Լևոն ԽԵՉՈՅԱՆ -70

ՊԱՏՄԱԿԱՆ  ՓԱՍՏԵՐԻ  ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ

ԼԵՎՈՆ    ԽԵՉՈՅԱՆԻ  ԱՐՁԱԿՈՒՄ

Հայ գեղարվեստական պատմագրության մի առանձնահատկությունը, թերևս, պատմական անցքերի նկատմամբ հեղինակների զգայական մոտեցումն է: Նախախորհրդային, նաև խորհրդային ժամանակաշրջաններում գրված հայ պատմավեպերն ընդգծվում են իրենց ուսուցողական բնույթով, մինչդեռ պատմագրության իրական առաքելությունը համադրության դաշտ ստեղծելն է` ներկայի ու անցյալի տարբերությունները ճիշտ գնահատելու նպատակամղումով:

Առհասարակ, գեղարվեստական պատմագրությունը չի հենվում սոսկ փաստերի գիտական ուսումնասիրությունների վրա, պատմական աղբյուրները յուրաքանչյուր հեղինակի համար ծառայում են ոչ միայն իբրև նախանյութ, այլև կողմնորոշիչ դեր են խաղում նյութի գեղարվեստականացման համար: Այդ է պատճառը, որ հայ գրականության մեջ պատմավեպերի ազդեցություններն ունեն, այսպես կոչված, հասարակարգային արժեք: ,,Ճիշտ է, գրողը պատմության իմացությունը քաղում է մատենագրական  վավերագրություններից, սակայն երբեք չի կարող լինել փաստի ստրուկը,,- հուշում է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը` հղում անելով Րաֆֆու` փաստական ճշմարտությունը ոչնչացնելու գրողի իրավունքի տեսությանը:

Պատմագրության ներկայիս ընկալումը ենթադրում է պատմական անցքերի ու իրադարձությունների ոչ միայն սոսկական արձանագրում, այլև դրանց միֆականացում: Առասպելացումը բնավ իրականությունը չի հեռացնում ապրված ժամանակից, այլ ընդարձակում է ճանաչողության սահմանները: Հակվածությունը դեպի միֆը նկատելի է ինչպես գրականության մեջ, այնպես էլ մշակութային այլ բնագավառներում, մասնավորապես կինեմատոգրաֆիայում: Անցյալի ու ապագայի միֆական ազդեցությունը կենդանի վիճակ է` բազմանյարդ շոշափուկներով և ըստ էության փոխհատուցում է այն ավանդույթներն ու սովորույթները, որոնք քաղաքակրթական  անսմետրիկ թռիչքի ընթացքում  անտեսվել կամ պարզապես թողնվել են ժամանակի լուսանցքներում: Անցյալն ու ապագան առասպելական արտացոլանքի մեջ երևակելու մղումը ինքնապահպանության բնազդի դրսևորում է, որն արդյունք է ինչպես սոցիալ-տնտեսական ցնցումների, այնպես էլ բարոյական դեգրադացիաների:

Գրականության մեջ միֆի ընկալման տարբերությունները բացատրվում են ոչ թե առկա տարրերի ներհակությամբ, այլ դրանց բացակայությամբ: Ո՞րն է առասպելականության հիմնական բանաձևումը: Համընդունելի բանաձև թերևս չկա, կան տարբեր տեսակետներ այդ առթիվ:

Արձակում միֆական մտածողությունը գերազանցապես պատմահայեցողական հենք ունի` հորինումների ավելի ընդգրկուն տարածքով ու բառաոճային յուրահատկություներով, համակցված  հեթանոսական ու քրիստոնեական արժեքների բաղադրատարրերով և առանց վնասելու այդ երկու արժեքների պատմաքաղաքական հիմքերը: Քսաներորդ դարում հայ գրականության միֆականացման ընթացքի վրա շոշափելի ազդեցություն է ունեցել խորհրդային գաղափարաբանությունը, որը փոխանակ հենվելու պատմական ստույգ չափումների վրա, ընդհակառակը, կնիքավորել է ,,սոցիալիստական նվաճումները,,` դրանք դարձնելով գեղարվեստական նյութի պատվիրված հումք:

Առասպելի մոդեռնացումը չի ստեղծում, սակայն, նոր ժամանակ, այլ ձևավորում է տվյալ ժամանակի նոր ըմբռնում: Միֆի այսպիսի վերակերպումը հնարավորություն է տալիս հասնելու պրագմատիկ ճշմարտության: Հատկապես էթնիկական լարվածությունների ահագնացման ֆոնին` դրա նշանակությունը դժվար է գերագնահատել, իսկ 20-րդ դարավերջը նաև դրանով է ընդգծվում: Դարաշրջանների հերթագայման սահմանագծին, բնականաբար, միֆի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծանում:

Լևոն Խեչոյանի մոտ պատմության ընկալումը զուտ 20-րդ դարավերջի դիտվածք ունի, բնականաբար, այդ ժամանակաշրջանի սոցիալական ու քաղաքական միջավայրին բնորոշ առանձնահատկություններով: ՙԱրշակ արքա, Դրաստամատ ներքինի՚-ի մտահղացումը ծնվել է 1988-ին, երբ սկիզբ էր առել Ղարաբաղյան շարժումը: Չորրորդ դարի իրողությունների հետ ուղղակի աղերսներ չունեցող 88-ը պետք է ունենար պատմական ի՛ր նպատակը:  Դա հայկական անկախ զուգապետության դոկտրինն էր, որ դրվեց ավելի ուշ` արդեն կոնկրետ հանգամանքներում: Խեչոյանը գտնվելով այդ ահեղ օրերի քուրայում` զգում էր նոր առասպելի ծննդի անհրաժեշտությունը: Գրողական հեռազգացողությամբ կանխատեսում էր հետագա իրադարձությունները, կարելի է ասել, նույն այն բեմագրային տիրույթում, որպիսին պատմությունը կանխորոշել էր Շարժման ընթացքը: Խորհրդային կայսրության փլուզումն անխուսափելի էր, ու ծառանում էր երկրի հետագա ճակատագրի հարցը` ի±նչ է լինելու հետո: ՙՀետոն՚ բացահայտողն անխուսափելի պատերազմը եղավ, և Լևոն Խեչոյանը, կամավորագրվելով այդ պատերազմին, գնաց իրական պատմության դաշտում հայտնաբերելու նոր առասպելը:  Հենց պատերազմի դաշտում, մարտադադարի օրերին գրվեց ,,Արշակ արքա, Դրաստամատ ներքինի,,-ն, և առաջին ընթերցող-ունկնդիրներն էլ նրա մարտական ընկերներն էին: Համաշխարհային գրականության պատմության մեջ երևի քիչ նախադեպեր կան, երբ գրքի ձեռագիր էջերն այդքան վառոդահոտ են: Խեչոյանի հիշյալ վեպի բոլոր էջերն էլ պահպանում են վառոդահոտը` հիշեցնելով անցյալն ու ապագան իրար կապող նորաբարբառ ասքի բազմադարյա խորհուրդը:

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյա, այսպես կոչված, անցումային շրջանում Խեչոյանը երկու վեպ է գրել` ,,Արշակ արքա, Դրաստամատ ներքինի,,-ն և ,,Սև գիրք, ծանր բզեզ,,-ը: Հատկանշական է, որ առաջին վեպը նվիրված է հայ ժողովրդի պատմական անցյալին և լույս է տեսել Արցախյան պատերազմի ավարտից մեկ տարի հետո: Իր պատմավեպը հեղինակելով` Խեչոյանը  նախ փշրել է պատմական առասպելի ընկալման դասական կաղապարները, և երկրորդ` վիպագրման նոր ոճ է մտցրել հայ գրականության մեջ:

Թե՛ նախախորհրդային կղերական և թե՛ խորհրդային համայնավարական գաղափարաբանությունը հայ պատմագրության մեջ սահմանափակել են թագավորի անվերապահ իշխանակրության իրավունքը: Այդ պատճառով էլ գրավոր հին վավերագրերը, որոնց հիման վրա ստեղծվել են գեղարվեստական գործեր,  լիքն էին  թագավորների` արքայական թուլությունները մատնանշող փաստերով: Արքայաձեռն կատարված մեծագործությունները կարծեք մնացել են պատմության լուսանցքներում, ինչպես, ասենք, Արշակ արքայի դեպքում է, և Խեչոյանը փորձել է դրանք վերաարժևորել: 

Ուշագրավ է Դրաստամատին ներքինացնելու նկարագրությունը: Ըստ էության, վեպի հեղինակը շատ չէ սևեռված այն մտքին, թե ամորձատվածությունը փոխակերպում է անձի վարքը: Ներքինին հավատարմության խորհրդանիշ է, քանզի տաճարի սպասավորները հեթանոսական սովորույթով կրակի վրա այրել են վերջինիս ամորձիները և արյունաշաղախ ալյուրի  մոխիրը ջրի հետ  լուծելով` լցրել են բակի սուրբ սոսիների արմատների վրա: Դրանով գուշակվել է Դրաստամատի` թագավորին նվիրվածության աստիճանը: Բայց նա սովորական ներքինի չէ, Գարջույլ իշխանի սիրելի առաջնեկ որդու զոհաբերումը թագավորին` ամենամեծ նվիրումն է: Երևակ մոլորակն իր չեզոք դիրքով անմիջապես ընդունում է եկվորին, իսկ Արձան քուրմը  քրիստոնեական ուսմունքով կրթում է նրան: Դրաստամատն այլևս արդեն դառնում է Արշակ արքայի ու հայոց գահի պատվի փրկության պարտադրյալը: Նա  խոշոր գումարներ վճարելով` ազատում է Փառանձեմ թագուհու հրապարակային պղծումը կանխող Փարուխին և ամենակարևորը` Արշակ թագավորին ՙպատվում՚ է արքայավայել մահով: Խեչոյանը քաղաքական իմաստ է տալիս ներքինիի գործողություններին և ինչ-որ տեղ նույնիսկ հակադրվում պատմական կարծրատիպին: Նրա կերտած Դրաստամատը հրաշալի գիտի ու զգում է արժեհամակարգի կործանումը, գիտակցում է, որ միայն դրա վերականգնմամբ է հնարավոր կանխել երկրի ուծացման աղետը:

Գրողի մտածողական համակարգը այն հարթակն է, որի վրա կառուցվում է ասելիքի գաղափարական իմաստը: Գաղափարի փնտրումը նյութի մեջ` կամայական մոտեցում չէ, այն պետք է բխի որոշակի նպատակադրությունից: ,,Առհասարակ վեպում մեծ տեղ են զբաղեցնում առասպելներն ու զանազան պատմությունները: Պատմավեպերով հարուստ հայ գրականության մեջ չկա մեկ ուրիշ գործ, որը դիցաշխարհային մտածողության առումով գերազանցի այս վեպը: Խեչոյանը հաճախ դրանցով ընդմիջում է դեպքերի զարգացումը և դրանք պատմում այնպիսի բնական երանգով, ասես ամեն ինչ հենց այդպես էլ եղել է: Դա, իհարկե, բնորոշ է 20-րդ դարում արևմտյան և հատկապես լատինաամերիկյան գրականությանը, որը լուրջ նվաճումների է հասել միֆաստեղծ գրականության ասպարեզում,,- գրում է գրականագետ Անահիտ Ալեքսանյանը: Ընդունելի է Ա. Ալեքսանյանի այն դիտարկումը, ըստ որի Լևոն Խեչոյանը քանդել է պատմական վեպի մասին ընդունված օրենքները, դրանք կառուցել նորովի ու յուրովի: Այսինքն` ընթերցողին թվում է, թե խոսքն իրեն արդեն ծանոթ պատմության մասին է, բայց պարզվում է` փոփոխված են սյուժեն ու ներքին իմաստը:

Համոզմունքի տրամադրական ֆոնը հուշում է, որ հայ իրականության մեջ միֆը ՙհավաստիության համաձայնության՚ կրիչ ունի, որովհետև ամեն մի սերունդ իր կենսագրության որոշակի հատվածում դաստիարակվում է առասպելներով: Այս համատեքստում միանգամայն տեղին է գրականագետ Ժենյա Քալանթարյանի այն դիտարկումը, թե` գրականության մեջ զուգահեռաբար ապրում են քրիստոնեական ու հեթանոսական միֆերը: ՙՀին միֆերի վերաստեղծման  կամ վերամարմնավորման միջոցով գրողները փաստորեն  կապ են հաստատում  ժամանակների միջև, ցույց տալիս ժամանակակից  հերոսների պատմական  ու նախապատմական ակունքները՚,- գտնում է Ժ. Քալանթարյանը: Բայց միֆասիրությունը չի կարող հասցնել իդեալի /ինչպիսին որ ֆրանսիացի փիլիսոփա Ժորժ Սորելն էր պատկերացնում/. տրորված, քանիցս իրարամերժ գնահատված պատմական առասպելները, հատկապես եթե դրանք ունակ չեն պատասխանելու ներկայի հարցականներին, չեն կարող իդեալ դառնալ: Արշակ արքան, Պապ թագավորը և անգամ Գևորգ Մարզպետունին հնացած են նորօրյա գաղափարական ըմբռնումների տեսանկյունից, քանի որ նրանց պատմական ժամանակը վաղուց սպառվել է: Մինչդեռ հայ ժողովրդի նոր պատմությունը, մանավանդ ղարաբաղյան գոյապայքարի ժամանակաշրջանն ընդգրկող, առասպելացման կարիք կարծես թե ունի: Իրականի ու միֆի նույնականացմամբ ստեղծված ՙպարտադրված՚ միֆը չի կարող գենետիկ հիշողություն ունենալ: Այս հենքով կառուցված կոմունիզմի առասպելն, օրինակ, շատ արագ փլուզվեց, քանզի զուրկ լինելով փիլիսոփայական արմատից` միֆը վերածվել էր գաղափարական գովազդի:

 Լևոն Խեչոյանը միֆական երանգների մեջ է արտացոլել նաև ղարաբաղյան պատերազմը, բնականաբար, 20-րդ դարավերջի  ազգաքաղաքական   խնդրառություններով:   Պատմական  այդ  շրջանը  կարելի  է  հայ ժողովրդի ամբողջական պատմության կտրվածքով համարել ինքնագտնման փուլ, որովհետև մեր պատմությունն առաջին անգամ արձանագրեց համազգային միասնության փաստը: Այսինքն այն, ինչ մեր պատմաբանները դարեր շարունակ ազգային անիրականանալի երազանք են համարել: Եթե մի կողմ դնենք հայրենասիրական պաթոսը, որն ընդամենը քարոզչության տարր է, կտեսնենք, որ ղարաբաղյան պատերազմը միաժամանակ բացահայտել է մեր ազգասիրական ներհակությունները, որոնք գոյություն են ունեցել միջին դարերում և աննշան փոխաձևումներով հասել մինչեւ մեր օրերը: Քաղաքական պատասխանատուներին հաճո չէ, իհարկե, այս մասին բարձրաձայնելը, սակայն գրողը պարտավոր էր դա ասել, ապրված իրականությունից պեղել ազգային նոր միֆը, որի կանխագաղափարը նյութականացել է հենց պատմության վերաիմաստավորումից:

Խեչոյանը փաստացի առանձնացրել է պատերազմի բարոյականությունն ընդհանուր հասկացություններից, ստեղծել է պատկերներ, որոնք թվացյալ զուրկ են արտաքին ֆիզիկական  կառուցվածքից: Խորհրդանիշերին դիմելը սովորաբար շաղկապվում է խեղաթյուրված իրականությունն ՙիրացնելու՚ նպատակի հետ, Խեչոյանը, սակայն, այդ խորհրդանիշերը ծառայեցրել է իբրև գեղագիտական հիմնավորումներ:

Ակներև է, որ հետխորհրդային սկզբնափուլը ՙգաղափարաբանական՚ շրջան էր, հասարակական-քաղաքական շարժընթացները սևեռված էին հիմնականում ազգային խնդիրների վրա: Դրանց հիմքով ստեղծվող միֆը, եթե արտահայտում է ազգապետական շահը, ձեռք է բերում էպոսային արժեք: Այս իմաստով, Լևոն Խեչոյանի ,,Սև գիրքը,, և վեպն ուղեկցող մյուս պատերազմաթեմա ստեղծագործությունները նման հավակնություններ չունեցան, մանավանդ որ գրականագիտական ամենատարբեր գնահատումներովª այդ ստեղծագործությունները դասակարգվում են հայ նորագույն գրականության լավագույն արարումների շարքում:

     Կիմ  ԳԱԲՐԻԵԼՅԱՆ                                                                                     Բան. գիտ. թեկնածու