ՆԿԱՐԵՑԻՆ ԱՐԱՐԱՏ

Հոկտեմբերի 2-ին Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան»  Մատենադարանի հարակից տարածքը մարդաշատ էր շատ էին հատկապես երեխաները, որոնք նկարում էին Հայոց սրբազան լեռը՝ Արարատը։ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տների ու «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ իրականացվեց «Արարատը մեր աչքերում» հոգևոր և կրթամշակութային մեկօրյա ծրագիրը, որում ընդգրկված էր ավելի քան 150 երեխա, որոնք սովորում են Հայորդաց տներում։ Նրանք աշխատեցին բացօթյա՝ նկարելով Սուրբ լեռը՝ Մասիս-Արարատը։ Երեխաներն սկսեցին նկարել Տերունական աղոթքը հնչելուց հետո։

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը ողջունեց ներկաներին՝ ասելով՝ նախաձեռնությունը միտված է ազգային ինքնության, արվեստի, կրթության և ազատ ինքնարտահայտման խթանմանը։ Ծրագիրն ուղղված է երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, մեր մշակութային ժառանգության ամրապնդմանը և հոգևոր դաստիարակությանը: Մատենադարանի փոխտնօրեն Արման Մալոյանն իր խոսքում ասաց «Արարատ լեռը հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշն է, որը դարեր շարունակ ուղեկցել է ոչ միայն հայ ժողովրդի պատմությանը, այլև ապրել յուրաքանչյուր հայի հոգու մեջ»։

Մոտ 2 ժամ աշխատեցին մեր՝ աշխարհի լավագույն երեխաները՝ յուրաքանչյուրը յուրովի պատկերելով Հայոց սրբազան լեռը։

Ընթացքում շրջեցի տարածքում, զրուցեցի երեխաների, նրանց ուսուցիչների հետ։ Քանաքեռի Մանրանկարչության արվեստի կենտրոնի տնօրեն Աննա Սեդրակյանը նշեց՝ ծրագրին իր ղեկավարած կրթօջախից մասնակցում է 12 սան՝ ուսուցչուհի Զարինե Մկրտչյանի ղեկավարությամբ։ Կենտրոնի 11-ամյա սաները՝ Նատալի Տիգրանյանն ու Շուշանիկ Մուսիկյանը, սիրով էին նկարում․ ասացին՝ երևի նկարիչ դառնան։ Էջմիածնի Հայորդաց տան սաներ 15-ամյա Ալլա Ղազարյանն ու Լիլիթ Կիրակոսյանը ջրաներկով էին նկարում, բուժքույր են դառնալու։ Իսկ 11-ամյա Մարի Գրիգորյանի երազանքն է հայտնի նկարիչ դառնալ։ 8-ամյա Դիանա Սահակյանը Մասիսիների ներքին հատվածում Հայոց պետական դրոշի 3 գույնով պատկերներ էր նկարել․ ասաց՝ հրեշտակներ են։ Աշտարակի հայորդաց տան նկարչության բաժնի ուսուցչուհի Գայանե Խաչովյանի ղեկավարությամբ 15 երեխա էր մասնակցում ծրագրին։ Ասաց՝ դպրոցում ընդհանուր 6-15 տարեկան 18 երեխա է մասնակցում նկարչության դասընթացներին։ Բայց կարող են ընդունել նաև մինչև 18 տարեկանների։ Նրա սաներից 8-ամյա Հասմիկ Մնացականյանը Արարատ սարի ներքևում 5 երեխա էր նկարել։ Ասաց՝ աջից երրորդն ինքն է։ Նա համոզված է՝ հայտնի նկարիչ է դառնալու։ Էջմիածնի արվեստի դպրոցից 12-ամյա Գագիկ Հովակիմյանի նկարում Արարատի վերևով ինքնաթիռ է անցնում, լանջերով՝ թռչուներ, դիմացը հասունացած բերքով նռնենիներ են։ Այդպես է տեսել Արարատը։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող Հայորդաց տան նկարչության խմբակի ուսուցչուհի Լիլյա Պետրոսյանը 2023թ․ սեպտեմբերի վերջին Ստեփանակերտից է եկել։ Ասաց՝ իր դասավանդած խմբում սովորում է18 աշակերտ, բայց ծրագրին մասնակցում է 5-ը։ Նրանցից Սամվել Ղազարյանն Արցախի Խաչմաչ գյուղից է, իսկ Մարիա Աթաջանյանը՝ Ստեփանակերտից։ Նրանք և իրենց դասընկերներ Նատալի Սամոլևսկայան, Կարինե Մանուչարյանը, Էլիտա Մարգարյանը վառ գոյներով էին պատկերել Արարատը։ Հետաքրքիր ձևով էր Արարատը պատկերել 16-ամյա Միլենա Եղյանը։ Մասիսները շղթայված ձեռքեր են նրա նկարում։ Ասաց՝  հաստատ նկարիչ է դառնալու։ Նույն խմբից 13-ամյա Արևիկ Փարսադանյանի նկարում Արարատի գլխին արև էր։ 18-ամյա Մարիամ Խաչատրյանը, որն ուսանում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժնի առաջին կուրսում և ցանկանում է անիմատոր դառնալ, Մասիսը նկարել էր՝ ըստ իրեն Նախիջևանի կողմից․ այդպես է պատկերացնում ինքը։ Երևանի հումանիտար տեխնոլոգիական քոլեջի 16-ամյա սովորողներ Տաթև Խաչատրյանը և Անահիտ Սանոսյանը դիզայներ են դառնալու։ Տաթևը «Մայրամուտյան Արարատ» էր նկարել, իսկ Անահիտը՝ «Արյունոտ Արարատ»։ Կազմակերպիչների կողմից որոշվեց՝ լավագույն նկարների ալբոմ տպագրվի։    

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ