ՎԵՐՀԻՇԵԼՈՎ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ

2016թ. ապրիլի 2-5-ը Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց հայկական դիրքերի դեմ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց պատերազմական գործողություններ, որոնք տեւեցին 4 օր: Հայկական դիրքերի վրա նետվեցին ադրբեջանական լավագույն ստորաբաժանումներն ու ժամանակակից մարտական տեխնիկան, ադրբեջանական բանակը կիրառեց իր զինանոցի գրեթե ողջ զինատեսակները, բայց նրանք անզոր եղան հայ զինվորների արիության դեմ: Միաժամանակյա հարված հասցնելով Արցախի Հյուսիսում եւ Հարավում՝ ադրբեջանցիները հույսը դրել էին հանկարծակիության ու թվային հսկա գերազանցության վրա: Հարվածներ էին հասցվում նաեւ խաղաղ բնակավայրերին, զոհվեցին ու վիրավորվեցին խաղաղ բնակիչներ ու երեխաներ: Սակայն հայկական մարտական դիրքերը պաշտպանող մարտիկների, ժամկետային զինծառայողների արիությունը կանգնեցրեց ադրբեջանցիների հարձակումը եւ զրկեց նրանց հաղթանակի հնարավորությունից: Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու համաձայնություն ձեռք բերվեց, կեսօրին դադարեցվեցին ռազմական գործողությունները:

Մեր զրուցընկերը ծնվել է 1983թ. Ասկերանում: Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է հետախուզական վաշտում եւ  զորացրվել որպես հետախույզ:  Մասնակցել է 2016թ. Ապրիլյան պատերազմին՝ լինելով  գումարտակի հետախուզական դասակում:  2020թ. 44-օրյա պատերազմին մասնակցել է աշխարհազորի կազմում: 2022թ. որպես կամավոր միացել է Քարագլխի պաշտպանությանը: 2023թ. ծառայում էր գնդում՝ որպես պայմանագրային զինծառայող: Սեպտեմբերյան վերջին պատերազմի ժամանակ կատարել է համապատասխան առաջադրանք: 2023թ. սեպտեմբերի վերջին իր հայրենակիցների նման տեղահանվել է: Բնակվում է Երեւանում:

Ապրիլյան պատերազմում զինվորների ու սպաների, փորձառու վետերանների գործած զանգվածային սխրանքների բազում օրինակներ կան, որոնց շուրջ խոսեցինք մեր զրուցընկերոջ հետ՝ վերհիշելով Քառօրյան:

 – «Աշխատում էի Ասկերանի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ում՝ որպես կապավոր: Ապրիլի 2-ին առավոտյան թշնամին հարձակվում է մեր դիրքերի վրա,  ձայները լսելի էին նաեւ Ասկերանում: Դեռ հստակ չգիտեի, թե որ կողմից են փորձել առաջ գալ, բայց առաջին բանը, որ անցավ իմ մտքով՝ պատրաստ լինելու անհրաժեշտությունն էր: Գնացի աշխատավայր, խոսակցություն ունեցանք արդեն հավաքված տղամարդկանց հետ, որից հետո արագ գնացի տուն՝ զինվորական հանդերձանքիս հետեւից: Տղաների հետ գնացինք Ասկերանի գունդ՝ մեր հետագա անելիքները ճշտելու համար: Պարզվեց, որ զորահավաքային կազմի մեջ իմ անունը ներառված չէր: Մտածեցի, թե ինչով եմ պակաս, որ իմ անունը չկա: Զանգեցինք զինկոմիսարիատ, հետո էլ ներկայացա այնտեղ, որտեղ ինձ ասացին, որ զորահավաքը հերթով է, եւ հնարավոր է, որ իմ հերթը դեռ չի եկել: Բայց ես չէի կարող սպասել իմ հերթին, սահմանագծում կռվող տղաներին օգնության էի ուզում արագ գնալ: Որոշ ջանքերից հետո իմ անունն էլ հայտնվեց զորահավաքային կազմի ցուցակում, եւ մենք մեկնեցինք Ակնայի՝ Աղդամի դիրքերի ուղղությամբ: Դիրքավորվեցինք ու պատրաստ սպասում էինք համապատասխան առաջադրանքների՝ պատրաստակամ հարկ եղած դեպքում կարճ ժամանակում հասնել թեժ կետեր: Լսելի էին պատերազմի ձայները, ոչ պակաս հայտնի՝ մեր կռվող զինվորների բարձր մարտական ոգու մասին վկայությունները:  Մեր զինվորները ոգով ու կամքով ուժեղ էին հակառակորդից, ինչն էլ ապացուցեցին Ապրիլյան պատերազմում: Ակնհայտ էր, որ հայ զինվորն ավելի նախապատրաստված է, քան հակառակորդի էլիտար ստորոբաժանումը, հատուկ նշանակության խմբերը:

Չորս օր հետո ձայներն այդքան ինտենսիվ չէին, աստիճանաբար սկսեցին դադարել: Տաս օր դիրքերում մնալուց հետո հնարավորություն ունեցա տուն գնալ, կարգի հրավիրվել եւ նորից գնալ պահանջվող վայր: Չնայած նրան, որ մեր բանակը ժամանակակից համապատասխան զենքերի ու զինատեխնիկայի կարիք ուներ, ինչպես նաեւ թշնամու անհամեմատ թվային գերակշռությանը, այնուամենայնիվ մեր տղաները, ունենալով բարձր մարտական ոգի ու աննահանջ կռվելու կամք ու պատրաստվածություն, կարողացան կասեցնել թղնամու առաջխաղացումը, հետ մղել նրանց՝ չթողնելով, որ հակառակորդը հասնի իր ուզածին: Պետք է նշել եւ արժանիորեն գնահատել այն հանգամանքը, որ ամենածանր հարվածն իրենց վրա էին վերցրել ժամկետային զինծառայողները, որոնք փառքով ու պատվով են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը: 18-20 տարեկան տղաներն էին կանգնած առաջնագծում, որոնք չէին զիջում նախկին սերունդներին: Այսպես կոչված անկախության սերունդը հայրենի սահմանից մի քայլ անգամ հետ չէր կանգնում: Ուս ուսի կանգնած՝ մարտնչում էին եւ   կարողացան նույնիսկ կյանքի գնով տեր կանգնել իրենց սրբություններին:

Տեղին է հիշել մեր պատանի մարտիկների սխրագործությունները, որոնցից են 18-ամյա Նարեկ Մալխասյանի ու 19-ամյա Մարատ Պետրոսյանի կատարածները: Նարեկը հակատանկային նռնականետի կրակոցով ադրբեջանական ՄԻ-24 ուղղաթիռ խփեց, իսկ Մարատը իր ֆագոտով 5 ադրբեջանական տանկ եւ 1 ՀՄՄ ոչնչացրեց: 

Քառօրյա պատերազմը բավականին մեծ փորձ տվեց եւ ապացուցեց այն, որ մենք ամուր կանգնած ենք մեր հողի վրա եւ զիջելու ոչինչ չունենք:

Տարիներ անց խոսակցություններ են շրջանառվում, թե իբր կռվել չգիտենք: Նման խոսակցություններ տարածող ու այդպես մտածող մարդկանց ես մեղմ ասած ասում եմ՝ ամոթ ձեզ: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվի:

2016-ի ապրիլը դարձավ մեծ փորձության եւ հայ ոգու հաղթանակի շրջան: Հետեւակայինները, հրետանավորներն ու տանկիստները, երիտասարդ մարտիկներն ու վետերանները կատարեցին իրենց պարտքը՝ հայ զինվորի պարտքը, եւ իրենց սխրանքներով նոր հերոսական էջեր գրեցին մեր պատմության մեջ: Սոնյա ԱՎԱԳՅԱՆ