ՇԱՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԸ, ԱՄԵՆ ՏԵՂ ԼԻՆԵՆՔ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Զարինե Արզումանյանը ծնվել է 1996թ. հուլիսի 14-ին Ստեփանակերտում: Ավարտել է Սախարովի անվան հ.8 ավագ դպրոցը: Սովորել է ԱրՊՀ-ում «Ֆինանսներ» մասնագիտությամբ: Դեռ ուսանողական տարիներին համատեղում էր ուսումն աշխատանքի հետ: 2018 թվականին  համալսարանն ավարտելուց հետո էլ շարունակեց աշխատել «Օրիֆլեյմ» շվեդական կոսմետիկայի գրասենյակում՝ որպես օպերատոր: Որակյալ կոսմետիկա արտադրելու գիտելիքներին ծանոթ էր: Համադրելով հոր՝ Արամ Ավագյանի, բուժական հմտությունների հետ՝ արցախյան օճառներ էին պատրաստում բնական հումքից: 2019թ. հանդիպում է Արթուր Արզումանյանին, ամուսնության առաջարկ ստանում նրանից: Արթուրը զինծառայող էր, քիչ ժամանակ էր կարողանում հատկացնել նրանց հանդիպումներին: Զարինեին դուր էր գալիս Արթուրի հոգատարությունը, նրա հայրենասեր, խիզախ բնավորությունը: Արթուրը սիրում էր Զարինեի ամեն մի հատկություն՝ նրա հայկական գեղեցկությունը, ոգու ամրությունը: 2020թ. օգոստոսի 18-ին կատարվեց նրանց նշանդրեքի արարողությունը, որին պետք է հաջորդեր օրինական ամուսնությունը եւ ավանդական հարսանիքի ուրախ տոնակատարությունը: Հազարավոր երիտասարդների պես նրանք էլ իրենց ծրագիրն ունեին, թե ինչպես պետք է կազմակերպեն իրենց կյանքի ամենալուրջ ու կարեւոր քայլերից մեկը: Սակայն նրանց դեռ այլ ճանապարհ էր սպասում՝ պայքար Արցախի ազատության համար, Արցախի հողում ապրելու իրավունքի համար՝ չմտածելով, որ երբեւէ հնարավոր է Արցախը թողնել ու բռնատեղահանվել:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց չարաբաստիկ 44-օրյան…

            Հայրենի հողի իսկական զավակ Արթուրը, հասկանալով, թե ինչ վտանգ է սպառնում հայրենիքին ու հայրենակիցներին, անհապաղ մեկնեց զորամաս: «Դու ուժեղ ես եւ պետք է ողջ մնաս, մեզ դեռ շատ ու շատ լավ պահեր են սպասվում»,-հուսադրում էր լավատես Զարինեն: Պատերազմի ժամանակ Արթուրը՝ որպես հրետանավոր, գերազանց կատարել է իր մասնագիտական պարտականությունները եւ մարտերի ժամանակ իրեն դրսեւորել որպես Հայոց բանակի արժանի սպա: Պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

Պատերազմն ամեն ինչ փոխեց, բայց չփոխեց Արցախում ապրելու, ընտանիք կազմելու եւ հերոսների արյամբ պահած սուրբ հողի ապագա պաշտպաններ ունենալու եւ դաստիարակելու՝ Արթուրի ու Զարինեի  անսասան կամքը: Ամիսներ շարունակ Զարինեն ու Արթուրը մտածում էին, որ իրենց երազած հարսանիքն ու պսակադրությունն արդեն անհասանելի դարձած Ղազանչեցոցում այլեւս երազ է մնացել: Ընտանիք ստեղծելու  որոշման մեջ աներկբա զույգն ամուսնացավ 2021թ. հունիսի 21-ին՝ կարեւորելով ոչ թե արարողությունը, այլ՝ օրինականացումը: 2022թ. մայիսի 5-ին ծնվեց նրանց առաջնեկը՝ Ալեքսը:

Տեւական ժամանակ  Արցախը գտնվում էր թշնամու կողմից ծրագրված շրջափակման մեջ: Արթուրը դիրքերում էր՝  պատրաստ ծառայել հայրենիքին հանուն նրա լուսավոր ապագայի, իսկ Զարինեն ստիպված էր շրջել բոլոր դեղատներն ու խանութները երեխայի համար անհրաժեշտ սնունդը գտնելու համար…Սակայն  պատկերը փոխվում էր օրեցօր, դժվար էր  հուսակտուր չլինել անգամ իրենց հողին ամուր կառչած Արցախի զորավոր ընտանիքների համար: Զարինեն վերհիշում է այդ ծանր օրերը եւ կիսվում մեզ հետ:

«Սննդի խնդիրը սկզբնական շրջանում այդքան էլ սուղ չէր, քանի որ բանջարեղենը եւ այլ մթերքներ հասցնում էր կիսուրս իրենց գյուղից: Ճիշտ է քիչ էր, բայց մի կերպ կարողանում էինք բավարարվել:  Տագնապային էի, մոտս վախ կար, որ սնունդը թեկուզ լիարժեք չէ, բայց եթե  դա էլ սպառվի, ի՞նչ էինք տալու երեխային: Ճիշտն ասած՝ մինչեւ հիմա էլ այդ վախը մոտս պահպանվել է ու չի անցնում: Օրն-օրի ահագնանում էր վտանգը, անզոր էինք զգում մեզ: 2023 թ. սեպտեմբերի 19-ին ամուսնուս ու նրա  զինվորական  եղբայրներին կանչեցին զորամասեր, նրանց հետեւից եկան զինվորական մեքենաներով:  Տագնապներին սովոր էինք, բայց այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ էր:  Լսվեց պատերազմի բոթը ազդարարող մահաբեր ձայնը: Ստեփանակերտի փողոցներով մարդիկ խուճապահար վազում էին: Ես տանն էի երեխայի հետ: Շուտով եկավ եղբայրս, արագ քայլերով մեզ տարավ պատսպարվելու մերձակա ապաստարանում:  Հազիվ էի դիմանում՝  չորս կողմից  սարսափելի լուրեր լսելով: Մեր տղաներից տեղեկություն չկար: Ահասարսուռ ժամեր սպանեցինք, պատերազմի ձայները լռեցին, գրեթե բոլոր թաղամասերից լսելի դարձան լացն ու սուգը: Գժվել կարելի էր: Ամուսնուս մասին լուր չունեի: Սեպտեմբերի 20-ի կեսօրին միայն նա եկավ՝ մեկ օրվա մեջ հյուծված, շատ տխուր: Նրա պատմածից հասկացա, որ մի կերպ են դուրս պրծել թշնամու ճիրաններից: Նրա կրտսեր եղբայրներն էին դարանակալած թշնամու շրջապատման մեջ  հայտնվել Դրմբոնում ու Հաթերքում: Սպասումի դաժան ապրումների մեջ էինք, իսկ Ստեփանակերտն ժամ առ ժամ  դատարկվում էր: Մարդկանց մի մասն արդեն դուրս էր եկել Արցախից, մի մասը ճանապարհին խցանումների մեջ էր: Փառք Աստծո, տղաները ողջ դուրս եկան շրջափակումից ու հասան տուն՝ թեեւ հյուծված, վիրավոր, հոգեկան ծանր ապրումների մեջ: Թվում էր, թե մղձավանջն ավարտվել է: Բայց առջեւում բենզալցակայանի չարաբաստիկ պայթյունն էր ու բռնի տեղահանվելու հոգեմաշ ճանապարհը: Երբ  հայտնեցին, որ Հայկազովի բենզալցակայանից բենզին ստանալու հնարավորություն կա, ամուսինս իր երեք եղբայրների հետ, հայրս ու եղբայրս գնացին բենզին ստանալու: Ահավոր խցանումների ու հերթերի միջով անցնելուց հետո երբ տեղ հասան, պայթյունն արդեն եղել էր: Վերադարձան ու պատմեցին, թե ինչ սարսափազդու տեսարան էր Հայկազովում:

 Բենզին այդպես էլ չկար, ստիպված էինք թողնել մեր մեքենան ու դուրս գալ ինչով կստացվեր: Մեր գրկին էր մեկ տարեկան Ալեքսը, որը նույնպես իր վրա զգաց Արցախից հեռանալու դառնությունը: Դժվար էր գաղթի ճանապարհը՝ խցանումներով, դժբախտ պատահարներով լեցուն: Երկու օր  ճանապարհին հալումաշ լինելով՝   հասանք Գորիս, որտեղից պետք էր որ մեզ ուղղորդեին որեւէ մի տեղ, սակայն ասացին, որ բոլոր տեղերը զբաղված են: Մնում էինք մեքենաների մեջ, առանց զուգարան ու բաղնիք մինչեւ որ կացարան կգտնվեր: Միակ տարբերակը սահմանամերձ Որոտան գյուղի հյուրատունն էր, որտեղ ստիպված մնացինք:

Ծանր էր այդքանը տեսած ու ապրած մարդկանցս համար բնակվել սահմանամերձ գյուղում: Ավելի ու ավելի էինք նեղսրտում, բայց մեզ հանգստանալ էր պետք: Ամենուրեք տան վարձերը թանկ էին, խաբեությունները՝ շատ:  Որոշեցինք տեղափոխվել Գյումրի, որտեղ  մեծ դժվարությամբ բնակարան վարձեցինք ու հաստատվեցինք: Դժվար էր համակերպվել իրողության հետ: Արցախից հետո ամեն տեղ մենք մեզ օտար ենք զգում: Մենք մեր հայրենիքում համարվում ենք փախստական, իսկ հայրենիքից դուրս՝ փախստական չենք: Դժվարություններ կան ֆինանսների հետ կապված, աշխատանքի առումով: Շատ աշխատատեղեր չեն ընդունում աշխատանքի արցախցիներին: Իսկ որոշ տանտերեր տուն չէին տալիս վարձակալության համար, եթե երեխա կա ընտանիքում: Փոխանակ լիներ հակառակը: Իհարկե բոլոր տեղահանված ընտանիքներն էլ խոցելի են, բայց մի՞թե կարելի էր մերժել այսքան տառապանք տեսած ու փոքր երեխան ձեռքներիս՝ անտուն մնացածներիս: Իհարկե շատ բարի ու կարեկցող մարդկանց էլ ենք հանդիպել, բայց քիչ չէին նաեւ նրանք, որ փորձել են մեզանից գումար կորզել խաբեության ճանապարհով: Նոր բնակավայրում  դժվարությամբ ենք հարմարվել, քանի որ ոչ մի ձեւ չէր ստացվում ընկալել մեզ հետ կատարվածը, եւ որ այլեւս հետ չենք գնալու»:

Արցախցիների համար այս դժվարին օրերին շատ կարեւոր է զինվել համբերությամբ, լինել տոկուն, չհուսահատվել եւ  միմյանց հանդեպ լինել ավելի ջերմ ու ներողամիտ: Արցախցի շատ ընտանիքներ, բռնատեղահանվելուց հետո խուսափում են երեխաներ ունենալուց, հատկապես եթե ընտանիքում արդեն երեխաներ կան: Անշուշտ կարելի է նրանց հասկանալ՝ հաշվի առնելով սոցիալական, հոգեբանական եւ ի վերջո առաջացած առողջական խնդիրները: Մեզ ուզում են հուսահատեցնել, բայց մենք չենք ընկճվում՝ փորձելով արժանի պատասխան տալ այս մարտահրավերին նույնպես:  Զարինե եւ Արթուր Արզումանյանները չընկճվեցին, չվախեցան պատերազմից ու բռնատեղանումից հետո ծանր շրջանում նոր կյանքի ծիլերը արձակել: Մեր ազգը այսպես է գոյատեւել, պատերազմների ժամանակ էլ կատարվել են պսակադրություններ, ազատամարտիկներ են ամուսնացել, կանայք են հղիացել ու ծննդաբերել, ինչն էլ դարձել է հաղթանակների գրավականն ու վաղվա հաղթանակների հիմքը:

«Երկրորդ հղիությունս պլանավորված չէր: Անակնկալի էինք եկել՝ լուրն իմանալով: Տարբեր մտքեր ունեի, որ գուցե հիմա դրա ժամանակը չէ: Տուն չունենք: Իրավիճակը անորոշ: Մեր կարգավիճակը անհասկանալի: Խնդիրներն էլ մի կողմից: Մտածում էի, որ հղիությամբ պայմանավորված չէի կարողանալու աշխատել, ընտանիքի ողջ ֆինանսական բեռը թողնելով ամուսնուս վրա: Նոր երեխան պահանջում է նոր ծախսեր: Անհանգստանալու տեղիք էին տալիս այդ մտքերը, բայց այնուամենայնիվ որոշեցինք, որ երեխան Աստծո պարգեւ է, պետք է լույս աշխարհ գա:

Գաղթի ճանապարհին տեսնում էի բեռնված ավտոմեքենաներ. մարդիկ իրենց հետ հանում էին՝ ինչ կարող էին, իսկ իմ մտքում միայն այն էր, որ Աստված փրկել է մեզ, որպեսզի շարունակենք ապրել:  Իմ հարստությունը իմ ընտանիքն է, ուրեմն պետք է հավաքել ուժերը եւ շարունակել ապրել: Ահա 2025թ. հունվարի 2-ին ծնվեց մեր աղջիկը՝ Սառան: Բոլոր դժվարությունները հաղթահարվում են հավատի շնորհիվ: Մենք հավատում ենք, որ կկարողանանք հաղթահարել մեր առջեւ ծառացած բարդությունները: Մենք ունենք իրար, մենք ունենք երեխաներ, ինչը մեզ մոտիվացնում է: Փառք Աստծո, աշխատունակ ենք, կկարողանանք աշխատել, հոգալ կարիքները: Ինչքան էլ հոգեպես կոտրված ենք, բայց պետք է կարողանանք մեր տրամադրությունը նորմալ պահել հանուն մեր երեխաների: Որքան էլ անցանկալի, բայց սա է մեր իրականությունը, պետք է ընդունել ու շատացնել հայ ազգը, նպաստել, որ մեր սերունդը լինի կրթված, կոփված, որ ամեն տեղ հայերը մեծամասնություն կազմեն».- ասում է Զարինեն եւ Երեխաների միջազգային օրվան ընդառաջ մաղթում հետեւյալը.-«Շնորհավորում եմ բոլոր երեխաներին իրենց տոն օրվա առթիվ: Մաղթում եմ, որ բոլոր մանուկները մեծանան առողջ, անհոգ, երջանիկ, վայելեն իրենց մանկությունը խաղաղ ու բարեկեցիկ երկրում՝ ուրախացնելով իրենց ծնողներին: Իսկ մեծահասակներին ցանկանում եմ ասել, որ փորձեն կյանքին նայել մի քիչ էլ երեխաների աչքերով: Ըստ իս՝ դա նաեւ մեծահասակների տոնն է, քանի որ մեր կյանքի ու գործունեության իմաստը, մեր գործի ու ավանդույթների, գենի շարունակողը հենց երեխաներն են: Մեր պարտքն է, որ մենք լավ միջավայր ու երկիր ստեղծենք, որտեղ նրանք ապրելու են անվտանգ, խաղաղ ու ապահով»:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ