ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ

Մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ)  ընթերցասրահում տեղի ունեցավ «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը քննարկում է Արցախյան երկրորդ պատերազմի հանրային և պաշտոնական հիշման գործընթացները՝ պատերազմի հուշարձանացման ու զոհերի հիշատակման պրակտիկաների օրինակներով: Հեղինակներն են ՀԱԻ սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի ղեկավար Միհրան Գալստյանը, գիտաշխատողներ Գարիկ Աթանեսյանը, Գայանե Հակոբյանը և Լուսինե Անգելուշը։ Հեղինակները 2021-2024 թվականների ընթացքում ՀՀ սահմանամերձ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի և Սյունիքի մարզերում իրականացրել են հետազոտական աշխատանքներ, որոնց հիման վրա ստացվել է կարևոր աշխատությունը։

Բացելով շնորհանդեսը՝ Մ Գալստյանը ներկայացրեց՝ ինչպես է ստեղծվել գիրքը, ինչ խնդիրներ են հաղթահարել հեղինակները։ «Այս գիրքը հարգանքի տուրք է և երախտիքի խոսք՝ Արցախում զոհվածների համար», -ասաց նա, և նրա առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան բոլոր պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը։ «Մենք այս հետազոտությունն իրականացրել ենք 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023-ի հոկտեմբեր։ դա այն ժամանակաշրջանն էր, երբ պատերազմական իրավիճակ էր, այնուհետև Արցախից էթնիկ զտման գործընթացն սկսվեց։ Այսպիսի ծանր ժամանակաշրջանում ենք հավաքել գրքի համար նյութերը, անցկացրել հարցազրույցներ»,- իր խոսքում ասաց  Մ Գալստյանը՝ հավելելով՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ստիպված են եղել փոխել նախկինում ընտրված բնակավայրերի ցանկը, և երբեմն հարցազրույցներն իրականացվել են ռազմական պայթյունների պայմաններում: Եղել է նպատակ՝ նաև Արցախում իրականացնել հարցազրույցներ ու հետազոտություններ, բայց․․․ Շնորհանդեսին ներկա էին և խոսք ասացին տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, նախագահության անդամ Յուրի Սուվարյանը, ՀԱԻ տնօրեն պ գ դ Արսեն Բոբոխյանը՝ կարևորելով աշխատությունը ներկա և հետագա ժամանակներում։ Յուրի Սուվարյանն իր խոսքում ասաց՝ գիրքը շարադրված է պատշաճ գիտական մակարդակով, հիմնավորումներով, նպատակային ուղղվածությամբ։ «Իհարկե՝ կասկածից վեր է, որ Արցախյան պատերազմի հերոսների հիշատակը պետք է անպայման հարգվի։ Տարիներ հետո կհարցնեն գիրքն ընթերցողները՝ ինչի՞ համար են զոհվել այդ մարդիկ, ինչու՞ ստեղծված հուշարձաններն ու թանգարաններն Արցախի տարածքում չեն», -ասաց Յ Սուվարյանը՝ նշելով՝ ժամանակին Արցախի տարածքում հուշարձաններ կային նվիրված հերոսներին՝ Մոնթեին՝ Մարտունի քաղաքում, Վ Սարգսյանին՝ Շուշիում, Աշոտ-Բեկորին Ստեփանակերտում և այլն, որոնք այսօր վերացվում են։ Հավելեց նաև «Շատ կարևոր է նման հուշարձանների ներկայությունը ՀՀ տարածքում, բայց հաջորդ հարցը, որ կծագի սերունդների մոտ, հետևյալն է՝ ինչու՞ Արցախը մերը չէ․․․ Նրանք մեզ կմեղադրեն այս հարցում։ Իսկ ներկա գիրքը մի փաստ է այսօրվա տխուր իրողության մասին»։ Այնուհետև հակիրճ դրվագներ ներկայացրեց Արցախի պատմության մասին։ Ցավով նշեց՝ մեր պետականության գոյության պայմաններում մեզանից խլվել է մեր տարածքի մի զգալի մասը՝ ամենաբարեբեր հատվածը, որը նաև կարևոր տնտեսական դեր ունի։

Իր ելույթում Ա Բոբոխյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց գրքի հեղինակներին և ասաց «Շատերը հարցնում են՝ մտավորականությունն ինչով է մասնակցում պատերազմին, քաղաքական իրողություններին։ Սա (գրքի առկայությունը Զ Ը)  թերևս  այդպիսի մի օրինակ է գիտնականների ուղղակի մասնակցությունը պատերազմի ընթացքին՝ փաստագրելով, ուսումնասիրելով այն ամենը, ինչը վտանգված է։ Այս իմաստով շատ կարևոր է այս և նման գրքերի ի հայտ գալը։ Մարդկությունը մշտապես երազել է խաղաղության մասին, բայց համաշխարհային պատմության մեջ չկան ժամանակներ, որ առանց պատերազմի են։ Պատերազմն ամեն ինչի հիմքում է, պիտի պատրաստ լինենք գիտնականները փաստագրելով են իրենց կռիվը տալիս»։

Գրքի համահեղինակ Գարիկ Աթանեսյանը ներկայացրեց աշխատության կառուցվածքը։ Այն բաղկացած է 4 գլխից՝ «Պատերազմը, սուգը և հիշողությունը», «Հիշողության քաղաքականության դերակատարները», «Հիշողության տարածքը» և «Պատերազմի հիշատակման պրակտիկաները»։ Գրքի վերջաբանում կա հետևյալ տեղեկությունը՝ «Պատերազմի հուշարձանացման գործընթացը հետպատերազմյան Հայաստանում հիշողության քաղաքականության հիմնական դերակատարներ հանդիսացող իշխող քաղաքական ուժի ու ՀՀ ՏԻՄ-երի, ինչպես նաև բարերարների, քաղաքական հասարակության ներկայացուցիչների, հուշարձանների տեղադրման անհատական ու նեղ խմբային նախաձեռնությունների հեղինակ հանդիսացող զոհվածների ծնողների, բարեկամների, ընկերների ու հարևանների միջև իրականացված փոխհարաբերությունների ու բանակցությունների արդյունք է»։ Հեղինակները տեղեկացնում են նաև «Պատերազմի հուշարձանացումը հիմնականում արտահայտվեց համայնքային հուշահամալիրներում ու զինվորական պանթեոններում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանների տեղադրմամբ կամ հների բարեկարգմամբ ու նոր պատերազմի զոհերի շիրիմների ավելացմամբ, ինչպես նաև որոշ համայնքներում ամբողջովին նոր զինվորական պանթեոնների կառուցմամբ․․․»։ Նշվում է նաև՝ շատ վայրերում տեղադրվել են անհատական հուշարձաններ՝ ծնողների, հարազատների, ընկեր-բարեկամների կողմից։ Աշխատությունում տպագրված է 30-ից ավելի հուշարձանի լուսանկար՝ նշված մարզերի տարբեր բնակավայրերից։ Գիրքը հրատարակվել է «Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե»-ի ֆինանսավորմամբ իրականացվող 21T-6A136 գիտական նախագծի շրջանակում կատարվող աշխատանքների արդյունքում։ Շնորհանդեսի վերջում ներկաները՝ ՀԱԻ տարբեր բաժինների աշխատակիցներ, հյուրեր, հարցեր ուղղեցին հեղինակներին, եղավ քննարկում։ Ներկաները նաև գիրքը նվեր ստացան։   Զոհրաբ Ըռքոյան