Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը գիտեր՝ տուն կգա որպես Անմահ հերոս, բայց գիտեր նաեւ՝ հազարավոր հայրենակիցների ու հայրենի երկրի անվտանգությունը զոհեր է պահանջում։
Արցախն Ադրբեջանից ազատագրելու, արցախցիների անվտանգությունն ապահովելու նպատակով սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որին մասնակից եղավ ողջ հայությունը։ Շուտով զգացինք՝ միայն զենքով է լինելու մեր երազանքը՝ Արցախը միավորել Մայր հայրենիքին։ «ՄԻԱՑՈՒՄ»-ը դարձել էր Երեւանում ու Ստեփանակերտում, այլ հայոց բնակավայրերում տեղի ունեցող խաղաղ ցույցերի ժամանակ ամենաշատ հնչող կանչը։ Եկավ նաեւ պատերազմելու ժամանակը, եւ 1988-ի կեսերից սկսած՝ կազմավորվեցին ռազմական կամավորական ջոկատներ, որոնք անցան Արցախ ու ՀԽՍՀ սահմանամերձ բնակավայրեր։ Արցախյան շարժման կիզակետում էին Երեւանի պետական համալսարանի ուսանողությունը, դասախոսներ։ Եվ նույն համալսարանի շատ ուսանողներ դարձան առաջին կամավորական ջոկատների անդամներ, ոմանք՝ հրամանատարներ՝ գիտակցելով, որ անիմաստ են խաղաղ ցույցերը, նամակները դեպի Կրեմլ։ Արցախյան գոյամարտում մարտիրոսվեցին համալսարանականներ Վարդանները, Թաթուլը, Տիգրանը, էլի հերոսներ։ Գետաշենի արծիվն ապրիլի 21-ին կդառնար 60 տարեկան, սակայն հերոսն արդեն 34 տարի է, ինչ մեզ հետ է իր երկնային կյանքով, իր հզոր հոգով, իր անմնացորդ հերոսությամբ, իր՝ որպես ազգի նվիրյալ հերոսի կերպար էությամբ։ Արցախյան շարժման հենց սկզբում աչքի ընկավ Թաթուլը՝ նստացույցի ժամանակ։ Ուսանողական տարիներին «Մարաթուկ» ազգագրական երգի պարի համույթում էր, հավաքագրել ու մոռացությունից փրկել է ժողովրդական եւ ազգային—ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր։ Երեւանի պետական համալսարանում հիմնադրել է «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը։ Հիշում եմ այդ համույթի համերգները, որի ժամանակ իր անզուգական կատարմամբ հանդես եկավ նաեւ ազգի ապագա հերոսը։
Թաթուլ Ժորժիկի Կրպեյանը ծնվել է 1965 թ. ապրիլի 21-ին ՀԽՍՀ Թալինի շրջանի Արեգ գյուղում։ 1972-1982թթ. սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Այն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1985-1986թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Թալինի թիվ 76 պրոֆտեխուսումնարանը։ 1987-ին ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Չորրորդ կուրսում միացել է հայկական ազատագրական շարժմանը։ 1987-1989թթ. «Միացում» կազմակերպության անդամ էր։ 1989թ. Թաթուլն ամուսնացավ Իրինա Բարսեղյանի հետ։ 1990թ. փետրվարի 20-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Ընտանիքը բնակվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի՝ ասպիրանտների համար նախատեսված 18 հարկանի շենքում։ 1990թ. ընդունվել է ՀՅԴ կուսակցության շարքերը։ Եկավ Արցախ անցնելու ժամանակը, եւ Թաթուլն իր ջոկատով 1990թ. սեպտեմբերին արդեն Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարն էր՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի, խորհրդային բանակի եւ ոստիկանական խմբավորումների։ Ազատ ժամերին հայոց պատմություն եւ աշխարհագրություն էր դասավանդում դպրոցում։ Այդ ընթացքում նման ջոկատներ էին անցել Արցախի վտանգված վայրեր՝ Բերդաձոր, Հադրութի շրջան, Շահումյանի շրջան եւ այլուր։ Ամենուրեք պատերազմ էր արդեն, իհարկե, ոչ լայնածավալ։

Խորհրդային իշխանություններն ու Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցում էին՝ Արցախը միավորվելու է Մայր հայրենիքին, եւ որոշեցին ժամ առաջ թույլ չտալ դա։ Դեռեւս 1990 թ. ամռան եւ աշնան ընթացքում բազում անգամ փորձեցին ծնկի բերել հայությանը հատկապես այն վայրերում, որոնք 4 կողմից շրջափակված էին թուրքական բնակավայրերով։ Բերդաձորում եմ ներկա եղել նման դեպքերի, ինչպես էին թուրքերը խորհրդային զինվորականներին իրենց թիկունք ու պահապան դարձրած մտնում հայկական գյուղեր, իրականացնում խուզարկություններ, ձերբակալություններ, գողանում անասուններ՝ սպանելով անասնապահներին։ 1990 թ. նոյեմբերին վառեցին Բերդաձորի Տասի վերստ-Ծաղկաձոր գյուղի տները, Լաչինի շրջանից հարձակվեցին Բերդաձորի Հին շեն եւ Մեծ շեն գյուղերի վրա։ Պաշտպանեցինք գյուղերը՝ 2 զոհերի գնով։ 1991-ի հունվարի 17-ին նույն Բերդաձորում խորհրդային զինվորականները գնդակոծեցին Եղցահողից Մեծ շեն գնացող մեր ազատամարտիկների մեքենան։ Սպանվեց Ստեփանը, վիրավորվեցին 3 տղաներ։ Իսկ Գետաշենի անկումից հետո նույն ուժերը հայաթափ արեցին Բերդաձորն ու Հադրութի շրջանի մի քանի գյուղ, գերեվարեցին բազում հայորդիների։ Բաքվի բանտերում տանջամահ արվեցին Բերդաձորի ենթաշրջանի պաշտպանության հրամանատար Առնո Մկրտչյանը, ով նույնպես ապրիլին է ծնվել՝ 25-ին, եւ ազատամարտիկ Հրաչ Պետրոսյանը։ Նման դեպքերն ամենուր էին Արցախում, նաեւ՝ Հայաստանի սահմանամերձ տարածքներում՝ Շուռնուխ, Ոսկեպար եւ այլն։ Սակայն անընկճելի էինք։ 1991թ. գարունը եղավ մեր «Մահ կամ ազատություն» փորձության հիմնական շրջանը։ Խորհրդային իշխանություններն անցան բացարձակ հարձակման։ Թուրք օմօնականների հետ իրականացրին «ԿՈԼՑՈ» («Օղակ») ռազմագործողությունը՝ որոշելով վերջնական լռեցնել Արցախյան շարժումը։ Առաջինն սկսեցին Գետաշենից։ Խորհրդային 4-րդ բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ ուժերը 1990թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» ռազմական գործողության շրջանակներում հարձակվեցին Գետաշենի վրա։ Այդ օրը, գերի վերցնելով 17 խորհրդային զինվորականի, մեկ ադրբեջանցի ուղեկցորդի եւ խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին, Թաթուլ Կրպեյանը նրանից վերցրեց խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» ռազմական գործողության պայմանականչերով պլանը։ Սակայն այդ օրը փոխհրամանատար Արթուր Կարապետյանի եւ Հրաչ Դանիելյանի (Զարզանդ) հետ մարտիրոսվեց Գետաշենում՝ բանակցությունների ժամանակ։ Տղաների զոհվելուց հետո խորհրդային 14 պատանդ զինվորական փոխանակվեցին ՕՄՕՆ-ականների կողմից պատանդ վերցված 27 հայ բնակիչների հետ։ Այսպես մարտիրոսվեց Թաթուլը, ինչպես նրան նկարագրել են՝ Սասնո ֆիդային՝ թիկնեղ, գանգուր մազերով, թավ մորուքով։ Ընկան այլ հերոսներ, գետաշենցիներ։ Ապրիլի 30-ին Մարտունաշենում մարտիրոսվեց նաեւ Սիմոն Աչիգյոզյանը՝ Դեդը, որը 11 օր առաջ էր ստանձնել տեղի «Արաբո» ջոկատի հրամանատարությունը։ Ընկավ նաեւ Մարտունաշենը։ Թաթուլն ասել էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի… Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»։


1996թ. սեպտեմբերի 20-ին Թաթուլը հետմահու արժանացավ ՀՀ բարձրագույն պարգեւի՝ Ազգային հերոսի կոչման, պարգեւատրվեց «Հայրենիք» շքանշանով։ Հերոսի անունով են կոչվում հայրենի Արեգ գյուղի, Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի միջնակարգ, Երեւանի թիվ 62 ավագ դպրոցները, դասարաններ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների, այդ թվում նաեւ Քաշաթաղի շրջանի մի շարք դպրոցներում։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում անվանակոչվել է լսարան, սահմանվել Թաթուլ Կրպեյանի անվան կրթաթոշակ։ «Քաջն Թաթուլ» ազգագրական երգի ու պարի համույթը գործում է Երեւանում, իսկ Կովսականում Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ «Թաթուլ»-ազգագրական երգի պարի համույթում տարածքի դպրոցականներն էին և մասնակցում էին բազում միջոցառումների, հատկապես՝ կապված Հայոց բանակի հետ։ Երեւանում՝ Նոր Նորքում, բացվել է զբոսայգի՝ նվիրված հերոսին։ Երեւանի պետական համալսարանի ուսանողության եւ բերձորցի աշակերտների, ինչպես նաեւ՝ հերոսի դստեր՝ Ասպրամի մասնակցությամբ, Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ Թաթուլ Կրպեյանին նվիրված պուրակ հիմնվեց նաեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում։ Հերոսին հիշում եւ մեծարում են արտերկրի մեր հայրենակիցները։ Արեգ գյուղում Կրպեյանի շիրիմի վրա կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող։ 1993թ. լույս է տեսել Թ. Կրպեյանի բանաստեղծությունների «Թաթուլ» գրքույկը։ Թաթուլ Կրպեյանին եւ ընկերներին են նվիրված Ռաֆայել Սահակյանի «Արծվապաշտ երկիր» փաստագեղարվեստական վեպն ու «Կարոտից խելառը» տեսաֆիլմը, ինչպես նաեւ Ներսիկ Իսպիրյանի «Լեռան լանջին», Աշուղ Գեւորգի «Մայրամուտ իջավ» երգերը, Աշոտ Բաբայանի «Սոնատ թավջութակի եւ դաշնամուրի համար» ստեղծագործությունը (1993 թվական) եւ այլն։ Թողարկվել է հերոսի 50 ամյակին նվիրված նամականիշով բացիկ։ 2016 թ. հրատարակվել է հերոսի կնոջ՝ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու Իրինա Բարսեղյան-Կրպեյանի հեղինակած «Թաթուլ Կրպեյան. Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» մենագրությունը։
2020թ․ զրուցել եմ Իրինա Բարսեղյան Կրպեյանի հետ։ Տեղեկացրեց. «Գրքի անգլերենը տպագրվել է 2019 թ. նոյեմբերին։ Մենագրությունը լույս տեսավ 2016թ. Երեւանում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեան» մատենաշարով։ Նույն թվականին գիրքը կրկին վերահրատարակեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։ Թեմայի այժմեականությունը եւ հետաքրքրության աստիճանը նկատի ունենալով եւ հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների ցանկությունը, դստերս՝ Ասպրամ Կրպեյանի առաջարկով, 2018թ. սկսեցի գրքի հայերենից անգլերեն թարգմանության աշխատանքները։ Թարգմանությունը («The Self—defense of the Getashen sub—district in Northern Artsakh») լույս տեսավ 2019թ. նոյեմբերին Երեւանում՝ «ԱՆՏԱՐԵՍ» հրատարակչությունում։ Գիրքը ներկայացվել է մի շարք երկրներում՝ Կանադա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա։
Իսկ Կովսականում՝ հերոսի ծննդյան եւ մարտիրոսության օրերին մշտապես ցերեկույթ-հանդեսներ էին կազմակերպվում։ Հաճախ մասնակից էին լինում հերոսի ընտանիքը, մարտական ընկերներ, ճանաչված երգիչ-երաժիշտներ, ՀՅԴ անդամներ, շրջանի ղեկավարությունը։ 2011 թ. նոյեմբերի 1-ին՝ քաղաքի ազատագրման 18–ամյակի առթիվ, հերոսի կնոջ եւ դստեր ներկայությամբ, դպրոցի դիմաց բացվեց Թ․ Կրպեյանի բազալտե կիսանդրին, որի հովանավորն է մարտական ընկեր Արմեն Շահբազյանը։ Հերոսի ծննդյան 48 -ամյակին նվիրված տոնական մեծ համերգ կայացավ 2013թ. ապրիլի 27-ին։ Ռազմահայրենասիրական, ազգագրական երգերով հանդես եկան երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Գոհար Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, երջանկահիշատակ Մկրտիչ Մկրտչյանը՝ Մկոն, Դավիթ Ամալյանը, Ռուբեն Սասունցին, Արաբո Իսպիրյանը։ Իր անզուգականությամբ դարձյալ փայլեց «Կարին» ազգագրական պարի համույթը՝ լուսահոգի Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ։ Տոնին ներկա էին նաեւ հերոսի կինն ու միակ ժառանգը՝ Ասպրամ դուստրը։ Խոսելով հոր մասին՝ Ասպրամն ասաց՝ ինքը փոքր է եղել, երբ հայրը մարտիրոսվել է, սակայն հպարտ է, որ հերոսի դուստր է, եւ ազատագրված արաքսամերձ Կովսական քաղաքում հոր անունով կա դպրոց՝ դիմացը կիսանդրին։ Ավելացրեց. «Երեխաների աչքերում տեսա այն պատրաստակամությունը, որ նրանք այս երկրի տերն են եւ հարկ եղած դեպքում կնմանվեն Թաթուլին»։ Կովսականի «Թաթուլ» ազգագրական համույթը, Կարեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ, տարածքի լավագույն մշակութային խումբն է եւ հաճախ է համերգներով հանդես գալիս նաեւ զորամասերում։ Համույթն այցելել է նաեւ հերոսի ծննդավայր։ «Թեկուզ նահատակ, բայց սահմանապահ». այս կարգախոսով են այսօր բազում անմահ հերոս-հավերժի ճամփորդներ իրենց երկնային կյանքով դաստիարակում մանուկ սերնդին, ողջ մնում մեր սրտերում։ 2020թ․ սեպտեմբերին սկսված Արցախյան պատերազմում պարտվեցինք, 2023-ի սեպտեմբերի վերջին էլ հայաթափ եղավ Արցախը։ Պարտք ենք Թաթուլին ու հազարավոր այն քաջորդիներին, որոնք ժամանակին պաշտպանեցին ու ազատագրեցին Արցախը, ամրացրին հայոց սահմանը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ