1991թ. մայիսի կեսերին <<Օղակ>> ռազմագործողության շրջանակում խորհրդային 4-րդ բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի միացյալ ուժերը շրջապատեցին Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի 4 հայկական գյուղերը և անձնագրային ռեժիմի ստուգում կազմակերպեցին: Սովորական դարձած այս երևույթի ընթացքում միշտ էլ խուզարկում էին հայոց բնակարանները, կատարում ձերբակալություններ: Սակայն 1991-ի մայիսի 15-ինը հատուկ ծրագրով էր՝ հայաթափել այս տարածքը, որը Մայր հայրենիքին Արցախը կապող ամենամոտ տարածքներից էր: Այս ռազմագործողության ընթացքում թուրքերն առավել էին ոգևորվել՝ ստանալով Կրեմլի բարձր հովանավորությունը: Մեծ շեն գյուղում իր հղի կնոջը պաշտպանելու համար Անուշավան Գրիգորյանը կյանքով հատուցեց: Թուրքերը նրան իջեցրել էին նկուղ և գնդակահարել: Ձերբակալվեցին բոլոր տղամարդիկ, այդ թվում նաև Առնո Մկրտչյանը՝ Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի փոխնախագահը՝ Հին շեն գյուղի ֆիզիկայի ուսուցիչը:
Մինչ Արցախյան շարժումը Առնոն Գորիսում ուսանելիս էր աչքի ընկել իր հայրենասիրությամբ և ՊԱԿ-ի ուշադրության կենտրոնում էր: Բերդաձորի պաշտպանության տարիներին՝ 1988-91 թվականներին, տարածքի փաստացի հրամանատարն էր՝ գաղափարի մարտիկ, հզոր ոգու տեր: Ձերբակալված տղամարդկանց տարել էին Լաչին և Շուշի, ենթարկել խոշտանգումների: Կանանց, երեխաներին, ծերերին մի քանի օր պահել էին ահ ու սարսափի մեջ, թալանել և անցկացրել էին սահմանը, հասցրել Գորիսի շրջանի Տեղ գյուղ: Այստեղ այդ օրերին հանդիպեցի բերդաձորցիներին, մարտական ընկերներիս: Պատմեցին արհավիրքի մասին։ «Երեկոյան Երևան» թերթում այդ օրերին տպվեց իմ հեղինակած «Պայքարելու և ապրելու դաս» չուշացած ռեպորտաժը բռնագաղթվածների ճամբարից։ Հետագայում տղամարդկանց ազատեցին, սակայն Առնոն ու Եղցահող գյուղից Հրաչ Պետրոսյանը, երեք ազատամարտիկ, որոնք մեղադրվում էին ադրբեջանցի լրագրողուհու և խորհրդային զինվորականների սպանության մեջ, Բաքվում դատապարտվել էին գնդակահարության: Առնոն ու Հրաչը տանջամահ են արվել Բաքվի բանտերում, իսկ մնացած երեք ազատամարտիկները տարիներ անց ազատվեցին և տուն եկան: Առնոյի դիակը հետ վերադարձրին, այսօր քաջորդին ամփոփված է հայրենի գյուղի հանգստարանում: Հրաչը չունեցավ գերեզման:



1991թ. մայիսի կեսերին նույն ռազմագործողության ընթացքում հայաթափ արվեցին Հադրութի շրջանի 4 գյուղեր: Ուղիղ մեկ տարի Բերդաձորը մնաց գերության մեջ: Թուրքերը թալանեցին Հայոց բնակավայրերը, քանդեցին Մեծ շեն գյուղի մոտակա Պարին պիժ եկեղեցիներից մեկը: Թշնամին հավատացած էր՝ արդեն տեր է նաև Բերդաձորին, և վերջ, Արցախն այլևս իրենն է: Սակայն բերդաձորցի շատ ազատամարտիկներ շարունակեցին պայքարել թշնամու դեմ, մասնակից եղան Քարինտակի հերոսամարտին, և ընդամենը մեկ տարի անց, Շուշիի ազատագրումից 10 օր հետո՝ 1992թ. ՄԱՅԻՍԻ 17-ին՝ Լիսագորն ազատագրելուց հետո, Հայոց ջոկատները մտան Բերդաձոր: Ազատագրվեց Հայոց ոստանը: Մյուս օրը թշնամին ճողոպրեց նաև Լաչինից ու Զաբուղից: Մինչ այս՝ մայիսի 16-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղից Մելիքսեթ Պողոսյանի՝ Սյունյաց Մելոյի հրամանատարությամբ գործող ռազմական ջոկատը վերացրեց Տեղի և Լաչինի մեջտեղում գործող թուրքական ռազմական հենակետերից մեկը Թուրուսին խութ կոչվող տեղանքում: Եվ 1992թ. ՄԱՅԻՍԻ 18-ին իրականացավ Արցախյան շարժման՝ մեր ժողովրդի երազանքը, կոչը՝ ՄԻԱՑՈՒՄ-ը: Այդ օրից հետո ուղիղ երկու տարի շարունակվեց Արցախյան գոյամարտը: Ռազմի ճամփաներին ընկան բերդաձորցի շատ ազատամարտիկներ, որոնց նվիրված հուշահամալիր կա Բերձոր-Ստեփանակերտ մայրուղու աջ կողմում՝ Եղցահող բարձրացող ճանապարհի մոտ: Լաչինի ազատագրումը Շուշիից հետո մեծ կարևորություն ունեցավ Արցախյան գոյամարտի հետագա ընթացքի համար: Վերջապես ցամաքային կապ հաստատվեց մեր հայրենիքի 2 հատվածների միջև: 1993թ. ձմռան սկզբին, Հակարի, Ողջի գետերի ավազաններն ազատագրելուց և թուրքից մաքրելուց հետո, կայացավ պատմական որոշում՝ Արցախի Հանրապետության կազմում ստեղծվեց Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր <<Լաչին>>շրջկենտրոնով: 1994թ. գարնանը Բերձոր եկան շրջանի առաջին բնակիչները՝ ըստ տեղեկությունների՝ 13 հոգի: Տարիների ընթացքում շրջանում բացվեցին դպրոցներ, կայացան բնակավայրերը, նոր շունչ ստացան ազատագրված հայոց եկեղեցիները: Ստեղծվեցին բոլոր կառույցները, որոնք սպասարկում են ազգաբնակչությանը: Յուրքանչյուր տարի՝ մայիսի 18-ին մեծ շուքով տոնում էինք Բերձորի ազատագրման օրը՝ որպես ՄԻԱՑՈՒՄ-ի խորհրդանիշ: 2020թ․ կորոնավիրուսի պատճառով չեղավ տոնախմբություն մեծ շուքով։ Եղավ առավել ցավալին․ սեպտեմբերի 27-ին արթնացանք դարձյալ պատերազմի լուրով։ Հաղթանակի հավատով մարտի ելանք։ Կռվեցին հայոց քաջերը՝ դիմակայելով բազում անգամ ավելի քանակով ու զինված թշնամուն։ Բայց, եղավ այն, ինչ կա այսօր․ թշնամին սկզբում տիրացավ մշտահերոսական Հադրութի շրջանին, Վարանդայի մելիքանիստ Ավետարանոցին, Շուշի բերդաքաղաքին և այլ տարածքների։ Առավել ցավալի ու անթույլատրելի էր՝ պատերազմից օրեր անց առանց կրակոցի թշնամուն հանձնեցինք Քաշաթաղի հյուսիսային տարածքը, որը պաշտպանեցինք հերոսաբար, Քարվաճառը և Հայոց այլ տարածքներ։ Եվ սա էլ եղավ Արցախի հայաթափման սկիզբը։


Նորից թերթում եմ արխիվս, լուսանկարներն են՝ 1989-ից մինչ օրերս։ Պատերազմ ու խաղաղություն, տոնական ու հիշատակի օրեր, դարձյալ պատերազմ, հողագործություն ու շինարարություն, դպրոցներ, Հայոց հազարավոր հուշակոթողներ։ Մտովի հանդիպում մարտական ընկերներիս, որ 1989-94 թվականներին կարողացանք հաղթել։ Կա հույս, հավատ՝ Արցախը դարձյալ կընդունի իր զավակներին, մի պատմության ընթացքում մի քանի անգամ հայաթափված Բերդաձորում, Քաշաթաղում, Քարվաճառում, Կովսականում ու Քաշունիքում, Ակնայում ու Վայկունիքում կտիրի հայի շունչը։ Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ