Արցախյան մարզական աշխարհի փայլուն ներկայացուցիչ սամբիստ Սերգեյ Կարապետյանը շատերի նման առանց երկբայելու նետվեց 2020թ. սեպտեմբերին սանձազերծված պատերազմին, երբ հայրենիքն իր օգնության ու պաշտպանության կարիքն ուներ: Դաժան պատերազմն իր սեւ կնիքը թողեց մարզաշխարհի վրա՝ պատճառելով անդառնալի կորուստներ, միեւնույն ժամանակ շատ մարզիկներից խլելով առողջությունն ու սպասվելիք մարզական փայլուն կարիերան:

2020 թ. պատերազմի ծանրագույն օրերին՝ նոյեմբերի 3-4-ը լուր հայտնեցին, որ գլխի բեկորային ծանր վիրավորում է ստացել սամբոյի վառ աստղ Սերգեյ Կարապետյանը: «Լուսարար»-ը հետեւում էր արցախցի չեմպիոնի վիրահատման, հետվիրահատական շրջանի եւ նրան արտասահման տեղափոխելու ընթացքին: Հայտնում էին, որ կյանքին վտանգ չի սպառնում: Ուժեղ մարզիկը դիմադրում է եւ պայքարում կյանքի համար՝ ենթարկվելով բարդ վիրահատությունների:

5 տարի է անցել դաժան պատերազմում Սերգեյի վիրավորվելու պահից, 5 ծանր տարիներ, երբ Կարապետյանների ընտանիքի առօրյան դարձավ երկրից-երկիր տեղափոխվելով, աշխարհի տարբեր բուժհաստատություններում Սերգեյին բուժելու համար հնարավոր ամեն ինչ անելը: Սկզբնական շրջանում բժիշկները հույս չէին տալիս, որ կարող է Սերգեյը վերականգնվել, բայց ծնողների չհանձնվող տեսակի ու չեմպիոն մարզիկի հաղթական կամքի շնորհիվ, երկարատեւ բուժման փուլեր անցնելուց հետո բարեբախտաբար հաջողվել է դրական դինամիկա արձանագրել նրա առողջության հարցում: Սակայն նա առողջության համար պայքարելու ճանապարհ ունի դեռ անցնելու եւ զգում է բոլորիս աջակցության կարիքը :

Սերգեյ Կարապետյանը ծնվել է 1996թ. հունվարի 24-ին: Հինգ տարեկանից, եղբոր հետ միասին հաճախել է սամբոյի պարապմունքների մարզիչ Էռնեստ Միրզոյանի մոտ: Սերգեյ Կարապետյանը սամբոյի լավագույն մարզիկներից է: 2018թ. Եվրոպայի սամբոյի առաջնության հաղթող է: Պարգեւատրվել է հանրապետության նախագահի կողմից: Բազմիցս մասնակցել է ՀՀ-ում եւ երկրից դուրս կազմակերպվող սամբոյի մրցույթների, զբաղեցրել մրցանակային տեղեր եւ պարգեւատրվել մեդալներով ու պատվոգրերով: Պարտաճանաչ, կարգապահ, ֆիզիկապես կոփված եւ ոգով ուժեղ մարզիկը մարմնավորում է սամբո մարզաձեւի կարգախոսը. «Առողջ մարմնում՝ առողջ ոգի»: Գուցե սա է Սերգեյին չհանձնվելու եւ ապրելու ուժ ու դիմացկունություն տվել կյանքի ու մահվան պայքարում:

Ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելուց մի քանի ամիս անց սկսվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը: Սերգեյը 2016-ի պատերազմին կամավոր մասնակցեց Թալիշի պաշտպանությանը: Հետո ծառայության էր մտել ԱՀ անվտանգության ապահովման կառույցներից մեկում: Մարզումները համատեղում էր ծառայության հետ: 2020թ. վրա հասած սարսափելի պատերազմում Սերգեյն իր մարտական խնդիրներն էր կատարում: Նոյեմբերի 3-ին Սղնախ գյուղի մերձակայքում Շուշիի պաշտպանության համար մարտեր էին մղվում, որոնց կիզակետում էր նաեւ Սերգեյը: Թշնամու ականանետի բեկոր էր ընկել խրամատի մեջ, որտեղ Սերգեյն ու մարտական ընկերներն էին: Բեկորի մի կտոր խրվել էր Սերգեյի գլուխը: Խրամատում գտնվող բոլոր զինվորները վիրավորվել էին, կար մեկ զոհ: Անգիտակից ու անշարժ Սերգեյին ծայրահեղ ծանր վիճակում մյուս վիրավորների հետ տեղափոխեցին հիվանդանոց:
Ականապայթյունային բեկորային գանգուղեղային վնասվածքով, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդով, դեմքի մասերում օտար մետաղական մարմիններով Սերգեյին հասցրին Երեւանի «Նաիրի» հիվանդանոց, որտեղ վիրահատվելուց հետո սկսել էր վերականգվել: Բայց որոշ ժամանակ հետո դրական դինամիկա էլ չկար: Անհրաժեշտ էր վիրահատվեր ու հետագա բուժումը ստանար արտասահմանում: Տեղափոխման հետ կապված եւ Հունաստանում բուժումը կազմակերպելու համար Կարապետյանների ընտանիքն անհրաժեշտ գումար հավաքելու համար դիմեց հանրությանը: Հավաքված գումարով, ինչպես նաեւ պետական ֆինանսական աջակցությամբ կազմակերպվեց Սերգեյի բուժումը Հունաստանում: Հունաստանից վերադառնալուց հետո Սերգեյը պետք է երկարատեւ վերականգնողական բուժում ստանար Երեւանում՝ Զինվորի տանը: Հայրը՝ Արսեն Կարապետյանը, պատմում է, որ Հունաստանից վերադառնալուց հետո ստիպված էին վաճառել Ստեփանակերտում իրենց տունը եւ տուն ձեռք բերել Հայաստանում՝ Սերգեյի բուժումը պատշաճ շարունակել կարողանալու նպատակով: Դեռ չէին իմանում, որ Արցախը հանձնվելու է թշնամուն, իսկ իրենց հայրենակիցները փախստականի կարգավիճակով են ապրելու Հայաստանում:
Ներկայում Սերգեյը ծնողների հետ գտնվում է ՌԴ-ում, Մոսկվայի «Федеральный центр мозга и нейротехнологии» հիվանդանոցում: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայրը հայտնեց, որ շուրջ երկու ամիս է նրանք ՌԴ-ում են եւ նշված կենտրոնում լուրջ հետազոտությունն/ե/ր է անցնում Սերգեյը: Նա դանդաղ, բայց դեպի լավն է գնում: Հասկանում է ամեն ինչ, դեմքի միմիկայով հույզեր է արտահայտում, ժպտում է, երբ կողքին որեւէ պատմություն են պատմում: Հայրը պատմում է, որ Սերգեյը շատ տխրեց, երբ իմացավ, որ Արցախն արդեն հայկական չէ, բայց տխուր հույզերը ցույց տալ չի կարողանում: Երբ նրան տարել են Եռաբլուր, ճանաչել է զոհված տղաների նկարները, արձագանքել է ձայներով, սակայն խոսել ու քայլել Սերգեյը դեռ չի կարողանում: Բժիշկների խոսքով հնարավոր է Սերգեյի առողջական վիճակն ավելի բարելավվի: Բժիշկները նշում են, որ հաշվի առնելով նրա ծանր վիրավորումն ու ախտորոշումը, նրա գիտակցության մակարդակը բարձր են գնահատում: Մասնագետները կանխատեսում են, որ Սերգեյը կարող է սկսել քայլակով քայլել: Բաղձալի արդյունքին հասնելու համար մեծ գումարներ են պահանջվում: Սերգեյի ծնողները կրկին դիմում են տարբեր բարեգործական կազմակերպությունների, բարերարների, առանձին անհատների` ֆինանսական աջակցության ձեռք մեկնելու խնդրանքով, մեծ հույս ունենալով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Սերգեյին ոտքի կանգնեցնել ու այս բուժհաստատությունից արդեն իր ինքնուրույն քայլերով կկարողանա Հայաստան վերադառնալ: Փոխանցումները կարող եք կատարել հետեւյալ հաշվեհամարներով: Ստացողը հայրն է՝ Արսեն Կարապետյանը:
IDdram` 596025446; 2202206299508858 (МИР); 24100490901600 (AMD); 24100490901601 (USD); 24100490901602 (EUR):
Արսեն Կարապետյանը, շնորհակալություն է հայտնում Սերգեյի բուժումը պատշաճ կազմակերպելու հարցում իրենց ներդրումն ունեցած մարդկանց ու կազմակերպություններին: Երախտագիտությամբ է նշում Զինվորի տան բժիշկների ու անձնակազմի կողմից ցուցաբերված բարձր մակարդակով խնամքի մասին, նաեւ Սերգեյի մարզական ու մարտական ընկերներին է նշում, շնորհակալություն հայտնում ողջ հայությանը՝ որդու եւ իրենց ընտանիքի համար ծանրագույն իրավիճակում բարոյական եւ նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Լավագույն բժիշկների միջնորդությամբ ու սրտացավ մարդկանց ջանքերով Սերգեյին վերականգնել կստացվի:
Կար ժամանակ, որ չեմպիոնի մասնակցած առաջնություններին էինք հետեւում ու հաղթանակի լուրն ավետում, իսկ հիմա պայքար է գնում նրա առողջական վիճակի բարեկարգման համար: Սերգեյի տեսակը հանձնվող չէ, այլ՝ պայքարող: Ուստի, հույսով սպասում ենք, որ ոչ հեռու ապագայում կուրախանանք եւ կուրախացնենք մեր հայրենակցի՝ պատերազմում ստացված ծանր վնասվածքի հաղթահարման ու լրիվ ապաքինման լուրով:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ