2025 թվականին շարունակվում է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ի (ԳՄՔԲԸՀ) սննդային աջակցությունը հայրենիքից բռնի տեղահանված և ՀՀ-ում ապաստանած արցախցի բազմազավակ ընտանիքներին։ Հունվար ամսին հիմնադրամից աջակցություն ստացավ 10-ից ավելի ընտանիք։

2024 թվից հիմնադրամի հետ համագործակցում է կանադական “Global Medic” մարդասիրական կազմակերպությունը, որն օգնություն է ցուցաբերում աշխարհի տարբեր երկրներում պատերազմներից, երկրաշարժներից, ջրհեղեղներից ու այլ աղետներից տուժած կարիքավոր ընտանիքներին։ Հայաստանին ու հայությանը պատահած աղետի հանդեպ ևս անտարբեր չէ այդ կազմակերպությունը։
Հունվարին Երևանում էր «Global Medic»-ի գործադիր տնօրեն Ռահուլ Սինխը՝ իր երեք կամավորների հետ։ Երևան էր ժամանել նաև կանադահայ հասարակական գործիչ Խորեն Մարդոյանը, որն բազմիցս եղել է Արցախում և մարդասիրական օգնություն ցուցաբերել, իսկ 2016-ից համագործակցում է «Global Medic»-ի հետ:
Հունվարի 20-ին տեղի ունեցավ Հիմնադրամի հոգաբարձության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև «Global Medic»-ի ներկայացուցիչները: «Global Medic»-ի գործադիր տնօրեն Ռահուլ Սինխը բարձր գնահատեց ԳՄՔԲԸՀ-ի կատարած աշխատանքները և ընդգծեց Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Այս օրերին նույն կազմակերպության ներկայացուցիչներ Քելլան Շիլդսն ու Ջուլի Կոլգանը Երևանում են և բերել են հունվարյան հանդիպման ժամանակ ծրագրով նախատեսված հումանիտար օգնությունը։

Առողջական պատճառով առաջին անգամ այցերին չմասնակցեց ԳՄՔԲԸՀ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն պրոֆ․ Գուրգեն Մելիքյանը։
Սակայն մարտի 1-ին Հիմնադրամի հոգաբարձության խորհրդի անդամներ՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Մարատ Գրիգորյանը, Հայաստանի վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը, «Global Medic»-ի ներկայացուցիչների հետ հերթական այցը կատարեցին շահառու ընտանիքներին՝ տանելով 2 կառույցների կողմից տրամադրված սնունդ։
Արմավիր քաղաքում են այժմ բնակվում Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից 2020 թ․ տեղահանված Գրիգոր և Գոհար Օհանջանյաններն իրենց 5 երեխաներով։ Ընտանիքն ստացավ հասանելիք օգնությունը։
Քրիստինե Ամյանն ունի 12 երեխա․ նրա ընտանիքը նույնպես բռնի տեղահանվել է Բերձորից։ Այժմ ընտանիքը բնակվում է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Շահումյան գյուղում։ Այցելուները հատկացրին սննդի տեսականի և հայկական արտադրության պահածոներ։
Երևանում՝ Շիրակի փողոցում է բնակվում Լիանա Մանուկյանի՝ 6 երեխաներով ընտանիքը։ Բռնագաղթել են Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղից։ Նրանց նույնպես հանձնվեց սահմանված սննդի տեսականին։

2020 թ․ 44-օրյա պատերազմի պատճառով Շուշիում բնակվող Գրիգոր և Մարուսյա Սահակյանների 5 երեխաներով ընտանիքը նույնպես բռնագաղթվեց։ Գրիգոր Սահակյանը հերոսաբար նահատակվել է այդ պատերազմում։ Նրանց ընտանիքը, որ ստացավ նախատեսված օգնությունը, այժմ բնակվում է Երևանի Էրեբունու վարչական շրջանում։
Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում է բնակություն հաստատել Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից 2023 թ․-ին բռնագաղթված Արա և Մերի Քամալյանների ընտանիքը։ Հինգ երեխա ունեցող այս ընտանիքը նույնպես ստացավ նախատեսված օգնությունը։
ԳՄՔԲԸՀ-ի և «Global Medic»-ի ներկայացուցիչները ծանոթացան նաև բռնագաղթվածների բնակարանային պայմաններին, կեցության ու այլևայլ կենցաղային խնդիրներին։
Բռնագաղթվածներին տարատեսակ օգնության այցերը շարունակվելու են։ Զոհրաբ Ըռքոյան