Հերթական ֆիլմը Հերոսի մասին

«Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»։

Աշոտ Ղուլյան-Բեկոր

Կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի նկարահանած մի քանի տասնյակ ֆիլմերը հիմնականում նվիրված են Արցախյան գոյամարտին և այն հերոսներին, որոնք իրենց խիզախումներով կերտեցին Ազատ ու Անկախ Արցախ՝ հերոսաբար զոհվելով բազում մարտական դիրքերում։ Նոյեմբերի 14-ին Երևանում՝ Նարեկացի արվեստի միությունում, կայացավ Ս Թադևոսյանի «Խոնար հերոսներ» ֆիլմաշարից «Աշոտ Ղուլյան» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը։ Հաղորդավար Մանուշակ Ստեփանյանը ներկայացրեց ռեժիսորին, կարևորեց նրա աշխատանքը և ընթերցեց Համո Սահյանի բանաստեղծություններից։ Մինչ ֆիլմի ցուցադրությունը՝ Ս Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց Նարեկացի արվեստի միությանը՝ ցուցասրահը անշահախնդրորեն տրամադրելու համար, ապա ողջունեց ներկաներին,  որոնք մշտապես գնահատել են հեղինակի ֆիլմերը՝ նվիրված՝ Հայրենիքն ազատագրած ու այն պահպանող հերոսներին։ Բեմադրիչը տեղեկացրեց, որ նախատեսած էր ցուցադրել միայն Աշոտ Ղուլյանին նվիրված ֆիլմը, սակայն հանգանամքների բերումով որոշել են նաև ցուցադրել Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար  Աշոտ Մինասյանի մասնակակցությամբ նկարահանած «Ինչու՞ պատերազմ» կարճամետրաժ ֆիլմը: 2016թ Ապրիլյան պատերազմի օրերին Աշոտ Մինասյանն իր երկու որդիների հետ մարտնչել է Թալիշ-Մատաղիս մարտագծի դիրքերում։ Աշոտ Մինասյանի կրտսեր եղբայր Աղվանը՝ տաղանդավոր բանաստեղծ էր, որը  Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղբոր հրամանատարությամբ գործող ջոկատի մարտիկ էր, և քաջաբար զոհվեց 1993թ օգոստոսի 30-ին՝  Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղի ազատագրական մարտերում: Ս Թադևոսյանի նկարահանած «Չկրակված փամփուշտներ» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը նվիրված է պոետ և մարտիկ Աղվան Մինասյանի սխրանքին ու մարտական ուղուն:  

 Ներկայացնելով Աշոտ Մինասյանին՝ Ս Թադևոսյանն նշեց «Մարդիկ կան, որոնք անառարկելիորեն Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդներ են: Այդ լեգենդներից մեկն էլ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն է, երկաթյա կամքով աննահանջ զինյալը, որը բազում մարտերից զատ,  Քարվաճառի ազատագրման հարվածային ուղղություններից մեկի հրամանատարն էր»: Աշոտ Մինասյանի մասնակցությամբ  ներկայացված  ֆիլմը Մատաղիսի դիրքերից մեկում է, որը մշտապես հրետակոծվում էր թշնամու կողմից։ Դժվարությամբ է ռեժիսորն իր թիմով հայտնվել այդ դիրքում 2016-ի ապրիլին, հանդիպել Աշոտ Մինասյանին։ Զարմանալի է, որ անգամ անդադար հրետակոծությունների ժամանակ այստեղ կեռնեխ թռչնի բույն է եղել։ Եվ կինովավերագիրը նկարահանել է պատերազմող ջոկատի հրամանատարին, որը պատերազմական բազում խնդիրներից զատ,  հոգ է տանում նաև, որ պահպանվի  թռչնի բույնը։

Կարճ դադարից հետո ցուցադրվեց «Աշոտ Ղուլյան» ֆիլմը, որը յուրովի ներկայացրեց  բոլորի կողմից սիրված հերոսին՝  ՀՅԴ անդամ, Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյան-Բեկոր-Ասկոլկային: Դահլիճում էր նաև Արցախի ինքնապաշտպանական ջոկատների  առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, որը նույնպես հուշեր պատմեց իր մարտական ընկերոջ մասին։ Աշոտը Բեկոր անունն ստացել է այն պատճառով, որ ինքնաշեն զենք փորձարկելիս վիրավորվել էր տասնյակ բեկորներով։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը, շուտով պարզ դարձավ, որ Արցախի ազատագրումը լինելու է միմիայն զենքով։ Եվ շատերի նման Աշոտն էլ իր զինակիցների հետ սկսեց զենք ձեռք բերել։ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ էին բերել այն ժամանակ «Ալազան» կոչվող ականանետը։ 5 տղաներից 4-ի անունը Աշոտ է եղել, և միմյանց տարբերելու համար որոշում են բոլորին մականուն տալ։ Քանի որ այդ ժամանակ Ղուլյան Աշոտն արդեն իր մարմնում ուներ բեկորներ, կոչվել է Բեկոր-Ասկոլկա։ Աշոտ Ղուլյանը ամուսնացած էր և ուներ երեք որդի, երրորդ տղան ծնվել է Աշոտի զոհվելուց հետո:               Հերոսի մարտական ուղին բազմազան է. Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն։ Նրա հրամանատարությամբ գործող վաշտը Արցախում շատ բնակավայրեր է ազատագրել։ Ա Կարապետյանը պատմեց նաև՝ ինչպես են ազատագրել Շուշի քաղաքը, որին մասնակցել է նաև  առաջին վաշտը, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը: 1992 թ մայիսի 8-ի կեսօրին Աշոտը կապվել է հրամանատարության հետ և տեղեկացրել, որ ինքն ու իր մարտիկները Շուշիի պարիսպների վրա են, և շուտով կմտնեն քաղաք։ Ֆիլմում հերոսի նահատակությունը թաքստոցից հնչած անհասցե ու անհայտ մեկի կրակոցից է 1992 թվականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մարտական դիրքում:

Ֆիլմը անչափ հուզել էր հանդիսատեսին, և  ինքնաբուխ ցանկությամբ, ցուցադրվեց  Ս Թադևոսյանի  «Խրամատային գեղարվեստ» ֆիլմաշարից ևս երկու հոլովակ:  Պատերազմի բովում եղած անձը գիտի՝ ինչի մասին է խոսքը։ Մարտերից առաջ կամ հետո, մարտիկները հաճախ այլ տրամադրություն են ունենում. երգում են, պարում, ասմունքում, նույնիսկ կատակում: Այս ֆիլմերով մեր ժողովուրդը մշտապես կհիշի իր Հերոսին, կճանաչի իսկական մարտիկին, հայրենասերին, հայի արժեհամակարգի տեր անհատին։ Իսկ այդ հերոսները շատ են՝ հազարներ, որոնք ընկան Արցախի համար մղվող տարբեր  մարտադաշտերում՝ իրենց արյունով սրբացնելով Հայոց Հող-Հայրենին։ Միջոցառման վերջում, պատահական չէր, որ հաղորդավարն իր խոսքում ասաց «Եթե քամենք Հայոց հողը, մեր Հերոսների արյունը կկաթի․․․»։  Արցախյան բոլոր մարտերում զոհված տասնյակ հազարավոր  նահատակ քաջորդիների և վիրավորների արյունով սրբացած Արցախյան Սուրբ հողն այսօր գերության մեջ է։ Գերության մեջ են նաև հազարավոր քաջորդիների շիրիմները… Պարտքի ու պարտականություն հրամայականը փոխանցվել է մեզ՝ հերոսների հետնորդներիս, և մենք գիտենք, որ պատերազմն ավարտված չէ, և մենք պիտի չդադարենք փառաբանել մեր   Հերոսներին, և ազատագրենք Արցախ Հայրենիքը:

                                                              Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ