/Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին/

,,Արի՛, Ավո ջան: Մեզ համար հարմար ժամանակ չեղավ և գուցե չլինի էլ, բայց արի: Կգաս, կտեսնես մեր աշխարհքը ավերված, մեր ժողովուրդը կոտորված, կենդանի մնացածն էլ կոտրված, ջարդված, մեր հարազատների ու ընկերների շրջանները նոսրացած: Կտեսնես, թե աշխարհքի էս ծով վշտից ինչ ահագին բաժին է ընկել առանձնապես ինձ ու քեզ, բայց արի…,,:
Հովհաննես Թումանյան

Մարդաշատ էր Թումանյանի տուն-թանգարանի բակը: Մեծ բանաստեղծի տարիքը խորհրդանշող 54 աստիճանները չէին խանգարել տարեց երկրպագուներին՝ հաղթահարելու այդ ,,խոչընդոտը,, , քանզի ականատեսը պիտի դառնային Վարպետի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում գրականության երկու հսկաների՝ Թումանյանի և Իսահակյանի ,,երկխոսությանը,,նամակների միջոցով:
Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը ոչինչ չէր խնայել՝ երկու մեծերի ,,շփումները,, արժանվույնս ցուցադրելու համար: Միջոցառմանը գույն ու շուք էին հաղորդում հատկապես պատվելի հյուրերը՝ Վարպետի թոռ Ավիկ Իսահակյանը, Ազատ Եղիազարյանը /բ.գ.դ./, Սուսաննա Հովհաննիսյանը /բ.գ.դ./, Եվա Մնացականյանը /բ.գ.դ./, Սիրանուշ Մարգարյանը /բ.գ.թ./, Ամենայն հայոց բանաստեղծի ծոռը՝ Ռուբեն Քանքանյանը /բանաստեղծի թոռնուհի Իրմա Սաֆրասբեկյանի որդին է/, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի և Ավ.Իսահակյանի անվան տուն-թանգարանի տնօրենը, որոնց Թումանյանի տուն-թանգարանի հյուրընկալ կամարների տակ ընդունելով՝ տնօրենն ուղղեց իր ողջույնի խոսքը.

-Թանգարանի համար վերնականների կյանքը խորհրդանշող հոբելյանական և մնացած կարևոր օրերը դառնում են կրկնակի բերկրանքի, արժևորման, վերարժևորման ու գնահատման առիթ: Բայց Ավ. Իսահակյանը սոսկ վերնական չէր, այլ Հովհ.Թումանյանի հոգեկից, սրտակից ու գաղափարակից ընկերն էր: Այսօրվա ցուցադրության մեջ արտացոլված մի քանի լուսանկարներն ու նամակները պատգամախոս են, պերճախոս, բազմախոս ու բազմանշանակ: Դրանք արտացոլում են ոչ միայն տարածաժամանակային խոսույթը, այլև մարտահրավերները, խնդիրները, բարքերն ու արժեքները, ավելի համառոտ՝ մի ամբողջ էպոխա:
,,Ժողովրդական երգը և դրա ոգին օդի մեջ էր: Հարկավոր էր միայն վճռական ձայնարկող մեկը, որ բարձր հնչեցներ այն, և ժողովուրդը բերեր լիրիկական գրականության մեջ: Եվ եկավ Իսահակյանը, հնչեցրեց լիաձայն ժողովրդական ոգով գրված երգը և իր հետ երգել տվեց ողջ հայ ժողովրդին: Դա մի նոր գարուն էր հայ պոեզիայի մեջ,, ,- գրում էր վերնականներից Դերենիկ Դեմիրճյանը:
Եվ, այո, նա ստեղծեց իր լիաձայն ժողովրդական բանաստեղծությունը, և ,,Երգերն ու վերքերը,, դարձավ սպեղանի մի ողջ ժողովրդի համար: Թյուր է այն կարծիքը, թե այն ինքնամփոփություն կամ ինտերնալություն է: Այն հավերժականությանը հասցեագրված հաղորդագրություն է, որը շարունակում է մնալ արդիական ու օրակարգային: Ցուցադրությանը պատրաստվելիս մենք ամբողջականորեն ապրեցինք իսահակյանական զգացողությունը՝ ազգային ոճի և դասականության համադրությունը: Պոետական բարձունքներ նվաճած մոր թեմա, ազգային օրհներգի լեզվով գրված ,,Հայաստանին,, բանաստեղծությունը, սոսկումի, տառապանքի, հոգեկան բերկրանքի արդյունքում ծնված ,,Աբու-Լալա Մահարի,, պոեմը, և, ի վերջո, համաժողովրդական հարգանք արտացոլող մեկ բառ՝ Վարպետ, որը նշանակում է հայ ժողովրդի, հայ մշակույթի ու մեզանից յուրաքանչյուրի անանց հպարտությունը,,:
Թումանյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Սուսաննա Ադամյանը ներկայացրեց Ավ. Իսահակյանի և Հովհ.Թումանյանի ծանոթությունն ու շփումները: Ավ. Իսահակյանի առաջին ծանոթությունը Թումանյանի հետ եղել է 1892 թվականին Թիֆլիսում: Նա պատմում է, թե ինչ քաղցրությամբ ու ժպիտով իրեն ընդունեց Թումանյանը, և ինքը շատ հաճելի տպավորություն ստացավ նրանից: Վարմունքը պարզ էր և ընկերական: Հարցրեց Իսահակյանին, թե ինչ տպավորություն է թողել իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն երիտասարդների վրա: Ու երբ Իսահակյանը արտասանեց նրանցից մի քանիսը, շատ զարմացավ, որովհետև ինքը իր գրածները չէր հիշում: 1895-ին երկու մեծերի հանդիպումը տեղի է ունենում Ալեքսանդրապոլում, երբ Թումանյանը գաղթականների համար հանգանակությունների հարցերով հանդիպում է Ավ. Իսահակյանին: 1896-ին կրկին Թիֆլիսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իսահակյանը, որ հյուրընկալվել էր Թումանյանի օջախում, գիշերը չէր կարողանում քնել ցարական կառավարության վարած հակահայ քաղաքականության պատճառով, Թումանյանը, լապտերը ձեռքին, մոտենում է նրան և խորհուրդ տալիս շատ չտխրել, քանի որ հայ ժողովուրդը ավելի շատ ծանր օրեր է տեսել, թող չհուսահատվի, դա էլ կանցնի: Իսահակյանը զարմանում էր, թե այդ մարդու մեջ այդքան լավատեսությունը որտեղի՞ց էր:
Նրանց հաջորդ կարևոր հանդիպումը 1901 թվականին էր: Թումանյանը շատ էր երազում տեսնել հայոց երբեմնի չքնաղ քաղաք Անին: Իսահակյանը կազմակերպում է այդ հանդիպումը: Ու երբ Թումանյանը ականատես է լինում այդ հրաշալի կոթողներին, երկար լռությունից հետո ասում է. ,,Մարդ որքան անբան անասուն պիտի լինի, որ ձեռք բարձրացնի այսպիսի հրաշքների վրա, և մի՞թե պիտի կորչի այս ճարտարապետությունը՝ առանց հետք թողնելու թե՛ հայկական և թե՛ համաշխարհային ճարտարապետության վրա,,:
Հետագա հանդիպումները տեղի են ունենում 1908, 1911 թվականներին: Դրանից հետո Իսահակյանը, ցարական կառավարության հետապնդումներից խուսափելու նպատակով, վերջնականապես տեղափոխվում է արտասահման: Սակայն երկու մեծերի հոգևոր կապը շարունակվել է նաև հետագայում:
Թանգարանի գիտաշխատող Մարինա Բաղդասարյանն անդրադարձավ Իսահակյանի կյանքի այն հատվածին, երբ արդեն բացակայում էր Թումանյանը, բայց ընտանիքը հաստատվել էր Երևանում՝ հենց այդ տուն-թանգարանում, որի դռները միշտ բաց էին Վարպետի առջև: Երբ նա հայտնվում էր այդ ընտանիքում, տոնական տրամադրություն էր տիրում, և տունը լույսով էր լցվում: Ընտանիքի մայրիկի, Աշխենի ու Նվարդի համար նա Ավո էր, մյուսների համար՝ ուղղակի Վարպետ /ցուցասրահում ցուցադրված էին նրանց խոսուն նկարները, ձեռագիր նամակները և ընծայագրերը/:
Անահիտ Սրինգյանը, որ թանգարանի գիտական հետազոտողն է, առանձնացրել էր Թումանյանի և Իսահակյանի նամակներից երկուսը: Մեկը թվագրված էր 1921թ. հոկտեմբերի 4-ին, որում Թումանյանը հորդորում էր Վարպետին՝ վերադառնալ հայրենիք. ,,Շատ բան ունեմ գրելու, բայց սպասում եմ-կգաս-կխոսենք և կանենք, ինչ որ կարող ենք անել: Մի խոսքով՝ իմացիր, որ արդեն ապահով ես էստեղ, և կարոտով սպասում ենք ամենքս: Թերևս այժմ կազմենք մեր ,,Վերնատունը,, մեր երկրում ու վերջին օրներս միասին անցկացնենք,,: Թումանյանի վերջին նամակը Իսահակյանին արդեն Կ.Պոլսից էր, նույն թվականի դեկտեմբերի 9-ին, որում նշում է, որ շատ աղետներ են անցել մեր թշվառ երկրի գլխով, ու ավելացնում է. ,,Ես չեմ ուզում և չեմ էլ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճն ասեմ.-մենք թե դըրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը՝ խաչագող սրիկաներ, մի մասը՝ գողեր ու ավազակներ, մի մասը՝ ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ… Բայց ավելի լավ է՝ թողնենք: Կտեսնվենք, կխոսենք,,:
Թումանյանի վերջին խոսքերը դարձան չիրականացած խոստում: Եվ երբ երկու տարի անց Իսահակյանը Վենետիկում լսեց Թումանյանի մահվան լուրը, նրա սրտից հորդած տողերը կարծես պատասխանը եղան այդ խոստմանը՝ լի անսահման վշտով ու դատարկության զգացումով. ,,Անհուն կսկիծ, անհուն մորմոք, անհուն հուսահատություն քայքայում է հոգիդ, երբ գիտակցում ես, թե նա այլևս … չկա… Եթե նա չկա այլևս այս աշխարհում, ապա ուրեմն էլ ի՞նչ կա այս դատարկ, ամայի աշխարհում… Այնպես անիմաստ է թվում աշխարհը, այնպես ունայնանում է աչքիդ ամեն ինչ…,,:
Այնուհետև ցուցասրահում ներկաները ունկնդիրը դարձան Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրասբեկյանի տեսաձայնագրության, որում նա ներկայացնում էր իր հուշերը Ավ. Իսահակյանի մասին: Նա ընդգծում էր հատկապես այն փաստը, թե Թումանյանի մահից հետո ինչպես է Իսահակյանը իրեն պարտավորված զգացել այդ ընտանիքի հանդեպ: Հաճախակի այցելությունները, ընտանիքի հոգսերով ապրելը փաստում են, թե ինչ հոգատար ու հարգալից վերաբերմունք է տածել Թումանյանի ընտանիքի հանդեպ: Նա միշտ սպասված ու ցանկալի հյուր էր այդ ընտանիքի համար: Այդ այցելություններից մեկի ժամանակ էր, երբ Իսահակյանը խորհուրդ տվեց տանը պահվող Թումանյանի սիրտը տեղափոխել:
Ավ. Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ներկայացրեց իր հուշերը՝ սկսած մանկության տարիներից. ,,Այս տունը հարազատ էր ոչ միայն Թումանյանի, այլև մեր ընտանիքի համար: Դեռ շատ փոքր էի, որ ծնողներիս հետ այցելում էի նրանց տուն: Հատկապես ուզում եմ ընդգծել Աշխենի կերպարը, որն իր իսկ հոր հարազատ զավակն էր, նրա պես խելացի, հայրենասեր, նվիրյալ ու հոր ձեռագրերը պահպանողը: Գուրգուրանքով էր միշտ շրջապատում ինձ: Միակն եմ, որ վայելել եմ Թումանյանի բոլոր աղջիկների սերը: Սեդան շատ գեղեցիկ էր, կանացի, զգում էի, որ վայելում էր Վարպետի սերը /պապիկս անտարբեր չէր գեղեցկության հանդեպ/: Նվարդը զբաղված էր հոր ժառանգության պահպանմամբ: Թամարը մեծ գործ կատարեց հոր հետ կապված բոլոր հուշերը պահպանելու ու սերունդներին հանձնելու գործում: Արփիկին եմ հիշում, երբ Մոսկվայում էի, Անուշին… Իսկ այդ ընտանիքի կատարելությունը տիկին Օլգան էր, որ, զավակների ծանր վիշտը հոգում ամբարած, խարիսխ դարձավ, իր շուրջը համախմբեց բոլոր հարազատներին՝ վառ պահելով Թումանյանի հիշատակը:
Շնորհակալ եմ տիկին Լուսինե Ղարախանյանին՝ թեկուզ այսպիսի պայմաններում նման բովանդակալից միջոցառում կազմակերպելու համար,,:
Բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը ևս շեշտեց, որ Իսահակյանը սարի պես կանգնած է եղել Թումանյանի որբացած ընտանիքի թիկունքին: Եվ մի օրինակ էլ բերեց, թե ինչպես է Թումանյանը մեծարել Իսահակյանին: Գրողներով շրջում էին Թիֆլիսում, ու բոլորը Թումանյանին էին համարում մեծ գրող, իսկ Թումանյանն էլ համեստորեն հակադարձում էր նրանց ու ասում, որ հայ գրականությունը ավելի մեծ գրող ունի՝ Ավետիք Իսահակյան: Սուսաննա Հովհաննիսյանն էլ շնորհակալություն հայտնեց Լուսինե Ղարախանյանին՝ վերանորոգման մեջ գտնվող այս տուն-թանգարանում Վարպետի ծննդյան 150-ամյակը այդպես հանդիսավոր նշելու համար: Չէ՞ որ այդ դահլիճի հատակը կրում է մեր մեծերի ոտնահետքերը, որոնք մեծ էներգիա են հաղորդում ներկաներին:
Այսպես ավարտվեց հայ մտքի երկու հսկաների հոգևոր երկխոսությունը: Սակայն նրանց միջև անցկացված այդ թելն այսօր էլ չի կտրվել. այն շարունակում է կապել մեր անցյալն ու ներկան՝ հիշեցնելով, որ անգամ ամենախավար ժամանակներում հույսը, բարոյական ուժը և սերը դեպի հայրենիք չեն մարում, եթե պահենք նրանց թողած խոսքի և գործի լույսը:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ