ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

2023թ սեպտեմբերի վերջին Հայոց Արցախը բռնի հայաթափվեց, ու մեր հայրենակիցներնը հարկադրաբար այսօր բնակվում են ՀՀ տարբեր մարզերում։ Ինչպես քաջատեղյակ եք, հատկապես բազմազավակ ընտանիքներն ունեն նյութական աջակցության խիստ կարիք։ Այս հարցում կարևոր դեր ունի «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը»։ Այս կառույցի մասին բազմիցս ենք անդրադարձել՝ սկսած 1996 թվականից, երբ բնակություն հաստատեցի Քաշաթաղի Բերձոր շրջկենտրոնում և աշխատում էի կրթության համակարգում։ Այդ ժամանակ արդեն գործում էր հիմնադրամը և նյութապես աջակցում էր շրջանի բազմազավակ ընտանիքներին։

2020թ 44-օրյա պատերազմից հետո էլ հիմնադրամի նախագահ Արծրուն Ավագյանը, հոգաբարձության խորհրդի անդամները գործադիր տնօրենի հետ այցելում էին Արցախ, հիմնադրամի կողմից աջակցություն ցուցաբերում Բերձորում, Աղավնոյում, Լիսագորում և Բերդաձորում (Եղցահողում, Մեծ շենում, Հին շենում) բնակվող բազմազավակ ընտանիքներին, դպրոցների ուսուցիչներին, ինչպես նաև՝ Արցախի այլ շրջաններում, Ստեփանակերտում բնակվող կարիքավոր ընտանիք­ներին։ Սակայն տեղի ունեցավ  աննախադեպ ողբերգությունը, և այժմ ավելի քան 100 բազմազավակ արցախցիներ հիմնադրամից աջակցություն են ստանում Հայաստանում։ Աջակցությունն իրակա­նացվում է յուրաքանչյուր ամիս։ Բազմազավակ ընտանիքներին հատկացվում է սնունդ, հագուստեղեն, այլ անհրաժեշտ պարագաներ։

Հիմնադրամն աջակցում է նաև արցախահայ ուսանողներին՝ ուսման վարձավճարի մասնակի վճարմամբ։

2024 թվականից հիմնադրամի հետ համագործակցում է կանադական «Գլոբալ Մեդիկ» կազմակերպությունը՝ հատկացնելով սնունդ հիմնադրամի շահառուներին։ 2026թ փետրվարի 4-ին Հիմնադրամի գործադիր տնօրենը,  հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը, Թոնի Կահվեն, Աշոտ Պողոսյանը, «Գլոբալ Մեդիկ»-ի կամավորներ Մորգան Քլարկը, Սոֆիա Հասանը և Մադալենա Մոնտեյրոն այցելեցին Արարատի մարզի Նոր Խարբերդ, Արմավիրի մարզի Շահումյան և Արագածոտնի մարզի Օշական բնակավայրեր։

 Նոր Խարբերդում է բնակվում 3 երեխաների մայր Նուբար Դանիելյանը, որի ամուսինը և երկու եղբայրները հերոսաբար զոհվել են Արցախյան գոյամարտում՝  2023թ սեպտեմբերի 23-ին՝ հայրենի Մաճկալաշենի պաշտպանության ժամանակ։

Քաշաթաղի շրջանից է բռնի տեղահանվել ու 5 երեխաների հետ Նոր Խարբերդում  բնակություն հաստատել  Լիլիթ Բաղդասարյանը։  Շահումյան գյուղում է հաստատվել 12 երեխաների մայր, բերձորցի Քրիստինե Ամյանը։ Իսկ բերձորցի Տոնոյաներն այժմ բնակվում են Օշականում։

Բոլոր ընտանիքներին հատկացվեց սնունդ ու հագուստ՝ համապատասխան քանակով։ Նշենք՝ Գ Մելիքյանը կարևորում է նաև հայ արտադրողի շահերը, և բազմազավակներին հատկացված սնունդը գնում է տեղական համապատասխան գործարաններից։

Օրվա ընթացքում Գ Մելիքյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ծաղիկներ խոնարհեցին Մաշտոցի շիրմաքարին, տեղեկացան  405–ից ի վեր հարատևող հայոց գրերի մասին։

Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ տարբեր մարզերում, Երևանում բնակություն հաստատած ավելի քան 85 ընտանիքների 2026թ փետրվարի 7-ին և 8-ին հոգաբարձության խորհրդի անդամները  հանձնեցին նրանց հասանելիք օգնությունը։

Մեր հովանավորները քաջատեղյակ են Հիմնադրամի հայապահպան ծավալուն գործունեությանը և ըստ կարելվույն աջակցում են մեզ՝ ցուցաբերելով մարդասիրական և ազգասիրական անկեղծ պատրաստակամություն։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ