ԿՅԱՆՔԻՍ ԲՈՒՅՆԸ` ՈՍՏԱՆ ԱՅԼՈՑ

                  /Ցավերգ/

 … ԹՈՂԵՑԻՆՔ ՁԵԶ ՄԵՆԱԿ, ՏԽՈՒՐ ՀԱՅԱՑՔՈՎ ԱՌ ԱՍՏՎԱԾ

 Պինդ պահենք թեև փոքրիկ, բայց աշխարհին ներկայանալու և հարատևելու հայի անձնագիրը` հայոց պետականությունը, Ազգովի վարենք ճիշտ քաղաքականություն, ազգային քարոզչության մեքենան աշխատեցնենք:

Ու տակավին դեռ էն գլխից,

Դեռ շատ փոքրուց, իմ ծննդից,

Մեծ աշխարհում իմ տարածքի, Իմ անձնական ոտնահետքի,

Իմ պարտեզի  ես ոճաբան ու պարտիզպան,

Իմ ամրոցի` անխոնջ վարպետ ու որմնաշար…

Անունն էր իմ

… Անտաշ քարտաշ` մուրճը ձեռքիս,

Պարտապանի ուսապարկը միշտ իմ ուսին,

Լայն աշխարհում ես իմ Բույնի,

Անխոնջ ու լուռ մշակն էի…

Իմաստունը` ժողովուրդը, ճիշտ է դատել,

Աստված գիտի ում ինչ բաշխել,

Ինչ բաժին տալ և ում ձեռքին որ Զորության

Խաչը դնել…

Բնույթն էր իմ` գուցե մի քիչ աշխատասեր,

Գուցե մի քիչ կամքով արի,

Գուցե մի քիչ լուսավորյալ ու կորովի,

Գուցե մի քիչ նկատելի…

Եվ ՆԱ տեսավ` Տերն – Արարիչ ամենակալ,

Որ Երկնային դատավորն է այս աշխարհի,

Որ սպասում էր ճամփի եզրին հազարավոր

մարդկանց երթում.

 Ինձ էր սպասում.

Պարտապանի ուսապարկով` վրան խարան` իմ անունով,

Ոտից գլուխ չափելով ինձ, ՆԱ խստաբար նայեց, ասաց.

– Սա է Խաչը, կյանքիդ Խաչը,

Վերցրու, կրիր դու քո Խաչը:

Չերկնչեցի ու հեզորեն իմ ԱՆՈՒՆ-ով ուսապարկը

Իմ ուսն առա

Իմ ուսն առա ու քայլ արի…

Քայլն առաջին, ապա` հաջորդ,

Հետո` հաջորդ քայլերը իմ, որ քայլք դարձան,

Անկանգ Մեծ Վազք փշոտ ճամփով…

Բազմահազար կետերի մեջ մի խուլ տեղում

Մի ոտնաչափ կետս  գտա` իմ անունով,

Որպես ազնիվ ես մի վազորդ` քայլ արեցի,

 Ճամփա ելա…

Մեծ աշխարհում ես իմ բույնի, իմ տարածքի

Անխոնջ ու լուռ մշակն էի,

Պարտապանի ուսապարկը` միշտ իմ ուսին,

– Ես` շինարար, ես` կառուցող,

Անտաշ վարպետ, հմուտ վարպետ,

Ստեղծող վարպետ,  ճարտարապետ,

Ես` քրտնաքամ քանդակագործն իմ ՏԵՍԱԿ-ի

Ու իմ ծառի` մաքրաարմատ,

Գործն աշխարհի` անքննելի, անմեկնելի,

Գործը` մարդու նրա բաժին կյանքի ուղու,

Նրա հոգու մաքառումի, արարումի ու սլացքի,

Նրա մարմնի տառապանքի, ուրախության,

Անմեկնելի, անքննելի,

– Եվ ո’վ գիտի,

Ո՞ր թռչունի բույնն է ամուր` նրա հզոր մտքից շինված,

Ծիծեռնակի՞, արագիլի՞, թե±՞արծվի

Ես չգիտեմ, օ¯, բարդ է շատ, չգիտեմ, գիտեմ միայն,

Որ իմ Բույնը, Անձիս բույնը, Հոգուս բույնը

Պողպատից էլ ամուր է այն,

Որ իմ Ես-ից, որ իմ ներսից, իմ մարմնից

Մաս-մաս հանել,

Իմ արյունից, քրտնաշաղախ իմ մատներից

Ու իմ մտքից ծվեն-ծվեն ես հավաքել,

Շինել եմ բույն…

– Անձիս բույնը` երջանկության մի մեծ Ոստան

այլոց համար,

Բույնն իմ Կյանքի` երկնել, հասել, ծվարել է

Բարդի ծառի վերին ճյուղին:

Տիրոջ ձայնին հույսով սպասել,

Մեր հին բակի Թեղի ծառից անվերջ սնվող,

Այսքան մոտիկ, այսքան հեռու, մեռնող կարոտ,

Մեր հին Բակի պապիս ծառին` Թեղի ծառին

անվերջ հենված,

Բույնն իմ կյանքի, որ հասել ու ծվարել է

Մեր հին Բարդու վերին ճյուղին…

Անձիս բույնը` երանության մի մեծ Ոստան

այլոց համար՝

Քամուց ծեծված ու հալածված

Անձրևներից, տապից, տոթից և արտասված,

Անծանոթից ու ծանոթից, հարազատից հաճախ

           անգամ և քարկոծված,

Բայց չճկված, երբեք-երբեք ճաք չտված,

Այս աշխարհի արդարության ու պայքարի

դրոշն առած,

Մնացել է նա միշտ կանգուն իր նվաճած

բարձր տեղում`

Մեր հին ու ծեր Բարդի ծառի վերին ճյուղին.

Բույնն իմ անձի` երջանկության մի մեծ

 Ոստան այլոց համար,

Անձիս բույնը` ոստան այլոց:

Մի ծղոտից, մի փետուրից, մի ծիլ խոտից,

Ճամփա բռնել ու բարձրացել,

Թոնրի նման ատամ-ատամ որմնաշարով,

Իմ օրրանի, իմ պապերի մաքրամաքուր

         խոր արմատին պարուրվելով,

Գալարներով գալարվելով,

Եվ շյուղ առ շյուղ ագուցվելով, ամրանալով,

Տունս շինվեց, բույնս շինվեց,

Մի ծղոտից, մի փետուրից, մի ծիլ խոտից

Ճամփա ելած՝ բույնս շինվեց,

Բնավորվեց ու տեղ գտավ

Բարդի ծառի վերին ճյուղին:

– Սա էր կյանքը, կյանքը Նրա,

Երևույթ էր մի լուսառատ,

Ուրիշների կյանքով ապրող այս լուսավոր

մարդու կյանքը:

Հազարի մեջ` իր տեսակով մարդու կյանքը…

Թե հարվածվել, ես իմ դառը ումպն եմ ըմպել,

Ծիծաղելով, ոչ հեգնելով, ծիծաղելով,

Չիմանալով. Ինչի  համար…

Ու չեմ ընկել, ու չեմ թեքվել, ու չեմ փոխվել,

Մնացել եմ մի երեսով, նույն երեսով,

Նույն երեսով. թող որ մաշված ու կոշտացած,

Բայց լուսարձակ` մի երեսով`ճշմարտության

Թոնրի բովում:

Նույն երեսով մարդկանց նայել, չեմ վարանել,

Չեմ վհատվել, կանգ չեմ առել

Ու մտքերով նոր ուժ ստացած,

Նոր խոյանքով.

Բույնս նորից ես հարդարել,

Նոր քանդակներ ու նոր գույներ տվել նրան,

Որ տաք լինի այլոց համար,

Որ տաք լինի մարդկանց համար,

Որ չխամրի, որ միշտ փայլի նրանց համար,

մարդկանց համար…

Ուրացումից անմարդկային հեռու մնամ, անկեղծանում,

Հարյուր-հարյուր օտար մարդուց ես սեր առա,

Սիրո մեծ Գետ, կյանքիս Գետը,

Գետն իմ կյանքի, իմ տեսակի,

Որ լցվել ու հորդացել է նրանց Սիրով`

նրանց համար,

Այլոց սիրով, ոչ ինձ համար, այլոց համար…

– Կյանքիս ԳԵՏ-ը` երանության, խաղաղության

Խաղաղ օրրան, ձյունաճերմակ մեծ օրորոց,

նրանց համար, մարդկանց համար 

Եվ խորաշերտ, հազարածալք մեծ շտեմարան,

Որ բոլորին տեղավորի իր ծալքերում,

Մի հացատուն հազարատեղ,

Ուր բոլորը իրենց տեղն ու աթոռն ունեն,

Ու ոսկետառ հազար էջից մի մեծ Մատյան,

Որում բոլորն իրենց էջն ու մասունքն ունեն:

– Անձիս բույնը մի ծղոտից, մի փետուրից, մի ծիլ խոտից

Ճամփա բռնեց ու բարձրացավ,

Աչքը հառած սեգ կատարին,

Սարալանջից նա քայլ առավ,

Քամուց ծեծված, քարից խփված,

Արևակեզ ու քրտնաթոր.

Սարալանջից նա քայլ առավ,

Լանջերն ի վեր, ժայռերն ի վեր,

Ու հասավ Տեղ, հասավ Սարին`

Մեծ աշխարհի դիտակետին,

Անչափ, անսկիզբ մաքուր մի տեղ` բարձրում թառած,

…Աներևույթ մի դատարկ տեղ,

Երանությամբ լեցուն մի տեղ տիեզերքում,

Մի նվաճված լեռնագագաթ,

Որը սկիզբն էր դատարկության,

Մի նվաճված դատարկության,

Որը սկիզբն էր մի նոր ՍԿԶԲԻ…

Մի նոր ՍԿԶԲԻ` դատարկության նվաճումի:

 Անչափելի մի ճանապարհ

Մի լուսավոր մարդու համար:

Եվ դատարկված, էությանս մեծ Բաժինը, մաշված

ցուպս սարում թողած,

Իջնում եմ ցած դեպ սարալանջ`

Դատարկության նվաճումի` նոր սարալանջ£

– Անունը իմ`

Տաշված քարտաշ, հղկված քարտաշ,

Քանդակ, մատյան, գրիչ ձեռքիս…

Անձիս բույնը, կյանքիս բույնը` Ոստան այլոց,

Մի ծղոտից, մի փետուրից, մի ծիլ խոտից,

Սարալանջից ճամփա բռնեց ու բարձրացավ,

Բնավորվեց ու տեղ գտավ

Մեր հին Բարդու,

Մեր ծեր Բարդու  վերին ճյուղին£

Հ. Գ. Երբ Տանն էինք, երբ պաշարված Արցախում թևածում էին  հայրենները…

Լաուրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ/Ասրյան/

Արցախից բռնատեղահանված մանկավարժ