյանին, որի շնորհիվ մասնակցեցինք այս առաջնությանը և ունեցանք չեմպիոն։ Ծնողներին, համայնքին, որ մեր կողքին են եղել»։ Նշեց նաև՝ նույն օրն ունեցել են կրկնակի հաղթանակ․ մասնակցել են Չարենցավանում լուսավորման ծրագրի, ու իրենց նախագիծն է հաղթել, որ իրենց սիրելի քաղաքում կկառուցվի մարզական մեծ ու բացօթյա հրապարակ»։

Հայաստանի ձեռնամարտի ֆեդերացիայի նախագահ Զալիկո Համբարյանը Հրաչիկ Մելոյանին պետք է ուղեկցեր Սպիտակ քաղաք։ Նշեց․ «Մեր հավաքականը բաղկացած էր 15 հոգուց, որ պետք է Գերմանիա մեկնեինք, ցավոք մեկնեցինք 2 մարզիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Մարգարյանի հետ։ Ձեռնամարտի Եվրոպայի լավ կազմակերպված մրցաշարին մասնակցում էին 16 եվրոպական երկրի, այդ թվում Հայաստանի, ընդհանուր 223 մարզիկ։ Մենք մեր փոքր թիմով շատ լավ արդյունք ունեցանք»: Անդրադառնալով աշխարհի առաջնությանը՝ նշեց, որ այն կայանալու է Թուրքիայում. «Պատրաստվում ենք հավաքականը մարզել ավելի լավ։ Իսկ ապագա նպատակները ձեռնամարտը Հայաստանի Հանրապետությունում տարածելն է, որ մեր երեխաներն զբաղվեն այդ մարզաձևով։ Ձեռնամարտը մի մեծ ընտանիք է, որ հնարավորություն է տալիս երեխաներին փողոցից կտրել։ Մեր նպատակն է նաև, որ Եվրոպայի, աշխարհի, միջազգային այլ մրցաշարերին փառք ու պատվով մասնակցի մեր հայրենիքը։ Աշխատում ենք չեմպիոններ տալ, Եռագույնը ծածանել այլ երկրներում»։

Տուն շտապող Հրաչիկ Մելոյանը նշեց՝ մասնակցել է 3 մենամարտի․ առաջինում հաղթել է ֆրանսիացի մարզիկին, միավորների տարբերությամբ պարտվել է ռուսի հետ մենամարտում, իսկ երրորդ տեղի համար մրցույթում հաղթել է գերմանացի մարզիկին։ Ասաց՝ հաղթանակը նվիրում է հայ ագին ու իր ծնողներին։ Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ