Անկախությունը կերտվեց նվիրյալների անձնազոհության և մեծ ջանքերի գնով, որի վառ անհատականություններից էր Աշոտ Նավասարդյանը:
Տիգրան Աբրահամյան

Աշոտ Նավասարդյանը 1990թ․ հիմնադրեց Հանրապետական կուսակցությունը, սակայն մինչ այդ մեծ ճանապարհ էր անցել՝ հանուն Հայաստաին անկախության։ Դեռևս 1968թ․, երբ Հայաստանը գտնվում էր խորհրդային «եղբայրական» պետությունների կազմում՝ իներնացիոնալիզմի ծածկի տակ, Ա․ Նավասարդյանն անդամագրվեց ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ)։ Այս առթիվ 1989թ․ «Գարուն» ամսագրի թղթակից Արմեն Դավթյանի հետ հարցազրույցում ասել է․ «Ազգային Միացյալ Կուսակցությանն անդամագրվել եմ 1967 թվականին, իսկ 1968-ին՝ դարձել երդվյալ անդամ։ Սկզբունքն այսպիսին էր. կային ոչ երդվյալ անդամներ, որոնք հետո դառնում կամ չէին դառնամ երդվյալ անդամներ։ ԱՄԿ–ի հետ կապվել եմ Արշակյան Ազատի միջոցով։ Նրա միջոցով ծանոթացել եմ Պարույր Հայրիկյանի հետ, և հետագայում արդեն որոշ գործերից հետո տեղի է ունեցել երդման արարողությունը։ Ունեցել ենք քարտեր, բնականաբար՝ գաղտնի…»։ Թղթակցի հարցին՝ Եթե գաղտնիք չէ, որտե՞ղ է տեղի ունեցել երդման արարողությունը, Նավասարդյանը պատասխանել է․ «Եղեռնի զոհերի հաշարձանի մոտ, 1968թ փետրվարի 18-ին՝ մեր ապստամբության օրը։ Ի միջիայլոց, հետագայում էլ փետրվարի 18-ն իմ գործերում կարծես դիտմամբ համընկնում էր իմ ապստամբ պահերին և՛ ճամբարում, և՛ այստեղ։ Ուզում եմ, որ մեր ժողովուրդն էլ ապստամբ լինի․․․»։

Եվ ազգային գաղափարների համար երեք անգամ կալանավորվել է։ Ընդհանուր դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, որից 7-ը՝ բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում։ 1987-ին ազատվել է բանտից, վերադարձել հայրենիք։

«Գարուն» ամսագրում տպագրված նույն հարցազրույցում Ա․ Նավասարդյանը, անդրադառնալով Ղարաբաղյան շարժմանը, ասել է․ «Եթե ես լինեի շարժման ղեկավարների մեջ, անպայման կջանայի, որ Ղարաբաղն ինքնորոշվեր դեպի Հայաստան (որն ինքնին առկա է), իսկ Հայաստանն ինքնորոշվեր դեպի անկախ պետականություն։ Այսինքն՝ ես կփորձեի հայ ժողովրդի երկու հատվածների ինքնորոշումը դնել մեկ միասնական համալիրի մեջ։ Այս դեպքում չէր լինի նաև այն անջրպետը, որն այսօր կա։ Այսինքն՝ ոմանք «ներքին» կոչված հողերի միավորման ջատագովն են, իսկ մյուսներն անկախություն են պահանջում։ Իմ անձնական տարաձայնությունների մասին՝ այսքանը․․․»։

1989-1990 թթ. եղել է Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) խորհրդի անդամ։ Այդ ժամանկ արդեն սկսվել էր Արցախյան գոյամարտը, և Ա․ Նավասարդյանը դարձավ հայրենիքի արդեն ռազմական գործիչը։ ԱԻՄ խորհրդի անդամների հետ հիմնադրեց ու ղեկավարեց «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը ՀՀ և Արցախի տարբեր վայրերում մասնակից եղավ ռազմական գործողությունների։ Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո Նավասարդյանն իր փորձն ու գաղափարները, գիտելիքը ծառայեցնում էր արդեն անկախացած, իր երազած հայրենիքի կայացման գործին։ Սակայն 1997թ․ նոյեմբերի 3-ին ընդհատվեց նրա կյանքը։ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանաշանակիրը հերոսին վայել հուղարկավորվեց Եռաբլուրում։ Դուստրը՝ Անուշ Նավասարդյանը, գրում է․ «1997-ին հայրս ընդամենը 47 տարեկան էր, նույնքան, որքան ես եմ հիմա։ Երբ այս տրամաբանությամբ զուգահեռներ եմ տանում, սարսափում եմ, թե ինչքան բան կարելի էր անել ընդամենը 47 տարեկանում և ինչքան բան դեռ չի արվել արդեն 47-ում․․․»։
Ինչպես միշտ, այս տարի ևս նոյեմբերի 3-ին Աշոտ Նավասարդյանի շիրմաքարի մոտ էին եկել հարազատները, կուսակցական ու մարտական ընկերները, նրա գաղափարների համախոհներ։ Ծաղկեպսակներ էին շիրմաքարի մոտ։ Այցելուները խնկարկեցին ու ծաղիկներ խոնարհեցին։ Ավանդույթի համաձայն՝ հայրենանվեր գործչի շիրիմին այցելեց նաև Երևանի թիվ 196 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմը։ Երևանյան լավագույն կրթօջախներից է թիվ 196-ը՝ հիմնադրված 1988 թվականին։ 2005-ից կոչվում է Աշոտ Նավասարդյանի անունով։ Դպրոցը տնօրինում է Ա․ Նավասարդյանի ավագ դուստրը ՝ Անուշ Նավասրարդյանը՝ պահպանելով հոր գաղափարները։ Այստեղ գործում է նաև Փառքի սրահ, Նավասարդյանի անվան թանգարանը։ Դպրոցի 3 շրջանավարտ՝ Կարենը, Վլադը և Աբուլը, հերոսաբար նահատակվեցին Արցախյան 44-օրյա պատերազմում։ Հերոսների շիրիմները նույնպես Եռաբլուրում են՝ հազարավոր Անմահ քաջերի շարքերում։ 2025թ․ մարտի 28-ին Ա․ Նավասարդյանի հայրական տունը, որտեղ ծնվել է ապագա քաղաքական գործիչը, վերածվեց նրա անվան տուն-թանգարանի։ Այս տարի Եռաբլուրում հարգանքի տուրք տալուց հետո եղավ այցելություն նաև Ա․ Նավասարդյանի տուն-թանգարան։ Տան բակում տնկվեցին ծառեր։ Ա․ Նավասրադյանի կինը՝ տիկին Հասմիկը, հիշողություններ պատմեց ամուսնու մասին։ Իր ֆեսբուքյան էջուն Աշոտի դուստրը՝ Անուշ Նավասարդյանը գրում է․ «Հիմա, երբ նույնքան եմ, որքան հայրս՝ մտքումս միայն մի բան է՝ չկորցնել այն, ինչ ժառանգել է հայրս ինձ՝ հայրենիք, պատիվ, արժանապատվություն։ Այս տրամաբանությամբ ուղիղ և փոխաբերական իմաստով մարտի 28-ին՝ հորս ծննդյան օրը, իր տունը կյանքի վերադարձրինք, վերաբացեցինք, այսօր՝ նոյեմբերի 3-ին ուղիղ ու փոխաբերական իմաստով ծառատունկ կազմակերպեցինք՝ ի նշան իր գաղափարների վերածննդի։ Այսօր նոյեմբերի 3-ն է՝ հորս մեծ ու լուսավոր առաքելությունը մեզ ու ձեզ ժառանգելու օրը։ Եկեք չկորցնենք այն, որպեսզի մեր երեխաներին փոխանցելու բան ունենանք»։ Իսկ Ա․ Նավասարդյանը սերունդներին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանն է կտակել։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ