Երջանկությունը պարզ ցանկությունն է ու դրան հասնելու դժվարին ճանապարհը…

Այս ուղերձն է պարունակում հայաստանյան կինոթատրոնների էկրաններին օրերս հայտնված ,,Սյու,, գեղարվեստական ֆիլմը, որի հեղինակներն են ռեժիսոր Հրանտ Աբովյանը և պրոդյուսեր Վարուժան Գաբրիելյանը: Շնորհանդեսը կայացավ Երևանում՝ ,,Մոսկվա,, կինոթատրոնում, որտեղ հավաքվել էր մի ողջ արվեստասեր հասարակություն: Կինոթատրոնի դիմաց՝ բակային հատվածում, տեղի ունեցավ «Կարմիր գորգի» արարողություն: Մուտքի աստիճաններից մինչև Շառլ Ազնավուրի արձանը ձգվող կարմիր գորգը, նրա երկայնքով մետաղական կոնստրուկցիայից կազմված վահանակը, որի վրա փակցված էին ֆիլմին առնչվող խոշոր պաստառներ, տեղակայված՝ լուսային տեխնիկան, որը գեղարվեստական լուծումներ էր հաղորդում կինոթատրոնի ճակատային հատվածին, ինչպես նաեւ կարմիր գորգի ու լուսատեսանկարահանման հատվածի լուսավորումը, հաճելի երաժշտությունը հոգեպարար մթնոլորտ էին ստեղծել տարածքում: Ֆիլմի ստեղծագործական կազմը՝ նորահայտ հեղինակներ ու դերասաններ, հրավիրվածներն անցան կարմիր գորգի վրայով, ապա դահլիճում դիտեցին ֆիլմի առաջնախաղը:

Ժանրային առումով ֆիլմը դրամա է, երաժշտության հեղինակն է ,,Yellowheart,,ը: Ֆիլմը նկարահանվել է չորս տարվա ընթացքում՝ ունենալով մեծ դժվարություններ ու խոչընդոտներ:

Գլխավոր դերերում են Սյուզի Ադամյանն ու Սիսիան Ստեփանյանը:
Սյուզիի ու Դավիթի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել. նրանց մանկահասակ երեխան խեղդվում է անտառի լճում… Ի՞նչ է սպասվում երիտասարդ ընտանիքին, երբ ունեն ոչ միայն կորուստ, այլև գաղտնիքներ:

Ի՞նչ է կատարվում կնոջ հետ, երբ երջանկություն է փնտրում այլ տեղ…
Ի՞նչ է կատարվում կնոջ հետ, երբ կորցնում է…
Ի՞նչ է կատարվում, երբ քեզ չեն հասկանում, երբ մենակ ես…

Բազում հարցեր է առաջադրում ֆիլմը, որի գլխավոր հերոսները փորձում են դրանց լուծման ձևերն ու հնարները գտնել յուրովի՝ իրենց պատկերացումներով ու երևակայությամբ՝ միաժամանակ բախվելով բազում դժվարությունների: Նրանցից ո՞վ է ճիշտ, ո՞վ՝ սխալ, կդատի հանդիսատեսը:

Դողա ցավից, թող աշխարհն իմանա,
Որ դու կաս,
Գոռա ցավից, թող լսեն քեզ նրանք,
Իմանան, որ դու կաս…

Ցավից ու տառապանքից ծնված երգը կարծես փորձում է փոքր -ինչ մեղմել ողբերգությունը ու սփոփել հոգին: Սակայն երբեմն անսահման ցավից մարդիկ կորցնում են իրենց բանականությունը և ընտրում բնազդի ճանապարհը, որը հետագայում դառնում է կործանարար:
Հարթ չէ գլխավոր հերոսուհու՝ Սյուզիի ճանապարհը, անհուն վիշտը կորցնում է նրա հոգեկան հավասարակշռությունը, ստեղծում հոգեբանական խնդիրներ: Անքուն գիշերները, հոգեկան տվայտանքները վերջ չունեն, ոչ մի կերպ չի խաղաղվում նրա հոգին: Նույնիսկ հոգեբանի միջամտությունը չի օգնում նրան:
Ի վերջո, հերոսուհին նախընտրում է կորստի ճանապարհը՝ ձուլվելով իր մասնիկի՝ Էրիկ որդու հետ, միանալով նրա երկնային գոյությանը՝ մենակ չթողնելու համար:
Դավիթի ,,վերադարձի,, ճանապարհը ևս շատ ցավոտ է: Երբ նա փորձում է սթափ գնահատել իրավիճակը ու վերադառնալ Սյուզիի մոտ, վերջինս արդեն իրենց որդու՝ Էրիկի մոտ էր…
Կախարդական բնություն՝ աշնանային վառ գույներով, հրաշալի երաժշտություն՝ և՛ սիրտ կեղեքող, և՛ ամոքիչ ելևէջներով ու տագնապող երանգներով, դերասանների բնական խաղ ու սոցիալ-կենցաղային տարաբնույթ դրսևորումներ. այս ամենը հանդիսատեսին մագնիսի պես քաշում-տանում է իր ետևից դեպի իր խառնարանները, որտեղից դու պիտի ընտրես քոնը, քեզ հարազատ միջավայրը: Այս խառնարանում թերևս ամեն մարդ կգտնի իրեն, կճանաչի իր դեմքը:
Մայրենի՝ հայերեն հնչողությամբ ֆիլմը շատ խոր ու խորհրդավոր շերտեր ունի /ֆիլմում շատ են խորհրդանիշները/, որ նորանոր մեկնաբանություններ ու բացահայտումներ է պահանջում: Սա թողնենք հանդիսատեսի դատին:
Մեծ անհագությամբ դիտում ես ֆիլմը ու մտորում՝ ախր, ինչու՞ այդպես ստացվեց. չէ՞ որ կարող էր այլ կերպ լուծվել խնդիրը:
Խոր ցավ ու ափսոսանք ես ապրում հերոսների ճակատագրերի համար ու հետևություններ անում, թե նման իրավիճակում ինքդ ի՞նչ լուծում կգտնեիր:
Դահլիճի բուռն արձագանքը փաստում է, որ ի դեմս ,,Սյու,, գեղարվեստական ֆիլմի՝ գործ ունենք մի լուրջ աշխատանքի հետ, որի շուրջ արվեստագետների տարբեր կարծիքներ են բախվելու իրար: Այդ են վկայում կինոդիտումից հետո հնչող գնահատականները, որոնց ծանրակշիռ մասը խոսում է ֆիլմի կարևոր ուղերձների/ ու հեղինակների ձեռբերումների մասին /հանդիսատեսի բուռն ու երկարատև ծափահարությունները դրա խոսուն վկայությունն են/:
Պրոդյուսեր Վարուժան Գաբրիելյանը այսպիսի միտք է արտահայտում. ,,Եթե նկատել եք, ֆիլմում մենք մի փոքրիկ խորհրդանշան ունենք՝ նավակը, որն ուղարկում ենք նավարկության… Դրա հաջող նավարկության մասին կխոսի հանդիսատեսը, դրանից էլ մենք հետևություններ կանենք,,:
Իրոք, միայն հանդիսատեսը ճիշտ կգնահատի ֆիլմը, որը հեղինակների առաջին լուրջ քայլն է, ինչն էլ խթան կհանդիսանա հետագա մյուս կարևոր քայլերի համար:
Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսները մոտենում էին գլխավոր դերակատարներին ու հեղինակներին, շնորհավորում նրանց, մաղթում հաջողություններ՝ հետագա գործունեության համար:
Երբ մոտեցա գլխավոր հերոսուհուն՝ Սյուզիին, ու գնահատեցի նրա շատ բնական խաղը /իմիջիայլոց, սա նրա առաջին լուրջ նկարահանումն էր/, ոգևորվեց հաճելի խոսքերից, շնորհակալություն հայտնեց ուշադրության համար ու առաջարկեց միասին լուսանկարվել: Նրան խոստումնալից ապագա է սպասում, տաղանդավոր աղջիկ է ու շատ ծանր բեռ էր առել իր ուսերին:
83 րոպե տևողությամբ ,,Սյու,, ֆիլմը հանդիսատեսին ստիպում է լարված սպասումով, ծանր ապրումներով հետևել հերոսների դրամատիկ հոգեվիճակին, որն ավարտվում է, սակայն, ոչ ստանդարտ եղանակով:
Երկու ամառ և երեք աշուն ընդգրկող ֆիլմի հեղինակներ Վարուժան Գաբրիելյանն ու Հրանտ Աբովյանը վերջում իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին բոլոր այն մարդկանց ու կազմակերպությունների հասցեին, որոնց ջանքերով իրողություն է դարձել այդ ֆիլմի արտադրությունը:
Ֆիլմը նախատեսված է ոչ միայն ներքին սպառման , այլև արտաքին աշխարհի համար:
Ֆիլմի դիտումից հետո ներկաները շարունակեցին վայելել հեղինակների ու դերասանների հետաքրքիր ներկայությունը ճաշակով կազմակերպված հյուրասիրության ժամանակ՝ շփվելով և լուսանկարվելով նրանց հետ:
Բոլորս շնորհավորենք Վարուժան Գաբրիելյանին ու Հրանտ Աբովյանին՝ կինոարվեստում այս լուրջ ու կարևոր առաջին քայլն անելու համար, մաղթենք կանաչ ու լուսավոր ապագա իրենց ընտրած բնագավառում:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ