ԻՐ ԵՐԿՐԻ ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐԸ՝ ԼԵԳԵՆԴԱՐ ՃՈՒՏԸ

Մեր հերոսները միայն պատմության էջերում գրված անուններ չեն: Նրանք մեր իրական կյանքում ապրած մարդիկ են, որոնք ծնվեցին մեր կողքին: Նրանք էլ սովորում էին դպրոցներում, քայլում էին նույն փողոցներով, երազում էին խաղաղ ապագայի մասին: Նրանք ունեին իրենց մանկության ուրախ հիշողությունները, առաջին սերը, ընտանեկան տաք սեղանը: Բայց ամեն ինչ թողեցին մի կողմ, երբ հայրենիքը կանչեց:

Վառ օրինակ է «Լուսարար»-ի տարեսկզբյան էջերում  պատվավոր տեղն ունեցող  հերոսի կերպարը, որն ավելի շատ հայտնի է մարտական ընկերների կողմից իրեն վերագրված՝ «Ճուտ» մականվամբ: Թե ինչո՞ւ են լեգենդար հերոսին կնքել այդ մականունով, հասկանալի է դառնում նրա կերպարին ծանոթանալու հենց սկզբից: 16 տարեկան էր, երբ հայրենիքը վտանգված էր, իսկ նրա աչքերում կար միայն մի բան՝ հայրենիքի նկատմամբ սեր ու պարտք: Չնայած տարիքային անհամապատասխանությանը, այնուամենայնիվ միացավ ռազմաճակատ մեկնող ընկերներին եւ արդեն մարտական ընկերների կողմից ստացավ այդ մականունը, որը խորհրդանշում էր նրա տարիքով փոքր լինելը:

Մհեր Վոլոդյայի Հարությունյանը ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Փառավոր է նրա սխրանքներով լի մարտական ուղին: 16 տարեկանից ակտիվ մասնակցություն է ունեցել 1988-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտին: Ռազմաճակատ մեկնած մարտական ընկերներից ամենափոքրրն էր, որի համար էլ ստացել է «Ճուտ» մականունը: 1990 թվականի հունվարին մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանությանը, իսկ փետրվարին՝ Վարդենիսի, Նոյեմբերյանի եւ Բերդի պաշտպանական մարտերին:

Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) լուծարումից հետո՝ 1990 թվականի նոյեմբերին, 17 տարեկան հասակում անցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը, իսկ 1991 թվականի ապրիլի առաջին օրերին մեկնել է Գետաշեն, որտեղ էլ ծանոթացել է Թաթուլ Կրպեյանի, Պետրոս Ղեւոնդյանի եւ Կարոտ Մկրտչյանի հետ: Թաթուլ Կրպեյանի զոհվելուց եւ Գետաշենի անկումից հետո կարողացել է Գետաշենից դուրս բերել զոհված ընկերների մարմինները եւ ողջ մնացած մարտիկներին՝ փրկելով նրանց անխուսափելի գերությունից: Այնուհետեւ եղել է Շահումյանում, որտեղ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը Շահեն Մեղրյանն էր: 1992 թվականի փետրվարին ՝ Մալիբեյլի գյուղի ազատագրման ժամանակ երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել շարք եւ դարձել Շուշիի առանձնակի գումարտակի անդամ:

Մասնակցել է Սրխավենդի պաշտպանությանը, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Վարանդայի, Սանասարի, Կովսականի եւ Ակնայի ազատագրական մարտերին: 1994 թվականին Կարախանբեյլիում Ալբերտ Ալավերդյանի ծանր վիրավորվելուց հետո նրան դուրս է բերել մարտադաշտից եւ շարունակել մարտը՝ պահելով դիրքերը մինչեւ օգնություն ստանալը: Մինչեւ 1998 թվականը ծառայել է Հայաստանի զինված ուժերում, որից հետո զորացրվել է:

Մասնակցել է նաեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին, եղել է առաջնագծում եւ 42 օրից ավելի մարտական հերթապահություն է իրականացրել:

Հավատարիմ դաշնակցականի իր երդմանը՝ Մհեր Հարությունյանը հայրենիքի պաշտպանությունից անմասն մնալ չէր կարող նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ: 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրերին կամավորագրվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ին, եւ որպես երկրորդ վաշտի հրամանատար հոկտեմբերի 2-ին մեկնել է Արցախ ու հոկտեմբերի 4-ից միացել մարտական գործողություններին, մասնակցել Մարտակերտի շրջանի պաշտպանական մարտերին: Հոկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Արցախի պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման եւ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի ակտիվ մասնակցությամբ, որը ղեկավարել է Մհեր Հարությունյանը, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ եւ կեսգիշերին մոտ հետ է վերադարձվել Մարտակերտի շրջանում գտնվող՝ Մարտակերտի եւ «Եղնիկներ»-ի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող՝ Վարանկաթաղ գյուղի հարակից համանուն բարձունքը:

Զոհվել է ազատագրումից ժամեր անց՝ մարտական ընկերներին օգնելու ժամանակ:

2021 թվականի ապրիլի 14-ին, Արցախի Հանրապետության նախագահի կողմից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Իր երկրի հավերժ զինվորը, Շուշիի առանձնակի գումարտակի լեգենդար Ճուտը հանգչում է Եռաբլուրում: Իր մարտական ուղու մասին խոսելիս՝ նա համեստաբար ասում էր. «Իմ երկրի հավերժ զինվորն եմ»:

Հերոսների հիշատակը պատիվ է պահանջում: Պահանջում է, որ մենք ապրենք արժանապատիվ, լինենք միասնական, սիրենք իրար, ու պահենք այն արժեքները, որոնց համար նրանք ընկան: Պահանջում է, որ երբեք չմոռանանք նրանց անունները, նրանց ժպիտները, նրանց թափած արյունը:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ