Եկ քինինք Արցախ,
Վէր Խմինք էն Ճիրան,
Թող Սրտդ հուվանա`
Վեր Ցավես տմանա…
Արթուր խաչենց

Հունվարի 18-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը արցախյան շնչով էր հագեցված։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի և «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվել և իրականացվեց «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մեծ համերգ-միջոցառումը։ Մինչ համերգի սկսելը՝ համալիրի գլխավոր մուտքից դռպի դահլիճներ տանող հատվածում կայացավ ցուցահանդես, որի մուտքն սկսվում էր Արցախի Զինանշանի բնանկարով։ Այն իրենից ներկայացնում է մի թևատարած արծիվ, որը կրում է Արտաշեսյանների արքայատոհմի թագը, իսկ գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները։ Կենտրոնում դրված է վահան, որի վրա պատկերված են Արցախի դրոշը (հորիզոնական դիրքով) և Ստեփանակերտի մոտ գտնվող «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ և Պապիկ») հուշարձանը՝ Մեծ Քիրս լեռան ֆոնին։ Ներքևի մասում արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր։ Վերևի կիսաշրջանաձև ժապավենի վրա արված է հայերեն մակագրություն՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»։ Զինանշանի հեղինակ Լավրենտ Ղալայանն այցելուներին ներկայացնում էր՝ ինչպես է ստեղծել այն։ Արցախյան բազում կազմակերպություններ՝ մշակութային խմբեր, տնտեսվարողներ, անհատներ, որոնք այժմ գործում են ՀՀ-ում, իրենց արտադրանքն էին ներկայացրել նաև վաճառքի համար։ Գործում էին սննդի կետեր՝ արցախյան ուտեստներով։ Երևանում գործող «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամը ներկայացրել էր իր հովանու տակ ստեղծագործող արցախցի երեխաների ձեռքի աշխատանքները, նկարները։

Ցուցասրահի մի հատվածում ներկայացրել էի Արցախի մասին պատմող լուսանկարներ՝ սկսած 1989 թվականից, երբ պաշտպանում էինք Բերդաձորը։ Ցուցադրված էին նաև Արցախի պատմական հուշարձանների՝ Դադիվանք, Գանձասար, Ամարաս, Շուշի․ Քաշաթաղից Ծիծեռնավանք ու այլն, հասարակական-մշակութային կյանքի և Պաշտպանության բանակի մասին պատմող լուսանկարներ։ Հարևանությամբ դստերս՝ նկարիչ Անահիտի գեղանկարներն են՝ որոշներն Արցախ ներկայացնող։ Շատերը հետաքրքրվեցին ցուցադրածս լուսանկարներով։ Իրենց, ծանոթ-բարեկամների, հարազատների գտան լուսանկարներում։ Առավել հետաքրքրված էին 90-ականների մասին պատմող լուսանկարներով, որոնցում ցուցադրված էին ռազմական տարբեր ջոկատներ, անհատներ։ Որոշներին հանդիպել կամ նույն ջոկատի կազմում մասնակցել եմ մարտական գործողությունների մեր հայրենիքի տարբեր վայրերում՝ Բերդաձոր, Վահան գյուղ, Լաչին-Քաշաթաղ, Արցախի Մարտունու Ույանի բարձունք, Ավետարանոցի մատույցներ և այլուր։ Ընթացքում շրջեցի նաև ցուցասրահում, զրուցեցի տաղավարների ներկայացուցիչների հետ։ Բոլորն էին գոհ կազմակերպված միջոցառման համար։ Ամենակարևորը՝ իրար կարոտած շատ արցախցիներ հանդիպեցին։ Իսկ երեկոյան կայացած հիրավի Մեծ համերգը բոլորին մտքով տուն՝ Արցախ տարավ։

Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարկի տակ ելույթ ունեցան Արցախի տարբեր մշակութային համույթներ, ինչպես նաև՝ հայաստանյան և արցախյան ճանաչված մենակատարները։ Ճանաչված երգիչ, Արցախի մեծ բարեկամ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը ներկայացրեց «Կարոտել եմ» երգը։ Հունվարի 18-ին է ծնվել նրա Վարդան որդին, որը 2020թ․ ծառայում էր Արցախի Պաշտպանության բանակում և սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրից մարտադաշտում էր։ Հերոսաբար զոհվեց նոյեմբերի 7-ին Շուշին պաշտպանելիս, հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայության» մեդալներով։ Օրեր առաջ Դավիթի հետ Ստեփանավանում էինք, խոսեցինք կայացող համերգի մասին։ Ասաց՝ չէր կարող չմասնակցել նման միջոցառման։ Նշեց նաև, որ նույն օրը «Մետրո» թատրոնում կկայանա որդուն նվիրված միջոցառում։

Համերգի յուրաքանչյուր խմբի կամ անհատ կատարողի ելույթ առաջինը հույզեր ու հիշողություններ էր արթնացնում։ Նայում եմ շուրջս նստած հանդիսատեսներին, գրեթե բոլորի աչքերն էին թրջված. Տունը՝ Արցախը, կանչում է։ Արթուր Խաչենցի «Եկ քինինք Արցախ», Ներսիկ Իսպիրյանի «Ղարաբաղ», Շուշան Պետրոսյանի «Արցախ» կատարած երգերը, պարային խմբերի ելույթները ոտքի էին հանում հանդիսատեսին, դահլիճի տարբեր կողմերում Արցախի Եռագույնն էր ծածանվում։ Մոտ 3 ժամ տևած համերգը, որ կարևորվեց նաև արցախցիների ևս մեկ անգամ համախմբվելուն, կարծես շուտ ավարտվեց։

Համերգից հետո էլ շատ այցելուներ հետաքրքրվեցին դեռևս պահպանված ցուցադրություններով։ Մինչ միջոցառման կայացումը, լուսանկարների ցուցադրությունը կազմակերպելու համար հանդիպեցի «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանին, որի հետ դեռ ծանոթ եմ Արցախից։ Կարևորվեց նաև լուսանկարների, Արցախի տարբեր բնակավայրերի մշակույթի դպրոցների, կենտրոնների սաների ձեռքի աշխատանքների, նկարների ցուցադրությունը։ Միջոցառման կազմակերպիչներից Աշոտ Ավանեսյանը, օրվա հետ կապված, իր ֆեսբուքյան էջում նախօրոք գրել էր․ «Ավելի քան 10 մշակութային կոլեկտիվներ տեղահանությունից հետո սկսել են ստեղծագործել ՀՀ-ում։ Նրանցից շատերը իրենց հետ տարհանել են բեմական հագուստն ու երաժշտական գործիքները և դժոխքի միջով անցնելուց ընդամենը 10 օր անց՝ արդեն բեմի վրա էին»։ 2023թ․ սեպտեմբերի վերջերին բռնի տեղահանված արցախցիները շատ բան չէին կարող վերցնել հետները։ Ու մշակույթի մարդիկ առավել կարևորել են հենց մշակութային իրերը։ Այժմ Երևանում իրենց գործունեությունն են շարունակում նաև Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, «Արցախի բալիկներ» համույթը, «Արցախ» ջազը, որոնց վերակայացումը հովանավորել է «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը։

Օրվա ընթացքում հանդիպեցի արցախցի շատ մտավորականների, պետական ու քաղաքական, հասարակական գործիչների, որոնց հետ ծանոթ էի Արցախից։ Հիշում ենք անցած օրերն ու ցավում ու ներկա վիճակի համար։ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի նախագահ, Արցախի մեծ բարեկամ Գուրգեն Մելիքյանը համերգին եկել էր ընտանիքի հետ։ Շատ կարևորեց կայացող միջոցառումը։ Սպասենք հաջորդ համախմբմանը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ