2025թ․ լույս տեսավ հայ խորհրդային բանասեր, հայագետ-արևելագետ, թարգմանիչ, պրոֆեսոր (1935), Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965) Կարապետ Աղաբեկի Մելիք-Օհանջանյանի (1893-1970) «Զ․ Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը» հոդվածը՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։ 1968թ․ այս հոդվածը հրատարակվել է «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսում՝ ռուսերեն։ Ինչպես գիտենք, ադրբեջանցի վայ-գիտնական Զիա Բունիաթովը խորհրդային տարիներին հակահայ «գիտական» գրքեր ու բազում հոդվածներ էր գրում։ Դրանցից է «Ադրբեջանը VII-IX» դարերում մենագրությունը, որում շատ են Հայոց և Աղվանից պատմության, առավելապես մշակույթի խեղաթյուրումները։ Նույն ոգին այսօր առավել ակտիվ է Ադրբեջանում։ Եվ իր հոդվածում Կ․ Մելիք-Օհանջանյանը գիտականորեն ոչնչացրել է Բունիաթովին։ Գրքի նախագծի հեղինակ և կազմողն է Կարապետ Մելիք-Օհանջանյանի ազգակից Վահան Ռուբենի Մելիք-Օհանջանյանը, խմբագիրը՝ պ․ գ․ դ․, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Արևելքի բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյանը։ Գիրքը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ։ Բացի «Զ․ Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը» հոդվածից, գրքում, դարձյան նշված լեզուներով, տպագրվել են Ալեքսան Հակոբյանի «Ալբանիա-Աղվանքի հետազոտության արդի խնդիրները և «Բունիաթովշչինան»» հոդված-խմբագրականը և բ․ գ․ դ․, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նախկին տնօրեն, երջանկահիշատակ Վարդան Դևրիկյանի «Հայագիտության անխոջ երախտավորը» առաջաբանությունը։ Հեղինակն առաջաբանում ներկայացնում է բոլորին, ովքեր աջակցել են այս կարևոր գրքի լույսընծայմանը։ Երկար ժամանակ աշխատել է Երևանի Մաշտոցի անվան մատենադարանում, Հայաստանի ազգային արխիվում, Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, ինչպես նաև՝ Կարապետ Մելիք-Օհանջանյանի հարազատների հետ՝ ձեռք բերելով կարևոր փաստաթղթեր, լուսանկարներ, նամակներ և այլն։ Գրքում կարևոր են նաև Մելիք-Օհանջանյան տոհմին պատկանող, Արցախի վանքերի ու եկեղեցիների(հիմնականում իմ հեղինակած․ Զ․ Ը․), ձեռագրերի, մանրանկարների լուսանկարներ։ Վ․ Դևրիկյանի «Հայագիտության անխոջ երախտավորը» հոդվածում մանրամասն ներկայացված է նշանավոր հայագետ-գիտնականը։


Ծնվել է 1893 թվականի մարտի 4-ին Մեղրու շրջանի Կալեր մելիքանիստ գյուղում, Աղաբեկ Մելիք-Օհանջանյանի տոհմիկ բազմանդամ իշխանական ընտանիքում։ Նախնիները գաղթել են Ղարադաղից և հաստատվել Կալերում։ Նախնական կրթությունն ստացել է Գանձակում, ընդունվել Տղայոց գիմնազիա, այնուհետև 1903 թ․ տեղափոխվել է Մոսկվա և սովորել Լազարյան ճեմարանում, որի պրոֆեսորական խորհրդի որոշմամբ 1914 թ․ գործուղվել է Գերմանիա՝ գերմաներենի մեջ հմտանալու և սանսկրիտ սովորելու։ 1915–1917 թթ․ եղել է ազատ ունկնդիր Բեռլինի համալսարանում։ 1922–1925 թթ․ դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1930–1937 թթ․ եղել է Հայաստանի գիտությունների ինստիտուտի, այնուհետև՝ նյութական կուլտուրայի պատմության, կուլտուրայի պատմության, պատմության և գրականության ինստիտուտների գիտական քարտուղարը, հայ հին գրականության ու ժողովրդական բանահյուսության բաժինների վարիչ։ 1937թ․ հուլիսի 25-ին Կարապետ Մելիք-Օհանջանյանին ձերբակալում են իբրև դաշնակցական ընդհատակյա կազմակերպության կենտկոմի անդամ։ 1941թ․ դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և աքսորով։ 1944 թ․ վերջերից, Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Հովսեփ Օրբելու միջնորդությամբ, Կ. Մելիք-Օհանջանյանը բնակություն է հաստատել Երևանում։ 1946թ․ Մելիք-Օհանջանյանը դարձյալ արտաքսվել է Երևանից և միայն Արտեմ Միկոյանին հղած դիմումից հետո և վերջինիս պաշտոնական կարգադրությամբ է, որ նրան իրավունք է տրվել վերջնականապես հաստատվելու Երևանում։ Նրա գրչին են պատկանում «Տիրան-Տրդատի վեպը ըստ Փավստոս Բուզանդի» (1947), «Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջը» (1964), «Միթրա-Միհրը «Սասնա ծռերի» մեջ» (1946), «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» աշխատությունները։ Մանուկ Աբեղյանի հետ ձեռնարկել և իրականացրել է «Սասնա ծռերի» գիտական հրատարակությունը։ Գրի է առել «Սասնա ծռերի» ութ նոր պատում, ռուսերեն է թարգմանել «Սասնա ծռերի» 10 ընտիր պատում՝ ընդարձակ ուսումնասիրությամբ և հարուստ ծանոթագրություններով։



Գրքի հրատարակման հետ կապված՝ նոյեմբերի 29-ին Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում բացվեց Մելիք-Օհանջանյան տոհմին նվիրված փաստաթղթերի և տոհմածառի ցուցադրություն։ Հիմնականում ներկայացված է Կարապետ Մելիք Օհանջանյանի եղբոր՝ Սարդարապատի հերոսամարտի մասնակից Միքայել Մելիք-Օհանջանյանի մասին պատմող փաստաթղթերը։ Կարապետ Մելիք-Օհանջանյանի եղբայրը՝ ռազմական գործիչ, ռուսական բանակի և Հայաստանի առաջին հանրապետության ԶՈՒ փոխգնդապետ, Միքայել Աղաբեկի Մելիք-Օհանջանյանը, ծնվել է 1880-ականներին․ Կարապետից մեծ է։ Հայտնի է, որ Միքայելն ուսանում էր Մոսկվայում, երբ սկսվում է Առաջին աշխարհամարտը: Որպես ցարական սպա՝ նա մասնակցում է պատերազմին, իսկ բոլշևիկյան հեղաշրջումից հետո վերադառնում է Հայաստան և դասակի հրամանատարի կարգավիճակով մասնակցում Սարդարապատի հերոսամարտին՝ մեծ խիզախություն ցուցաբերելով ճակատի առաջին գծում: Միքայել Մելիք-Օհանջանյանը հետագայում եղել է Գարեգին Նժդեհի զինակիցը Սյունիքում, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո անցել է խաղաղ աշխատանքի: 1936-ին ձերբակալվել է և գնդակահարվել՝ «հակասովետական տարր» ստանդարտ մեղադրանքով: Աքսորական է եղել նաև նրանց Արտաշես եղբայրը, որը, ազատվելով աքսորից, շուտով վախճանվել է Սիբիրում հիվանդություն ձեռք բերելու պատճառով։ Ցուցադրությանը ներկա էին Մելիք-Օհանջանյան տոհմի ներկայացուցիչներ, Ալեքսան Հակոբյանը, հայագետներ, պատմաբաններ։ Մինչ ցուցադրության բացումը, հյուրերին Սարդարապատի հերոսամարտի մասին պատմող նյութերը ներկայացրեց Սարդարապատի թանգարանի զբոսավարը։ Ողջունի խոսքով հանդես եկավ և ցուցադրությունը բացեց Սարդարապատի թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը։ Այնուհետև Միքայելի և նրա գերդաստանի մասին ներկայացրեց Վահան Մելիք-Օհանջանյանը, որի ջանքերի շնորհիվ և հրատարակվել է «Զ․ Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը» գիրքը և կայացել ցուցադրությունը։ Իրենց նշանավոր պապի՝ Միքայելի մասին ներկայացրին նրա միակ զավակի՝ դստեր՝ Իլոնայի Միքայել և Արիկ Մարտիրոսյան որդիները՝ երկվորյակ եղբայրները։
Թանգարանի երկրորդ հարկում ներկայացվեց տոհմածառերի մշակույթը։ Առանձին ներկայացված է նաև Մելիք-Օհանջանյանների տոհմածառը՝ լուսանկարներով, այլ փաստաթղթերով։ Այն պատրաստել է Վահանը, որը և պատմեց իրենց տոհմի մասին։ Ըստ տոհմածառի` տոհմի հիմնադիրը եղել է Ղարագյոզ իշխանը, որը Շահ Աբաս Երկրորդի (1641-1666) իշխանության օրոք հիմնադրել է Մակիդի գյուղը: Հետագայում Մելիք-Օհանջանը հիմնել է ևս ութ գյուղ, ստեղծել է քեյվանյան մելիքությունը: Այն ժառանգաբար կառավարել են Ղարագյոզ իշխանի սերունդները թե՛ Պարսկաստանում, թե՛ ռուսական կայսրության ներքո անցնելուց հետո: 1819թ. այն ժամանակվա շահի հետապնդումների պատճառով Մելիք Գավրիիլն իր երեք որդու` Կարապետի, Գևորգի եւ Հովհաննեսի հետ (բոլորն էլ բեկեր) ճարահատյալ տեղափոխվում է Զանգեզուր` փոքրիշատե ապահով տեղ, նախ` Շիշկերտ գյուղ (Կապանի տարածաշրջանում է), այնուհետեւ` վերջնականապես հաստատվում Մեղրու Կալեր գյուղում: Ներկայացրեց հատկապես Աղաբեկ Մելիք-Օհանջանյանի զավակների պատմությունը։ Իրավաբան Փարսադան Մելիք-Օհանջանյանն իր եղբոր` Աղաբեկի զավակներին` Բագրատին, Միքայելին, Կարապետին, Վահանին և Արտաշեսին ուսման է տվել: Աղաբեկն ունեցել է վեց որդի և չորս դուստր:
Օրվա վերջում եղավ նաև հյուրասիրություն։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ