ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ԵՎ ՆՐԱ ՄԻ ՄԱՍՆԻԿԻՆ

«Ամեն մարդ աշխարհ գալուց շնորհ ունի․ իմը մանկավարժն է»։

Ալեն

Արցախյան 2020թ 44-օրյա պատերազմում հազարավոր քաջորդիներ նահատակվեցին, դարձան Հավերժի ճամփորդ, մնացին հավերժ զինվոր։ Այդ քաջորդիներից է Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Ալեն Լևոնի Մարգարյանը՝ ծնված 11 02 1999թ Երևանում։ Հայոց բանակի վերակազմավորման 34 – ամյակին և Հերոսի հիշատակին նվիրված՝ փետրվարի 18-ին Երևանում՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում, տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ։ Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցի առաջին ու չորրորդ դասարանների աշակերտները, դասվար Սիրվարդ Թամազյանի/Քաշաթաղում աշխատած մանկավարժներից է/ ղեկավարությամբ, հանդես եկան հայրենասիրական ոգով՝ ասմունք ու երգ, հուշեր օրվա Հերոսի մասին։ Ցերեկույթին ներկա էր նաև Ալեն Մարգարյանի մայրը` Նազելի Տերտերյանը։

Զինվորական համազգեստով աշակերտները ներկայացրին պահեր Առաջնագծից, որտեղ էր Ալենը, ոգևորված ու հուզմունքով համառոտակի ներկայացրին Հերոս Ալենին՝ մեծ գրքասերին, որը որոշել էր նաև իր մայրիկի մասին գիրք գրել։

Հիմնական կրթությունն Ալենը ստացել է Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում։ 2013-ին, գերազանց ավարտելով հիմնական դպրոցը, ընդունվել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց։ Այստեղ նույնպես շարունակեց գերազանց սովորել ու ավարտել կարմիր ատեստատով։ Դպրոցական՝ նաև մասնակցել է արտադպրոցական խմբակների՝ պար, թատերական, լող։ 2020թ օգոստոսին զորակոչվել է հայոց բանակ՝ որպես կապավոր ծառայության անցնելով Արցախի պաշտպանական բանակում՝ Մատաղիսի տարածք։ Ալենն ընդամենը մեկուկես ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Առաջին իսկ օրվանից եղել է Թալիշի և Մատաղիսի առաջնագծում։ Երբ հրամանատարական կազմը հրահանգել է զենք-զինամթերք, սնունդ հասցնել առաջնագիծ, Ալենը ստանձնել է այդ աշխատանքը։ «Տղերք, մեր ախպերները սոված են, հաց հասցնենք», -ասում էր ու շտապում տղերքի մոտ։ Մարտական առաջադրանքը կատարելիս էլ Ալեն Մարգարյանը զոհվելց 2020թ սեպտեմբերի 30-ին Մատաղիսում։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Աշակերտները ներկայացրին Ալենի նախասիրությունները։ Ընթերցեցին հատվածներ Ալենի ընտանիքի և ընկերների նախաձեռնությամբ տպագրված «Բոլորիս Ալենը» գրքից։ Հերոսի ընկերների, մտերիմների, ուսանողների և դասախոսների հուշերը են հրապարակել Հերոսի մասին։

16 տարեկանից Ալենն ընդգրկվել էր «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի կազմում։ Ընտրելով կինոարվեստի ակադեմիական ուղին՝ 2016թ ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժին։ 2020-ին բակալավրիատը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո ընդունվել է Բոստոնի համալսարան՝ սոցիալական աշխատանք և կրթության կառավարում կրկնակի մագիստրոսական ծրագրով։ Ունեցել է տարկետման իրավունք, բայց հայրենիքին ծառայելն առաջնային էր նրա համար։

Աշակերտների հերոսն Ավ Իսահակյանի անվան գրադարանում Ալենն էր, որը զոհվեց, որ նույն երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն։ Հուզված էին ներկաները, Ալենի մայրը, որն իր օրհնությունը տվեց աշակերտներին։ Այսօր շատ է կարևոր, որ մեր հանրակրթական դպրոցներում միշտ կատարվի Հերոսների ոգեկոչում։ Ներկաները շնորհակալություն հայտնեցին աշակերտների ուսուցչուհուն՝ Ս Թամրազյանին, ծնողներին, դպրոցի ղեկավարությանը։ Կարևորվեց, որ այլևս պատերազմ չլինի։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ