ԳԱՐԵԳԻՆ ԱՂԱԲԱԼՅԱՆԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ՄԱՐԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Խառը մենամարտերը (MMA), որը կոչվում է նաեւ ՙմարտ առանց կանոնների՚, իրենից ներկայացնում է բազմաթիվ տեխնիկաների համադրությամբ կիրառվող մենամարտ: Խառը մենամարտերի մեջ ընդգրկված են 67 մարզաձեւի հզորագույն հնարներ, որոնցից են ջիու-ջիցուն, գրապլինգը: Դա լրիվ կոնտակտով մարտ է՝ հարվածային տեխնիկայի, ինչպես նաեւ կանգնած վիճակում  ու գետնին վարվող մարտի օգտագործմամբ: Ինչպես որ մարզաձեւն է ունիվերսալ, այնպես էլ դրանով պարապող մարզիկը պետք է լինի այդպիսին:

ՙMMA՚ (Mixed Martial Arts) տերմինն առաջարկվել էր 1995 թվականին MMA-ի վաղ կազմակերպություններից մեկի նախագահ Ռիք Բլյումի կողմից, իսկ հետագայում իր կայուն կիրառումն է գտել նաեւ ոչ անգլախոս երկրներում:

MMA-ի ակունքները գնում են դեպի մեր թվարկությունից առաջ, երբ դեռ հին հույներն էին մրցում Օլիմպիական խաղերի ժամանակ, սակայն մինչ 1990-ականները խառը մենամարտերն աշխարհում արդիականություն չէր վայելում: Միայն այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին են UFC-ը կամ  PFC-ը, հիմնվելուց ու զարգանալուց հետո խառը մենամարտերի վարկանիշը կտրուկ աճեց:

Առաջներում մրցաշարերը քիչ կանոններ ունեին: Սակայն բազմաթիվ քննադատություններից հետո առ այն, որ սպորտը չպետք է լինի արյունարբու, գռեհիկ պայքար, մտցվեցին լրացուցիչ կանոններ, որոնք նպաստեցին մրցակիցների անվտանգության բարձրացմանն ու էլ ավելի շատ դիտորդների ներգրավմանը:  Այդ ջանքերի շնորհիվ խառը մենամարտերը ներկայում ամենատարածված ու մասսայականացված մարզաձեւերից է, որի մասին են վկայում թե՛ մարտերի վճարովի հեռարձակման չափորոշիչները, թե/՛ԶԼՄ-ների լուսաբանումները, թե՛ պարապողների թվի աճը եւ թե՛ դրա հետ կապված ապրանքների վաճառքի մեծացումը:

Արցախում խառը մենամարտերը լայնորեն տարածված ու զարգացող մարզաձեւերից էր՝ շնորհիվ ճանաչված մարզիչ Գարեգին Աղաբալյանի ջանքերի: Մայրաքաղաք Ստեփանակերտից բացի մասնաճյուղեր էին գործում նաեւ շրջաններում: Հարցազրույցների ժամանակ Գ. Աղաբալյանը պարզաբանում էր, որ նպատակ ունեն արցախցի մարզիկներից լուրջ պրոֆեսիոնալ մարզիկներ պատրաստել: Նպատակի իրականացման պայմաններ էին հայրենիքում եւ երկրից դուրս կազմակերպվող մրցաշարերին մարզիկների հաճախակի մասնակցությունը, ուսումնամարզական հավաքների պարբերաբար անցկացումը:

 Բացի մրցաշարերում հաղթող դառնալուց, խառը մենամարտերով զբաղվելը մարզիկներին կոփում է ֆիզիկապես ու հոգեպես՝ դարձնելով նրանց աննահանջ դժվարությունները հաղթահարելիս: Դիտելով խառը մենամարտերից որեւէ մարտ՝ անհնար է չնկատել մարզաձեւի դաժան ու կոպիտ հնարները: Հատկանշական է, որ մարզիչը մեկնաբանում էր, որ  ինչքան էլ կոպիտ լինեն մրցաշարերը, դիրքերից վտանգավոր չեն կարող լինել, ուստի հորդորում էր մեր մարզիկներին չվախենալ մարզաձեւի կոպտությունից:  Հակառակը՝ այն ձեւավորում է վտանգի դեպքում ռիսկային գործողություններ կատարելու հմտություն: Խառը մենամարտերը սովորեցնում են հեռու մնալ վատ սովորություններից եւ մոբիլիզացնել ուժերը հաղթելու համար:

2020թ. պատերազմին մասնակցած որոշ տղաներ, որոնք կոփված էին խառը մենամարտերում, մեզ հետ հարցազրույցների ժամանակ ասել են, որ այդ սպորտում ձեռք բերած հմտությունների շնորհիվ կարողացել են լավ արդյունք դրսեւորել պատերազմական գործողությունների ժամանակ եւ այն դժվար պահերին, երբ կյանքի ու մահվան կռիվ են տվել:

Արցախում բարձր մակարդակով կազմակերպվել են մրցաշարեր: 2019թ. սեպտեմբերին Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» համալիրի մարզադաշտում կայացավ Արցախում նախադեպը չունեցող՝ HayFC  (Hayastan Fighting Championships) կազմակերպության առաջին պրոֆեսիոնալ մրցաշարը, որին մասնակցեցին 28 լավագույն մարզիկներ Արցախի եւ Հայաստանի հանրապետություններից:  MMA, K-1 եւ բռնցքամարտ մարզաձեւերից կայացած 14 պրոֆեսիոնալ   մենամարտերը տաք կրքերի մթնոլորտում անցան:

Յուրաքանչյուր մարզիկի նպատակն է հասնել պրոֆեսիոնալ ռինգ: HayFC կազմակերպության միջոցով, որի հիմնադիրն ու նախագահն էր Գարեգին Աղաբալյանը, հնարավոր կդառնար ապահովել մարզիկների մասնակցությունը հաճախակի կազմակերպվող մրցաշարերի, ինչն էլ կխթաներ նրանց մասնակցությանը նաեւ միջազգային պրոֆեսիոնալ առաջնությունների, ինչպես, օրինակ՝ UFC կամ GLORY կազմակերպությունների մրցաշարերին:

2020թ. պատերազմն ավարտվելուց ամիսներ անց մարզաշխարհում գունագեղ ներկայացումների եւ մարզական աշխույժ միջոցառումների կարոտ կար: Հուրախություն մենամարտերի սիրահար կամ առհասարակ մարզասեր արցախցիների՝ Արցախի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի նախագահ եւ մարզիչ Գարեգին Աղաբալյանի նախաձեռնությամբ՝ Ստեփանակերտ ժամանեցին հզորագույն մարզիկներ Ամերիկայից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, առավելապես մոսկովյան  «Львиное сердце» մարտական ակումբի լավագույն մարզիկներ: Հնգօրյա այցի նպատակն էր Արցախում կազմակերպել ուսումնամարզական հավաք եւ վարպետության դասեր MMA հավաքականի մարզիկների համար, ոգեւորել արցախցի մարզիկներին, բարձրացնել բարոյահոգեբանական եւ տեխնիկատակտիկական մակարդակը, ինչպես նաեւ կազմակերպել լավ ժամանց մեր մարզիկների հետ:

Անվանի մարզիկներն աշխարհում հայտնի են ինչպես բարձրագույն տիտղոսներով, այնպես էլ մենամարտային մարզաձեւերում ունեցած պրոֆեսիոնալիզմով: Մարտական ոգի եւ մարզական պրոֆեսիոնալիզմ, ուժ եւ հզորություն. դա են խորհրդանշում  հետեւյալ անունները. Արմեն Ղուլյան, Հրաչիկ Բոզինյան, Ժորա Այվազյան, Մորիս Բոլեյան, Վարշամ Գեւորգյան, Տարոն Գրիգորյան, Նազար Արզումանյան, Կարեն Փասիկյան, Վարդան Բաբայան, Վահե Սահակյան, Էդուարդ Վարդանյան, Վազգեն Ղազարյան, Սահակ Պետրոսյան:

Տարբեր երկրներից լավագույն մարզիկների Արցախում գտնվելը եւ վարպետության դասեր տալը կարեւոր մարտավարական նշանակություն ունեցավ ոչ միայն Արցախում խառը մենամարտերի զարգացման, մարզիկների մարզական վիճակի էլ ավելի բարելավման համար, այլ այն առումով, որ դա մեծ քայլ է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման համար, ինչը արցախցիների համար դրական հոգեբանական ազդեցություն ունեցավ հետպատերազմյան ժամանակաընթացքում: Բացի դրանից, պրոֆեսիոնալ ռինգերում հանդես եկող մարզիկներն ունեն ավելի շատ փորձ, որի շնորհիվ շատ բան սովորեցին  մեր մարզիկները:

2023թ. բռնատեղահանվելուց հետո Գարեգին Աղաբալյանը վերսկսում է մարզչական գործունեությունը Երեւանում. Սեւ գոտի, միջազգային կարգի որակավորված մարզիչ, բարձր մակարդակի մասնագետ եւ նվիրված մարդ, որը տարիներ շարունակ զարգացրել է խառը մենամարտերը (MMA): Նրա պրոֆեսիոնալիզմը, փորձը եւ նվիրումը դարձնում են մարզումները ոչ միայն արդյունավետ, այլեւ ոգեշնչող: Այժմ նա վերսկսում է մարզումները՝ բացելով նոր մասնաճյուղ Շենգավիթ վարչական շրջանում: («ՄԻԿԱ» մարզահամալիր, Մանանդյան 41 հասցեում:) Ընդունելությունը կատարվում է տղաների ու աղջիկների համար՝ սկսած 9 տարեկանից:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ