Արդեն երկրորդ տարին է, Արցախի դպրոցներում չի հնչում դպրոցական վերջին զանգը։ Ցավալիորեն արցախյան կրթօջախները հիմա վերածվել են լքված թռչնաբների, որտեղ միշտ ուրախ ճիչ ու ծլվլոց կար և ապրվող երջանկություն։ Բայց եթե թռչնաբների տերերը սովորաբար իրենք են ընտրում իրենց սեզոնային կացարանները, դպրոցականների պարագայում նույնը չես կարող ասել։ Նրանք պարտադրյալ հեռացել են ազերական գեհենից, հույսով ապաստանել Մայր Հայաստանի ապահով գրկում։ Դա լավ է, որ կա հայրենիք և հանգրվանելու տեղ, որտեղ կարող ես ապրել ու արարել։ Բայց ամենալավ վայրն այն է, ուր մայրական օրորն է քեզ սիրով պարուրել, որտեղ առաջին անգամ հաղորդակցվել ես մեսրոպյան այբուբենի տառերին, և որտեղ հուշերը քեզ մշտապես ներկայի մեջ են պահում․․․

Հայաստանի հարյուրավոր կրթօջախներում այսօր գրական լեզվին զուգահեռ՝ տեղական բարբառների հետ հնչում է նաև Արցախի բարբառը։ Հնչում է նրանց շուրթերով, ովքեր իրենց հետ բերել են մի բուռ կարոտ, և որոնց թախծոտ աչքերում միշտ մի անանուն որոնում կա։ Նրանց համար դպրոցական զանգը հնչում է արցախյան իրենց կրթօջախի հարազատ ելևէջներով՝ իբրև վերադարձի անլռելի կանչ։
Ուրախալի է, որ Արցախից բռնատեղահանված դպրոցականները կարողանում են ուսման բարձր առաջադիմություն ապահովել, իսկ նրանց բախտակից ուսուցիչները՝ մասնագիտական պատշաճ հմտություններ դրսևորել։ Դա արդյունք է նաև այն բանի, որ հայաստանյան կրթօջախներում հարազատորեն են վերաբերվում նրանց, հնարավորություն տալիս արագ ինտեգրվել նոր իրողություններին։ Ասել է թե՝ ցավը կիսելով՝ բերկրալու էներգիա են հաղորդում իրենց տուժած հայրենակիցներին։
Ոմանց համար դպրոցական զանգը վերջինն է հասուն կյանք մտնելուց առաջ, ոմանց համար էլ՝ հանրակրթության հերթական աստիճանը հաղթահարելու վստահ քայլ։ Կյանքի ճանապարհներն ում որտեղ էլ տանեն, թող միշտ կանաչ լինի անցնելիք ճանապարհը, իսկ երազանքը՝ նույն անփոփոխ հասցեն ունենա։
«ԼՈՒՍԱՐԱՐ»