ԳԻՏԵԼԻՔԸ՝  ԱԶԳԻ  ՄՇՏԱԳՈՅՈՒԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆ

Տասնամյակներ շարունակ, երբ գալիս էր սեպտեմբերը, Արցախում մանուկ ու մեծ անսահման երջանիկ էին։ Եւ դժվար է ասել՝ երջանկության այդ զգացումն առավելապես Գիտելիքի օրվան նվիրված հանդիսությունի՞ց էր գալիս, թե՞ Անկախության հռչակման առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներից։ Երևի երկուսը միասի՛ն, որովհետև այդ երկուսով էր հենց ամբողջանում Հայրենիքը։ Հիմա, ավա՜ղ, միայն թանկ հուշերն են ջերմացնում նրանց՝ լուսանկարների, տեսանյութերի տեսքով  վերապատկերելով երջանիկ պահերի դրվագները։

Սեպտեմբերի 1-ին հայաստանյան կրթօջախներում կրկին կղողանջի ուսումնական տարվա սկիզբն ավետող ուրախ զանգը։ Իրենց դասընկերների հետ լուսառատ դասարաններ կմտնեն նաև Արցախից բռնատեղահանված դպրոցականները։ Ամառային անհոգ օրերին կփոխարինի դպրոցական հագեցած առօրյան։ Իսկ ահա Գիտելիքի օրվան հաջորդող տոնական  հրճվանքը չի լինի, նրանց թրթռուն շուրթերից չեն հնչի օրհներգի կարոտալից բառերը․

Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի,
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։

Հայրենաբաղձության հուզմունքը լռին կթափահարի նրանց հոգու թևերը՝ մտովի ճախրելու հարազատ ծննդավայրի խաղաղ երկնքով, քայլելու մանկության անջինջ արահետներով։ Երազանքը հիրավի՛ անհնար է խլել մարդուց՝ անկախ նրա տարիքից, որովհետև երազանքի մեջ միշտ նպատակ կա ու ձգտում․․․

Ասել ու կրկնում ենք․ Հայաստանի Հանրապետության բոլոր կրթօջախներում սիրով են ընդունել արցախցիներին՝ ուսուցիչ, թե աշակերտ։ Եւ այդ անփոփոխ գուրգուրանքով պարուրված՝ ուսումնական տարին ավելի հետաքրքիր ու բովանդակալից կդառնա։ Գիտելիքը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցից մինչև մեր օրեր, կենսանպատակ է եղել հայ ժողովրդի համար։ Գիտելիքն ուղղակի իմաստով ազգի մշտագոյության կարևոր պայմանն է, և այն անխոտոր ուղեկից կլինի նաև գալիք դարերում ու հազարամյակներում։

Բարի՜ երթ նոր ուսումնականին։ ՚ԼՈՒՍԱՐԱՐ