ԲԱՑՕԹՅԱ ԹԱՆԳԱՐՆՆԵՐՈՄ՝ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՆԱՎԱՅՐԵՐՈՒՄ

«Մեր եկեղեցիները, մեր ավերակները մեզ համար նվիրական են և մեր ամբողջ անցյալի գեղեցիկ կոթողը, որու վրա դժբախտաբար եվրոպացին ավելի շատ բան կկարդա, քան մենք՝ հայերս»։

Թորոս Թորամանյան «Հայկական ճարտարապետություն» Էջ՝ 25 1948թ ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն

Մեր ազգի նշանավոր գիտնական, ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, հնագետ և լուսանկարիչ, Հայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիրը՝ Թորոս Թորամանյանը, հետաքրքիր հիշողություններ ունի՝ կապված նաև Արագածոտնի Փարպի գյուղի և մոտակա հնավայրերի մասին։ Եվ, ըստ Թ Թորամանյանի, մարդկության ստեղծած առաջին հուշարձանը դոլմենն է, իսկ Փարպիից ոչ հեռու՝ Արագածի հարավային լանջերին շատ են դոլմեն հուշարձանները։ Իհարկե, հազարամյա այս հուշարձանների՝ հիմնականում հիմքերն ու ավերակներն են պահպանվել թե՛ Փարպիի մատակայքում, թե՛ մեր երկրի այլ հատվածներում։ Բայց կան նաև գրեթե ամբողջական պահպանվածներ։ Տարիներ առաջ նման հուշարձաններ տեսել եմ Քաշաթաղի տարածքում՝ Աղավնո գետի աջափնյա բարձրադիր լանջերին՝ Կոռնիձոր գյուղի արևելյան կողմում և այլն։ «Դոլմենը, որ ընդհանուր առմամբ շինծու մը քարայր է, կբաղկանա մեծ սալաքար առաստաղ մը կրող երկու հանդիպակած կանգուն քարե զանգվածներե, մի տափակ քար դրված կանգուն երկու քարերի վրա։ Ահավասիկ մարդոց իրագործած առաջին հուշարձանի շինության առաջին ձևը։ ․․․Փարպին մի հնագիտական թանգարան է  ճարտարապետության տեսակետով գյուղի մեջ և շրջակայքում կան նախաքրիստոնեական ամենահին շրջաններից մինչև քրիստոնեական 14-15-րդ դարերի շինությանց մնացորդներ։ Ի բաց առյալ նախաքրիստոնեական բերդերն ու ամրոցները, կան նաև մի շարք հետաքրքրական քարայրներ», -գրում է Թորոմանյանը։   «Հայկական ճարտարապետություն» Էջ՝ 8։

Այժմ կան տարբեր զբոսաշրջային, արշավական ու հայրենաճանաչողությամբ զբաղվող ակումբներ, խմբեր, որոնք բացի արդեն հայտնի հուշարձաններից, արշավներ են կազմակերպում պատմական, բայց այսպես կոչված չհռչակված հնավայրեր։   Հոկտեմբերի 18-ին մասնակցեցի  «Armenian Speleo Club: Black Bat-Հայաստանի Քարանձավախուզական Ակումբ Սև Չղջիկ» և «Թոնդրակ» արշավական ակումբների համատեղ կազմակերպած մոտ 14 կմ երկարությամբ արշավին և ինձ համար բացահայտեցի մեր երկրի ևս մեկ սրբազան տարածք՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի, Բյուրական, Ղազարավան գյուղերի մոտակա հնավայրերը։ Մեծ չէր մեր արշավախումբը, որին առաջնորդեցին ու տարածքը ներկայացրին նշված ակումբների հիմնադիր-նախագահներ Արտավազդ Ջանոյանն ու Գոռ Ղազարյան/ը/, որոնք նախապես եղել էին տարածքում, գծել երթուղին։ Մեքենայում ծանոթացանք խմբի անդամներով՝ Ծովինար Խաչատրյան՝ «Կարմիիր բլուր» պատմահնագիտական թանգարանի ղեկավար, հնագիտությամբ հետաքրքրվող տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ Էդուարդ  Աթանեսյան, Գագիկ Աղամիրյան, Սողոմոն Մկրտչյան, Սարգիս Մանուկյան և տողերիս հեղինակը։

Սկզբում եղանք Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցի-ամրոցում, որը 2022-ից հիմնանորոգվում է։ Շինարարական աշխատանքները, որն իրականացնում է «Հարսնաձոր» ՍՊ ընկերությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով, այժմ էլ ընթանում են։ «Հարսնաձոր» ՍՊԸ տնօրեն Վարդան Միրզոյանն ասաց՝ այժմ իրականացնում են պատերի ամրացում և աշխատանքներ կատարում տաճարի ներսում։ Թ Թորամանյանը Ծիրանավոր-ամրոց-եկեղեցու մասին գրում է «Ծիրանավոր եկեղեցին անվրեպ 5-րդ դարու շենք է՝ առանց լքվելու մինչև 15-16-րդ դարերը գործնական եղած է շենքն իբրև եկեղեցի։ Նախնական 5-րդ դարու հատկանիշներեն շատ պահպանված է այս շենքում՝ հակառակ պարբերական նորոգումների․․․» (Էջ՝ 227)։ Եկեղեցին միանավ բազիլիկ է արևմտյան պատի մեջ կա քարե դռնով մուտք, որի վերին հատվածում՝ բարավորին կա դժվարընթեռնելի արձանագրություն՝ մոտը հավասարաթև խաչաքանդակ՝ նման 4-5-րդ դարերում կառուցված տաճարների պատերին քանդակվածներին։ Նման խաչաքանդակներ ունեն Ծիծեռնավանքը, Տեղի եկեղեցին, Աշտարակի Ծիրանավորը, Եղվարդի բազիլիկը, Երերույքը և այլն։ Մուտքի քարե դուռը պահպանվել է։ Հետաքրքիր է՝ նույն մուտքի վերին հատվածում կա մոտ 50 սմ հիմքերով քառանկյուն քարե խողովակ, որը հասնում է մինչև եկեղեցու տանիք։ Խողովակի ներքին հատվածում հավասարաթև խաչեր են քանդակված արևելյան և արևմտյան պատերին։  Եկեղեցու արևմտյան կողմում կա գաղտնուղի, որը պահպանվել է կիսավեր վիճակում։ Միջնադարում այս եկեղեցին, ինչպես նաև տարածքի այլ եկեղեցիներ, պատվել են որձաքարով կառուցված զրահով և ծառայել որպես ամրոց։ Ժամանակի սղության պատճառով երկար չմնացինք Փարպիում։

Նույն Փարպի գյուղի վերջնամասում՝ Շաղվարդ գետակի աջափնյա անտառապատ լանջում կա քարե դռնով քարայր։ Ա Ջանոյանը մեզ ուղեկցեց այնտեղ։ Մեծ չեն քարայրի դռան չափերը՝ դժվարությամբ ներս մտանք։ Պարզվեց՝ դուռն աշխատում է՝ չնայած դարերի պատմություն ունենալուն։ Քարայրի գործնական նպատակները ներկայացրին մեզ ուղեկցողները։  Փարպիի հարևան Նազարավան գյուղից ոտքով սկսեցինք մեր հիմնական արշավը՝ անցնելով արշավական նշված կազմակերպությունների բացած նոր երթուղով՝ Շաղվարդ գետի ավազանի պատմական վայրերով։  Խորհրդային տարիներին կառուցված Արզնի-Շամիրամ ջրատարն անցանք և քայլեցինք դեպի առաջին կիկլոպյան ամրոցը։ Մեզ ուղեկցողները «Լազարավան» անունով են կոչում հնավայրը՝ ամրոցն ու մոտակա բնակատեղին։ Սակայն Թորոս Թորամանյանն իր գրքում նշված հնավայրն անվանում է Գյավուր Ղալա՝ հիմնականում երևի կապված պահպանված դոլմենների հետ։ Հետաքրքիր զուգադիպությամբ նույն անունով էին կոչվել այդ ժամանակ նաև Հակարի գետի աջափնյա ձորակում գտնվող ժայռափոր եկեղեցու՝ Քրոնքի վանքի՝ Քրօնից եկեղեցու գտնվելու վայրը, ինչպես նաև Կոռնիձոր գյուղի արևելյան կողմում պահպանված դոլմենների տեղանքը՝ «Գյավուր Դամի»։ «Փարպիից հետո մեր ուղեգծին վրա էր Գյավուր Ղալա ըսված նախաուրարտական մեծ ամրոցը։ Փարպիից բարձրանալով Արագածի լանջերն ի վեր՝ հասանք այս նշանավոր ամրոցի առջև․․․ Մեր վերև բարձրանալու գիծը հին ճանապարհն էր․․․», -գրում է Թորամանյանը (Էջ՝ 227)։ Նրա նշված պատմական ճանապարհով, որը, ինչպես այն ժամանակ, նաև այժմ, պատված է քարերով ու խոտով, անցանք նաև մենք։ Ամբողջ սարալանջը պատված է ով գիտի՝ որ ժամանակներում կառուցված պատաշարերով, շատ են նախաքրիստոնեական դամբարանները։ Ամրոցի պարիսպների տակ ենք։ Հսկայական քարերով կառուցված պարիսպները մոտ 3 մ լայնություն ունեն։ Իհարկե հազարամյակներն իրենց հետքը թողել են տեղ-տեղ ամբողջովին քանդված են պատերը, որոշ հատվածներ պահպանվել են, կիսաքանդ են։ Սակայն պատմում են մեր նախնիների հզոր լինելու մասին։ Ուժ, գիտելիք, հմտություն, սուր միտք է պետք կերտելու նման պարիսպ։ Մի քանի հեկտար ունեցող ամրոցը 3 կողմից շրջափակված է պարսպով, իսկ արևմտյան կողմում Շաղվարդ գետի կիրճն է՝ ուղղաձիգ ժայռերով՝ բնական ամրություններ։ Տարածքում կան քարե աղորիքներ, փոսորակներով քարաժայռեր, խեցեղեն։ Պարսպի ներսում պահպանվել է նաև արդեն քրիստոնեական սրբավայրի ավերակ։ Այսինքն՝ ամրոցը երկար ժամանակ է ծառայել մեր նախապապերին։ Նշված սրբավայրում պահպանվել են 2 խաչքար։ Մեկն ամբողջական է՝ քանդակված գորշ տուֆից, ունի 134×67 սմ չափեր։ Մեջտեղից կոտրված է, ներքին հատվածում արևային ժամացույց հիշեցնող քանդակ է։ Հիմնական մեծ խաչաքանդակի վերին հատվածում՝ աջ ու ահյակ մեկական փոքր խաչեր կան։ Մյուսը կարմրավուն տուֆից է, սակայն որոշ կտորներ են պահպանվել։ Մոտակայքում սրբատաշ քարեր կան, հավանաբար եկեղեցու պատերի քարերն են։ Ավերակի հարևանությամբ մի մեծ քարով ծածկված խուց կա։ Ամրոցի հյուսիսային կողմի պարիսպը, որն իջնում է դեպի ձոր, շարված է ավելի մեծ քարերով։ Ամրոցը ձորալանջին ունեցել է նաև գաղտնուղի, որը կիսաքանդ պահպանվել է։ Պարսպից դուրս ձորալանջին, որը հեղեղատ է, մեծ-մեծ սալաքարեր են, որոնցից մեկի վրա ջրավազան կա։ Այս ամրոցից մոտ 3 կմ արևելք գտնվում է Ուշի գյուղի վանական համալիրը, որի հյուսիսային կողմում մեկ այլ կիկլոպյան ամրոց կա։ Մեր հաջորդ կանգառն ամրոցից ոչ հեռու գտնվող բավականին մեծ չափերով քարայրն է։ Ա Ջանոյանն ու Գ Ղազարյանը մասնագիտորեն նկարագրեցին քարանձավը, որը ժամանակին եղել է բնակելի։ Շաղվարդ գետի կիրճից դեպի հյուսիս պահպանվել է մեկ այլ հնավայր՝ դամբարանադաշտ, որտեղ բազում դամբարանների հարևանությամբ կան դոլմենատիպեր՝ ուղղանկյուն մակերեսով խցեր։ Հիմնականում քանդված են, բայց մեկը, որ գտնվում է կիրճի ափին, ամբողջական է՝ հսկա սալերով ծածկված։ Ձորի այս հատվածում ժամանակին մոտ 10մ թռիչքով կամուրջ է եղել՝ քարերով շարված, մոտ 7 մ լայնությամբ հենասյուներով, որոնք պահպանվել են։ Կիրճի աջակողմում մեկ այլ հնավայր է, որտեղ պահպանվել է նաև միջնադարում կրաշաղախով ու մշակված քարերով կառուցված մոտ 100 մ տրամագծով շրջանաձև ջրավազան։ Մոտը կա ավելի փոքրը։ Անգրսակ կոչվող այս հնավայր-բնակատեղին, որտեղ կա նաև գերեզմանատուն՝ միջնադարից մինչև 20-րդ դարին վերաբերող, բավականին մեծ տարածք է զբաղեցնում։ Այսինքն՝ միջնադարից գոյատևել է մինչև 20-րդ դար, և հավանաբար ջրի  խնդիր է ունեցել, որ բնակիչները հեռացել են այստեղից։ Պահպանվել են տների պատերը։ Գերեզմանոցի մոտակա ժայռերից մեկի վրա միջնադարում 2 գեղեցիկ խաչ են քանդակել։ Մի ավերակի մոտ խաչաքանդակներով սրբատաշ քարեր կան ընկած՝ տապանաքարեր են, ինչ-որ շինության քիվ։ Մի քարի վրա նաև արձանագրություն կա։ Գյուղատեղիի հարավային կողմում ոչ խոր ձորակ կա, որի սկզբնական մասով այժմ ճանապարհ է անցնում։ Սակայն նույն ճանապարհը գործել է նաև միջնադարում, հնարավոր է՝ ավելի վաղ։ Ճանապարհի ձախակողմում քարե աստիճաններ են բարձրանում ձորից, որի ափամերձ բլրակին մեծ ժայռեր են։ Այս ժայռերի վրայից նայում եմ դիմացի բլրին, որն իր վրա է պահում դարձյալ նախաքրիստոնեական ժամանակներում հիմնված մի հզոր ամրոց, որը տեղացիները կոչում են Աշոտ Երկաթի բերդ։ Զարմանալի է՝ ի՞նչն է եղել պատճառը, որ այս հատվածում իրարից մոտ 2-3 կմ հեռավորությամբ 3 նմանատիպ ու նույն ժամանակի՝ բրոնզ-երկաթեդարյան հզոր ամրոցներ կան։ Բազմակն, այսպես են կոչել ամրոցը մեզ ուղեկցողները։ Պատճառը՝ ամրոցում շատ են մարդու ձեռքով կերտված տարբեր չափերի փոսորակներով քարերը, որոնց նշանակությունը պարզ չէ։ Իհարկե, նույն քարերից գրեթե հնադարյան բոլոր ամրոցներում կա, սակայն այստեղ դրանք շատ են։ Ամրոցը պահող բլրի հյուսիսային ու արևելյան կողմերում դարավանդներ շատ կան։ Դրանք հուշում են՝ տարածքում շատ մարդ է ապրել ժամանակին և զբաղվել են երկրագործությամբ։ Մի քանի տակ են ամրոցի արևմտյան կողմի պարիսպները՝ հսկայական քարերով կառուցված։ Վերին հատվածում՝ հյուսիսարևմտյան լանջին կա միջնադարում կառուցած պարիսպ ու բուրգ-աշտարակ՝ մշակված և համեմատած փոքր քարերով։ Տարածքում կան նաև բավականին մեծ չափերով մի քանի քարեր, որոնց վրա ձեռագործ փոսորակներ ու առվակներ կան։ Ըստ երևույթին զոհասեղաններ են կամ այստեղ են ծիսական այլ նպատակներով։ Ընդհանրապես ամրոցի ամբողջ տարածքում վաղնջական ժամանակների պատեր են, հիշատակածս փոսորակներով քարեր։ Բացառություն է միջնադարյան պատաշարը՝ կից բուրգով։ Բայց բլրի հարավային կողմում պահպանվել է մշակված քարերով պատի հիմք։ Հնարավոր է միջնադարում, երբ օգտագործել են ամրոցը, այս հատվածում պալատ են կառուցել։ Դրա վկայություն է նաև մոտակայքում գտնված սրբատաշ քարը, որը լավ մշակված է։ Կան նաև սրբատաշ ու մշակված քարերի բեկորներ։ Ամրոցի հարավային կողմում նույնպես բազմաշերտ պարիսպներ են՝ մեծ-մեծ քարերով։ Այս հատվածով իջնում ենք ցած։ Ներքևում մոտ 50 մ երկարությամբ, 10 մ լայնությամբ ջրավազան է եղել ժամանակին։ Պատերը լավ են պահպանվել։ Նույն հարավային կողմում արդեն բնակատեղին է՝ բնակելի տների՝ լավ պահպանված պատերով, հիմքերով։ Տների հարևանությամբ նաև դոլմեններ կան։ Դրանցից մեկը շատ լավ վիճակում է պահպանվել։ Ուղանկյունաձև խցի վրա 2 մեծ քար կա դրված որպես ծածկ։ Քարերի վրա ձեռագործ փոսորակներ կան։ Պարզ է՝ դրանք նույնպես ծիսական նպատակով են։ Նշեմ՝ առաջին ամրոցում, այլ հատվածներում հանդիպեցին սալաքարեր, որոնց վրա մոտ 5 սմ տրամագծով, ոչ խոր փոսորակներ են քանդակված՝ մի գծով՝ 11-12 հատով։ Ինչ նպատակով են օգտագործել այդ քարերը, չգիտեմ, սակայն դրանք ինձ հիշեցրին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող Սև սարի հայտնի աստղադիտարանի ժայռապատկերները։ Ուսումնասիրելով դոլմենը՝  մոտը լուսանկարվելով՝ սկսեցինք հետ դարձի ճանապարհը։ Խոտածածկ ու քարապատ լանջով իջնում ենք։ Հետաքրքիր է ճանապարհի որոշ հատվածներում դարձյալ հանդիպում էին սանդ հիշեցնող քարեր՝ բավականին լավ մշակված փոսորակներով։ Այս հատվածում նույնպես շատ են պատերն ու դամբարանները, ընկանք նաև պատմական ճանապարհի վրա, որի 2 կողմերում պատեր են շարել ժամանակին։ Ներքևում՝ ամրոցից մոտ 1 կմ արևելք, ցածր բլրակի վրա մի կառույց երևաց՝ շրջանաձև հիմքով։ Շինության արևելյան կողմը բաց է, սակայն այս կողմից մոտ 30 մ երկարությամբ  ցածր մի պատ է ձգվում։ Մեկական պատ էլ հյուսիսային ու արևմտյան կողմերում են։ Բլուրը օղակված էր եղել պարսպապատով, որի հիմքերը պահպանվել են։ Նման կառույցներ, որ ուսումնասիրում է հնագետ Լևոն Մկրտչյանը՝ անվանելով «Մեգալիթյան աշտարակներ», շատ են Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզերում։  Միասին հաճախ ենք դրանք ուսումնասիրել։ Արդեն մթնշաղին Բազմակն ամրոց տանող պատմական ճանապարհով, որը ժամանակին եղել է բարեկարգ ու բանուկ, իսկ այժմ քարապատ ու խոտածածկ իջնում ենք ցած՝ դեպի Ղազարավան գյուղ։ Աշնանային չքնաղ բնությունը նույնպես կարևոր ազդեցություն ունեցավ արշավը կայանալու գործում։ Արշավի մասնակիցները գոհ էին կայացած օրվա համար, շնորհակալություն հայտնեցին Ա Ջանոյանին ու Գ Ղազարյանին, ովքեր ուղեկցեցին  խմբին, ներկայացրեցին հնավայրերը։ Ինչ խոսք, կարևոր է, որ կան Արտավազդի ու Գոռի նման երիտասարդներ, որոնք ճանաչել են տալիս մեր երկիրը, որտեղ մարդն ապրել է հազարամյակներ շարունակ ու կերտել նման հրաշքներ։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ