Լրացավ վաստակաշատ մանկավարժ, «Լուսարար» թերթի վստահելի բարեկամ և ակտիվ թղթակից Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆԻ ծննդյան 75-ամյակը: Այդ տարիների հաշվեկշռում մի հագեցած կյանք կա՝ լի երազանքներով, նվիրումով ու մաքառումներով: Նրան հաճախ կարելի է տեսնել կրթագիտական, մշակութային, հասարակական միջոցառումների ժամանակ, որոնց մասին մամուլում և ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հանդես է գալիս յուրատիպ անդրադարձերով։ Նրա անունը այսօր էլ արժանի տեղ ունի ստեղծագործական մրցույթների մրցանակակիրների շարքում: Ասել է թե՝ Սուրայա Ղազարյանը հավատարիմ է մնացել այն կարևոր առաքելությանը, որով ամբողջանում է նրա օրինակելի նկարագիրը՝ իբրև կին, մայր, մանկավարժ, լրագրող ու ՀԱՅՐԵՆԻՔԻ նվիրյալ դուստր։
Մեր գործընկերուհուն ավելի ամբողջական ներկայացնելու համար ընտրել ենք օրիգինալ մի ձևաչափ, ըստ որի՝ Սուրայա Ղազարյանը, իր ներսի աչքերով զննելով ինքն իրեն, պատմում է ի՛ր մասին։
Շնորհավոր հոբելյանդ, հարգարժա՛ն Սուրայա Ղազարյան, արևշատություն ենք մաղթում ու ստեղծագործական երկար տարիների կյանք: Թող հաջորդ հոբելյաններդ միասին նշենք հայրենի Արցախում։
Խորին հարգանքով՝ «Լուսարար»-ի խմբագրակազմ

ԻՆՔՆԱԶՐՈՒՅՑ-ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի ընթերցողներ, ընկերներ, ծանոթ-բարեկամներ, հարազատներ: Այսօր 75-ամյա իմ կյանքի բարձունքից փորձում եմ ձեր առջև անկեղծանալ ու բացել կյանքիս ու հոգուս ,,հուշամատյանը,,՝ թերթելով նրա և՛ ուրախ, և՛ թախծոտ էջերը: Հայտնի խոսք է, որ մարդուն իրենից զատ ոչ ոք չի կարող ավելի լավ ճանաչել: Գուցե ինչ-որ տեղ այս վերլուծությունը շատ անկեղծ ստացվի, ինչ-որ տեղ՝ գուցե անհամեստ, կամ շատ դեպքերում չափազանց զուսպ լինի, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և հորդորում շատ խիստ չլինել ,,դատելու,, հարցում:
Կյանքիս փուլերը
Մանկություն: Ո՞վ եմ ես
Ես՝ Սուրայա Ռուբենի Ղազարյանս, ծնվել եմ 1951թ. հունվարի 27-ին /մայրս 28-ն էր ընդունում,Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում, ավելի կոնկրետ՝ Ասկերանի բերդից ոչ հեռու գտնվող մի փոքրիկ բնակավայրում, որ նախկինում Միրզաջան էր կոչվում: Այժմ այդ տարածքում բենզալցակայան է տեղադրված:
Նախ անվանս ծագման մասին, որը ողջ կյանքում հետապնդել է ինձ /երբեք չեմ սիրել այդ անունը/: Քիրվայության ժամանակներն էին, և հաճախ էր մեր քիրվան /թուրք ծանոթ/ լինում մեր ընտանիքում: Իմ ծննդյան գիշերը մեր տանն է լինում: Կնոջ հետ 15 տարվա ամուսնության ընթացքում երեխաներ չեն ունեցել: Այդ գիշերը նա խնդրում է հորս նորածին աղջկան /ինձ/ կոչել Սուրայա և խոստանում, որ իմ ամուսնության ժամանակ օժիտիս բուրդը ինքն է նվիրելու: Անցան շատ տարիներ, բայց մեր քիրվան այլևս չերևաց, ու խոստումն էլ այդպես մնաց օդում: Անվանս հետ հաշտ լինելուն չէր օգնում անգամ ադրբեջանական ռադիոյով հաճախակի հնչող ,,Սյուրայա,, երգը, որ նվիրված էր հարևան պետության սոցիալիստական աշխատանքի հերոսուհի Սյուրայային /նա բամբակագործ աղջիկ էր/: Միևնույն է, ես ողջ կյանքում չսիրեցի այդ անունը՝ չնայած նրան, որ հետո պարզեցի՝ ոչ թե ադրբեջանական, այլ պարսկական ծագում ունի անունս: Հետագա տարիներին շատ եմ փորձել փոխել այն, սակայն ծնողներս համոզել են, որ մարդիկ արդեն ինձ այդ անունով են ճանաչում:
1957 թվականին Ասկերանում կառուցվում է մեր նոր տունը, ու մենք տեղափոխվում ենք այնտեղ /Ասկերանի առաջին բնակիչներից էինք/: Իմիջիայլոց, Ասկերանի տարածքը նախկինում նախատեսված է եղել հենց Քյաթուկի բնակիչների համար, որոնք սարից իջնում էին՝ նպաստավոր բնակավայրում ապրելու համար, մանավանդ որ այդ գյուղում խմելու ջրի խնդիր կար /աղի էր ջուրը/:
Ծնողներս աշխատավոր մարդիկ էին, քարի ու հողի հետ կռիվ տվող:
Հայրս՝ Ռուբեն Իշխանի Ղազարյանը, Քյաթուկից էր, որը հնում շատ զարգացած ու հայտնի գյուղ է եղել Վարանդայում: Այդ բնակավայրից է սերում նաև հայտնի մեծահարուստ, բարերար Միքայել Արամյանցը, որի տոհմից էր հորական տատս՝ Սոնա այան /նախկինում մենք տատիկին այա էինք կոչում/:
Մայրս՝ Մանյա Գրիգորի Արզումանյանը, ծագումով Խրամորթ գյուղից էր /Ասկերանի շրջան/: Մորական պապս գյուղի կոլխոզի նախագահն էր, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին կամավորագրվել է, մեկնել ռազմաճակատ, զոհվել հանուն հայրենիքի ու մնացել անհայտության մեջ առայսօր: Հետո մահացել է և մորական տատս՝ Սիրան մայրիկը՝ վեց որբերին թողնելով 16-ամյա մորս ուսերին:
Մանկությունից հաճախ էի լսում հորիցս, որ Վարանդայի բնակիչներն ավելի զարգացած են, քաղաքակիրթ, քան խաչենցիները /Խաչենի մելիքություն/, ու հաճախ էր ձեռ առնելով ասում՝ խըչընեցուց խելք չօնին…
Մայրս շատ բանիմաց կին էր, որին, սակայն, բախտ չէր վիճակվել շարունակել ուսումը դպրոցն ավարտելուց հետո: Շատ ընթերցասեր կին էր, կարդացել էր մեր բոլոր պատմավեպերը և անգիր գիտեր մեր պատմության կարևոր անցքերը: Նրա բառապաշարը համեմված էր մեր ժողովրդական բառուբանով, իմաստախոսություններով և կարող էր մրցել ցանկացած բուհ ավարտածի հետ: Հաճախ էր ինձ հարցեր տալիս՝ ստուգելու գիտելիքներս և գոհ էր մնում հիմնականում: Մորիցս բնավորության շատ գծեր եմ ժառանգել՝ անկեղծություն, շիտակություն, ազատամտություն, համառություն, ցանկացած անելանելի վիճակում սթափություն ու ինքնատիրապետում, բարեսրտություն, ամենասուղ պայմաններում անգամ ուրիշներին ձեռք մեկնելու կարողություն, քաջություն, զսպվածություն, դժվարությունները լուռ հաղթահարելու կարողություն, ծով համբերություն և այլն: Ըմբոստությունս նույնպես նրանից ժառանգած ,,օժիտ,, է: Ողջ կյանքը ընտանիքին ու վեց զավակներին /4 տղա, 2 աղջիկ/ նվիրաբերած մայրս միշտ մնաց չգնահատված ու կանացի երջանկությունից զուրկ մի էակ: Շատ դառնություններ տարավ, երկու որդիների կորուստ տեսավ /20 տարեկան, 28 տարեկան/, Արցախյան առաջին պատերազմի ծանր տարիները ,,ճաշակեց,, և 75 տարեկան հասակում լքեց երկրային կյանքը ծանր հիվանդության պատճառով՝ խոր ցավ պատճառելով բոլորիս: Կրթության, գիտության, ընտանիքի մասին նրա բոլոր երազանքները ես փորձել եմ իրագործել՝ ողջ կյանքում ուղեկցվելով նրա բարի և իմաստուն խորհուրդներով:
Հորիցս ժառանգել եմ /չզարմանաք/ խռովկանությունը, ամեն չնչին բանից շուտ վիրավորվելու հատկությունը և իրասածի լինելը: Շատ պարզ հիշում եմ, որ մանկությանս տարիներին շատ շուտ վիրավորվում էի ու խռովում /առաջինը ես չէի հաշտվում/, կամ եթե ինչ-որ բան էի ուզում, մինչև նպատակիս չհասնեի, չէի խաղաղվում:
Հայրս նահապետական սովորություններով ապրող, խիստ բնավորություն ունեցող մարդ էր և ուզում էր, որ միշտ իրենը պնդի, իսկ մայրս առաջադիմական հայացքներ ուներ ու զիջում էր նրան:
Իմ պատկերացումները դպրոցական կրթության մասին
Ո՞վ է կարևոր դեր խաղացել իմ կյանքում
1958 թվականին հաճախել եմ Ասկերանի 8-ամյա դպրոցի առաջին դասարան: Առաջին ուսուցչուհիս եղել է երջանկահիշատակ Հասմիկ Նահապետյանը, որը խոր հետք է թողել իմ հետագա կյանքում: Մաշտոցյան գիրը ծաղկում էր նրա հրաշագործ ձեռքերի տակ: Շատ սիրուն ձեռագիր ուներ և նույնը պահանջում էր իր սաներից: Համբերատար ու նվիրյալ ուսուցչուհի էր, չէր զլանում կամ հոգնում մի բանը հազար անգամ կրկնելուց: Ոչ միայն գեղեցիկ էր գրում, այլև նկարելու, ասեղնագործելու մեծ ձիրք ուներ, ինչն էլ փոխանցել է մեզ: Նկարչության ժամին գրատախտակին նրա նկարած ծիտը մեզ թվում էր՝ ուր որ է կթռչի նրա ձեռքի տակից: Վառ հիշում եմ մի դեպք: Գեղեցիկ ձեռագրերի ցուցահանդես էր կազմակերպված, և նա որոշել էր իմ գրավոր աշխատանքը ներկայացնել: Դասերից հետո հրավիրեց իրենց տուն, գնացի: Երկու-երեք անգամ գրեցի, չհավանեց: Տակիս բարձեր դրեց, որ սեղանն ինձ համար հարմար լինի, ու ստացվեց իր ուզածի պես: Նրա կերպարը մինչ օրս փարոսի պես լուսավորում է իմ հիշողության անդաստանները: Հենց նրա շնորհիվ ես մանկուց որոշեցի մանկավարժ դառնալ ու փայփայեցի այդ նվիրական երազանքը մինչև դպրոցն ավարտելը: Ընկեր Նահապետյանը մի լուսավոր աստղ դարձավ իմ հուշերի երկնակամարում: Եթե դառնալ մանկավարժ, ապա միայն նրա նման նվիրյալ ու անձանձիր:
Միջին դասարաններում, երբ ավելացան նոր առարկաներ /ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն …/ , դրանք դասավանդում էին բառիս բուն իմաստով ,,չոր,, մանկավարժներ, ինչի պատճառով էլ կորցրի հետաքրքրությունս այդ առարկաների հանդեպ ու հակվեցի դեպի հումանիտար գիտություն:
Անցյալ դարի 60-ականներին Ասկերանի 8-ամյա դպրոցը հմուտ ղեկավար, լուսահոգի տնօրեն Մանյա Ղուլյանի շնորհիվ հռչակված էր որպես լավագույն կրթօջախ՝ իր նվիրյալ մանկավարժներով: Որոշեցի ընդունվել Շուշիի մանկավարժական տեխնիկում, փաստաթղթերս պատրաստեցի՝ նպատակ ունենալով նաև անվանափոխություն կատարել: Մի օր հայրս աշխատանքից վերադարձավ և հայտարարեց, որ չեմ գնալու Շուշի, այնտեղ շատ թուրքեր կան… Երազանքս մնաց օդում:
1966թ. տեղափոխվեցի Խանաբադի /հետագայում՝ Խնապատ/ միջնակարգ դպրոց՝ կրթությունս շարունակելու: Այդ շրջանում ուսման հանդեպ հետաքրքրությունս 100 տոկոսով կտրուկ շրջադարձ կատարեց: Սկսեցի շատ լավ սովորել ու շատ կարդալ հանձնարարված ու չհանձնարարված արտադասարանական ու ծրագրային գրականություն: Անկեղծ լինեմ ու խոստովանեմ, որ իմ լավ սովորելուն նպաստել է նաև Ասկերանի տնօրեն Մանյա Ղուլյանի աղջկա՝ Ռաիդայի հետ ընկերությունը: Ամեն օր միասին էինք դպրոց գնում և դասերից հետո միասին էինք դաս սովորում, մի օր՝ մեր տանը, մի օր՝ իրենց տանը: Ցավոք, դպրոցն ավարտելուց հետո ես նրան այլևս չտեսա: Ընդունվեց Երևանի բժշկական ինստիտուտ, ամուսնացավ սփյուռքահայի հետ ու տեղափոխվեց ԱՄՆ՝ այլևս հնարավորություն չունենալով երբևէ հայրենի տուն վերադառնալ:
Երազանքի ուղիներով
1968թ. հաջողությամբ ավարտեցի դպրոցը և փորձեցի իրականացնել վաղեմի երազանքս: Դիմեցի Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժին: Քննությունները հաջող հանձնեցի, սակայն մրցույթով դուրս մնացի ընդամենը մեկ միավորի պատճառով: Ծանր ապրումներ ունեցանք ես ու ընտանիքիս անդամները, առավելապես՝ մայրս, որն ինձ հետ մեծ հույսեր էր կապում:
Հաջորդ տարվա փորձս նույնպես չհաջողվեց: Չկոտրվեցի ու համառորեն պայքարում էի: Հիշեցի դպրոցական տարիներս, որի ընթացքում ականատես դարձա սոցիալական շերտավորման խիստ ընդգծված երևույթին: Ասկերանում կային մի քանի ընտանիքներ, որոնք ակնհայտ ունևոր էին, իսկ մյուսները՝ չքավոր: Այդ ընտանիքների երեխաներն էին կարողանում ծանոթ-բարեկամների միջոցով բուհեր ընդունվել ու միշտ ,,վերևից,, էին նայում մեզ… Վիրավորված ինքնասիրությունս ինձ հանգիստ չէր տալիս: Պայքարելուց զատ այլ տարբերակ չունեի: Ինչ էլ լինի, ես պիտի ապացուցեմ, որ առանց որևէ ծանոթի միջամտության կարող եմ ընդունվել, ու գնացի երազանքիս հետևից: Միայնակ մեկնեցի Երևան, ընկերուհի գտա, միասին տուն վարձեցինք, միասին աշխատեցինք Երևանի լամպերի գործարանում, ու սկսեցի տքնաջան նախապատրաստվել քննություններին: Ընտանիքիս չանհանգստացրի, ամռանը փաստաթղթերս հանձնեցի, առանց որևէ մեկի աջակցության մասնակցեցի քննություններին ու սպասեցի արդյունքների ամփոփմանը: Երբ օգոստոսին ընդունվածների ցուցակը կախեցին, հեռագրեցի ընտանիքիս, որ ընդունվել եմ: Հարազատներիս ուրախությանը չափ չկար. ես հասել էի նպատակիս:
Միշտ ձգտել եմ լավ սովորել և ամեն ինչով աչքի ընկնել: Իսկ երբ արձակուրդներին տուն էի գնում, այդ ունևոր ընկեր-ընկերուհիներին ուշադրություն չէի դարձնում /վերադարձնում էի ինքնասիրությանս ,,կորուստը,,… Խնդրում եմ՝ ինձ ոխակալ չհամարեք/:
Ի՞նչ դեր խաղաց բուհը իմ կյանքում
1970 թվականի սեպտեմբերին հպարտ-հպարտ ոտք դրեցի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի շեմքից ներս. ես արդեն ուսանող էի, որը երկու տարվա ընթացքում հասցրել էր անգիր անել հայոց լեզվի ու գրականության, պատմության բոլոր դասագրքերը, ինչն էլ հեշտացնում էր ուսումս:
Ես շատ երջանիկ էի, որ այդ կրթօջախում ուսանել եմ բանասիրական գիտությունների հսկաներին՝ Աշոտ Աբրահամյանին, Արարատ Ղարիբյանին, Առաքել Առաքելյանին, Պարույր Սահակյանին, Արտաշես Կարինյանին, Հ. Մազմանյանին, Աննա Արտաշեսովնային… իմ ունեցած գիտելիքների համար հենց նրանց եմ պարտական:
Արդեն 3-րդ կուրսում էի, որ նշանվեցի համադասարանցի Վալերիկ Մելքումյանի հետ, ու քանի որ հեշտ չէր ամեն անգամ գյուղից Երևան հասնելը, համոզեցին ու տեղափոխեցին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ: Դա ամենամեծ սխալն էր, որ գործեցի ես կյանքում, քանզի շատ մեծ հնարավորություններ ունեի գիտության մեջ խորանալու համար: Բայց, ի՞նչ արած, երբեմն կյանքը իրենն է թելադրում, ու մենք ենթարկվում ենք դրան:
Ստեփանակերտի մանկավարժականում սովորելն ինձ համար շատ հեշտ էր. երբեմն ասում էի՝ գնում եմ մանկապարտեզ: Չնսեմացնելով այդ բուհի դասախոսների աշխատանքը՝ խոստովանեմ, որ Երևանի մանկավարժականն ուրիշ էր մա՛նավանդ այն տարիներին:
Դժվար շրջան
1973-ին մենք ամուսնացանք: Հաջորդ տարում ծնվեց մեր առաջնեկը՝ դուստրս, որի մասին կուրսընկերներս կատակով միշտ ասում էին, թե լեզվաբան է ծնվելու: Ճիշտ է, հետագայում նա լեզվաբան չդարձավ, այլ բժշկուհի, բայց նրա ծնունդը մեզ անչափ երջանկություն պարգևեց, ու նրան զուգահեռ ավարտեցի ինստիտուտը:
Թվում էր, թե ամեն ինչ լավ է, սակայն այդպես չեղավ. կյանքը ծանր հարվածներ էր նախապատրաստել ինձ համար: Դստերս կնունքից օրեր անց՝ 1974թ. հուլիսի 1-ին, ստացանք խորհրդային բանակում ծառայող 20-ամյա եղբորս մահվան բոթը /չորս ամիս էր մնացել մինչև ծառայության ավարտը/, որը մինչ օրս հանելուկային է մնացել:
Տարիներն անցնում էին, հազիվ կարողանում էինք մեզ գտնել, ահա 1984-ին էլ ստացվում է 28-ամյա մյուս եղբորս մահվան բոթը… Կյանքը ինձ համար այդ պահից կորցնում է իր բոլոր գույները՝ թողնելով միայն սևը…
Մշուշվեցին իմ բոլոր երազանքները, զրկեցի ինձ բոլոր տեսակի վայելքներից: Դա շատ ծանր մի ժամանակաշրջան էր ինձ համար: Տարիներ անց միայն հասկացա, որ կարելի էր այդ ամենը քաջությամբ տանել. ջահել էի, չէի հասկանում:
Մանկավարժական մկրտություն
1975 թվականից աշխատանքի անցա Խնապատի միջնակարգ դպրոցում և մինչև թոշակի անցնելս աշխատեցի այնտեղ:
Ես հասկանում էի, որ մանկավարժի համար առաջին տարիները շատ կարևոր են՝ լավ մասնագետ դառնալու համար, և ուժ ու եռանդ չէի խնայում: Միշտ պատասխանատվությամբ էի պատրաստվում դասերին, որ դասի ավարտին տեսնեի սաներիս աչքերի փայլն ու հաջորդ ժամին անհամբեր սպասելու ցանկությունը: Դպրոցի տնօրեն, երջանկահիշատակ Գալյա Բաբայանի /նա Լենինի շքանշանակիր էր անցյալ դարի 70-80-ական թվականներից/ մոտ այլ կերպ հնարավոր չէր աշխատել, որովհետև աշխատանք գնահատող անձնավորություն էր: Ափսոս, շուտ հեռացավ կյանքից: Նրան փոխարինեց Զավեն Բեգլարյանը, որն արժանապատվորեն շարունակեց նրա գործը՝ լավագույնս պահպանելով դպրոցի բարի ավանդույթները:
Ընտանիքը և նրա պահպանումը
Չորս զավակ ունեցանք մենք համատեղ կյանքում՝ երկու որդի, երկու դուստր: Չորսն էլ բարձրագույն կրթություն ստացան ու գնացին իրենց երազանքների հետևից: Ընտանիք կազմեցին, երեխաներ ունեցան:
Շատ դժվարությունների եմ հանդիպել, լռելյայն տարել ու փրկել ընտանիքս՝ հանուն երեխաների: Երբեք թույլ չեմ տվել, որ իմ երեխաներն ականատես լինեն ինչ-որ վիճաբանության կամ տարաձայնության: Դեռևս պատանության տարիներին էի երդվել, որ կյանքում երբեք թույլ չեմ տալու, որ ընտանեկան վեճերն ու կռիվները վրդովեն երեխաների մանուկ հոգիները: Թե ինչ գնով է դա հաջողվել ինձ, թողնում եմ փակագծերում, որ երբեք չեմ բացում: Իսկական մանկավարժը պիտի ընդունակ լինի նման զոհողությունների:
Երբ հասարակական հիմունքներով աշխատում էի Ասկերանի կրթության բաժնին կից ,,Անչափահասների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով,,-ում /հանձնաժողովի անդամ էի/ , շատ ընտանիքների խնդիրներ ենք լուծել ընկերներով և անչափահասների ճակատագրեր որոշել: Ըստ ինձ՝ ընտանիքի պահպանման հիմնական առաքելությունը կնոջ ուսերին է ծանրացած, ու նա պատվով պիտի կատարի այն:
Մանկավարժական գործունեությունս. ի՞նչ ձեռքբերումներ եմ ունեցել
Չորս տասնամյակից ավելի մանկավարժական գործունեությունս իրականացրել եմ Ասկերանի շրջանի Խնապատի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի: Այդ տարիներից 15-ը անցկացրել եմ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնում: Աշխատանքային գործունեությունս եղել է շատ հարուստ ու բովանդակալից, առատ՝ հետաքրքիր անակնկալներով: Գուցե դա է եղել հիմնական պատճառը, որ այդ տարիներն անցել են մի վայրկյանի թռիչքով: Պարգևատրվել եմ բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով՝ սաներիս՝ տարբեր թեմաներով ստեղծագործական շարադրությունների մրցույթներում /համարյա ամեն տարի/, օլիմպիադաներում մրցանակային տեղեր գրավելու, մասնագիտական խոր պատրաստվածության, սովորողներին կայուն գիտելիքներ հաղորդելու համար:
2002թ. մասնակցել եմ ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, մրցույթին, շրջանում հաղթող ճանաչվել, իսկ հանրապետական փուլում ,,Ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների մակարդակը,, անվանակարգում հաղթել՝ արժանանալով ԿԳ նախարարության պատվոգրի և դրամական պարգևի:
2005-2006 ուստարում երկու փուլով մասնակցելով Երևանի ,,Սփյուռք,, գիտաուսումնական կենտրոնի կազմակերպած արևմտահայերենի դասընթացներին՝ հաղթող եմ ճանաչվել և իրավունք ստացել 2006-2007 ուստարում արևմտահայերենի դասեր վարել Խնապատի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում:
2012-ին մասնակցել եմ Երևանում կազմակերպված լավագույն ուսուցիչների մրցանակաբաշխությանը՝ ,,Տաշիր գրուպ,, ընկերության կողմից արժանանալով դրամական պարգևի: 2013թ. ուսուցիչների ատեստովորման արդյունքում ԿԳՄՍ նախարարության կողմից ինձ շնորհվել է տարակարգ:
2014 թվականի հունվարին ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար պարգևատրվել եմ ԼՂՀ վարչապետի հուշամեդալով: Հաջողություններն ու պարգևները երբեք չեն ինքնահանգստացրել ինձ, այլ խթանել են իմ գործունեությունը, ու ես ձգտել եմ նորանոր հաջողություններ գրանցել:
2014թ. սեպտեմբերին անցել եմ թոշակի, բայց հետագա տարիներին աշխատել եմ և՛ հարազատ դպրոցում, և՛ Ասկերանի միջնակարգ դպրոցում, որտեղ ինձ վերաբերվել են ամենայն հարգանքով ու սիրով: Այդ կարճ ժամանակը բավարար է եղել՝ ճանաչելու ուսուցիչների մի հզոր բանակի, որտեղ բոլորն աշխատում էին խղճի մտոք ու բարձր պատասխանատվությամբ:
Այլ աշխատանքներ
Մանկավարժական գործունեությանը զուգահեռ զբաղվել եմ նաև ստեղծագործական աշխատանքով: Գիտակրթական, մանկավարժահոգեբանական բազմաթիվ հոդվածների հեղինակ եմ, Արցախի ժուռնալիստների միության անդամ: Կատարել եմ նաև հասարակական աշխատանքներ. Կարմիր Խաչի կողմից լիազորված եմ եղել՝ տարբեր դպրոցներում դասախոսություններ կարդալու ,,Մարդը՝ մարդուն,, թեմայով, եղել եմ կրթության բաժնին կից ,,Անչափահասների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով,,-ի անդամ, արտահաստիքային տեսուչ և այլն: Հանդես եմ եկել ԼՂՀ ռադիոյի և հեռուստատեսության տարբեր հաղորդումներում ու հարցազրույցներ տվել:
Երբ ինձ թոշակի ուղարկեցին, շատ մեծ ողբերգություն ապրեցի. թվում էր՝ աշխարհի վերջն է: Ամիսներ շարունակ առավոտները կանգնում էի մեր ցանկապատի մոտ ու դպրոց ճանապարհում աշակերտներին և ուսուցիչներին: Կարոտը խեղդում էր ինձ: Չէ՞ որ ես դեռ շատ բան ունեի փոխանցելու մատաղ սերնդին: Անարդարության դեմ բողոքներս մնացին անարձագանք:
Գուցե ինչ-որ տեղ չգնահատված կամ չհասկացված եմ եղել, փույթ չէ, քանզի մշտապես վայելել եմ սաներիս ու նրանց ծնողների անկեղծ սերն ու խոր հարգանքը, որն ինձ համար ավելին էր, քան բոլոր տեսակի պետական կոչումները:
,,Փրկությունս,, հայտնվեց անսպասելի: Ստեփանակերտում պատահաբար հանդիպեցի ,,Լուսարար,, թերթի գլխավոր խմբագիր Սվետլանա Խաչատրյանին, որն ինձ առաջարկեց թերթի սրբագրիչի պաշտոնը, ինչն էլ մեծ սիրով ընդունեցի, չնայած ներքուստ շատ էի կարոտում դպրոցը:
Արցախյան պատերազմները և հետևանքները
Դժբախտաբար ինձ վիճակված է եղել ապրել անցյալ դարի 90-ականներից մինչև 2023-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածի բոլոր արհավիրքները:
88-ի շարժումը դարձավ ողջ հայության արժանապատվության ու աննկուն ոգու վառ դրսևորումը: Մեր միասնական պայքարը պատմական արդարության վերականգնման համար էր: Այդ պայքարի դեմ անզոր եղան բոլոր տեսակի սադրանքները, ու մենք հաղթեցինք թշնամուն՝ պարտադրելով նրան մեր կամքը: Դա պահանջեց հազարավոր կյանքեր: Նրանց անունները ոսկե տառերով գրվեցին մեր նորօրյա պատմության էջերում:
90-ականների, 2016-ի, 2020-ի մարտական գործողությունների տարեգիրն էի դարձել: Օրագիր էի պահում, որի էջերը ողողված էին մեր նահատակների սուրբ արյունով ու մեր դառը արցունքներով: Ցավոք, ես այդ ամենը կորցրի 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ մեզ տեղափոխեցին Ստեփանակերտի օդանավակայան, ու այլևս հնարավորություն չունեցա տուն վերադառնալու ու փրկելու այդ սուրբ մասունքները: Ամեն ինչ մնաց թշնամուն:
Առաջին պատերազմից հետո, երբ որոշակիորեն խաղաղվել էինք արդեն, սկսեցի գյուղի՝ պատերազմում աչքի ընկած ազատամարտիկների պատմությունների հիման վրա հրապարակումներ անել՝ ներկայացնելով նրանց սխրանքներն ու քաջագործությունները: Որոշ ժամանակ անց միտք հղացավ՝ մի ամբողջական գրքով ներկայացնել Խնապատի հերոսական վաշտի տղաների /զոհված թե ողջ/ մասին համապարփակ պատմությունը՝ ականատեսների վկայություններով: Այցելեցի բոլոր ազատամարտիկների օջախները, պատմություններ ու լուսանկարներ հավաքեցի հնարավորության սահմաններում՝ ամփոփելու մեկ գրքի մեջ՝ սերունդներին պահ տալով այդ հերոս տղաների հերոսական մաքառումները:
Գտնվեցին մարդիկ, որ սկզբում խոստացան հովանավորել գրքի տպագրությունը, իսկ երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր, դրժեցին իրենց խոստումը: Հույսս չեմ կտրում, սպասում եմ բարի մարդկանց աջակցությանը:
Դրանից հետո եղավ 2016-ի քառօրյան, հետո՝ ահավոր 2020-ը, իսկ վերջում՝ 2023-ի սեպտեմբերը, որը վերջնականապես խաչ քաշեց բոլորիս ճակատագրերին…
Երեսուն տարիների փայփայած մեր Անկախությունը, մեր երազանքները մեկ վայրկյանում փուչիկների պես պայթեցին մեր գլխին: Դա նրանից է, որ մենք ,,դափնիների վրա հանգստացող,, ազգ ենք, չգնահատեցինք մեր մեծ հաղթանակը ու այն պահպանելու քայլեր չձեռնարկեցինք հետագա տարիներին: Ասում են՝ ժողովուրդը երբեք չի սխալվում, բայց մենք չարաչար սխալվեցինք ու կորցրինք մեր թանկ հայրենիքը: Ավելին, դարձանք հայրենազուրկ ու փախստական բազմաչարչար հայրենի հողի վրա: Սա այն ահավոր իրականությունն է, որ նույնիսկ ամենաչար երազում էլ հնարավոր չէ տեսնել:
Այսօր էլ շարունակում եմ Արցախի հոգս ու ցավով ապրել և գրչով մարտնչել նրա լուսավոր ապագայի համար:
Հուսանք, որ այս ծանր ժամանակները պատվով կհաղթահարենք, ու կհայտնվի այն նախանձախնդիր առաջնորդը, որը երկիրը կտանի վերելքի ու բարգավաճման ճանապարհով:
Շնորհակալ եմ, որ համբերատար հետևեցիք այս երկարաշունչ պատմությանը:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ