«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԻՆՔԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունիսի 11-ին Երևանում՝ «Անի պլազա» հյուրանոցի դահլիճում, կայացավ գրքի շնորհանդես, որին ներկա էին հիմնականում արցախցիներ։ Ռուսաստանյան «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է Յուրի Նավոյանը, համանուն մատենաշարի շրջանակներում 2024թ500 օրինակով հրատարակել է ռուս ճանաչված լրագրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Վիկտոր Կոնոպլյովի «Հայկական երկինքը» գիրքը, որում տպագրված են հեղինակի՝ տարբեր տարիներին գրված բանաստեղծություններ, ակնարկներ և հրապարակախոսական հոդվածներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, անցած ու ներկա իրողություններին։

Վիկտոր Կոնոպլյովի հետ ծանոթացել եմ Արցախում՝ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում։ 2006 թվականից սկսած բանաստեղծը հաճախ էր այցելում Արցախ և մեր հայրենիքը շատ սիրեց ու իրեն համարում է հայ։ Այդ տարիներին Արցախում և ՀՀ-ում հաճախ էին կազմակերպվում «Ռուսական խոսքի օրեր» նախագիծը, և Վիկտոր Կոնոպլյովը դրանց հիմնական մասնակիցների շարքում էր։ 2014թ ապրիլի 21-ին Կոնոպլյովը Բերձորում էր Արցախում տեղի էին ունենում հայ նշանավոր երգահան Միքայել Թարիվերդիևի երաժշտության օրերը։ Նրա հետ էր նաև Թարիվերդիևի կինը՝ Վերա Թարիվերդիևան։ Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում կայացավ երաժշտական ցերեկույթ՝ բերձորցի աշակերտների մասնակցությամբ, Կարինե Մովսեսյանի ղեկավարությամբ։ Այդ օրերին Կոնոպլյովին և նրա հետ Բերձոր եկած մտավորականներին՝ Աշոտ Բեգլարյան, Ալբերտ Ոսկանյան և այլք, ուղեկցել եմ նաև Ծիծեռնավանք։ Ինչպես գիտենք, ցանկացած օտարերկրացի, որ այցելում էր Արցախ, ադրբեջանցիների կողմից ընկնում էր «սև ցուցակ»։ Բայց Կոնոպլյովը դա երբեք հաշվի չի առել։

Գրքի լույսընծայումը կայացել է Գոռ Կարախանյանի աջակցությամբ։ Շնորհանդեսին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի (ՀԱԵ ԱԹ) առաջնորդ գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, հեղինակը՝ Վիկտոր Կոնոպլյովը, «Դիալոգ»-ի ներկայացուցիչ Գոռ Կարախանյանը,  «Հայկական երկինքը» գրքի առաջաբանի հեղինակ, արցախցի գրող, լրագրող և հրապարակախոս Աշոտ Բեգլարյանը։ Ողջույնի ու բացման խոսքով հանդես եկավ Գ Կարախանյանը։ ԱԹ առաջնորդն իր ելույթն սկսեց Տերունական աղոթքով ու օրհնանքով։ Կարևորեց գրքի լույսընծայումը որպես մշակութային երևույթ՝ այն համարելով համամարդկային արժեք։ «Եթե գիրքը կոչվում է «Հայկական երկինք», նշանակում է այն մաքուր տիեզերք է», -հավելեց Տեր Վրթանեսը՝ նախ շնորհակալություն հայտնելով «Դիալոգ» կազմակերպությանը, նրա նախագահ Յուրի Նավոյանին, որ կարողանում է կառուցել նման կամուրջներ՝ Հայաստան-Ռուսաստան, որ միավորում է ժողովուրդներին՝ լինել ճշմարտության կողքին։ «Մենք մշակութասեր ազգ ենք, որովհետև անհնար է լինել անհավատ ու կառուցել Գանձասար, հնարավոր չէ՝ գիր ու գրականություն, աստվածային լեզու չիմանալ ու հիմնել Ամարաս, հնարավոր չէ չխոսել բնության հետ, չճանաչել քո լեռնաշխարհը և կառուցել Կատարոյի վանք։ Եվ ամենակարևորը՝ հնարավոր չէ Տիրոջը չկրել քո հոգում և կառուցել Ամենափրկիչը Շուշիում։ Այսպիով մշակույթը մեր ներաշխարհն է, որն այսօր արտացոլված է մեր բարեկամի՝ Կոնոպլյովի գրքում», -հավելեց ԱԹ առաջնորդը՝ նշելով՝ գիրքը պետք է դառնա բոլորիս բարեկամը միայն այն ընթերցելով։ Այնուհետև Տիրոջ օրհնությունը տվեց ներկաներին։ Ցանկություն հայտնեց, որ Կոնոպլյովը հաճախ այցելի մեր երկիր։

 Իր խոսքում Վ Կոնոպլյովը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցողներին և բոլոր ներկաներին։ Ցավ հայտնեց 2020 թվականից հետո Արցախում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ Իր վերջին բանաստեղծություններից մեկը կոչվում է «Արցախը դժբախտության մեջ»։ Նշեց՝ իր ուշադրության կենտրոնում մշտապես են հայերը՝ ազգային ինքնատիպ պատմական և մշակութային միջավայրով, լի կյանքի շրջադարձերով։ Խոսելով հայ ժողովրդի հանդեպ իր զգացմունքների մասին՝ ասաց՝ Հայաստան ու Արցախ այցելելուց, հյուրասեր ու իմաստուն մարդկանց հետ հանդիպելուց, հայկական հնագույն  մշակույթի հետ ծանոթանալուց հետո են դրանք առաջացել։  Ինչ վերաբերում է հայ-ռուսական բարեկամությանը, նրա կարծիքով աշխարհում ոչինչ չի խաթարի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը։ Հավելեց նաև՝ իր ստեղծագործությամբ հայ ժողովրդին ոչ ծանոթներին է ներկայացնում հայկական ինքնատիպ աշխարհը։ Վ Կոնոպլյովին ներկայացրեց գրքի առաջաբանի հեղինակը՝ Աշոտ Բեգլարյանը, որը մշտապես կապի մեջ է նրա հետ, և ուղեկցում էր Արցախ այցելելու օրերին։ Ասաց՝ իրենց հանդիպումը եղել է միաժամանակ անսպասելի և սպասելի։ «Գրքի առաջաբանում արդեն ասել եմ՝ անսպասելի հանդիպումներ չեն լինում։ Որտեղ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքը, որտեղ Արցախը․․․ : Սակայն, Աստծո հաճությամբ է իրարից հազարավոր կիլոմետր հեռվում գտնվող բնակավայրերի մշակութային ներկայացուցիչները հանդիպեն, ունենան նույն մտածողությունը և բարեկամանան, եղբայրանան», -ասաց Ա Բեգլարյանը և տեղեկացրեց՝ 2006 թվականին է ծանոթացել Վիկտորի հետ, սկզբում համացանցի միջոցով, այնուհետև նրան հրավիրել է Արցախ։ Առաջին անգամ, երբ Կոնոպլյովը եկել է Արցախ, իր և գրող Ալբերտ Ոսկանյանի ուղեկցությամբ եղել Արցախի բոլոր գլխավոր սրբավայրերում։ Այդ օրերի մասին գրել է «Վեց օր Դրախտում» ակնարկը։ Տեղեկացրեց նաև՝ 2016թ Ապրիլյան պատերազմի օրերին Կոնոպլյով եկել է Արցախ և իր խմբով ֆիլմ նկարահանել Թալիշում կայացած դեպքերի մասին։ Ռուսերեն է թարգմանել Վարդան Հակոբյանի գրած Արցախի օրհերգը։  Իր խոսքն ամփոփելիս ասաց «Այժմ շատ բան է փոխվել Հայաստանում։ Վատ ժամանակներ են Ռուսաստանի և Հայաստանի պաշտոնական հարաբերություններում։ Սակայն դրանք ազդեցություն չպետք է ունենան հայ-ռուս ժողովուրդների բարեկամության վրա։ Ընհակառակը, պետք է ամեն ինչ արվի՝ ավելի ամրապնդվեն մեր բարեկամական կապերը»։

Եղան այլ ելույթներ ևս։ Արցախցի գրող, հրապարակախոս Ալբերտ Ոսկանյանը և ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակից Ռուբեն Օսիպովը նույնպես միշտ Վ Կոնոպլյովի կողքին էին, երբ այցելում էր Արցախ։ Իրենց խոսքում նրանք նույնպես բարձր գնահատեցին հայ ժողովրդի բարեկամի ստեղծագործությունը՝ նվիրված Արցախին, ընդհանրապես՝ Հայաստանին ու իր ժողովրդին։

Արցախցի դպրոցականներն ընթերցեցին նորատիպ գրքի բանաստեղծություններից։ Շնորհանդեսը եզրափակվեց Տեր Վրթանես եպիսկոպես Աբրահամյանի և Դադիվանքի նախկին հոգևոր հովիվ, այժմ Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյաի համատեղ հնչեցրած աղոթքով։ Վերջում հեղինակն իր մակագրությամբ «Հայկական երկինքը» գիրքը նվիրեց ներկաներին։ Հավաստեց՝ մշտապես Արցախի հետ է։  

Հ Գ Վիկտոր Կոնոպլյովը ծնվել է 1969 թ. մարտի 22-ին Բրեստի շրջանում՝ ք. Մալորիտայում: Ներկայումս ապրում է Նիժնի Նովգորոդ քաղաքում: Ամուսնացած է, ունի 2 երեխա: 2010թ. Հայաստանում և Արցախում իր կատարած գործունեության համար պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից, 2011թ. պարգևատրվել է «Արցախի պետական Համալսարանի 40-ամյակ» մեդալով, 2012թ. ԱՀ Քաշաթաղի շրջանի շրջվարչակազմի ղեկավարի կողմից արժանացել է պատվոգրի։ Զոհված ազատամարտիկների միության կողմից արժանացել է «Մայրական երախտագիտություն» մեդալի:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ