«Մեծ մարդիկ ի վիճակի են մեծ բարության»
Սերվանտես
Գրեթե 30-ամյա պատմություն ունի «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը»(ԳՄՔԲԸՀ), որն այդ ամբողջ ընթացքում մեծ աջակցություն է ցուցաբերել քաշաթաղցիներին։ Սակայն ԳՄՔԲԸՀ-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, 1992 – 1997թթ․ Արցախի ՊԲ հրամանատարի՝ արտաքին կապերի գծով տեղակալ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ Արցախի տարբեր շրջաններում ու նրա մայրաքաղաքում նույնպես տարբեր բարեգործական ծրագրեր են իրականացվել։
2020թ․ 44-օրյա պատերազմից հետո էլ Հիմնադրամի գործադիր տնօրենը, հոգաբարձուների խորհրդի անդամները հաճախ էին մեկնում Արցախ և նյութական աջակցություն ցուցաբերում հատկապես բազմազավակ ընտանիքներին, զոհվածների հարազատներին, իրականացնում բարեգործական այլևայլ ծրագրեր։
Սակայն 2023-ի սեպտեմբերից հայաթափվել է ողջ Արցախը։ Իրենց պատմական հայրենիքից, տունուտեղից զրկված արցախցիները բնակություն են հաստատել ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում, և այսօր շատ բազմազավակ ու զոհվածների ընտանիքներ ունեն նյութական աջակցության խնդիր։
2024 թվից Հիմնադրամը համագործակցում է կանադական «Global Medic» մարդասիրական կազմակերպության հետ։ Անցած տարվա ընթացքում «Global Medic»-ի կամավորները մի քանի անգամ եղան Երևանում և Գ․ Մելիքյանի հետ այցելեցին շահառու ընտանիքներին, տրամադրեցին միասնական աջակցություն։ Աշխարհի տարբեր երկրներում պատերազմներից, երկրաշարժներից, ջրհեղեղներից ու այլ աղետներից տուժած կարիքավոր ընտանիքներին աջակցող «Global Medic»-ի գործադիր տնօրեն Ռահուլ Սինխը նույնպես այս տարվա սկզբին այցելեց Երևան, ծանոթացավ ԳՄՔԲԸՀ-ի կատարած աշխատանքներին, և համագործակցությունն առավել արդյունավետ դարձավ։
Օրերս Երևանում էր «Global Medic»-ի երեք կամավորներից բաղկացած հերթական թիմը՝ Լաուրա Գարիոքը, Ջորջ Ֆրանցիսկոսը և Ռոդրիգո Ֆուենտեսը։ Մարտի 29-ին ԳՄՔԲԸՀ-ի գործադիր տնօրենը, հոգաբարձուների խորհրդի անդամները և «Global Medic»-ի կամավորները ԵՊՀ-ում ընդունեցին ավելի քան 20 շահառուների և ցուցաբերեցին աջակցություն՝ սննդի տեսքով։



Գ․ Մելիքյանի նախաձեռնությամբ շահառուներին հատկացվում եմ նաև հայկական արտադրության պահածոներ։ Սրանով աջակցություն է ցուցաբերվում նաև տեղական արտադրողին։
Գուրգեն Մելիքյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, խորհրդի անդամներ՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Մարատ Գրիգորյանը, Սուրեն Սեփանյանը, Գուրգեն Վարդանյանը, բարերար Հրաչյա Դանիելյանը, «Global Medic»-ի կամավորներն ապրիլի 1-ին ուղևորվեցին Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջան, որտեղ Արցախից բռնագաղթված շատ ընտանիքներ են հաստատվել։ Այստեղ ԳՄՔԲԸՀ-ին անշահախնդիր աջակցում է տիկին Ռուզաննա Նահապետյանը՝ Արցախից բռնագաղթված կարիքավոր բազմազավակ ընտանիքների տվյալաները տրամադրելով Հիմնադրամին, որի համար հոգաբարձության խորհուրդը իր խորին շնորհակալությունն է հայտնում նրան։ Այդ օրը Սևան քաղաքում, Զովաբեր, Լճաշեն, Գեղամավան, Վարսեր գյուղերում աջակցություն ստացան 10-ից ավելի բազմազավակ և 7 զոհվածի ընտանիք։


Զովաբեր գյուղում են հաստատվել Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղից Ներսես Հակոբյանի և Մարտակերտ քաղաքից Գենադի Հյուսնունցի բռնագաղթված ընտանիքները։ Ներսես Հակոբյան և Ռուզաննա Փիրիյան ամուսիներն ունեն 8 զավակ՝ 2 տղա, 6 աղջիկ։ Զովաբերցիները թեև սիրով են ընդունել, բայց հայրենի գյուղի կարոտը խեղդում է նրանց։
Գենադի Հյուսնունց և Անի Մկրտչյան ամուսիներն էլ ունեն 7 զավակ՝ 2 աղջիկ, 5 տղա։ Իրենց շնորհակալությունը հայտնեցին ցուցաբերած հերթական աջակցության համար։
Գեղամավան գյուղում նույնպես Արցախից բռնագաղթված բազմազավակ երկու ընտանիք է բնակություն հաստատել։ Ապրես Բեդյանն ու Հեղինե Մակարյանն ունեն 7 որդի և 1 դուստր՝ կրտսերը՝ 2021-ին ծնված Ադրիանան։ Բնակվում էին Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղում, ունեին տուն ու տնտեսություն․․․
Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղից է բռնի տեղահանվել նաև Վաչիկ Մակարյան և Կարինե Կարապետյան ամուսինների 6 երեխաներով ընտանիքը և բնակություն հաստատել Գեղամավան գյուղում։ Նարեկ Հակոբյանն սկզբում եղբոր Ներսեսի հետ էր իր ընտանիքով բնակվում Զովաբերում։ Ունի 5 զավակ և այժմ բնակվում են Լճաշեն գյուղում։ Այստեղ է բնակություն հաստատել նաև Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից բռնագաղթված Արտիկ Հովսեփյան և Արմինե Դանիելյան ամուսինների՝ 5 զավակներով ընտանիքը։ Կրտսերը՝ Անուշ դուստրը, ծնվել է 2020 թ․։ Արկադի, Էդվարդ, Դենիս որդիները կարոտով իրենց Բերդաշեն գյուղն են հիշում, դպրոցը։
Մնացած շահառուներին աջակցությունը հատկացվեց ՀՅԴ Սևանի տարածքային կոմիտեի շենքում։ Զրուցեցի շահառուների հետ` Ստեփանակերտից են, Վանքից, Հաթերքից, զոհվածների ընտանիքներ՝ նաև այլ վայրերից։ Հավատում են՝ կգա օրը, որ սննդի աջակցության կարիք չեն ունենա, իսկ այժմ շնորհակալություն են հայտնում։
Ապրիլի 3-ին աջակցություն ցուցաբերվեց ևս 3 ընտանիքի։ Այցելեցինք նախկինում Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում բնակված Արմեն և Արմինե Բադալյաններին։ 2020-ից տեղափոխվել և վարձով բնակվում են ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, ունեն 6 երեխա։ Ընտանիքի ծնողներն ունեն նաև առողջական խնդիրներ։ Վերջերս Բադալյանների ընտանիքին կով նվիրաբերեց մեր հիմնադրամի իրանցի լավագույն բարեկամը։
Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Շահումյան գյուղում է բնակվում Բերձորից տեղափոխված Քրիստինե Ամյանի 12 երեխաներով ընտանիքը, որին հատկացվեց հասանելիք սնունդը (3 չափաբաժին)։ Հարկ ենք համարում նշել, որ 6 և ավելի երեխա ունեցող շահառուների ընտանիքներին տրամադրվում է կրկնակի չափաբաժին, իսկ 10 և ավելի երեխա ունեցող շահառուների ընտանիքներին՝ 3 չափաբաժին։
Արագածոտնի մարզի Օշականում է բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի նախկին համայնքապետ Անդրանիկ Շաուիշեանի ընտանիքը։ 6-րդ զավակը՝ դուստրը, ծնվել է Արցախի շրջափակաման ժամանակ։ 2016 թ․ այս օրերին Անդրանիկի հետ քաշաթաղցի 10-ից ավելի կամավորներով առաջնագծում էինք՝ Մատաղիսում։ Ապրիլի 19-ին ծնվեց նրա Ավետիք որդին, որն այժմ սովորում է Օշականի դպրոցի երրորդ դասարանում։ «Global Medic»-ի ներկայացուցիչները ծանոթացան նաև այս ընտանիքի պատմությանը, ներկա խնդիրներին։
Մեր հյուրերին ուղեկցեցինք նաև Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ուր նրանք խոնարհվեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին։ Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ