1993թ․ դեկտեմբերի սկզբին հատուկ որոշմամբ ձևավորվեց Արցախի Հանրապետության 7-րդ շրջանը ։ Քաշաթաղ․ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի այս հերոսական գավառը, որն ավելի վաղ կոչվել էր Աղահեճք, մշտապես եղել էր կապող օղակ Արցախի և Մայր հայրենիքի միջև։ Աղահեճքն արևելքում սահմանակից է եղել Արցախի Բերդաձոր, հյուսիս–արևելքում՝ Վայկունիք գավառներին։ Հարավում սահմանակից է եղել Սյունիքի Քաշունիք, արևմուտքում՝ Հաբանդ, Ծղուկ գավառներին։ Իհարկե, դարերի ընթացքում, կապված քաղաքական իրավիճակների հետ, սահմաններն ու տեղանունները փոխվել են։ Ստեփանոս Օրբելյանն (մոտ 1250 – 1303) իր «Սյունիքի պատմություն» Գրքում «Սյունյաց աշխարհի սահմանների ցուցադրումը․․․» Գ գլխում (էջ՝ 70․ Երևան 1986) Աղահեճքի մասին գրում է․ «․․․Հինգերորդը՝ Աղահեճ գավառը, որ այժմ կոչվում է Քաշաթաղ և Խոժոռաբերդ․․․»։ Այսինքն՝ 13-րդ դարում արդեն Աղահեճքը տրոհվել էր 2 գավառների։ Եվ պատմական Քաշաթաղի անունով 1993թ․ սկզբին հիմնվեց Արցախի Հանրապետության 7-րդ շրջանը։ Ժամանակին փոքր Ավդալար գյուղատեղին 20-րդ դարասկզբից կոչվեց Լաչին և դարձավ անջրպետ Արցախի ու Սյունիքի միջև։ Անդրանիկը, լսելով ղարաբաղցիների խնդիրը,1918թ․ նոյեմբերի 16-ին իր զորքով շարժվում է դեպի Շուշի։ Սակայն Ավդալար գյուղում, որը Շուշիից 40 վերստի վրա էր, անգլիացի զորավար Թոմսոնին հաջողվում է կանգնեցնել Հայդուկապետին։

1992թ․ մայիսի 18-ին՝ Շուշիի ազատագրումից 10 օր անց, ազատագրվեց Լաչին քաղաքը, որն էլ 1993-ի վերջին անվանակոչվեց Բերձոր՝ դառնալով Արցախի Հանրապետության 7-րդ շրջանի վարչական կենտրոնը։ Աղահեճքն առաջին անգամ հիշատակվում է Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ում՝ որպես Սյունիքի 12 գավառներից մեկը։ Հետաքրքիր պատմությամբ է Աղահեճքը հիշատակվում Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմությունը» գրքում։ «Արաբների Մամուն իշխանի ռազմերթը Բյուզանդիա և այնտեղ նրա մահը․․․» Ի գլխում (էջ․ 156-270) գրում է․ «․․․ Հայոց երկու հարյուր ութսուն թվականն էր (280+551=831թ․), երբ արաբ Մամունը կամեցավ արշավել Բյուզանդիա։ Նա հարյուր նավ է պատրաստում և նավերը լցնում մոտ հարյուր հազար ուժեղ մարդիկ․․․ Սրանից 2 տարի անց եկավ Փատգոսը, ․․․ բայց նույն տարին մեռավ։ Իսկ նրա որդին եկավ և գրավեց Աղվանքը․․․ ու գնաց Բաղդատ։ Ապա այնտեղից արքունի հրամանով վերադարձավ ու փողով Արշակաշեն գավառում 295թ․ (295+551=846թ․) կառուցեց Գանձակ քաղաքը։ Սրանից հետո արշավում է Սյունիք, գրավում է Բաղաց սահմանները, գալիս իջնում Աղահեջ գավառը, Արքուգետ կոչված մի ավան և իսկույն հրամայում է այրել եկեղեցին, որ անվանադրված էր Սուրբ Գրիգորի անունով։ Այդ ժամանակ Աստծու զորությունը հասնում է․ ճերմակ ձիով մի հեծյալ դուրս է գալիս եկեղեցուց բոլորի աչքի առջև և ընթանում է դեպի բանակը։ Այդ անօրեն մարդուն շփոթության մեջ է գցում, բանակավ հանդերձ փախուստի է մատնում դեպի Եղջյուր Խոյի կոչվող սարը(հավանաբար Հոչանց սարի մասին է․ Զ․ Ը․)․ այստեղ մի դաժան փոթորիկ մրրկելով շրջապատում է նրանց, և միայն ձիերին ապավինած՝ փախչում ազատվում են․ իսկ բեռնավորվածներն ու ավարը լեռների վրա անհետացան, և գերվածներն Աստծուն փառք տալով, հանգիստ մնացին․․․»։ Արքուգետն Աղահեճք-Քաշաթաղ գավառի Աղավնո գետն է, որի աջ ափին է Ծիծեռնավանք-Արքուգետ գյուղը՝ իր հռչակավոր 4-րդ դարում հիմնված Ծիծեռնավանքով, որի տաճարը, ինչպես հիշատակում է Կաղանկատվացին, կոչվել է Սուրբ Գրիգոր կամ Սուրբ Գևորգ։ Պատմիչի գրքի որոշ ձեռագրերում Գրիգորը նաև Գիորգ է հիշատակվում։ Պարզ է՝ խոսքը Սուրբ Գևորգ զորավարի մասին է։ Իհարկե, այստեղ լեգենդ է պատմում, բայց իրականում երևի հայկական ռազմական ուժեր են դիմավորել արաբ ասպատակողին ու հաղթել։

16-րդ դարում Քաշաթաղ անվանը զուգահեռ գործածական է դառնում նրա կրճատ տարբերակը՝ Քշտաղ կամ Քշտաղի երկիր։ 16-ից մինչև 18-րդ դարեր այն շարունակվել է կոչվել Քաշաթաղ՝ ի դեմս Քաշաթաղի Հայկազյան հզոր մելիքների։ 18-րդ դարի երկրորդ կեսից գավառը հայաթափ է եղել, և մի քանի բնակավայրում են հայեր մնացել։ Դրանից հետո Աղահեճքի հյուսիս-արևելյան մասն առավել հայտնի էր Մաղավուզ անվամբ։ Խորհրդային տարիներին Քաշաթաղի և Արցախի Բերդաձոր ու Վայկունիք գավառների որոշ հատվածներում՝ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կազմում ձևավորվում է Կարմիր Քուրդիստանը՝ 1930 թվականից՝ Լաչինի շրջանը։ Հարավում՝ Սյունիքի Քաշունիք և Կովսական, ինչպես նաև Արցախի Բերդաձոր գավառների որոշ հատվածներ նույնպես բռնակցվում են նույն արհեստական ստեղծված Ադրբեջանի կազմին՝ 1930 թվականից ձևավորելով Կուբաթլու և Զանգելան շրջանները։

1988թ․ սկսված Արցախյան շարժումը, որ վերածվեց պատերազմի, ավարտվեց Հայոց հաղթանակով։ Ազատագրվեցին Արցախի լեռնային հատվածները և Ադրբեջանին բռնակցված հայոց տարածքները։ 1993թ․ դեկտեմբերի սկզբին հիմնաված Քաշաթաղի շրջանն իր մեջ ընդգրկում էր Պատմական Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների Աղահեճք-Քաշաթաղ, Հաբանդ, Քաշունիք, Բաղք, Գրհամ, Կովսական, Բերդաձոր, Վայկունիք և այլ գավառների տարածքներ, որոնք 1920 թվականից բռնակցվել էին Ադրբեջանին՝ վերոհիշյալ շրջանների ձևավորմամբ։ Չնայած Քաշաթաղի շրջանը կազմավորվեց 1993 թ. դեկտեմբերի 2-ին, սակայն բնակչության հոսքն այստեղ սկսվել էր դեռեւս մեկ տարի առաջ։ Թշնամու տիրապետության տակ մնացած իրենց հայրենի բնակավայրերից՝ Գետաշենից, Չայլուից, Մարաղայից, Գանձակից բռնի արտագաղթած մեր հայրենակիցները բնակություն էին հաստատել Աղավնո (այն ժամանակ՝ Զաբուղ) գյուղում։ Իսկ 1994 թ. սկզբին, երբ դեռ չէր ավարտվել Արցախյան պատերազմը, Լաչին-Բերձոր քաղաք եկան առաջին վերաբնակիչները։ Եվ շուտով շրջանի տարբեր բնակավայրերում սկսեցին գործել հանրակրթական դպրոցները, եղավ հնարավորություն՝ ուսումնասիրելու տարածքի պատմական հարուստ ժառանգությունը։ Բերձորում ու Աղավնո գյուղերում կառուցվեցին նոր եկեղեցիներ՝ Բերձորի Սուրբ Համբարձնմանը և Աղավնոյի Սրբոց Նահատակացը։ 1998-2001 թվականներին պեղումներ իրականացվեցին ու բարեկարգվեցին Ծիծեռնավանքի որոշ հատվածներ։ Հիմնանորոգվեց Սուրբ Գևորգ բազիլիկ եռանավ բացառիկ տաճարը, որի կամարների տակ ամեն տարի սեպտեմբերի վերջին կիրակի մատուցվում էր Սուրբ Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Սուրբ Գևորգի։ Վանքի սեղանատունը հիմնանորոգվեց և դարձավ թանգարան։ Հետագայում հիմնանորոգվեցին և մասնակի նորոգվեցին նաև Հոչանցի Սուրբ Ստեփանոս, Հակի Սուրբ Մինաս, Միրիկի Սուրբ Աստվածածին, Ամուտեղի Սուրբ Վարդանանց եկեղեցիները։ Յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին և 18-ին, սեպտեմբերի 2-ին, 21-ին Բերձորում տեղի էին ունենում տոնական արարողություններ՝ նվիրված Մայիսյան Եռատոներին ու մեր 2 հանրապետությունների անկախության հռչակման օրերին։ Շրջանը մշտապես մասնակից էր լինում հանրապետական տոներին, մշակութային, ռազմական, բերքի փառատոներին։ Հարկ եղած դեպքում հազարից ավելի կամավորականներ էին հասնում առաջնագիծ՝ որպես թիկունք դիրքապահներին։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին 2000-ից ավելի քաշաթաղցի՝ ժամկետային, պահեստազորային, կամավորական ու աշխարհազորային մասնակից եղավ։ 75-ից ավելի քաջորդիներ նահատակվեցին, կան անհայտ կորածներ։ Նույն պատերազմից հետո էլ քաշաթաղցի շատ կամավորականներ, ժամկետային զինծառայողներ Արցախի պաշտպանության բանակի շարքերում էին։ Մինչև 2023թ․ դարձյալ քաջորդիներ նահատակվեցին՝ պաշտպանելով Արցախի սահմանը։ Բայց եղավ անսպասելին․ իր պատմության 5 և ավելի հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայաթափ է Արցախը, գերության մեջ են նաև Քաշաթաղը, Քարվաճառը։ Ապրում ենք հիշողությամբ ու տունդարձի հավատով։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ