Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հայագիտության համար նշանակալից իրադարձություն արձանագրվեց։ Ինստիտուտի գիտաշխատող, լեզվաբան, բ․գ․թ․, դոցենտ Մհեր Սուրենի Քումունցը հաջողությամբ պաշտպանեց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը» թեմայով դոկտորական ատենախոսությունը։

Սա հայ պատմական բարբառագիտության մեջ բացառիկ աշխատանք է, քանի որ առաջին անգամ է համակարգված և ընդգրկուն քննության ենթարկվում Սյունիք-Արցախի բարբառային տարածքի պատմական բառապաշարը։

Լեզվաբանության 019 մասնագիտական խորհրդի նիստը բացեց Հր․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, գիտխորհրդի նախագահ Վիկտոր Կատվալյանը։ Նա հատուկ ընդգծեց թեմայի հրատապությունը՝ կապված վերջին տարիների ողբերգական իրադարձությունների հետ։

«Արցախում տեղի ունեցած ցավալի իրադարձություններից, հատկապես մեր հայրենիքի այդ հատվածի բռնի հայաթափումից հետո վտանգված է Արցախի բարբառը։ Եթե նման աշխատանքներ չիրականացվեն, տարիներ անց կորստի կմատնվի Արցախի հարուստ ու գեղեցիկ բարբառը»,- իր խոսքում նշեց Վ․ Կատվալյանը՝ կարևորելով բարբառային ժառանգության փաստագրումն ու գիտական ամրագրումը որպես ազգային-մշակութային խնդիր։

Իր ելույթում Մհեր Քումունցը ներկայացրեց աշխատանքի ընդհանուր բնութագիրը՝ նշելով, որ մինչ օրս բարբառագիտական ուսումնասիրություններում հիմնական շեշտը դրվել է հնչյունաբանական և ձևաբանական առանձնահատկությունների վրա, մինչդեռ բառապաշարի համակարգային վերլուծությունը մնացել էր ստվերում։
397 էջից բաղկացած ատենախոսությունը նպատակ է հետապնդել լրացնել այդ բացը։ Հեղինակը կատարել է Սյունիք-Արցախի բարբառների բառապաշարի պատմական շերտերի ամբողջական քննություն՝ կիրառելով պատմահամեմատական մեթոդը։

Աշխատանքում մանրամասն քննվել են նախահայերենյան (հնդեվրոպական) շերտի բառերը, հին հայերենի (գրաբարյան) բառաշերտերը, փոխառյալ շերտերը։
Հետազոտության արդյունքում առաջադրվել են ստուգաբանական նոր փորձեր, վերանայվել են որոշ բառերի՝ փոխառություն համարվելու տեսակետները, և բացահայտվել է բառապաշարի բնիկհայերենյան հարուստ շերտը։ Դասակարգումն իրականացվել է ըստ Կ. Բաքի և Գ. Ջահուկյանի մշակած թեմատիկ սկզբունքի (23 իմաստային խմբերով)։

Ըստ հեղինակի՝ ընդհանուր հայերենի համար արձանագրված հնդեվրոպական ծագման 2085 բառային միավորից Սյունիք-Արցախի բարբառներում պահպանվել է 1317-ը (63%-ից ավելին)։ Սա ապացուցում է, որ այս տարածաշրջանի բնակչությունը հազարամյակներ շարունակ անընդմեջ ապրել է բնիկ տարածքում՝ պահպանելով լեզվի հնագույն շերտերը։
Մհեր Քումունցը հերքում է մի շարք բառերի՝ թուրքական կամ այլ լեզուներից փոխառյալ լինելու թյուր կարծիքները՝ ապացուցելով դրանց բնիկ հայկական ծագումը՝ «Աջըղ» (ոխ, վրեժ) – ոչ թե թուրքական է, այլ հայերեն «ջիղ» արմատից, «Լէլ» (տիղմ) – ոչ թե թուրքական է, այլ բնիկ հայերեն, «Քէչա» (թաղիք) կապվում է հին հայերենի «գէջ» արմատի հետ, «Անգ» (անգղ) – կապ չունի «տգեղ» բառի հետ (ժողովրդական ստուգաբանություն), այլ ծագում է հնդեվրոպական *ank- «ծռել» արմատից (կտուցի ձևով)։

Աշխատանքը ցույց է տալիս, որ բարբառը հաճախ ավելի հին ձևեր է պահպանել, քան գրական լեզուն։ Հայերենի բարբառներում վկայված 158 հնաբանություններից 127-ը կենդանի գործածվում են Սյունիք-Արցախի բարբառներում։Բացի այդ՝ բարբառը օգնում է լուծել լեզվաբանական վիճելի հարցեր (292 վիճելի բառերից 151-ի լուծումը տրվել է հենց այս բարբառի տվյալներով)։
Աշխատությունը ցույց է տալիս, թե կենցաղի որ ոլորտներն են եղել ամենակայունը։ Նախահայերենյան բառերը առավել շատ են պահպանված «ֆիզիկական աշխարհ», «մարմնի մասեր», «երկրագործություն» (սա խոսում է նստակյաց և հողագործ բնիկ ժողովուրդ լինելու մասին)։ Ամենաքիչ պահպանվածներն են՝ «ռազմական գործ», «առևտուր», «օրենք» (այս ոլորտներում շատ են օտար՝ պարսկական, արաբական փոխառությունները, քանի որ վարչական և քաղաքական կյանքը ենթարկվել է փոփոխությունների)։

Ատենախոսությունը հերքում է այն տեսակետը, թե բարբառը գրաբարի աղավաղված տեսակն է։ Բարբառի հիմքերը դրվել են նախագրային շրջանում (մինչև 5-րդ դար)։ Այն գրաբարի ոչ թե պասիվ կրողն է, այլ ակտիվ ժառանգորդը։ Հաշվի առնելով Արցախի բռնի հայաթափումը՝ այս բարբառային միավորները կանգնած են կորստի վտանգի առաջ։ Այս աշխատանքը կատարում է ոչ միայն գիտական, այլև ազգային-մշակութային ժառանգության փաստագրման առաքելություն։
Ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսներն էին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Թերեզա Շահվերդյանը, Սերգո Հայրապետյանը և Էդուարդ Մկրտչյանը։ Առաջատար կազմակերպությունն է ԵՊՀ-ն։ Նրանք բարձր գնահատեցին կատարված հսկայածավալ աշխատանքը՝ շեշտելով դրա գիտական և կիրառական նշանակությունը։
Իր ելույթում պաշտոնական ընդդիմախոս, պրոֆեսոր Էդվարդ Մկրտչյանը բարձր գնահատեց ատենախոսության գիտական արժեքը։ Նա առանձնահատուկ ուշադրություն դարձրեց հեղինակի կատարած ծանր և ծավալուն հետազոտական աշխատանքին և մանրամասն անդրադարձավ ատենախոսության մեջ բարձրացված առանցքային խնդիրներին՝ տալով դրական եզրակացություն։

«Հաշվի առնելով 2023 թվականի աշխարհաքաղաքական զարգացումները և Արցախի բնակչության բռնի տեղահանումը, տվյալ միջբարբառախմբի բառապաշարը, որը գոյություն ունի գրեթե բացառապես բանավոր խոսքում, կանգնած է անվերադարձ կորստի վտանգի առջև։ Ատենախոսությունը կատարում է ազգային-մշակութային ժառանգության հրատապ փաստագրման և ամրագրման առաքելություն»,- նշված էր Ս․ Հայրապետյանի կարծիքի մեջ։
«Ատենախոսությունն իր տեսական և գործնական նշանակությամբ կարևոր ներդրում է հայոց լեզվի պատմության, պատմական բառագիտության, բարբառագիտության և համեմատական լեզվաբանության մեջ։ Այն հիմք է ստեղծում հետագա բառարանագրական, էթնոլեզվաբանական և պատմամշակութային ուսումնասիրությունների համար՝ հատկապես կարևորվելով վտանգված լեզվական ժառանգության պահպանման համատեքստում»,- նշեց պրոֆեսոր Թ․ Շահվերդյանը։
«Իրականում մի առանձին գիտական աշխատանքի նյութ կարող է լինել հեղինակի առաջարկած ստուգաբանական, բառաքննական վերլուծությունների ստուգումը, ճշգրտումը, հաստատումը կամ մերժումը․ այնքան ծավալուն ու բազմազան են դրանք»,- նշված էր առաջատար կազմակերպության կարծիքի մեջ։
Հարցուպատասխանից և քննարկումներից հետո տեղի ունեցավ գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով Մհեր Սուրենի Քումունցին շնորհվեց բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Եզրափակիչ խոսքում նորընծա դոկտորը երախտագիտություն հայտնեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ղեկավարությանը, գիտխորհրդին, պաշտոնական ընդդիմախոսներին և բոլոր աջակիցներին՝ աշխատանքը մանրակրկիտ ուսումնասիրելու և արժևորելու համար։
Կարևորում ենք նման հիմնարար աշխատությունների ստեղծումը, քանի որ մեր հայրենիքի կորսված հատվածների մշակութային և լեզվական ժառանգության ամրագրումն այսօր ունի ոչ միայն գիտական, այլև ռազմավարական ու ազգապահպան նշանակություն։ Մհեր Քումունցի աշխատությունը յուրօրինակ հուշարձան է՝ կանգնեցված Արցախի ու Սյունիքի բարբառային հարստությանը, որն այլևս ապահովագրված է մոռացության վտանգից։ Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ