ՎԻԳԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻՑ

Աշխարհակործան Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ մարդկության պատմության մեծագույն այդ աղետը, խլել է 60 միլիոնից ավելի մարդկային կյանքեր:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը պատերազմի թատերաբեմ չդարձավ, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը այդ պատերազմին մասնակցեց 600 հազար ռազմիկներով, որից 300 հազարը՝ Խորհրդային Հայաստանից: Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 200 հազար հայ զինվոր:

Անուրանալի փաստ է, որ Հայրենական մեծ պատերազմում ,,Խորհրդային միության հերոսի,, կոչում են ստացել 108 հայ, որից 4-ը՝ խորհրդա-ֆիննական պատերազմում, 101-ը՝ Հայրենական մեծ պատերազմում, 3-ը՝ հետպատերազմյան տարիներին կատարած սխրանքների համար:

Բավական է հիշել աննկուն օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին, որը 259 մարտական թռիչք է կատարել՝ չերկնչելով նրանից, որ այդ ճախրը կարող է ընդհատվել;

Այս չարաղետ ու կործանարար պատերազմին իր մասնակցությունն է ունեցել նաև հայ ժողովրդի համար սրբություն դարձած, հանճարեղ Հովհաննես Թումանյանի ավագ որդու՝ Մուշեղի միակ որդի Վիգեն Թումանյանը, որը վերջին հույսն էր Թումանյանների տոհմի շարունակության:

Վիգեն Թումանյանը ծնվել է 1920 թվականի օգոստոսի 30-ին: Գեղեցիկ տղան ժառանգել էր լեհուհի մոր բաց գույներն ու հոր դիմագծերին բնորոշ հայկական առանձնահատկությունները: Հովհաննես Թումանյանը տեսել է իր երեք թոռներին /ընտանիքում եղել է 7 թոռ/: Երեք տարեկան Վիգենին նստեցնում էր ծնկներին՝ թույլ տալով տեղաշարժել գրասեղանի մատիտները, գրիչները, արձանիկները: Նկատելով, թե ինչպիսի հետաքրքրությամբ է տղան ուսումնասիրում այդ իրերը՝ Թումանյանն ասում էր. ,,Նա շատ բանիմաց է, շատ բանի կհասնի կյանքում: Տեսնու՞մ եք, թե ինչ ուշադրությամբ է նա ուսումնասիրում կյանքը, առարկաները… Նա ջերմացնում է իմ սիրտը, հավատ է ներշնչում կյանքի հանդեպ…,,:

Վիգենը, ինչպես և իր քույրերը՝ Անահիտն ու Նադեժդան, գերազանց տիրապետում էր հայերենին, իսկ ավելի ուշ ուսումնասիրեց նաև գերմաներենը, որը նրան պետք եկավ պատերազմի ժամանակ: Վիգենը վաղ հասակից սկսեց բանաստեղծություններ գրել, շատ գրքեր էր ընթերցում, պապի բանաստեղծություններն արտասանում: Տանը նա բոլորի սիրելին էր:

Ուսումնառության ընթացքում շատ էր սիրում մաթեմատիկա ու ֆիզիկա առարկաները և ավարտելով դպրոցը՝ ընդունվեց Վրաստանի արդյունաբերական  ինստիտուտ: Իր գիտելիքների շնորհիվ նրան գործուղեցին ռազմական նախապատրաստական դասընթացների, որի ժամանակ էլ սկսվեց պատերազմը:

1940 թվականի հունվարին՝ 18 տարեկանում, նրան զորակոչեցին բանակ: Կանգնեց ընտրության առջև՝ գնալ ուսումնարան, մնալ Օստրոգոժսկի պահեստային գնդում կամ գնալ ռազմաճակատ:

Ուշագրավն այն էր, որ նրա անունը զորակոչիկների ցուցակում չկար: Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը, հետագայում մեկնաբանում է, թե ինչպես է դա եղել: Մեքենագրուհին, որ հայուհի է եղել, բաց է թողել նրա ազգանունը՝ հասկանալով, թե ում թոռն է: Բայց Վիգենը, ցանկանալով ապացուցել, որ իր հայրը ժողովրդի թշնամի չէ /Թումանյանի երեք որդիները՝ Մուշեղը, Համլիկը և Արեգը, ձերբակալված էին/, խնդրել է ուղարկել ռազմաճակատ՝ ականանետային դասակի հրամանատարի պաշտոնում: Երկու հորեղբայրները՝ Համլիկն ու Արեգը, գնդակահարվել են, իսկ հայրը՝ Մուշեղը, կաթված է ստացել ճամբարում: Նա կարող էր մնալ ուսումնարանում կամ պահեստային գնդում, բայց չմնաց:

Թե ինչպիսի երիտասարդ է եղել Վիգենը, պատմում են ռազմաճակատից տուն ուղարկած նրա նամակները. ,,Հանդիպելով բռնության՝ ուզում եմ քանդել վիրակապերս, կրկին մեկնել ճակատ…,,:

Վիգենը կռվել է Վորոշիլովկայում, Ստալինգրադում, Ռոսլավլում, Մոսկվայի տակ և այլուր:

1941 թվականի օգոստոսին վիրավոր Վիգենին ուղարկեցին Կիսլովոդսկի զինվորական հոսպիտալ: Հարազատներին դժվարությամբ հաջողվեց գտնել նրան՝ վիրակապված ձեռքով:

Նույն ամսին նրա մայրը՝ Մարիա Արխիլևնան, Թբիլիսիից եկավ որդուն տեսության ու լուսանկարվեց նրա հետ: Դա, իրոք, անմոռանալի օր էր: Ո՞վ կարող էր մտածել, որ դա նրանց վերջին հանդիպումն էր: Վիգենը շտապում էր ռազմաճակատ: ,,Միայն այստեղ է հնարավոր իսկական հայրենասիրությունը,, ,- ասում էր նա՝ ուղղելով ձեռքի վիրակապը: Հոսպիտալից հետո նա գրել էր. ,,Անցա հանձնաժողովը: Առողջ եմ… ուզում եմ արագ հասնել ռազմաճակատ,,:

Իրմա Սաֆրազբեկյանը գրում է, որ վերջին նամակը Վիգենից եկավ 1941 թվականի հոկտեմբերի 2-ին Մոսկվայի մատույցներից, իսկ հետո՝ երկար-երկար տարիների լռություն: Վիգենի մասին հարազատների հարցումներն ունեին մեկ պատասխան՝ անհետ կորել է:

Ում ասես, որտեղ ասես, դիմեցին, որոնեցին, որոնումներին միացավ նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանը, բայց նա էլ անզոր գտնվեց:

Մայրը՝ Մարիա Սոկալսկայան, հույսը չէր կորցնում, մայրական սիրտը հուշում էր, որ նա կարող է թաղված լինել Լենինգրադի մատույցներում: Եվ ճիշտ էր նա:

Երկար որոնումներից հետո Արեգը՝ Թումանյանի ծոռը, Լենինգրադի զինվորական Պրեոբրաժենսկի գերեզմանատանը գտավ Վիգենի գերեզմանը: Պաշտոնական փաստաթղթերում նշվում է միայն, որ Վիգենը մահացել է 1942 թվականի հուլիսի 15-ին վերքերից:

Եվ այսպես ռզամի դաշտում մարեց մի հրաշալի երիտասարդի կյանք, որի հետ մարեց նաև Թումանյանների վերջին հույսը: Նա մեկն էր այն հայ քաջորդիներից, որի համար առաջնայինը պատիվն ու նվիրումն էր:

Վիգենի թողած նամակները խոսում են այն մասին, թե այդ նուրբ ու քնքուշ սիրտ ունեցող երիտասարդը որքան լուսավոր անհատականություն է եղել՝ միշտ տոգորված լավատեսությամբ, հարազատների նկատմամբ տածած անսահման հոգատարությամբ և ուշադրությամբ, նրանց միջև ամուր, մարդկային պարզ ու մաքուր հարաբերություններ տեսնելու ցանկությամբ, ապագայի հանդեպ ունեցած լուսապայծառ երազանքների շռայլությամբ: Հավանաբար, մարդկային այս վեհանձնության շնորհիվ է, որ նա այդքան սիրված է եղել բոլորի կողմից:

Ահա 1941 թվականի օգոստոսի 26-ի թվագրությամբ նամակից մի հատված, որ գրել է Կիսլովոդսկից իր տատիկին՝ Օլգան Թումանյանին. ,,Բարև քեզ, իմ սիրելի տատիկ ջան: Այսօր ստացա քո նամակը և շատ ուրախացա: Երեկ ստացա մամայի նամակը և քո նկարը: Վերջապես երեկ եկավ մաման: Մամի գալը շատ անսպասելի էր: Առաջից ստացա հեռագիր, թե՝ դուրս եմ գալիս, իսկ հետո գրում ա. ,,Համբուրում եմ Վիգենին, լավացիր, միացիր /կապ հաստատել/ Սեդայի հետ. մամա,,: Ես կարծեցի, որ դժվար է գալը, և չի գալ: Էդ մտքով նստել եմ և սկսել եմ քեզ նամակ գրել: Մեկ էլ տեսնեմ՝ կանչում են, թե մայրդ /առաջից ասացին քույրդ/  եկել ա, կանչում ա: Համա մամի գալը շատ անհաջող եղավ: Առաջին րոպեից տոմսի մասին էր մտածում: Էդ օրը 4-ից մինչև 7-ը մնաց: Մեկել օրը եկավ, մի չորս ժամ էլ էդ օրը մնացինք էդտեղ: Հոսպիտալից թուղթ վերցրավ՝ տոմս ճարելու համար և ցտեսություն ասինք, գնաց, որ գնաց՝ տեղ չէի գտնում ինձ համար, զոռով էի ինձ պահում: Ուզում էի հագնվեմ, գնամ վակզալ, տեսնեմ որտեղ ա՝ կարգին խոսենք, ճանապարհ գցեմ: Հիմի չգիտեմ, թե որտեղ ա, համա գնացած չլինի: Ինչ բախտ կլինի, որ էլի տեսնեմ…  Իմ վերքս արդեն լավացել ա: Փողի մասին մի մտածի, էդ ինձ պետք չի, ավելի լավ դուք էդտեղ լավ ապրեցեք, թե չէ ես լավ եմ: Ապրեցեք միասին, սերով, հանգիստ: Դրանից շատ ի՞նչ կուզենամ: Հիշեք ժողովրդական իմաստությունը. ,,Ծառի ոստերը առանձին-առանձին հեշտ է կոտրել, իսկ միասին՝ ոչ,,: Լավ եղեք,,:

,,Բարև, սիրելի Սուրմոչկա.

Մայրիկից և տատիկից նամակներ ստացա, բայց քեզնից ոչինչ չկա: Ինչու՞ չես գրում: Միգուցե արդեն մոռացե՞լ ես: Բայց ես դեռ չեմ մոռացել: Ես, նույնիսկ, քո մռութիկն /լուսանկար/ ունեմ, որտեղ դու Նադյայի հետ ես: Ինձ մոտ Մուսենկան էր եկել: Նա քեզնից փոքր է, բայց արդեն գիտի կարդալ, գրել և, նույնիսկ, գերմաներեն խոսել: Դու էլ սովորիր, Սուրմոչկա: Դե, առողջ եղիր, լավ սովորիր, օգնիր տատիկին: Համբուրում եմ քթիկդ: Ողջույններ հաղորդիր բոլոր երեխաներին,,:

,,Բարև, մայրիկ ջան: Ես հանգիստ եմ, ինչպես Թբիլիսիից մեկնելիս: Մայրիկ, դու մի տխրիր: Այսօր նոր զենք ստացանք, նոր համազգեստ, վա՜յ թշնամուն: Այս օրերի ընթացքում ձեզ երրորդ նամակն եմ գրում, իմ ալբոմում ձեր մռութիկներն են: Ցտեսություն:    Վիգեն,,:

,,Բարև, իմ հարազատներ.

Ես, ինչպես միշտ, առույգ եմ, անհանգստանալու կարիք չկա: Մենք շուտով Հիտլերի պոչը կխուզենք:

Համբուրում եմ ձեր մռութիկները:  Վիգեն /Գուգա/,,:

Թումանյանի թանգարանի ավագ գիտաշխատող Սուսաննա Ադամյանը, որ քաջատեղյակ է Վիգենի նամակներին, ներկաների առջև բացում է երիտասարդի հոգու անեզր աշխարհը՝ բացահայտելով նրա ականակիտ մաքրությունն ու պարզությունը: Ու քանի որ նա տարիներ անց հնարավորություն է ունեցել անձամբ հանդիպելու Վիգենի մորը, ահա թե ինչ է պատմում. ,,Տարիներ շարունակ որդու ճակատագրով անհանգստացող մոր ջանքերն ապարդյուն էին անցնում: Նրան մնում էր միայն խնամքով պահել որդուց ստացած նամակները, անվերջ կարդալ, բազմիցս արտագրել՝ ցողելով դրանք արցունքներով. ,,Ես, կորցնելով ամուսնուս և որդուս, թոշակի անցնելով, տրտմորեն անց եմ կացնում կյանքիս վերջին օրերը: Բայց երբեմն, մարող խարույկի կայծերի նման, իմ հոգում բոցավառվում է անցյալի դժվարին երջանկության լույսը, և կյանքը հառնում է դուստրերիս ու թոռներիս հանդեպ սիրուց և լցվում հույսերով, որ նրանց կհաջողվի գեղեցիկ, մարդկանց պիտանի մի բան իրագործել, որն ինձ չվիճակվեց անել իմ խառնակ կյանքում…,,: Երբ կարդում եմ այս տողերը, աչքիս առաջ է գալիս այդ առաքինի կնոջ կերպարը: Երջանիկ հնարավորություն եմ ունեցել հանդիպել նրան իր կյանքի մայրամուտին, երբ Թամար Թումանյանի կողմից գործուղվեցի Թբիլիսի՝ արխիվներում աշխատելու համար: Նա ապրում էր Թումանյանների վերջին բնակարանում իր դստեր՝ Նադեժդայի ընտանիքի հետ: …Մեղմ բռնեց ձեռքս, հարցրեց անունս և նշեց, որ մեր անունները նման են, խնդրեց, որ պատմեմ թանգարանի ու աշխատողների մասին, և ողջույններ ուղարկեց իր սիրելի Թամարին: Վերջում ասաց, որ հպարտ և  երջանիկ պիտի լինեմ, քանի որ ծառայում եմ ամենամեծ հայի թանգարանում: Երկու տարի անց՝ 1989 թվականին, նա հեռացավ այս կյանքից, որ երկնքում միանա իր այդքան սիրած ամուսնուն և որդուն,,:

Թումանյանների հետ կապված ոչ մի մանրուք չի վրիպում թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանի աչքից, որը մեծ ջանասիրությամբ ու եռանդով մատաղ սերնդին է փոխանցում այն բարձրարժեք գաղափարները, որով դարեր շարունակ պիտի կրթվեն մեր սերունդները՝ պետական մտածողությամբ հայրենիքի պաշտպան դառնալու համար: Օգտագործելով իր բոլոր հնարավորությունները՝ դպրոցականներին, քոլեջների ու բուհերի ուսանողներին ներքաշում է Թումանյանի տիեզերական անդաստանը ու թռիչքի թևեր պարգևելով՝ ուղորդում նրանց ճախրը դեպի թումանյանական արժեքները, դեպի Անհունը…

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ