ՀԵՐՈՍՆ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ

/Մոնթեի ծննդյան 68-ամյակին/

Հերոսությունն սկսվում է այն պահին,

երբ մարդը հրաժարվում է ապրել միայն իր համար:

Վիկտոր Հյուգո

Լեփ-լեցուն էր Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճը: Բոլորին այստեղ էր բերել ոչ թե որևէ ներկայացում դիտելու պահանջը, այլ մեկ անգամ ևս հնարավորություն ունենալու մեր իրական հերոսի՝ լեգենդար Ավոյի մասին պատմություններն ու հուշերը լսելու անհագ ծարավը: Հերոս, որի առաքելությունն էր պատմական Արցախի վերադարձը իր իրական տերերին: Հերոս, որն իր արժանապատվությունը համարեց ազգի համար մարտնչելը ու կենդանի դաս դարձավ ոչ միայն իր զինակիցների ու ժամանակակիցների, այլև հետագա սերունդների համար: Միջոցառումը կազմակերպել էր ,,Հայ ասպետ,, դպրոցի տնօրեն, ազգային հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

Ամենասրբազանը խաչերից, միաժամանակ և ամենածանրը ճակատագիրն է հարազատ ժողովրդի:

Այն կրողին և՛ վայ, և՛ պատիվ յոթնիցս…

Հերո՞ս ես, ապա ուրեմն տուր ապացույց, որ աշխարհից, կյանքից ու մահից զորավոր ես դու:

Խրոխտ մի ձայն է լսվում բեմից, ու զգաստանում է ողջ դահլիճը: Բեմահարթակը զբաղեցնում են ,,Սղերդի քոչարի,, ռազմապարը ներկայացնող պատանիները:

Բացման խոսքի պատիվը Կարին Տոնոյանինն է, որը, դիմելով դահլիճին, ասաց. ,,Մեր հերոսության հավաքական կերպարի՝ Ավոյի ծննդյան օրն է՝ 68-ամյակը: Մենք կարող ենք իրեն իր արածի համար շնորհակալություն հայտնել ցավոք միայն այսպես: Այսօր մեր միջոցառման ոճն այլ է. համադրել ենք աշխատաժողովը և մշակութային միջոցառումը: Ներկայիս իրականությունը յուրաքանչյուր ազգակիր հայի դեմ է, մեզանից խլում են մեր արժեքները, մեր հերոսներին, հիշողությունը նրանց մասին: Մեր դասագրքերից կամաց-կամաց հանվում մեր հերոսների մասին պատմությունները. այլևս չենք սնվելու Աբովյանի ,,Վերք,,-ով, Րաֆֆու հոյակերտ ազգային գաղափարներով…Ու այս ամենը չափազանց մտահոգում է մեզ՝ ուսուցիչներիս, ծնողներին, որոնք իրենց երեխաների առաջին ուսուցիչներն են: Ուսուցիչ են բոլոր նրանք, ովքեր մտահոգ են ազգի ճակատագրով:

Ես շատ մեծ մտավախություն ունեի, որ գուցե դահլիճը կիսադատարկ լինի, որովհետև ազգային միջոցառումների դահլիճները սովորաբար կիսադատարկ են լինում: Մոնթեն այսօր ապացուցեց, որ մեր հավաքական կերպարն է, մեր հերոսը, մեր սերը, մեր ապագան: Շնորհակալություն բոլորիդ, որ այսօր այստեղ եք,,:

Հնչում են Հայաստանի ու Արցախի օրհներգերը, և աշխատաժողովը բեմում սկսում է իր աշխատանքը: Ազգային կրթության խորհրդի անդամներից բանախոս Արմեն Ներսիսյանին է փոխանցվում խոսքի իրավունքը. ,,Այս անարժեք, անբարո իրականության մեջ մեր ազգային արժեքների մասին խոսելը դարձել է համարձակ քայլ: Ազգային կրթության խորհուրդը այս տրամաբանությամբ էլ որոշեց, հակառակ այս ամենի, կատարել հոսանքին հակառակ գնալու իր այս քայլը: Այլևս բացահայտ են փորձում փոխել մեր քաղաքակրթական կոդը: Այսօր փորձում են ուրանալ մեր ազգային առաքելությունը, մոռանալ տալ մեր Ազգային հերոս Ավոյի հերոսական գործունեությունը: Հերոսն ու հերոսականությունը կրթական համակարգ վերադարձնելը դարձել է շատ կարևոր մի պահանջ, որը բերելու է ազգային-ազատագրական մի նոր պայքարի: Կամ՝մենք, կամ՝ իրենք: Նրանք փորձում են ստեղծել անդեմ, նյութապաշտ, անհայրենիք, անինքնություն քաղաքացու, իսկ մենք փորձում ենք վերադառնալ մեր ազգային առաքելությանը:

Ձեռնոց է նետված Հայկի առաքելությանը: Հերոսն ու հերոսականությունը կրթության համակարգ վերադարձնելը Ազգային կրթական խորհրդի համար դարձել է  պարտք ոչ միայն սերունդների, այլև Աստծո առաջ: Միևնույն է, Հայկը հաղթելու է Բելին,,:

Էկրանին հայտնվում է պատմաշխարհագրական պատկերաշար՝ այսպիսի տեքստով. ,,Ք.ա. 2492 թվական- աշխարհում առաջին անգամ իրար դեմ դուրս եկան մեծաքանակ բազմություններ՝ Սրբազան օրենքներից հրաժարված ինքնամեծար բռնակալ Բելի բազմամբոխն ու իր նախնիների հավատքին ու արարման լույսին հավատարիմ մնացած Հայկի մեծ ընտանիքի անդամները, որպես Թորգոմա տան յոթ շառավիղ: Եվ համաշխարհային ջրհեղեղից հետո սկսվեց մարդկության պատմության առաջին համաշխարհային պատերազմը-Հայկի և Բելի ճակատամարտը, որ պիտի ձգվեր հասներ մինչ մեր օրեր, որպես չարի և բարու, Սրբազան օրենքների և կռապաշտության, ավերումի ու արարումի հավերժական պայքար…:

Այս պայքարում մարդկությունը տվեց բյուր ու հազար հերոսներ, ինքնանվիրման ու ինքնազոհաբերման հզոր կերպարներ՝ հանուն բարու, արարման ու հարատևման…

Եվ նրանցից առաջինը Նոյի զավակներից Հաբեթոսյան Հայկն էր, մարդկային չարիքի դեմ ընդվզած առաջին ազատատենչ ու բարեպաշտ մարտիկը, որից և ծնվեց ու սերեց Հայկազն տոհմը, Հայկյան ցեղը, որի հայրենիքն էլ կոչվեց նրա անունով՝ Հայք-հայերի երկիր, որը և նույն Սրբազան օրենքների երկիրն էր՝ Հարքը, մարդկության հայրերի երկիրը,, , որի ավարտին բեմում հայտնվում է մերօրյա Հայկ Նահապետը. ,,Անունս Հայկ է, ես չգիտեմ, թե որերորդ ծոռն եմ Նահապետ Հայկի՝ Թորգոմա տան անդրանիկ զավակի: Նա, ընդվզելով մարդկային առաջին բռնատիրության և կռապաշտության դեմ, ինձ ժառանգեց ապրել ազատ ու անկախ, ապավինել միայն սուրբ օրենքներին: Նա ինձ սովորեցրեց, որ մարդկային հերոսություններից ամենամեծը ազատ ու արդար ապրելու կամքի դրսևորումն է, միայն այդ կամքով կարող ես կերտել քո տեսակի, քո ցեղի ապագան, քանզի հերոսական մահից առավել դժվար է կյանքն հերոսական: Ես նրանով եմ հասկացել, որ հերոսությունը ակնթարթի դեմ հավիտենականության հնչեղ հաղթանակն է մահվան դեմ: Որ հերոսությունը ուսուցիչն է ապագայի,,:

Երկրորդ բանախոսը՝ կրթության փորձագետ, ֆ.մ.գ.թ. Ատոմ Մխիթարյանը, շնորհավորելով բոլորիս Մոնթեի ծննդյան առթիվ, անդրադարձավ հերոսականության այլախեղումներին ու խեղաթյուրումներին հանրակրթության ներկա կրթական բովանդակության մեջ. ,,Այսօր հանրակրթական դպրոցներում և պետական ուղերձներում կատարվող գործընթացները մի նպատակ ունեն միայն՝ դաստիարակել հարմարվող, նյութականի համար պայքարող, ազգային արժեքները չգնահատող սերունդ: Իրականում կրթությունը դարձել է հստակ քաղաքականացված: Պետությունը, որ չի ձևավորում իր հերոսապատումը, դատապարտված է ապավինելու օտարների հերոսներին: Հերոսներն ու հերոսականությունը ազգային դիմադրողականության հոգեբանական հիմքն են, պետության շարունակելիության գրավականը: Հերոսկանության հարցը դարձել է կենսական պահանջ: Անհրաժեշտ է վերադարձնել ժողովրդին Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Շիրազի կոդերը…,,: Նա կոչ արեց հերոսական նարատիվ փոխանցել ուսուցիչներին, շաբաթական գոնե 15-20 րոպե հատկացնել հերոսականության մասին զրույցներին: Ազգային կրթական խորհուրդը բազմաթիվ նյութեր է պատրաստել, որոնցից կարելի է օգտվել: Մենք պարտավոր ենք մնալ մշակութային և պատմական հիշողության արթուն պահապանները: Պատմական հիշողության վերականգնումը բոլորիս սրբազան պարտքն է, որով կնախապատրաստվի նաև իշխանության փոփոխությունը: Ուսուցիչն է վերակառուցում ժողովրդի հավատը:

Հպարտ Խուստուփն է գծագրվում էկրանին, ու հնչում են մեծն Նժդեհի խոսքերը. ,,Արիադավան ու արի ժողովուրդ. փոքրաթիվ ազգ-բայց մե՜ծ հոգի: Ես այսպիսին ուզեցի տեսնել հայությունը, այնպիսին, որ կարողանար սեփական ձեռքով վարել իր ճակատագրի նավը: Պատմությու՞ն-դա անավարտ վեպ չէ, այլ չավարտված ճակատամարտ… Հիշեք մի պարզ ճշմարտություն՝ ով հայրենապաշտ ու գաղափարապաշտ երիտասարդություն ունի, նա էլ ապագա ունի,,:

 Երկրորդ երիտասարդը արտասանում է Նժդեհի իմաստուն խոսքերը. ,,Նա՝ իմ ազգի անկրկնելի գաղափարախոսն ու հերոսը, իմ ազգի իրական առաջնորդը, մեզ սովորեցնում է. ազգերն իրեն հայրենիքի գոյությունը մարդկության առջև արդարացնում են իրենց հերոսների մահով, որոնց համար մահը հաղթանակ ու հարություն է միաժամանակ: Ազգային ոգի-ահա գերագույն հերոսը, միակը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը: Մեռնում են հերոսները՝ Մանվելներն ու Մուշեղները, Վարդանները… մնում է, սակայն, նրանց ոգին… Չի մեռնում հերոսը, նա միայն իր անօթն ու անունն է փոխում… Այսպես են ծնվում նոր Հայկեր, Վարդաններ, Նժդեհներ ու Մոնթեներ…,,:

Բանասեր Վարդուհի Բալոյանը, ներկայացնելով Վարդանանց հերոսներին, նշեց հերոսականության ճշմարիտ դաստիարակության կողմերը: Գնահատելով Ավարայրի սոխակ Եղիշեի ազգանվեր գործունեությունը՝ նա կրկին հաստատտեց այն ճշմարտությունը, որ նրա ,,Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին,, աշխատությունը հերոսության մանկավարժություն է, ազգային դիմացկունության հիմնասյուն: Վարդանն ու իր զինակիցները ներկայանում են որպես հավատի պահապաններ, ազգային պատվի պահապաններ: Վարդանի կերպարը, սկսած Եղիշեից մինչև մեր օրերը, դարձլ է բարոյական ու հերոսական չափանիշ: ,,Ավետարանը,, և Եղիշեի գիրքը բոլոր դարերի ընթացքում եղել են մեր ուսման սկիզբն ու վերջը: Պատահական չէ, որ հետագա դարերի գործիչները՝ Շնորհալի, Աբովյան, Պատկանյան, Մուրացան, Ալիշան, Դեմիրճյան, սրբացրել են և՛ հեղինակին, և՛ 1036 նահատակներին: Ոգին է ծնում իրական ազատությունը:

Բեմից հնչում է երիտասարդ մի ձայն. ,,Մի անուն-մի ամբողջ դավանանք, մի ուխտ, մի բարոյական իմաստասիրություն: Հայի համար Հայաստանն է գերագույն արժեքն այս աշխարհում. սա դավանանքն է, իսկ ուխտը՝ մեռնել, բայց չնահանջել, երբ Հայաստանն է թիկունքումդ: Այսպիսին էին Մամիկոնյանները՝ հայրենահոգ, հերոս, ասպետ… Դարեր են անցել, բայց իմ էության մեջ դեռ որոտում, դղրդում է Վարդանի Ավարայրյան  խոսքը՝ ,,Վախը թերահավատության նշան է… մահն ընդունեք ուրախ սրտով…,, ,,:

Երիտասարդ պատմաբան, պ.գ.թ. Միքայել Մալխասյանը, վերլուծելով պատմական իրողությունները, հաստատում է, որ հավատի համար նահատակությունը հավասարազոր է հայրենիքի համար նահատակությանը: Նա հորդորում է հերոսների մասին խոսելիս զգույշ լինել: Ճիշտ է, նրանք ևս մարդկային թուլություններ են ունեցել, բայց հայրենիքի հարցում մեր բոլոր հերոսները զբաղվել են պետականաշինությամբ, այլ ոչ թե պետականաքանդությամբ: Բանախոսն ընդգծում է, որ Վարդանանց հերոսամարտի նահատակների 1036-ի մեջ դժվար չէ նկատել Մաշտոցի 36 թիվը /հայոց անմահ տառերը/. դա Մաշտոցի և նրա սաների 36 նախարարներն են, որոնք սրբացվեցին բոլոր դարերում: 36-ի նահատակությունը ուղենիշ է հետագա դարերի համար: 1990-ականներին ոչ բոլորն էին վստահ եղել մեր հաղթանակի մեջ, սակայն երբ ամեն ինչ ու ամեն ոք իր տեղում է, և դարերի ժառանգության կրողներն են հերոսները, հաղթանակը միշտ հաջողվում է: Հենց այդ հերոսների մեջ էր մեր այսօրվա հերոսը՝ Մոնթեն:

Արևմտյան որոշ տեսաբաններ հաստատում են այն փաստը, որ հայերը, իրոք, ավելի վաղ են ունեցել այդպիսի հերոսներ, որոնք դարերի ընթացքում եկեղեցու կողմից ավելի են բյուրեղացվել:

Էկրանին լայն շրջանակով երևում է Մոնթեի մեծադիր նկարը, ու հնչում է նրա իմաստուն խոսքը. ,,Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, և այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է… իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս էլ անգամ չեմ խնայի: Ես երդում տված եմ, որ Արցախը իմ առաջին պայքարը չէ, ու վստահ եմ, որ վերջին էլ չի ըլլա…

Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր… իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է: Դուք իմ կենացը մի խմեք, դուք իմ գործը շարունակեք…,,:

Ու շռնդալից հնչում է Մոնթեի մասին երգը. բեմ է մտնում Արսեն Գրիգորյանը /Մրո/՝ մեկ անգամ ևս հավերժացնելու օրվա հերոսին: Դահլիճը հոտնկայս ծափահարում ու ձայնակցում է նրան, իսկ ,,Հայ ասպետ,, դպրոցի սաները համախումբ պար են բռնում:

Վերջին բանախոսը՝ հոգեբան-մանկավարժ Արմինե Դավթյանը, անդրադարձավ ,,Հերոսականության ուսուցման հոգեբանամանկավարժական կողմերը,, թեմային: Վերլուծության ընթացքում բերեց օրինակներ, իրավիճակներ, երբ մարդը կանգնած է դժվար ընտրության առջև, բայց, միևնույնն է, պիտի մի վճիռ կայացնի: Այդպիսի ծանր իրավիճակներում են հայտնվել նաև մեր հերոսները, որոնք չեն վարանել և ընտրել են ցավոտը, դաժանը՝ մահը, նահատակությունը: Այո՛, հերոսները միշտ ընտրում են ստորադասը՝ հանուն հայրենիքի, հանուն վեհի:

Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս,

Ու գնում ենք մեր ճամփով,

Մըրրիկներով պատած անհույս,

Սև խավարով, մութ ամպով:

Բայց գնում ենք մենք անվեհեր

Զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դեպի վեր՝

Դեպի լույսը մեր ուխտի:

Վերջում բանախոսեց Կարին Տոնոյանը ,,Որդիս որպես հող հայրենի-հերոսածին մոր առաքելությունն ու պատգամը,, թեմայով. ,,Պատերազմից հետո ես հրաժարվել էի Մոնթեի, Նժդեհի գրքերից, նույնիսկ սարսափում էի դրանցից, չնայած դրանք մի ժամանակ ինձ համար ,,Աստվածաշունչ,, էին: Այս միջոցառումը դարձավ իմ ,,վերադարձը,,: Գիտեի, որ մի օր իմ մեջ նորից պիտի մանկավարժը հաղթի մորը: Իմ սաների աչքերի մեջ ես ամեն օր տեսնում եմ Նժդեհին, Մոնթեին… Մենուայիս: Այսօր ազգակիր հայի համար ծանրագույն շրջան է. մենք անընդհատ կորցնում ենք… Բայց երբ կարդում ենք հերոսների մասին պատմությունները, դրանք մեզ ուժ են տալիս: Կարծում եք՝ մեր հերոսները Եռաբլուրու՞մ են… Ես վաղուց գիտեմ, որ իմ Մենուան Արցախում է, և միայն այդ հողն ազատագրելուց հետո կարող է խաղաղվել հոգիս.. Մոր սիրտն այնտեղ է, որտեղ բաբախում է իր զավակի սիրտը… Իսկ հերոսի սիրտը երբեք չի դադարում բաբախել.. Այն ապրում է ժամանակի ու հիշողության մեջ այնքան, որքան ապրում է իր հայրենիքը… ապրեցնենք մեր հայրենիքը, որ ապրեն մեր հերոսները, որ ապրեցնեն մեզ՝ ապրողներիս… Երբեք երեխաների կողքով անտարբեր մի անցեք, նրանց մեջ տեսեք մեր վաղվա Մոնթեին ու Մոնթեով կռվի ելած Ռոբերտին, Ալբերտին, Գևորգին, Ալենին, Նարեկին, Վահեին ու Մենուային…,,:

Դահլիճում ներկա էին նաև հերոսների մայրերը, որոնք շնորհակալություն հայտնեցին իրեն վերագտած Կարին Տոնոյանին՝ այս հրաշալի միջոցառման համար, որը կարևոր մի դաս էր երիտասարդ սերնդի համար:

Մշակութային միջոցառումները, որոնք ընդմիջում էին բանախոսների ելույթները, ավելի էին իմաստավորում ու զարդարում երեկոն, մանավանդ որ դրանք ողողված էին ազգային երանգներով:

Ճշմարիտ են հնչում Կապուտիկյանի խոսքերը. ,,Հերոսը նա է, ով իր մեջ պահում է լույսը՝ անգամ այն ժամանակ, երբ շուրջը խավար է,,:

Եվ ուրեմն դեռ պիտի ծնվես ու հազարապատկվես դու, Մոնթե՛, և ուրեմն ծնունդդ շնորհավոր, ազգի պարծանք Մոնթե:

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ