Արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը, կարևորելով Արցախի մշակութային կառույցների դերը բռնի տեղահանված մեր հայրենակիցների համախմբման, հազարամյա պատմություն ունեցող մշակույթի պահպանման գործում, աջակցել է դրանցից որոշներին վերակազմավորվել։ Դրանցից է նաև Արցախի «Վարարակն» պետական երգչախումբը, որի առաջին «Հով արեք, սարեր ջան» խորագիրը կրող համերգը Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, կայացավ 2026թ․ փետրվարի 5-ին։

Ներկա էին արցախցիներ, հյուրեր նաև Ռուսաստանից ու այլ երկրներից, երաժշտասերներ։ Հաղորդավարները, ներկայացնելով ծրագիրը, տեղեկացրին՝ Արցախի պետական երգչախումբը տարիներ շարունակ Արցախի մշակութային կյանքում ունեցել է առանձնահատուկ տեղ՝ հայրենիքում ու արտերկրում ներկայացնելով հայ երգարվեստի լավագույն նմուշներ։ Մասնակցել է համերգների, փառատոների՝ արժանանալով մրցանակների, ամենակարևորը՝ հանդիսատեսի ծափողջույններին ու համակրանքին։ Սակայն եղավ ողբերգությունը, և հայրենի Արցախից հեռացավ նաև երգչախմբի անձնակազմը։ Ինչպես արցախյան մնացած մշակութային կառույցները, այնպես էլ երգչախումբը կանգնեց մեծ փորձությունների առաջ։ Եվ այսօր, երկար ընդմիջումից հետո, Մոսկվայում գործող «Դիալոգ» կառույցի օժանդակությամբ, երգչախումբը՝ «Վարարակն» անունով, գեղարվեստական ղեկավար Արմինե Յախշյանի գլխավորությամբ, Երևանյան բեմում է։ Մինչ երգչախմբի ելույթը, ներկաներին ողջունեցին գեղարվեստական ղեկավար Ա․ Յախշիյանը և «Դիալոգ»-ի նախագահ Յուրի Նավոյանը։ Ա․ Յախշիյանն իր խոսքում ասաց․ «Այսուհետև պետք է կրկին երգենք, ստեղծագործենք, արարենք։ Այսօր երգչախումգը բեմում է՝ շնորհիվ վստահության ու հավատի։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Դիալոգ» հասարակական կազմակերպության ղեկավար պարոն Նավոյանին՝ մեզ վստահելու, հավատալու և մեր կողքին կանգնելու համար։ Նրա օժանդակությունը մեզ համար նոր ուժ է, նոր ստեղծագործական եռանդ է: Շնորհակալություն»։

Համատեղ աշխատելու համար երգչախմբի գեղարվեստական ղեկավարին ու անձնակազմին շնորհակալություն հայտնեց նաև «Դիալոգ»-ի նախագահ Յու․ Նավոյանը՝ հավելելով․ «Այսօր հուզիչ պահ է․․․ Ուրախ եմ ձեզ ողջունելու «Դիալոգ» հասարակական կազմակերպության մոսկովյան և երևանյան մեր թիմի անունից այս նշանավոր երեկոյին, երբ բեմում հանդես է գալիս Արցախի «Վարարակն» վերակազմավորված երգչախումբը։ 1990 թվականին է ստեղծվել երգչախումբը, 8 տարի անց ստացել պետական կարգավիճակ։ Այն նաև Արցախի վերածննդի վկան է։ Շարունակելով Արցախի հետ մեր երկխոսությունը՝ բնականաբար չէինք կարող անտարբեր մնալ այդ փառահեղ երգչախմբի նկատմամբ։ Գտնում ենք, որ վերջին ողբերգության հետևանքները հնարավոր է հաղթահարել՝ հենվելով մշակույթի և հոգևոր արժեքների վրա։ «Վարարակն»-ի վերածնունդը մի յուրօրինակ հոգևոր կարևոր հենակետ կարող է դառնալ մեր հայրենակիցների համար։ Եվ միանգամայն բնական է, որ վերածնված «Վարարակն»-ը Երևանում իր գործունեությունն սկսում է Կոմիտասի ստեղծագործությունները ներկայացնելով»։ Տեղեկացրեց նաև՝ վստահ է՝ մեծ ճանապարհի սկզբին են․ ընդամենը 2 ամիս առաջ են սկսել համատեղ գործունեությունը, և ահա՝ առաջին հաշվետվությունը։ Ասաց նաև՝ հավատում է՝ յուրաքանչյուր ամիսը մեկ երգչախումբը հանդես կգա համերգներով։

Այնուհետև դիրիժոր Ժաննա Աղաջանյանի ղեկավարությամբ, դաշնակահար Նադեժդա Ակոպյանի նվագակցությամբ, ելույթ ունեցավ երգչախումբը։ Հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները։ Պատահական չէ գեղարվեստական ղեկավարի խոսքը համերգի մասին․ «Համերգը հանդիսատեսին տանում է Կոմիտաս Վարդապետի հոգևոր և ժողովրդական երաժշտության խորքերը` բացահայտելով նրա ստեղծագործական ուղու ամենանուրբ ու ապրեցնող էջերը։ «Հով արեք սարեր ջան» խորագիրը խորհրդանշում է հայրենի բնության, մարդկային զգացմունքների և ազգային հոգու միասնությունը, որն ամբողջությամբ արտացոլված է Կոմիտասի երգերում»։
Յուրաքանչյուր ելույթից հետո հանդիսատեսը ծափերով էր ողջունում արցախցի երգիչներին։ Երգչախմբի հետ ելույթ ունեցավ նաև դուդուկահարների քառյակը՝ Մհեր Ամիրջանյան, Գագիկ Ադամյան, Հրաչիկ Արզումանյան և Սեդրակ Ավագյան՝ կատարելով «Լորիկ» և այլ ստեղծագործություններ։ Համերգն ավարտվեց «Մոկաց Միրզա» երգով, որը կատարեց երիտասարդ երգիչ Սևակ Ջանյանը, իսկ հանդիսատեսը ոտքի վրա ըմբոշխնեց հրաշալի կատարումը։

Արցախի պետական երգչախմբի կազմավորվելու առաջին օրվանից՝ 33 տարի, մինչ Արցախի հայաթափումը, գեղարվեստական ղեկավար ու դիրիժորն է եղել Նինա Գրիգորյանը։ Նրա ձեռնարկի հիմքում դրվել էր հայ դասական խմբերգային երաժշտության, արևմտաեվրոպական դասականների և ժամանակակից կոմպոզիտորների երգչախմբային ստեղծագործությունների մասսայականացումը՝ կենտրոնում ունենալով կոմիտասյան երաժշտարվեստի գոհարները: Տարիների ընթացքում երգչախումբը հանդես է եկել Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում և այլ երկրներում։ 2011-ին երգչախումբն Ստեփանակերտում առաջին անգամ բեմադրել է Ա․ Տիգրանյանի Անուշ», իսկ 2013-ին՝ Տիգրանակերտում Տ․ Չուխաջյանի «Կարինե» օպերաները։
Համերգի ավարտից հետո շատերն էին մոտենում «Դիալոգ»-ի նախագահին, հայտնում շնորհակալություն։ ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանն իր ֆեսբուքյան էջում համերգի մասին գրել է․«Վերագտնում…Բարձր երգարվեստ, հույզերի շփոթ և լռություն…»։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ