Այսօր` մայիսի 7-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղի ունեցավ հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակին նվիրված խնկարկման ու ծաղիկների խոնարհման արարողություն, որին ներկա էին երաժշտասեր հասարակության անդամներ, ներկայացուցիչներ երաժշտական օջախներից: Հավաքվել էին բոլորը՝ մեծ կոմպոզիտորին ասելու՝ շնորհակալություն:

Ասում են՝ Սպենդիարյանը որտեղ էլ լիներ, իր շուրջն էր համախմբում մարդկանց՝ հիմնականում երիտասարդների:

1928 թվականի մայիսի 7-ին նա կնքեց իր մահկանացուն. դա համազգային մեծ կորուստ էր:
Նրա նվիրյալ ուսանողները՝ Սերգեյ Շաթիրյան, Լևոն Խոջաինաթյան, Կորյուն Անանյան, որպես ինքնարտահայտում այդ մեծ կորստի՝ գրեցին ,,Սգո քայլերգ,,՝-եր լարային քառյակի համար:

Այսօր՝ 97 տարի անց, լսվեց Կորյուն Անանյանի հեղինակած ,,Սգո քայլերգ,,-ը իր ուսուցչի՝ Ալ.Սպենդիարյանի պայծառ հիշատակին, որը կատարեց ,,Մեղեդի,, լարային քառյակը:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ հայ կոմպոզիտորական դպրոցի հայտնի անուններ վաղուց դուրս են եկել միջազգային հարթակներ, որոնց մեջ է նաև Ալ. Սպենդիարյանը:

Կոմպոզիտորի գերեզմանին խնկարկման և ծաղիկների խոնարհման արարողությունից հետո միջոցառումը շարունակվեց Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանում, որտեղ մեծանուն կոմպոզիտորի երախտագետ ու նվիրյալ ուսանող Կորյուն Անանյանի /ծագումով՝ Շուշիից/ կյանքի ու գործունեության մասին զեկուցումով հանդես եկավ թանգարանի գիտաշխատող Նինա Հակոբյանը: Մտահղացումը հայ երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանինն է…
/Ամբողջական լրատվությունը՝ շուտով/:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ