ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐԻՑ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում է գտնվում հայ միջնադարյան նշանավոր վանական համալիր Կեչառիսը։ Պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի 18-րդ Վարաժնունիք գավառի (իր մեջ ներառում էր ներկայիս Հրազդանի, Սևանի և Իջևանի տարածաշրջանները) այս վանական համալիրը դարեր շարունակ եղել է հոգևոր, մշակութային և կրթական կարևոր կենտրոններից մեկը։ Այս սրբավայրում են ապրել, ստեղծագործել քաղաքական և ռազմական գործիչ, Սպարապետ Վասակ Պահլավունու որդի Գրիգոր Մագիստրոս Պահլավունին (մոտ 9901058), Զաքարյան իշխանների ժամանակաշրջանում ակտիվ քաղաքական և կրոնական գործիչ Վասակ Խաղբակյան իշխանը (13-րդ դար), նշանավոր ճարտարապետ Վեցիկը, որը կառուցել է վանքի Կաթողիկե եկեղեցին, վանքի միաբան, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին (մոտ 12601330) և ուրիշներ: Այժմ էլ Կեչառիսը շարունակում է պահպանել իր կարևոր նշանակությունը՝ հանդիսանալով Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ։ Վանական համալիրում են գտնվում Սբ.  Գրիգոր Լուսավորիչ, Սբ.  Նշան, Սբ.  Կաթողիկե և Սբ. Հարություն եկեղեցիները, գավիթը, մատուռներ, ինչպես նաև տասնյակ խաչքարեր ու տապանաքարեր։ Համալիրի տարածքում են ամփոփված սելջուկ-թուրքերի դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանի (1099) և Մեծ իշխան Պռոշի (1284) մարմինները։ Վանքի գլխավոր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1003 թվականին։ Իսկ սրբավայրը, որպես վանական համալիր, ձևավորվել ու ամբողջացել է 11-13-րդ դարերում` Պահլավունի եւ Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով։ Մեր հայրենիքի բազում վանական համալիրների ճակատագիրը բաժին է հասել նաև Կեչառիսին՝ տարբեր ժամանակներում ավերվել է, լքվել, վերստին շենացել։ Խորհրդային տարիներին՝ 19471949 թթ., վանքի տարածքը բարեկարգվել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալիկներով։ Իսկ 19982001 թթ ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով վանքում վերականգնողական մեծ աշխատանքներ են իրականացվել։

Վերջին տարիներին Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների կողմից Կեչառիսի վանական համալիրում իրականացվում են բարեկարգման և վերականգնման ծրագրեր։ Հավելենք, որ նրանց հովանավորությամբ է վերակառուցվում նաև Ուշիի վանական համալիրը։ 

2022-2023թթ. նրանց նախաձեռնությամբ վերականգնվել են Սբ. Գրիգոր եկեղեցու հարավային մասում կառուցված մատուռները։ 2025թ.  նախատեսվում էր բարեկարգել Կաթողիկե եկեղեցու հարավային և արևմտյան հատվածը, վերանորոգել գոյություն ունեցող ճեմուղիները։ Սակայն հողային աշխատանքների ժամանակ բացվել են միջնադարյան տապանաքարեր։ Տարածքի հնագիտական զննության արդյունքում որոշվեց դադարեցնել շինարարական աշխատանքները և իրականացնել հնագիտական ուսումնասիրություններ։ Այդ նպատակով 2025թ աշնանը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից ձևավորվել է հնագիտական արշավախումբ (ղեկ.  ՝ Հարություն  Բադալյան, հնագետ՝ Տիգրան   Ալեքսանյան, ճարտարապետ՝ Ամիրան   Բադիշյան), որը երկու ամսից ավել պեղումներ է իրականացրել վանքի տարածքում։ Դրանց արդյունքում Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարավային ու արևմտյան կողմում հայտնաբերվել են  հարյուրից ավել տապանաքարեր, որոնք թվագրվում են 11-13-րդ դդ.։ Դրանց թվում կան արձանագիր օրինակներ, որոշները զարդանախշերով են։ Սակայն պեղումների ամենաուշագրավ արդյունքը վաղմիջնադարյան եկեղեցու հայտնաբերումն էր։  Հնագիտական արշավախմբի անդամ, հնագետ Տիգրան Ալեքսանյանը տեղեկացրեց, որ նախկինում եկեղեցու գոյության մասին որևէ տեղեկություն չի եղել։ Այն նորահայտ է, որի մասին տվյալներ չկան ո՛չ միջնադարյան սկզբնաղբյուրներում, ո՛չ էլ ավելի ուշ շրջանի հետազոտողների մոտ։ Իր ճարտարապետական հորինվածքով, հատակագծային լուծումներով աղոթատունը պատկանում է քառախորան, կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպին, որոնք հայտնի են  5-7-րդ դարերում։ Եկեղեցին կառուցված է եռաստիճան գետնախարիսխի վրա, ընդհանուր չափերն են՝ 12×10,8 մ, կառուցված է տուֆ քարով, որը բերվել է այլ վայրից։ Հատկանշական է, որ համալիրի բոլոր եկեղեցիները կառուցված են բազալտից, և միայն նորահայտ եկեղեցին է տուֆակերտ։ Պահպանված պատերը որոշ հատվածում մինչև 2 մ բարձրություն ունեն։ Սրբատունն ունի 3 մուտք՝ հյուսիսից, հարավից և գլխավորը՝ արևմուտքից, որոնք նախկինում փակվել են։ Ավագ խորանի 2 կողմերում կան ավանդատներ։

Տ Ալեսանյանը նշեց՝ նորահայտ եկեղեցին համալիրի ամենահին կառույցն է, որն էլ հաստատում է՝ Կեչառիսը եղել է քրիստոնեական կենտրոն դեռևս վաղ միջնադարից։ Բացի այդ, նաև  հավաստում է այն տեսակետը, որ վանական համալիրները հիմնադրվել են ավելի վաղ շրջանում գոյություն ունեցած սրբավայրերի տեղում։

 2025թ.  պեղումների ավարտին եկեղեցին ծածկվել է ժամանակավոր թիթեղյա տանիքով՝ տեղումներից պաշտպանելու նպատակով։ 2026-ին հնագիտական աշխատանքները կշարունակվեն, որից հետո նախատեսած է ամրակայել նորահայտ եկեղեցին, բարեկարգել ողջ տարածքը։  

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ