Ուսուցչի օրը մեր լուսավոր տոներից է: Մասնագիտական օր, որն առանց չափազանցության ողջ հասարակությանն է, քանզի բոլորը երբևէ աշակերտել են ուսուցչի, և յուրաքանչյուր ոք մինչև կյանքի վերջը սիրելի ուսուցչի կերպարը կրում է իր հոգում: Բոլորս էլ ժամանակին եղել ենք աշակերտ և միշտ խորին ակնածանքով ենք հիշում մեր դպրոցն ու ուսուցիչներին: Մեսրոպ Մաշտոցից սկսած ուսուցիչը մեր կյանքի հիմնասյունն է եղել: Լավ ու կատարյալ ուսուցիչը սերունդների մշտահոլով երթի մեջ է:

Մերօրյա ուսուցիչը տեսավ և՛ պատերազմ, և՛ երկրի փլուզում, և՛ զրկանք: Իր սաների կողքին զենքը ձեռքին կանգնեց հայրենիքի պաշտպանության դիրքերում: Եվ նաև զոհվեց վասն հայրենյաց: Հավերժ փա՛ռք նրանց և խորին խոնարհում նրանց անմար հիշատակին:
Կյանքն այսօր մեր առջև նոր պահանջներ ու նոր խնդիրներ է դնում. մեր ժողովրդը դժվարագույն ժամանակներ է ապրում: Բայց իր կոչման բարձրության վրա գտնվող ուսուցիչը շարունակում է սերմանել սաների մեջ ազգային գիտակցության և հոգևոր արժեքների պահպանման գաղափարը: Փառք ու պատիվ և խորին երախտագիտություն նրանց:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ: Մաղթում ենք ձեզ անսպառ եռանդ, առողջություն, մարտահրավերներին դիմակայելու ուժ ու կարողություն: