ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀԵՐՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ

Իրենց տունն ու հայրենիքը հարկադրաբար լքած, բռնի տեղահանված արցախցիներից շատերի համար մեծ ցավ է, որ իրենց հարազատների շիրիմները, գերեզմանները մնացին թշնամու տնօրինության տակ: Բռնատեղահանության ամենացավոտ հետեւանքներից մեկն էլ այնտեղ անտեր ու անխնամ մնացած գերեզմաններն են: Արցախցիները երկու տարուց ավել է չգիտեն, թե Արցախում հողին հանձնված իրենց հարազատների հիշատակի կամ տոն ու սգո օրերին ուր այցելեն՝ ծաղիկ խոնարհելու: Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում ամփոփված 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Հարությունյանի երեւանաբնակ հարազատները այդ նույն վիճակում են:
Արցախյան 44-օրյա պատերազմի ասպետ, անմահ հերոս Դավիթ Հարությունյանի վեհ կերպարը հիացական հիշողություն է թողել ամենուր:
Դավիթ Վլադիմիրի Հարությունյանը ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 9-ին Ստեփանակերտ քաղաքում: Մեծացել է զինծառայողի ընտանիքում: 1989-1997 թվականներին սովորել է Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան հ. 3 դպրոցում, իսկ հետո ընդունվել է Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջ եւ ստացել բուժակի մասնագիտություն:
1997-1998 թվականներից սկսած՝ իր հասակակից շատ տղաների նման Դավիթն էլ դարձավ առաջիններից մեկը, որն սկսեց հաճախել ուշու-քունգֆուի պարապմունքների: Պարտաճանաչ էր, ընդունակ, առանձնանում էր ֆիզիկական եւ հոգեկան բարձր տվյալներով: Գոտու որակավորման քննությունները միշտ հաջողությամբ էր հանձնում: Նրա մեջ վառ արտահայտված էին հայրենասիրական գաղափարները, որով նույնպես առանձնանում էր: Ակտիվ մասնակցում էր ակադեմիայի կազմակերպած բանակումներին:
2000-2002թթ. Դավիթ Հարությունյանը ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում՝ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանում: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը բժշկական քոլեջում, գերազանց ավարտել այն 2005 թվականին: Սպորտի հանդեպ մեծ սեր ունեցող Դավիթն իրեն փորձում է բռնցքամարտում՝ բավարարվելով սիրողական պարապմունքներով: 2006թ. ուշուի ֆեդերացիան վերսկսում է իր գործունեությունը: Դավիթը առաջիններից էր, որը վերադարձավ մարտարվեստի հարազատ ընտանիք: «Պարապում էր սիրողական, բայց պատրաստակամ օգնում էր բոլորին՝ ինչով կարող էր: Միշտ մասնակցում էր ֆեդերացիայի ժողովներին, անգամ եթե չէր էլ պարապում: Միջոցառումների կամ մրցույթների ժամանակ մրցավարության հարցերով օգնում էր: Փորձառու էր եւ կարողանում էր լավ մրցավար լինել: Ակտիվ էր արշավների ժամանակ, սիրով մասնակցում էր քայլարշավներին: Ընկերասեր էր: Ցանկացած հարցով կարելի էր դիմել նրան, ստանալ նրա աջակցությունը: «Վստահելի, պարտաճանաչ մարզիկ ու ընկեր էր Դավիթը»,-ասում է մարտարվեստի մարզիչ Սայաթ Բաղդասարյանը:
Հայրենասիրական մղումները եւ ազգին ու հայրենիքին օգտակար լինելու ցանկությունը դրդեցին Դավիթ Հարությունյանին զբաղվել հայրենիքը պաշտպանելու գործով: 2005 թվականին աշխատանքի է անցել Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում: Հոգով ու մարմնով գեղեցիկ տղան զարմանալի խելքի եւ ընդունակությունների տեր էր: 2007 թվականին ընդունվել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի իրավաբանական բաժին եւ 2012թ. ավարտել է այն կարմիր դիպլոմով: Ինչպես մյուս ոլորտներում էր կարգապահ, այնպես էլ ծառայության ընթացքում էր ցուցաբերում բարձր հատկանիշներ եւ առաջադիմություն: Նա զարմացնում էր բոլորին իր վեհանձնությամբ: Կոչումով մայոր էր, առաքելությամբ՝ մարտիկ: Նա ընտրեց հայրենիքի պաշտպանի մարտական ուղին եւ անցավ այդ ուղին խիզախաբար ու հպարտ:
2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ պետական սահմանի պաշտպանությանը մայոր Հարությունյանը մասնակցել է անձնվիրաբար, եղել թեժ կետերում, մասնակցել Հադրութի եւ Վարանդայի ուղղություններով մղվող թեժ մարտերին: Հոկտեմբերի 15-ին Վարանդայի Ղարղաբազար գյուղի տարածքում ծառայակից ընկերների հետ հայտնվել է շրջափակման մեջ եւ արիաբար զոհվել: Մարմնի մասունքները գտնվել են դեկտեմբերի 22-ին նույն վայրում: Նրա ինքնությունը հաստատվել է 2021թ. փետրվարի 24-ին՝ դատաբժշկական քննության արդյունքում: Հուղարկավորվել է 2021թ. փետրվարի 26-ին Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում: Թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար Արցախի նախագահի հրամանագրով մայոր Դավիթ Վլադիմիրի Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:
Լավագույն ընկերոջ մասին դառը ցավով է արտահայտվում Դավիթի մտերիմ ընկեր Մարտիկ Հայրապետյանը. նրանց մտերմությունը սկիզբ է առել ուշու-քունգֆուի մարզադահլիճում՝ համատեղ մարզումների ժամանակ: Լինելով հասակակից ընկերներ, հաճախելով նույն մարզաձեւի պարապմունքներին՝ համախոհ եւ գաղափարակից տղաները նաեւ ընկերության մասին իրենց գաղափարներով էին նման, ինչն էլ հիմք հանդիսացավ նրանց միջեւ երկարատեւ, ամուր, տղամարդկային ընկերության ձեւավորմանը: Պարտաճանաչ, իրենց մարզաձեւին նվիրված մարզիկները հասել էին կանաչ գոտու, երբ արդեն սկսեցին մարզչական գործով էլ զբաղվել:
«Մենք գրեթե միշտ միասին էինք, օգնում էինք իրար, մարզվում էինք միասին, խնդիրների մեջ էինք ընկնում միասին, զվարճանում էինք միասին, կիսվում էինք իրար հետ բոլոր թեմաներով: Դավիթը երբեք չէր թողնում իր ընկերներին, հավատարիմ էր ու նվիրված: Դավիթն ինձ համար միայն ընկեր չէր, այլեւ հարազատ եղբայր, որի բացակայությունը ոչ ոք չի կարող լրացնել: Երեւի նա միակ մարդն էր, որը կարող էր լինել այդքան բարի, համբերող, ունենալ այդքան մաքուր սիրտ: Ուժեղ եւ խիզախ լինելով՝ նա ապշեցնում էր ինտելիգենտությամբ, բարությամբ, սրտի մաքրությամբ եւ հոգու լույսով: Բոլորից առանձնանում էր իր քաղաքավարի պահվածքով, միշտ եւ ամենուր պահում էր էթիկայի կանոնները, նրա հետ շփվելը շատ հաճելի էր: Արտակարգ ընդունակություններ ուներ: Օձերից չէր վախենում, սիրում էր բռնել դրանց: Խելացի էր ու բազմակողմանի զարգացած, զբաղվում էր նաեւ մեղվաբուծությամբ: Շատ էր կարդում, ուսումնասիրում, սիրում էր գիտելիքներ ստանալ: Նրա խրատները դիպուկ էին ցանկացած ոլորտում, անգամ ընտանեկան թեմաներում»,-պատմում է մտերիմ ընկերը:
Մեր մարտիկների հերոսական սխրանքների շարքում մեծ է Դավիթ Հարությունյանի տեղը: Արիստոկրատ սպա, որի համար մարդկային եւ զինվորական պարտքն ամեն ինչից վեր էր եւ կյանքից թանկ: Օրինակելի մարզիկ, հիանալի ու վստահելի ընկեր, նվիրված մարտիկ, իդեալական ամուսին ու հայր, որն առանձնանում էր խիզախությամբ, տաղանդով, իր անզուգական թովչանքով: Այդպիսի աստղը չպիտի մարեր, պիտի փայլատակեր:
Չնայած այսօր մեզ հետ չես ու զրկված ենք անգամ շիրիմիդ այցի գալու հնարավորությունից, բայց քո հոգու անմար լույսով դու շարունակում ես վառ մնալ մեր հուշերում: Լույսերի մեջ մնաս, մեր լուսավոր Դավիթ:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ