Mediahub.am-ի հետ կայացած հարցազրույցներից մեկում Դվինի հնագիտական, Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն իր վրդովմունքն ու զարմանքն է հայտնել այն փաստի առթիվ, որ Հայաստանը միտումնավոր դուրս է մղվում տարածաշրջանի մշակութային, գիտական գործընթացներից: Դրա վառ ապացույցն է ,,Քաղաքներ սահմանի վրա. ուշ անտիկ ուրբանիզացիայի ուսումնասիրությունը Հարավային Կովկասում մ.թ. 300-600-ականներին,, խորագրով կայանալիք գիտաժողովին մեր երկրին մասնակցության հրավեր չուղարկելը:

Կազմակերպիչներն անտեսել են տարածաշրջանի քաղաքակրթությունում դարեր ի վեր անջնջելի հետք թողած հայկական մշակույթը և հայ մասնագետներին:
՚Որպես կանոն՝ այդ գիտաժողովները հիմնվում են գիտական թեմատիկայի վրա: Գիտությունը չի կարելի խառնել քաղաքականության հետ: Դրանով ակնհայտորեն մերժվում է քաղաքակրթությունը: Գիտական հանրույթը չպետք է նման մոտեցում ցուցաբերի: Գիտնականին հատուկ պիտի լինի գիտական, ակադեմիական բարեվարքությունը:
Քաղաքական սահմանները, քաղաքական փոխհարաբերությունները սովորաբար հաշվի չէին առնվում նման գիտաժողովների ժամանակ: Միտումնավոր կերպով ընդհանուր գիտական օբյեկտից հանել գիտական հետազոտության մի մասը, տվյալ դեպքում՝ հայկականը, հայկականությունը, ուղղակի անհեթեթություն է: Չմոռանանք, որ եղել են գիտաժողովներ, զուտ հայկական մշակույթին, քաղաքակրթությանը նվիրվածՙ:

Պրոֆեսորը իր խորը հիասթափությունն է արտահայտել գիտական աշխարհում տիրող նմանօրինակ շերտավորումների ու անտեսումների համար: Միջազգային հայտնի հետազոտողների կողմից նման վերաբերմունքը շատ անհասկանալի է,- ընդգծել է գիտնականը:
ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում օրերս կայացած ,,Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի,, գրքի շնորհանդեսը կարծես վերոնշյալի ամբողջական պատասխանը դարձավ:
,,Գեղարդ,, գիտավերլուծական հիմնադրամը, որի գլխավոր առաքելությունն է միավորել հայագիտության և հարակից ոլորտների մասնագետներին ռազմավարական ուսումնասիրությունների շուրջ, այս անգամ ևս պատվով կատարեց իր վեհ առաքելությունը. հիմնադրամի մասնակցությամբ ու աջակցությամբ իրողություն դարձավ հերթական ազգանվեր քայլը՝ տպագրվեց ,,Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի,, քառալեզու գիրքը /հայերեն, ռուսերեն, անգլերեն և թուրքերեն/:

Շուրջ չորս դար ներառող և գորգերի ավելի քան 120 տիպ պարունակող Հայոց ազգագրության թանգարանի /ՀԱԹ/ այս հավաքածուն ունի պատմամշակութային բացառիկ նշանակություն՝ ներառելով 17-19-րդ դարերով թվագրվող նմուշներ, հայատառ թվակիր հիշատակարաններով գորգեր:
Առավել հարուստ ու ամբողջական են ներկայացված Արցախի, Սյունիքի, Լոռի-Գուգարքի, Ուտիքի ու Տավուշի, Վասպուրականի, Խոյ-Սալմաստի, Հարավարևելյան Կովկասի ու Պարսկաստանի, Ուրմիա լճի ավազանի գորգագործական հայաշատ կենտրոններին պատկանող գորգերը:
,,Գեղարդ,, գիտավերլուծական հիմնադրամի հետազոտող-վերլուծաբան, պ.գ.թ., դոցենտ Գոռ Մարգարյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ նման աշխատանքները հայագիտության ոլորտում պետք է կատարել միմյանց հետ համագործակցելով՝ նկատի ունենալով մեր հարևանների՝ ընդգծված հետևողականությամբ ու պարբերականությամբ կատարվող հայկականության յուրացման և աղավաղման գործոնը:
Գորգագործության հետքը Հայաստանում դիտարկվում է վաղ անցյալից ու փաստագրված է միջնադարի պատկերագրության ու արձանագիր աղբյուրներում և պատմական սկզբնաղբյուրներում:
Հայկական գորգերի որակական ու արտաքին գեղագիտական առանձնահատկությունների մասին վկայում են արաբ պատմիչներից մինչև ուշ միջնադարի և նոր ժամանակների եվրոպական, ռուսական և այլ օտար աղբյուրներ: Գորգագործությունն ուղղակի նյութական հնարավորությունների արդյունք չէ, այլ մշակութային ինքնության, ավանդույթի, կաղապարների, պատկերային ու խորհրդանշական համակարգի դրսևորում է:
ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Պավել Ավետիսյանը նշեց, որ այդ աշխատանքը հանրահռչակման նպատակ ունի. ՚Դրանով մենք լուրջ պայքար ենք ծավալում մեր մշակույթի ուծացման, յուրացման ու աղավաղման դեմ: Մենք այդ գրքով պատասխան ենք տալիս մեր մշակույթը մեզնից գողացողներին՚:
Հավաքածուի համահեղինակ, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն, պ.գ.թ. Կարեն Փահլևանյանը, կարևորելով ՀԱԹ-ի և ,,Գեղարդ,, հիմնադրամի համատեղ աշխատանքը, ընդգծեց, որ ներկայացվող գործը նոր խոսք է հայագիտության , մշակութաբանության, արվեստաբանության մեջ. այն 47 տարվա տքնաջան աշխատանքի արդյունք է:
Առաջին անգամ ներկայացվում են հայկական գորգերը ըստ աշխարհագրության, ըստ ժամանակագրության, ըստ տեխնիկական տեխնոլոգիաների ու նաև ըստ պատկերազարդման համակարգերի: Ազգագրության թանգարանն ընդգրկում է 2002 նմուշ, որից ընտրված են 700 գորգեր: Աշխատանքի եզակիությունն այն է, որ ասելիքն ընդգրկուն է և մեծ հանրության համար նախատեսված: Ակնկալում են հասարակության բարձր գնահատականը:
Հավաքածուի մյուս համահեղինակը՝ պ.գ.թ. Աշխունջ Պողոսյանը, նշեց, որ աշխատությունը ստեղծվել է՝ կանգնեցնելու այն հաղթարշավը, որն իրականացնում են մեր հարևանները մեր մշակույթի յուրացման գործում. ՚Հասել է մեր հաղթարշավը սկսելու ժամանակը: Դրսում ընդհանրապես քիչ են հայկական գորգ ասողները: Պետք է գործի անցՙ: ,,Սա այն շտեմարանն է, որ մենք տալիս ենք մասնագետներին և հետաքրքրվողներին՝ ասելու, թե ինչպիսի պատմամշակութային ժառանգություն ունենք մենք, և մեր հարևանն իմանա, որ իրենց կեղծիքին պատասխանող կա, և դեռ շատ են լինելու,,.- իր խոսքն այսպես ավարտեց Աշխունջ Պողոսյանը:
Աշխատության երրորդ համահեղինակ Սվետլանա Պողոսյանն էլ ավելացրեց, որ գորգը եղել ու շարունակում է մնալ հայկական ազգային ինքնության կարևորագույն դրսևորումներից մեկը՝ ունենալով ոչ միայն կիրառական, այլև ծիսական ու պաշտամունքային նշանակություն: Նա ուրախ է, որ ամբողջ թիմով կարողացել են ստեղծել մի աշխատություն, որում պատշաճ կերպով ներկայացված են հայկական գորգարվեստի բացառիկ նմուշները՝ դարձնելով դրանք հետագա սերունդների սեփականությունը:
Արտահայտվողների խոսքում առկա է այն մտահոգությունը, որ Հայաստանում պակասում է պետական հոգածությունը մշակութային այս նմուշների հանդեպ, և որպես օրինակ՝ նշվում է 2020 թվականից առաջ տեղի ունեցած մի դեպքի մասին:
Ադրբեջանի թանգարանի աշխատակիցները, համագործակցելով Ֆրանսիայի դեսպանատան, Լուվրի թանգարանի հետ, հայկական գորգերը տեղափոխում են Ադրբեջանի թանգարան և ներկայացնում դրանք որպես ադրբեջանական: Դրանից հետո էլ երբեք ոչ մի անգամ այդ կեղծարարությունը չի լուսաբանվել հայկական ոչ մի մամուլում:
Ազգագրագետ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ. Մխիթար Գաբրիելյանը, շնորհավորելով այդ նոր նախաձեռնության հեղինակներին ու կազմակերպիչներին, կարևորեց նոր հավաքածուն, որն աշխարհին հասկանալի լեզվով ներկայացնելու է հայոց մշակութային ժառանգության բացառիկ նմուշները, նրանց իրական հեղինակներին: Դա սոսկ աշխատություն չէ, այլ մեր մշակութային ժառանգության մասին կարևոր վկայություն: Նա առաջարկեց գիրքն առաքել բոլոր այն կառույցներին ու կազմակերպություններին, որոնք լիազորված են ճշմարտությունը բարձրաձայնելու աշխարհին, որոնք Հայաստանը ներկայացնելու պատասխանատվություն ունեն:
Պատմության ինստիտուտի աշխատակից պ.գ.թ. Մհեր Հարությունյանի կարծիքով՝ աշխատությունը ճշմարտության բացահայտման և այն գիտական լայն հանրությանը հասցնելու միջոց է. ՚Գիրքը գիտաքաղաքական, ճանաչողական լայն ընդգրկում ունի: Ողջունելի է Ազգագրության թանգարանի և ,,Գեղարդ,, հիմնադրամի նախաձեռնությունը հավաքածուի հրատարակման գործումՙ:
Թող վարակիչ լինեն նման նախաձեռնությունները տարբեր ոլորտներում:
Հավաքածուն պարզաբանելու է մասնագիտական շրջանակներում գորգերի ծագումնաբանության ու էթնիկ պատկանելության հետ կապված առկա որոշակի շփոթը:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ