
1988թ․սկզբներին՝ 38 տարի առաջ ակսված Արցախյան հերոսական շարժումը մեր ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկն է․ միասնական էինք բոլորս և պատրաստ տեր կանգնելու մեր հայրենիքի Արցախ հատվածին։ Այսօր այլ իրավիճակ է. 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում պարտվելուց հետո շատ բան է փոխվել։ Այսօր շատերն են ասում՝ Արցախյան շարժումն արեստածին էր, այն մեր վզին փաթաթեցին միջազգային հզոր կառույցները, Գորբաչովի «վերակառուցում»-ը և այլն։ Այնուամենայնիվ, այս շարժումը մեզ տվեց հայրենիք ճանաչելու, հայրենիքին տեր մնալու իրավունք։ Ամենակարևորը՝ միասնական էինք։ Այն ժամանակ, երբ շատերս էինք հրապարակում, խոսք էր գնում, որ նույնիսկ գողերն ու գրպանահատներն են գործադուլ արել, իսկ եթե որևէ մեկը փորձի գողություն անել, խիստ կպատժվի, պարզ է՝ ում կողմից։ Արցախյան շարժման բոլոր տարեդարձներին մեծ սիրով էի անդրադառնում, լուսանկարների ցուցահանդեսներ էի կազմակերպում, այդ փառավոր օրերի մասին հոդվածներ ու ակնարկներ գրում։ 31 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 20-ին, Ստեփանակերտում կայացավ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի պատմական նիստը: Մարզային խորհուրդը որոշում կայացրեց՝ Հայաստանի կազմ տեղափոխվելու համար միջնորդել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի օրենսդիր մարմիններին: Նույն օրը հարյուր հազարավոր ցուցարարներ Երևանի օպերայի հրապարակում տեր կանգնեցին պատմական այս որոշմանը: Գիշերը շատերս այդ ցուցարարներից երթով անցանք Երևանի փողոցներով և առավոտյան նորից հրապարակում էինք: Տարեց Եղիշ քեռին, որն այդ օրերին դարձավ խորհրդանիշ, երթի մասնակիցներին կոչեց ֆիդայիներ: Մեծ էր երթի ազդեցությունը. հաջորդ օրերին բազմապատկվեց ցուցարարների թիվը, և ողջ հայությունը մեկ մարդու պես ոտքի ելավ:

Բոլորս էլ սկզբում հավատում էինք, որ Խորհրդային Միության «վերակառուցող» իշխանությունը, Կենտկոմի գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ, արդարացիորեն կլուծի մեր ազգային հարցը: Եվ այդ էր պատճառը, որ հրապարակով մեկ ԽՍՀՄ ղեկավարների, Լենինի ու Մարքսի նկարներն էին երևում ժողովրդի գլխավերևում՝ պահանջատիրական պաստառների հարևանությամբ: Սակայն հաշված օրեր էին պետք, որ հասկանանք՝ թուրքը մնացել է նույն թուրքը, խորհրդային ղեկավարությունը՝ նրան սատարողն ու տեր կանգնողը: Սումգայիթյան դեպքերն ալեկոծեցին մեզ, բայց առավել տրամադրեցին ու դարձան դաս: Արդեն միասնական էինք, մեզանից հանել էինք վախի զգացումը, այլևս զոհ չէինք, իսկ Արցախը լինել-չլինելու սահմանին էր կանգնած: Եվ մեր ժողովուրդը հաստատ մի համոզմունքի էր՝ տեր մնալ Արցախին և միավորել Մայր հայրենիքին: Ոչ մեկս չէինք կասկածում միացումին, և կայացավ մեր սրբազան երազանքը: «Միացում», «Արցախ». ամենաշատն այս բառերն էին հնչում հրապարակում, որն անվանեցինք Ազատության: Կայացավ միացումը բազում հայորդիների նահատակության գնով, կայացավ արցախահայության տառապանքի ու ոգու հզորության շնորհիվ: Կայացավ հայ մայրերի՝ իրենց որդիներին սրբազան պայքարի մղելու շնորհիվ: Կայացավ Սփյուռքից եկած մեր հերոսների շնորհիվ: Նույնիսկ Սպիտակի ավերիչ երկրաշարժն արգելք չդարձավ մեր պայքարին, ընդհակառակը՝ դարձավ շարժիչ ուժ ու մարտի կոչեց նաև աղետի գոտուց շատերին: Արցախ-Մայր հայրենիք միացումը կայացավ պատերազմով. ճիշտ է, հազարավոր քաջորդիներ կորցրինք, հազարավոր վիրավորներ ունեցանք, հազարավոր խեղված ճակատագրեր, բայց մեր բազմադարյա պատմության ընթացքում բացառիկ գործ կատարեցինք՝ ազատագրեցինք ու թուրքից մաքրեցինք Արցախը, Հայաստանի Հանրապետության շատ տարածքներ: Տեր դարձանք նաև մեր պատմական հայրենիքի՝ թշնամու կողմից զավթված տարածքներն, որոնք հայաթափ եղան 18-20-րդ դարերի ընթացքում` հիմնականում մեր միասնական չլինելու պատճառով: Ամենակարևորը՝ ձեռք բերեցինք անկախություն ու պետականություն:

Բայց 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը, որն անջատողականության արդյունք էր նաև, շատ բան փոխեց, ու այսօր կանգնած ենք անդունդի եզրին։ Սթափվենք․․․
Վերջին շրջանում, իբր հավերժ խաղաղության դիմաց, որոշ քաղաքական գործիչներ, դրսից դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպություններ հարց են բարձրացնում՝ տարածքներ զիջել թշնամուն: Պետք է բոլորով իմանանք՝ թշնամին, եթե հնարավորություն ունենա, կոչնչացնի մեր ժողովրդին՝ մեր հող ու սահմանին տիրանալու համար: Ուրեմն՝ ընդհանրապես պետք է օրակարգից հանել տարածքներ զիջելու հարցը: Մենք հաղթեցինք 1994 թվականին, և թշնամին զինադադար աղերսեց:Այսօր շնորհավորենք մեկս մյուսին մեր զարթոնքի, զոհի կարգավիճակից ելնելու, համազգային կամքի ու ոգու ուժի, պայքարի մարտիկ դառնալու օրվա առթիվ և տեր մնանք հերոսների արյամբ գծված սահմանին Հայոց:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ